#մշակութաPAN
Yesterday

Վերածննդի «բուրմունքը», հանցագործին վախեցնելու բույրն ու Դա Վինչիի էքսպերիմենտները. Նկարիչ ու գիտնական Լեոնարդոն  

Պատմաբաններն ու գիտնականները Լեոնարդոյին անվանում են «բազմակողմանի հանճար», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ։ Նրան համարում են երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը։ Դա Վինչիի հետաքրքրությունների և ուսումնասիրությունների մասշտաբը և խորությունն իսկապես աննախադեպ էին. արվեստաբան Հելեն Գարդների ձևակերպմամբ, Դա Վինչիի խելքը և անհատականությունը մեզ գերբնական են թվում։

Եվ իսկապես՝ այս գերմարդու գիտական ուսումնասիրությունները ներառում են ճարտարագիտությունից մինչև աստղագիտություն, բուսաբանություն, պատմություն, քարտեզագրություն և այլ ուղղություններով հետազոտություններ։ Դա Վինչիին երբեմն անգամ անվանում են ճարտարագիտության և ճարտարապետության հայր, նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը։ Այս ամենի հետ մեկտեղ նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը։

Ու սա էլ բավական չէ, դարեր անց մարդիկ շարունակում են զարմանալ Դա Վինչիի տարբեր տաղանդներով և հետաքրքրություններով։ Դրանցից մեկը բույրի գիտության հանդեպ սերն ու անկեղծ հետաքրքրությունն է։ Իսկ այլ կերպ ասած՝ Լեոնարդոն իր ձեռքով ստեղծում էր օծանելիքներ։ Բայց Վերածննդի շրջանում օծանելիքների նշանակությունն ու օգտագործումը չէր սահմանափակվում այսօր մեզ ծանոթ կիրառմամբ։ Նախ՝ հասկանանք՝ ի՞նչ է «պատմում» դարաշրջանը բույրերի մասին։

Պատմաբանների ձևակերպմամբ, Վերածննդի դարաշրջանում բույրերը խիստ կարևոր դեր են խաղացել առօրյա կյանքում։ Ամեն օր մարդկանց շրջապատում էին տարբեր բույրեր՝ սկսած քաղցրահոտ ծաղիկներից, ինչպիսիք են հասմիկը և վարդը, մինչև նուշի և նարնջի էկզոտիկ բույրերը: Կային նաև ոչ այնքան հաճելի բույրեր, ինչպիսիք են օծանելիքները, որոնք պատրաստված էին վայրի վարդից։

Այսօր անուշաբույր օծանելիքները զուտ «գեղագիտական» ու էսթետիկ դեր են կատարում, սակայն Լեոնարդո դա Վինչիի կյանքի օրոք դրանք շատ ավելի կիրառելի էին։ Օծանելիքն օգտագործվում էր տարբեր վայրերում՝ տներից և հիվանդանոցներից մինչև եկեղեցիներ: Կային անգամ որոշ օծանելիքներ, որոնք պատրաստվում էին հատուկ կաթոլիկ եկեղեցիների ծեսերի համար։

Օծանելիքներն օգտագործվում էին նաև առօրյա կյանքում։ Նույնիսկ սովորական լվացքն ուղեկցվում էր անուշաբույր լավանդայի հոտով։ Լավանդա բառն ինքնին առաջացել է լատիներեն lavare բառից, որը նշանակում է «լվալ, մաքրել»: Այնպես որ, չմտածեք, թե մեր օրերում օգտագործվող լվացքի փոշիները ստեղծելիս «Ամերիկա են հայտնաբերել», իրականում լավանդան դեռ դարեր առաջ էր կիրառելի և ասոցացվում էր թարմ ու մաքուր հագուստի հետ։

Ընթրիքի ժամանակ ևս տանտերերը հոգ էին տանում, որ ծաղիկների բույրը լցնի ամբողջ հյուրասենյակը։ Սա շքեղության և բարձր դասի պատկանելու ցուցիչ էր։ Անգամ անձեռոցիկները ցիտրուսային բույրերով էին պատում, որպեսզի հյուրերին հավուր պատշաճի ընդունեն։

Վերածննդի դարաշրջանում մարդիկ նաև հավատում էին, որ անուշ բույրերն իրենց պաշտպանում են հիվանդություններից ու անգամ բուժում դրանք: Նույն տրամաբանությամբ, մարդիկ վստահ էին, որ գարշահոտը ժանտախտի նման սարսափելի հիվանդություններ կարող էր առաջացնել։ Ուստի անուշահոտ օծանելիքները հաճախ օգտագործվում էին որպես հիվանդությունների բուժման միջոց։

Հասանք բուն թեմային՝ Դա Վինչիի հոբբիին։ Պատմաբանների մի մասը կարծում է, որ Լեոնարդո դա Վինչին սկսել է հետաքրքրվել օծանելիքով նույն պատճառով, ըստ որի հետաքրքրված էր բազմաթիվ այլ գիտություններով. նա անսահման սեր ուներ բոլոր «կենդանի էակների ու երևույթների» նկատմամբ: Դա Վինչիի համար բնությունն ամենակարող էր, նա հիացած էր բնությամբ, այդ թվում՝ բույսերով, որոնք ուսումնասիրում էր ոչ միայն իր կտավներում, այլև որպես օծանելիքի աղբյուր։

Ենթադրվում է, որ Լեոնարդոն ուներ օծանելիք պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Նա շատ լավ գիտեր, որ բույսերից անուշաբույր նյութեր կարելի է ստանալ՝ դրանք թաթախելով ալկոհոլի մեջ։ Ի դեպ, այդ շրջանում նա միակ նկարիչը չէր, որ հետաքրքրված էր բույրերով։ Շատ արվեստագետներ այդ ընթացքում ներկեր պատրաստելու համար նյութեր էին գնում դեղատներից, իսկ դրանցում հաճախ կարելի էր գտնել նաև օծանելիքի բաղադրիչներ։

Մեկ այլ վարկածի համաձայն, Լեոնարդոն օծանելիքներով սկսել է հետաքրքրվել հոտառության մեխանիզմները տեսողության և լսողության մեխանիզմների հետ համեմատելուց հետո։ Նա գնում էր վաճառքի դրված և մարդկանց հասանելի օծանելիքներն ու գրի առնում դրանց բաղադրատոմսերը։ Այդ օծանելիքների մեծ մասը պատրաստված էին յուղերից, ծաղիկներից, կենդանական և բուսական ճարպերից։ Լեոնարդոն իր էքսպերիմենտների ընթացքում հատուկ նշումներ էր անում թորման մեթոդների և այլ մանրամասների մասին։

«Հեռացրեք նարնջի դեղին կեղևը և թորեք այն հատուկ տարայում, մինչև գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցվի»։

Վերածննդի դարաշրջանում օծանելիքները հաճախ տեղադրվում էին խնկամանների մեջ, որոնք օգտագործվում էին խունկ պահելու համար։ Օծանելիքներն օգտագործվում էին նաև որպես օդը թարմացնող միջոց: Դա Վինչին ևս բազմաթիվ նմանատիպ բույրեր է ստացել։

Պարզվում է՝ բացի անուշաբույր օծանելիքներից, Դա Վինչին ստեղծում էր նաև սարսափելի հոտով նյութեր։ Օրինակ՝ մի անգամ վարպետը մշակել էր «գարշահոտ ռումբեր», որոնք իրենց մեջ ներառում էին մեզ և կղանք։ Սա Դա Վինչիի թերևս ամենատարօրինակ և արտասովոր «գյուտն» էր։

Լեոնարդոն անգամ այդ «ռումբերի» ստեղծման ընթացքն էր մանրամասն ներկայացնում, կիսվում էր նրբություններով։ Օրինակ՝ եղած զանգվածը պետք էր մի ամբողջ ամիս պահել ապակե տարայի մեջ՝ գոմաղբի շերտի տակ, որպեսզի տհաճ հոտն առավել արտահայտիչ դառնար։

Հիմա կհարցնեք՝ ինչո՞ւ էր պետք առհասարակ նման բան ստեղծել։ Իսկ պատասխանը շատ տրամաբանական է. հանցագործների դեմ պայքարելու և նրանց հակազդելու համար։

Տարատեսակ օծանելիքներ և բույրեր ստեղծելու՝ Դա Վինչիի այս յուրահատուկ հոբբի շուրջ մեկ այլ վարկած էլ կա։ Ասում են՝ օծանելիքի նկատմամբ նրա հետաքրքրությունն առաջացել է մոր՝ Եկատերինայի միջոցով. առեղծվածային մի կին, որը Կովկասյան լեռներից Կոստանդնուպոլսով հասել է Իտալիա։

Նեապոլի համալսարանի պրոֆեսորներից մեկն իր գիտական ​​աշխատություններից մեկում ուսումնասիրել է Եկատերինայի ճանապարհորդությունը դեպի Արևմուտք։ Ենթադրվում է, որ այս ճանապարհին Եկատերինան հանդիպել է տարբեր բույրեր ստեղծող մարդկանց հետ։

Կոստանդնուպոլսի շուկաներում օծանելիքներն օգտագործվում էին տարբեր նպատակներով, օրինակ՝ բուժիչ և կրոնական ծեսերի։ Իսկ վերջին կանգառներից մեկում՝ Վենետիկում, վաճառականները դրանք վաճառում էին դեղամիջոցների և համեմունքների բաժնում։ Պրոֆեսորի խոսքով, օծանելիքներն Ասիայում շատ ավելի վաղուց էին օգտագործվում, և միայն Եվրոպա ներմուծելուց հետո են մեծ ճանաչում ձեռք բերել։

Ամփոփելով՝ շեշտենք, որ Վերածննդի դարաշրջանի արվեստի գործերում ևս բուրմունքն իր արժանի տեղն ունի։ Կան անգամ կտավներ, այդ թվում՝ Դա Վինչիի վրձնին պատկանող, որոնք ունեն իրենց բնորոշ յուրահատուկ բույրերը։ Մեր օրերում թանգարաններն ու պատկերասրահներն անգամ մարքեթինգային հնարքներ են մտածել և ստեղծել բուրավետ գրիչներ, որոնք վերարտադրում են տվյալ բույրերը։

Հստակ է մի բան, որ Լեոնարդո դա Վինչին որպես ժառանգություն թողել է ոչ միայն մեծ գյուտեր և գլուխգործոցներ, այլև բազմաթիվ առեղծվածներ։ Նրա օծանելիք ստեղծելու փորձերը վաղուց արդեն մոռացվել են հանրության լայն շերտերի կողմից, բայց նոր հետազոտությունների շնորհիվ հնարավոր է դառնում բացահայտել Դա Վինչիի տաղանդի ևս մեկ՝ արտասովոր կողմ։ Դե, իսկ բուրմունքներ և նույնիսկ «գարշահոտ ռումբեր» ստեղծելու նրա փորձերը միայն ընդգծում են Դա Վինչիի բացառիկ բազմակողմանի տաղանդն ու ինքնատիպությունը:


✍️ Նանե Մանուկյան / PAN