Երկուսը քաղաքում` չհաշված սամուրային ու Ռոկկոյին. Ալեն Դելոնի չորս լավագույն ֆիլմերը
Օգոստոսի 18-ին կյանքից հեռացավ լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը։ Երկարամյա կարիերայի ընթացքում Դելոնը խաղացել է տասնյակ ֆիլմերում` խարիզմայի ու տաղանդի բացառիկ համադրության շնորհիվ դառնալով միանգամից մի քանի սերնդի կուռքը։ Դերասանին հիշում են իր մարմնավորած բազմատեսակ ու բազմերանգ կերպարներով, յուրաքանչյուր նոր ֆիլմում` նոր մետամորֆոզ, որոնց տակ, սակայն, հստակ զգացվում էր նրա աներևակայելի ձգողական ուժը։
PAN-ը պատմում է լեգենդի չորս լավագույն ֆիլմերի մասին` առանց քրոնոլոգիկ հերթականության։
Ճակատագրի անխուսափելիության զգացումը մարդու մոտ երբեմն այնքան ուժեղ է, որ ինքն իր գործողություններով հանգեցնում է այդ անխուսափելի թվացող իրադարձություններին։ Եթե համոզված ես, որ քեզ ուրիշ ոչինչ տրված չէ, ուրեմն հենց դրան էլ ձգտելու ես։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Ժոզե Ջովանիի «Երկուսը քաղաքում» (Deux Hommes Dans La Ville, 1973) դրաման սեփական ճակատագրի անկասելիության մասին պատկերացումների պատճառով սեփական կյանքը տնօրինելու անկարողության մասին է։ Սա լեգենդար Ժան Գաբենի մասնակցությամբ վերջին ֆիլմերից մեկն է։
Տասը տարի բանտում անցկացնելուց ու վաղաժամ ազատ արձակվելուց հետո, Ջինո Ստրաբլիջին (Ալեն Դելոն) փորձում է զրոյից սկսել օրինավոր քաղաքացու կյանքը։ Նա տեղավորվում է աշխատանքի, շփվում իր ընկերոջ ու, համատեղությամբ, նախկին բանտային դաստիարակ Ժերմեն Կազնյովի (Ժան Գաբեն) հետ, սիրում է իր կնոջը։ Սակայն իրադարձությունները դասավորվում են ոչ այնպես, ինչպես կցանկանար Ջինոն։
«Երկուսը քաղաքում», իհարկե, այն մասին է, թե ինչպես ենք մենք մեր գործողություններով անխուսափելի դարձնում ճակատագիրը։ Սակայն այդ գործողությունները վակուումից չեն առաջանում, դրանք հասարակական վերաբերմունքի ու հասարակական ճնշման արդյունք են։ Ֆիլմի դուրս գալու պահին Ֆրանսիայում դեռ գործում էր մահապատիժը, ու Ջովանիի ֆիլմը, ոգեշնչված Վիկտոր Հյուգոյի «Թշվառներով», սուր քննադատության է ենթարկում արդարադատության ոլորտի այս խոտանը։
Ջինո Ստրաբլիջին նման է Հյուգոյի վեպի գլխավոր հերոսին` Ժան Վալժանին։ Վերջինը նույնպես նախկին բանտարկյալ է, ով ազատ է արձակվել, սակայն չի կարողանում սոցիալիզացվել, վերաինտեգրվել հասարակության մեջ, որովհետև հասարակությունը վանում է նրան, ինչպես իմունային համակարգը կվանի օտար մարմինը։ Գրքում դրա ծայրահեղ դրսևորումն է ինսպեկտոր Ժավերը, ով բացարձակ չի հավատում նախկին բանտարկյալի վերադաստիարակվելու հնարավորությանը. ֆիլմում Ժավերի ալտեր էգոն ինսպեկտոր Գոյտրոն է (Միշել Բուկե), ում ձգտումը ամեն գնով բանտ վերադարձնել Ստրաբլիջիին, ի վերջո հանգեցնելու է ողբերգության։
Դելոնի, Գաբենի ու Բուկեի եռյակը ֆիլմում խարիզմայի այնպիսի կծիկ է ձևավորում, իսկ փայլուն դերասանական խաղն ու Ջովանիի նուրբ ռեժիսուրան այնպիսի միջավայր են ստեղծում կինոդիտողի համար, որ դետերմինիզմի աստվածները շատ արագ ու շատ անխուսափելիորեն տանում են նրան դեպի ֆիլմի ցնցող, բայց անխուսափելի ֆինալը։ Որից հետո դեռ երկար ժամանակ անհրաժեշտ կլինի ուշքի գալու համար։
«Չկա ավելի խորը միայնություն, քան սամուրայի միայնությունը. հավանաբար, միայն վագրի միայնությունը ջունգլիներում»։ Հանճարեղ Ժան-Պիեռ Մելվիլի հորինած այս ցիտատը Ալեն Դելոնի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկի` «Սամուրայի» (Le Samouraï, 1967) էպիգրաֆն է` լիովին արտահայտելով այդ նեո նուարային դրամայի առանցքը։
Վարձու մարդասպան Ժեֆ Կոստելլոն (Դելոն) այս դեպքում քաղաքային ջունգլիներում միայնակ թափառող վագրն է, իր զոհերից մեղքերի թողություն վերցնող վերջին անձը, ով չունի մեկին, ում կարող է պահ տալ սեփական մեղքերը։ Կոստելլոն դաժան, անտարբեր ու խորամանկ է, ու «մահվան մեքենայի» այս պատկերը` ճշգրիտ, մեթոդիկ ու անկասելի, հետագայում կոգեշնչի բազմաթիվ այլ ռեժիսորների` Լյուկ Բեսսոնից մինչև Ջոն Վու, Ուոլթեր Հիլլից մինչև Դեյվիդ Ֆինչեր, Ջիմ Ջարմուշից մինչև Անտոն Քորբեյն։
«Սամուրայը» առավելագույնս է օգտագործում նուարի իր զուսպ էսթետիկան, Մելվիլի ոճային ու ազդեցիկ ռեժիսուրան, խիտ մթնոլորտն ու հիանալի դերասանական խաղը` տպավորիչ պատմություն հյուսելու համար։ Հռչակավոր կինոքննադատ Ռոջեր Էբերտը հետագայում կնշի. ինչպես նկարիչը կամ երաժիշտը, ֆիլմի ռեժիսորը կարողացել է մի քանի պարզ շտրիխով ի ցույց դնել իր բացառիկ վարպետությունը։ Մելվիլը ներքաշում է մեզ «Սամուրայի» աշխարհը դեռ մինչև ֆիլմում առաջին բառի հնչելը, անում է դա լույսի` սառը լույսի ու գույների` մոխրագույնի ու կապույտի միջոցով, անում է դա գործողություններով, որոնք խոսում են բառերի փոխարեն։
Դելոնի խաղը «Սամուրայում» համարվում է լավագույններից իր կարիերայում։ Ֆիլմում դերասանի խաղը համեմատում են նույն Դելոնի մասնակցությամբ «Տրոցկու սպանությունը» (The Assassination of Trotsky, 1972) ֆիլմի հետ, որում նա մարմնավորել էր Ռամոն Մերկադերին։ Նույն անխռով հանգիստ դեմքը, նույն վառ գույնի թիկնոցը` բարձրացված օձիքով, քայլելու ընթացքում նույն` մարմնին ամուր սեղմած ձեռքերը, որպեսզի ատրճանակի պատյանը չերևա։ Սակայն Մերկադերի դեպքում գործ ունենք գաղափարական սպանության հետ, այն ժամանակ, երբ Կոստելլոն մարդկանց կյանքից զրկելու ընթացքում չունի ոչ մի էմոցիոնալ հիմնավորում։
Իտալացի դասական Լուկինո Վիսկոնտին հասարակական հոսանքների ու փոփոխությունների, աշխարհընկալումների բախման ուսումնասիրության մեծ վարպետ էր։ Հատկապես, Վիսկոնտիին հետաքրքրում էր Իտալիայի մի աշխարհագրական, հետևաբար` տեմպերամենտային կոորդինատներից մեկ այլ վայր, մասնավորապես` գյուղական միջավայրից մեծ քաղաք տեղափոխվելու հետ կապված սոցիալական ու հոգեբանական հետևանքները։
«Ռոկկոն ու իր եղբայրները» (Rocco e i suoi fratelli, 1960) ծանրակշիռ, երեք ժամանոց ընտանեկան էպոպեայում հարավից Միլան ժամանած Պարոնդիների ընտանիքը` այրի Ռոզարիան որդիների` Սիմոնեի, Ռոկկոյի, Չիրոյի ու Լուկայի հետ միասին, բախվում է լրիվ այլ իրականության հետ, որը փոխելու անկարողությունը ստիպում է նրանց փոխվել` բարդ ներընտանեկան հարաբերությունների տեսքով։
Դելոնը մարմնավորում է Ռոկկո Պարոնդիին` բարդ ու ոչ միանշանակ, ոչ տրիվիալ ներաշխարհով երիտասարդի, ում ներքին կոնֆլիկտը, կապված նոր միջավայրում ադապտացվելու ձգտման ու եղբայրների հետ առաջացող խնդիրների, հարավում մնացած հայրենիքի ու նոր բնակատեղիի հրապուրանքների հետ, փորձելու է նրա ամրությունը։
Ֆիլմի սյուժետային կմախքը ոգեշնչված է տարբեր դասական ստեղծագործություններից։ Այստեղ նկատելի է Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը», որտեղ Ռոկկոն իշխան Լև Միշկինի անալոգն է, իսկ իր եղբայր Սիմոնեն (Ռենատո Սալվատորի) Պարֆյոն Ռոգոժինի մարմնացումն է։ Այստեղ կարելի է գտնել նաև Ջովանի Տեստորիի «Միլանյան պատմությունները» ու Թոմաս Մաննի «Հովսեփն ու իր եղբայրները» վեպը։
Մասնագետների մեծ մասը համարում է «Ռոկկոն ու իր եղբայրները» քննադատական ռեալիզմի լավագույն դրսևորումներից մեկը կինոյում, իսկ ինքը` ռեժիսորը, կապում էր իր ֆիլմը Ջովանի Վերգայի ու Անտոնիո Գրամշիի գաղափարների հետ` համարելով այն իր ավելի վաղ` «Երկիրը ցնցվում է» (La terra trema, 1948) դրամայի շարունակություն։ Այստեղ ևս գյուղական հարավի բնակիչները հայտնվում են իրենց համար անսովոր արդյունաբերական հյուսիսում` թույլ տալով ռեժիսորին ուսումնասիրել բարդ սոցիալական խնդիրներն ու կապերը։ «Ռոկկոն ու իր եղբայրները» ֆիլմում Պարոնդիների ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի է արձագանքում իրավիճակին, որում նրանք հայտնվել են, ինչը ստեղծում է խայտաբղետ, հակասական ու բարդագույն ստրուկտուրա։
Երբ այս տարի Netflix-ը ցուցադրեց Սթիվեն Զաիլյանի «Ռիփլի» (Ripley) շքեղ մինի սերիալը, հիմնված Պատրիցիա Հեյսմիթի «Տաղանդավոր միստր Ռիփլին» գրքի վրա, շատերը, հետաքրքրված թեմայով, պարզեցին, որ հրաշալի ու ցինիկ գրքի առաջին էկրանավորումը էկրաններ է բարձրացել դեռ 1960թ-ին, իսկ խորամանկ ու հմայիչ Ռիփլիին խաղացել է այն ժամանակ 25-ամյա Ալեն Դելոնը։
Ռենե Կլեմանի «Վառ արևի տակ» (Plein Soleil) կտավը, բացի վերջաբանից, գրեթե լիարժեք հետևում է սկզբնաղբյուրին, սակայն էականն այստեղ Դելոնի աներևակայելի խարիզման է, որի շնորհիվ իր մարմնավորած Ռիփլին մշտապես կմնա լավագույնը։
Ավելի հաջողակ մարդու կյանքում մակաբուծելու միջոցով սեփական կյանքը տանելի դարձնելու հավերժական պատմությունը, չնայած Ֆրանսուա Տրյուֆոյի քննադատությանը, ով Կլեմանի ֆիմն անվանում էր «հնաոճ», լիովին համապատասխանում է ֆրանսիական «Նոր ալիքի» տենդենցներին։
Կլեմանն օգտագործում էր նկարահանումներ շարժական տեսախցիկով, նվազագույն արհեստական լուսավորության պայմաններում, նկարահանումները իրականացնում էր գործողությունների իրական վայրերում, իսկ դերասանները խաղում էին թաքնված տեսախցիկների պայմաններում։ Վստահ ռեժիսուրան, ճշգրիտ մոնտաժն ու հիանալի օպերատորական աշխատանքը, որի շնորհիվ ֆիզիկապես զգում ես իտալական փոքր քաղաքի կիզիչ արևը, աննկարագրելի դերասանական խաղի հետ մեկտեղ «Վառ արևի տակ» ֆիլմը դարձնում են իր ժամանակի լավագույն ու նորարարական կտավներից մեկը։ Ֆիլմի գեղեցկությունն ու յուրաքանչյուր կադրի սկուրպուլյոզ կառուցումը տարիներ անց կոգեշնչեն թե Էնթոնի Մինգելլային, թե Սթիվեն Զաիլյանին։