Բալերինաներ, մարմնավաճառներ և մեկ տարօրինակ նկարիչ. Էդգար Դեգայի հակասական աշխարհը
«Նա այնքան շատ էր սիրում նկարել»։ Սա այն միակ նախադասությունն էր, որ Էդգար Դեգան պատվիրել էր հնչեցնել իր հուղարկավորության ժամանակ։ Ոչ մի երկար ճառ, ոչ մի գովաբանություն. միայն այս պարզ խոսքերը, որոնք իրապես ամփոփում են նրա ամբողջ կյանքը։
Հակասական, խառնվածքային, բարդ ու միաժամանակ հանճարեղ արվեստագետ. այսպես կարելի է բնութագրել 19-րդ դարի ֆրանսիական արվեստի ամենավիճահարույց դեմքերից մեկին՝ Էդգար Դեգային։ Նա պատկանում էր այն արվեստագետների շարքին, ովքեր բացահայտեցին աշխարհի նոր ընկալում՝ պատկերելով իրականությունը սուր ու անսպասելի տեսանկյունից։
1834 թվականին Փարիզում ծնված Իլեր-Ժերմեն-Էդգար դը Գան (հետագայում՝ Դեգա) մեծացել է արվեստով շրջապատված մթնոլորտում։ Հարուստ բուրժուայի ընտանիքում ծնված տղան մանկությունն անցկացրել է երաժշտական և գրական երեկոների, թատերական ներկայացումների և արվեստի սիրահարների շրջապատում։ Նրա հայրը՝ տեսնելով որդու տաղանդը, խրախուսում էր Դեգայի գեղարվեստական հետաքրքրությունները, հաճախակի տանում նրան թանգարաններ և ընդլայնում ծանոթությունների շրջանակը։
11 տարեկանում Էդգար Դեգան ընդունվեց քաղաքի լավագույն կրթօջախներից մեկը, որտեղ հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում պատմության և լատիներենի նկատմամբ։ Սակայն նրա իսկական սերը նկարչությունն էր։ Թեև հայրը հույս ուներ, որ որդին կդառնա իրավաբան, սակայն ի վերջո ընդունեց նրա ընտրությունը և աջակցեց որդուն։
Իր մասնագիտական կրթությունը Դեգան սկսեց Լուի Լամոտի արվեստանոցում։ 1855 թվականին էլ ընդունվեց Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոց, սակայն ինչ-որ բան պակաս էր, ակադեմիական գեղանկարչությունը չէր բավարարում նրան։ Արդյունքում երիտասարդը թողնում է ուսումը և սկսում զբաղվել ինքնակրթմամբ։
1856-1860 թվականներին Դեգան բազմիցս այցելել է Իտալիա, որտեղ ուսումնասիրում էր Վերածննդի շրջանի վարպետների գործերը, երբեմն նաև ընդօրինակում Վաղ վերածննդի ու 16-րդ դարի մեծ վարպետների ձեռագիրը։ Տարիներ անց արտիստը խոստովանում է, որ այդ շրջանն ամենաբեղմնավորն էր իր արվեստում։ 1854-1859 թվականներին Դեգան ապրել է Իտալիայում, կրել է 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի խոշոր ներկայացուցիչ Դոմինիկ Էնգրի ազդեցությունը։
1870-ական թվականներին Դեգան հարում էր իմպրեսիոնիզմին, թեև ինքը նախընտրում էր իրեն անվանել «ռեալիստ» կամ «անկախ» նկարիչ։ Ի տարբերություն իմպրեսիոնիստների, ովքեր նախընտրում էին, այսպես ասենք՝ բացօթյա նկարչությունը, Դեգան նախընտրում էր աշխատել փակ տարածքներում։ Նրան հետաքրքրում էին քաղաքային կյանքի տեսարանները՝ թատրոնները, սրճարանները, ձիարշավները։
Դեգան հատուկ ուշադրություն էր դարձնում մարդկային մարմնի կառուցվածքին և շարժմանը։ Հենց այս հետաքրքրությունն էլ հանգեցրեց նրա ամենահայտնի թեմաների՝ բալետի պարուհիների, լվացքատների աշխատակցուհիների և ձիարշավների պատկերմանը։
Ի դեպ, 1870 թվականին՝ ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, Դեգան ծառայել է Ազգային գվարդիայում՝ որպես հրետանավոր։ Հենց այս շրջանում էլ սկսվեցին նրա տեսողության հետ կապված խնդիրները։ Արդեն պատերազմից հետո նկարիչը կտրուկ փոխեց ձեռագիրը։ 1872 թվականին Դեգան մեկնեց Նյու Օրլեան և այնտեղ ապրեց շուրջ մեկ տարի։ Հենց այնտեղ էլ Դեգան ստեղծեց «Բամբակի գրասենյակ Նոր Օռլեանում» աշխատանքը՝ միակ կտավը, որը նկարչի կենդանության օրոք գնվեց թանգարաններից մեկի կողմից։ Այս կտավից զատ այլևս որևէ աշխատանք նկարչի կենդանության տարիներին չի գնվել։
1874 թվականին Դեգան միացավ իմպրեսիոնիստներին՝ մասնակցելով նրանց առաջին ցուցահանդեսին։ Սակայն, ինչպես նշեցինք, ի տարբերություն մյուս իմպրեսիոնիստների, նա նախընտրում էր աշխատել արվեստանոցում՝ արհեստական լույսի ներքո, ինչի համար ստացավ «գիշերվա իմպրեսիոնիստ» մականունը։
Վերադառնանք Էդգար Դեգայի այցեքարտ համարվող կտավներին։ Դեգայի ամենահայտնի թեման բալետի պարուհիներն էին։ Նա ստեղծել է մոտ 1500 աշխատանք՝ նվիրված այս թեմային։ Սակայն, հակառակ տարածված կարծիքի, նրան ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե պարուհիների գեղեցկությունը, այլ նրանց շարժումները և հագուստի գործվածքները։
1874 թվականին նրա արվեստանոց այցելած գրող Էդմոն դը Գոնկուրը գրել է.
«Ժամանակակից աշխարհի բոլոր սյուժեներից նա ընտրել էր լվացարարուհիներին ու բալերինաներին. արդյունքում ստացվել էր մի աշխարհ, որը բաղկացած էր վարդագույնից և սպիտակից»։
Դեգայի անձնական կյանքը լի էր հակասություններով։ Ըստ որոշ տվյալների, երիտասարդ տարիքում նկարիչը վարակվել էր դարի «բոհեմյան հիվանդությամբ»՝ սիֆիլիսով։ Դեգան այդպես էլ չամուսնացավ և, ըստ ժամանակակիցների վկայության, նրա կյանքում սիրավեպեր ևս չեն եղել։ Շատերը նրան համարում էին կնատյաց, չնայած նրա արվեստի կենտրոնում հենց կանայք էին։ Դեգայի միակ մշտական ուղեկիցը տան տնտեսուհի Զոյան էր։
19-րդ դարի ֆրանսիացի քննադատները հաճախ մեղադրում էին Դեգային կանացի մարմնի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեջ։ Նրա բնորդուհիներից մեկը պատմում էր.
«Այս տարօրինակ պարոնը ինձ նկարելուց առաջ չորս ժամ մազերս էր սանրում»։
Սակայն Դեգան ինքը բացատրում էր.
«Ես հաճախ նրանց նայում էի այնպես, ինչպես կնայեի կենդանիներին»։
Դեգան մեղմ ասած վատ էր վերաբերվում նաև երեխաներին ու շներին, տանել չէր կարողանում շատախոսությունը և ծաղիկները։ Լսելով որևէ հավաքույթի մասին, որտեղ ինքը չէր եղել, արհամարհանքով նշում էր.
«Այնտեղ հաստատ նաև շատ ծաղիկներ եղած կլինեն»։
Վերադառնալով Դեգայի արվեստի առանձնահատկություններին։ 1880-ական թվականներից Դեգան սկսեց ավելի շատ օգտագործել պաստելը։ Նա փորձարկում էր տարբեր տեխնիկաներ՝ համադրելով չոր և թաց պաստելը, օգտագործելով գուաշ և ջրաներկ։ Դեգան նորարար մոտեցում ուներ կոմպոզիցիայի հարցում՝ հաճախ օգտագործելով անսովոր դիտակետեր և ասիմետրիկ կառուցվածք։ Դե իսկ ստեղծագործական ուշ շրջանում նկարիչը հետաքրքրված էր նաև լուսանկարչությամբ և քանդակագործությամբ։
Արդեն փաստեցինք, որ 36 տարեկանում Դեգայի մոտ սկսվեցին տեսողության հետ կապված խնդիրներ ի հայտ գալ։ 40 տարեկանում նա արդեն վատ էր տեսնում, իսկ 57 տարեկանում այլևս չէր կարողանում կարդալ։ Սա էապես ազդեց նրա արվեստի վրա։ Դեգայի ուշ շրջանի գործերում հայտնվեցին ավելի լայն վրձնահարվածներ, իսկ գույները դարձան ավելի վառ։
Մահվանից տասը տարի առաջ Դեգան ընդհանրապես դադարեց նկարել՝ տեսողության կորստի պատճառով։ Նկարիչը մահացավ 1917 թվականին՝ 83 տարեկան հասակում, միայնակ և մեկուսացված։
Ի դեպ, Դեգայի մահից հետո նրա արվեստանոցում հայտնաբերվեց ավելի քան 150 քանդակ։ Կենդանության օրոք Դեգան ցուցադրել էր միայն մեկ քանդակ՝ «Տասնչորսամյա փոքրիկ պարուհին»։ Իսկ այսօր նրա քանդակները համարվում են 19-րդ դարի քանդակագործության կարևոր նմուշներ։
Չնայած իր խիստ հակասական կերպարին, Էդգար Դեգան մնում է 19-րդ դարի ֆրանսիական արվեստի ամենաուշագրավ դեմքերից մեկը։ Նրա ստեղծագործությունները, որոնք միավորում են ակադեմիական վարպետությունը և նորարարական մոտեցումը, շարունակում են ոգեշնչել և հետաքրքրել արվեստասերներին ու մասնագետներին։ Դեգան ապրում էր լուռ ու աննկատ, բայց նրա արվեստը դարձավ ֆրանսիական և համաշխարհային մշակույթի ամենապայծառ երևույթներից մեկը։