Կարդալիքներ PAN-ից
September 5

Ծերուկ Դեպարդիեն, ֆրանսիական #MeToo-ն ու «վատ տղայի» համբավը. Բարի հսկա «Օբելիքսին» մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում

Ֆրանսիայի կինեմատոգրաֆի ամենահայտնի դեմքերից մեկը՝ 76-ամյա Ժերար Դեպարդիեն, կրկին դատարանի առաջ կկանգնի։ Այս անգամ՝ դերասանուհի Շառլոտ Արնուի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով։ Փարիզի քննիչը որոշել է գործը փոխանցել քրեական դատարան, ինչը նշանակում է, որ 200-ից ավելի ֆիլմերում նկարահանված լեգենդար դերասանը կարող է դատապարտվել մինչև 20 տարվա ազատազրկման։

ԻՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ 2018-ԻՆ

Պատմությունը սկսվել է 2018 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ 22-ամյա Շառլոտ Արնուն մեղադրանքներ է ներկայացրել Դեպարդիեի դեմ՝ պնդելով, որ դերասանը, ով իր հոր ընկերն էր, երկու անգամ բռնաբարել է իրեն Փարիզի իր տանը։ Արնուն դիմել էր ոստիկանություն, սակայն հետաքննությունը չէր հանգեցրել դատական քննության։

Երիտասարդ դերասանուհին չէր հանձնվել։ 2020-ին նա կրկին բողոք է ներկայացրել, և այդ ժամանակվանից Դեպարդիեն գտնվում է քննության տակ։ 2024-ին Փարիզի դատախազությունը կոչ էր արել այս գործով դատական քննություն անցկացնել։ Եվ ահա, սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ գործը վերջապես կհասնի դատարան։

Դեպարդիեն կտրականապես հերքում է մեղադրանքները։ Նա պնդում է, որ Արնուի հետ հարաբերությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ։ Սակայն Փարիզի դատախազը հայտարարել է, որ գործում կան «լուրջ և հաստատված ապացույցներ»։

ՄԱՅԻՍՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ՝ ՆԱԽԱԴԵՊ #METOO ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՐ

Սա Դեպարդիեի առաջին դատական գործը չէ սեռական բռնության մեղադրանքով։ Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2025 թվականի մայիսին, Փարիզի դատարանը պատմական որոշում կայացրեց։ Դերասանին մեղավոր ճանաչեցին 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ երկու կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ։

Դատարանը Դեպարդիեին դատապարտեց 18 ամիս պայմանական ազատազրկման, պարտավորեցրեց վճարել 29 հազար եվրո տուգանք և ներառեց սեռական հանցագործների ռեեստրում։ Դերասանը նաև պետքէ հոգեբանի մոտ պարտադիր բուժման կուրս անցներ։

Ի՞նչ էր պատահել «Կանաչ փեղկերի» նկարահանումների ժամանակ։ 54-ամյա բեմանկարչուհի Ամելին պատմում էր, թե ինչպես է Դեպարդիեն ընդմիջումներից մեկի ժամանակ մոտեցել իրեն և սկսել բողոքել շոգից։ Հետո հարցրել էր, թե ում հետ է Ամելին խոսում հեռախոսով։ Երբ կինը պատասխանել էր, որ հովանոցներ է փնտրում նկարահանումների համար, Դեպարդիեն առաջարկել էր «շոշափել իր մեծ հովանոցը»։

Այնուհետև դերասանը բռնել էր կնոջ կոնքից, քաշել նրան, սեղմել ազդրերի միջև և սկսել շոշափել նրա մարմինը։

«Այդ պահին հասկացա, թե որքան ուժեղ է։ Նա պահում էր ինձ շատ, շատ ամուր։ Հիշում եմ նրա աչքերը՝ շատ չար, շատ լարված»:

Երկրորդ տուժողը՝ 34-ամյա ռեժիսորի օգնական Սարան (ծածկանունն է), պետք է ուղեկցեր Դեպարդիեին դեպի նկարահանման հրապարակ։ Նրա պնդմամբ, դերասանը մի անգամ ձեռքը դրել է իր հետույքին, մեկ այլ անգամ դիպչել կրծքին, իսկ հետո՝ կրկին հետույքին։ Երբ Սարան պատմել է այս մասին իր ղեկավարին, Դեպարդիեն բղավել է նրա վրա և անվանել ստախոս։

«ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵԻՆ»

Դատարանում հնչած վկայություններն ապշեցուցիչ էին։ Մի դերասանուհի, ով դատարանում էր որպես վկա, հայտարարեց՝ «բոլորը գիտեին»։ Կնոջ պնդմամբ, 10 տարի առաջ Netflix-ի «Մարսել» սերիալի նկարահանումների ժամանակ Դեպարդիեն հանկարծ ձեռքը մտցրել էր իր շորտերի մեջ։ Կինը բարձրաձայնել էր։ Դեպարդիեն կատակել էր՝ «ես կարծում էի, որ դու ուզում ես հաջողության հասնել կինոյում»։ Ներկաները ծիծաղել էին։

Պաշտպանողներ էլ կային։ Դատարանում Դեպարդիեին պաշտպանելու էր եկել հայտնի դերասանուհի Ֆանի Արդանը՝ դերասանի վաղեմի ընկերը, որը նույնպես նկարահանվել էր «Կանաչ փեղկերում»։ Նա հայտարարել էր, որ սեռական բռնության դեպքերի մասին ոչինչ չի լսել և Դեպարդիեին անվանել էր «հանճարեղ դերասան»։ Արդանը նշել էր, որ «յուրաքանչյուր հանճարեղություն իր մեջ կրում է ինչ-որ արտառոց, ապստամբ, վտանգավոր մի բան»։

ԴԵՐԱՍԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դատարանում Դեպարդիեն ընդունել էր, որ նկարահանման հրապարակում իրեն անպարկեշտություններ թույլ է տվել, բայց միայն նրա համար, որ զվարճացնի գործընկերներին։

«Ես կոպիտ եմ և վուլգար։ Ես ասում եմ բաներ, որոնք կարող են շոկի ենթարկել երիտասարդությանը»:

Դերասանը նույնիսկ հայտարարել էր, թե ինչ-որ պահի խնդրել է, որ դեպի նկարահանման հրապարակ իրեն տղամարդիկ ուղեկցեն, որովհետև սովոր է անպարկեշտ մեկնաբանություններ անել և չի ուզում անհարմար դրության մեջ դնել կանանց։

Դերասանը կանխատեսել էր, որ #MeToo շարժումը «կդառնա տեռոր» և պաշտպանել էր ռեժիսոր Ռոման Պոլանսկիին, ում նույնպես մեղադրել էին բռնության մեջ։ Հետաքրքիր է նաև Դեպարդիեի արձագանքը ժամանակակից իրականությանը։

«Ինձ այնքան էլ հարմար չէ այս նոր իրականությունը, չեմ հասկանում այս հասարակությանը»։

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԱՆՑՅԱԼ

«Վատ տղայի» համբավը Դեպարդիեին ուղեկցում է տասնամյակներ շարունակ։ 2014-ին հրատարակված ինքնակենսագրականում նա մանրամասն պատմել էր իր երիտասարդության մասին։ Դպրոցը չի ավարտել, բանդայի անդամ է դարձել, գերեզմանատներ է թալանել, մեքենա է գողացել և այլն։ Կյանքում ու կինոյում նա ապստամբ էր ու մի քիչ էլ «խուլիգան»։

1991-ին Դեպարդիեի գլխավոր դերակատարմամբ «Սիրանո դը Բերժըրակ» ֆիլմը հավակնում էր «Օսկարի»։ Ֆիլմն արդեն ստացել էր «Ոսկե գլոբուս» և բոլոր շանսերն ուներ շահելու գլխավոր կինոմրցանակը։ Բայց մեկը մյուսի հետևից ջրի երես դուրս եկած սկանդալները այլ բան էին պատրաստել։ «Ոսկե գլոբուսից» հետո կազմակերպված երեկույթին հարբած Դեպարդիեն որոշում է առանց թույլտվության համբուրել Ջուլիա Ռոբերթսին։ Բայց, իհարկե, սա միակ խնդիրը չէր։

Մրցանակաբաշխությունից յոթ շաբաթ առաջ Time ամսագրի կինոքննադատ Ռիչարդ Կորլիսը մեծ հոդված է հրապարակում Դեպարդիեի մասին։ Նա մեջբերում էր դերասանի 1978 թվականի հարցազրույցը, որտեղ Դեպարդիեն պատմում էր, որ բանդայի անդամ լինելու ժամանակ մասնակցել է բռնաբարությունների։ Այն ժամանակ նա դեռ 9 տարեկան էր։

«Բայց դա նորմալ էր այդ պայմաններում։ Դա իմ մանկության մասն է»։

1980-ին արված մեկ այլ հարցազրույցում նա արդարացել էր.

«Իրականում «բռնաբարություն» ասելը մի փոքր չափազանցված է։ Խոսքը աղջիկների մասին էր, որոնց բանդա «ընդունվելու» համար փոխանցում էին իրար»։

Ամեն դեպքում, Ամերիկան ու Հոլիվուդը չհանդուրժեցին այս խիստ կասկածելի պատմությունները։ Դեպարդիեն փորձեց արդարանալ՝ ինչպե՞ս է հնարավոր ինը տարեկանում բռնաբարել որևէ մեկին։ Բայց սա էլ չօգնեց։ Արդյունքում ֆիլմը «Օսկար» ստացավ միայն կոստյումների համար։

ՖՐԱՆՍԻԱՆ ԲԱԺԱՆՎԱԾ Է

Դեպարդիեի դատական գործերը բաժանել են ֆրանսիական հասարակությունը։ Ավելի քան 50 արվեստի գործիչներ, ներառյալ Դեպարդիեի նախկին զուգընկերուհի Կարոլ Բուկեն և Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին, ստորագրել էին բաց նամակ՝ աջակցելով դերասանին։

«Թույլ մի տվեք, որ Դեպարդիեն մեկուսացվի արվեստի աշխարհից։ Մի՛ ջնջեք նրան մշակութային կյանքից։ Երբ դուք հարձակվում եք Ժերար Դեպարդիեի վրա, դուք հարձակվում եք արվեստի վրա»։

Նույնիսկ նախագահ Էմանուել Մակրոնը 2023-ին պաշտպանել էր Դեպարդիեին՝ ասելով, որ նա «Ֆրանսիային հպարտություն է պարգևում»։

Մայիսյան դատավճռից հետո իրավիճակն էականորեն փոխվեց։ Հստակ ընդգծվեց մի դիրքորոշում՝

«Ոչ մի տաղանդ, որքան էլ մեծ լինի, անձեռնմխելի չէ»։

Շառլոտ Արնուից հետո Դեպարդիեի դեմ մեղադրանքներ ներկայացրեցին այլ կանայք։ 2023-ի գարնանը Mediapart հրատարակությունը հրապարակեց հետաքննություն, որտեղ 13 կանայք պատմել էին 2002-2022 թվականներին դերասանի կողմից ոտնձգությունների մասին։ Բոլորը նկարագրում էին նույն պատկերը՝ Դեպարդիեն փորձում էր մտնել նրանց հագուստի տակ և անպարկեշտ խոսքեր էր ասում։ Ընդհանուր թվով մոտ 20 կին մեղադրանքներ է ներկայացրել Դեպարդիեի դեմ։

Փորձագետները համոզված են, որ Դեպարդիեի դատապարտումը պատմական պահ է Ֆրանսիայում #MeToo շարժման համար։ Խորհրդարանական զեկույցների մակարդակով էլ նշվում է, որ ֆրանսիական կինոարդյունաբերության ոլորտում սեռական բռնությունը «համատարած» է։ Այս զեկույցը պատրաստողները նշում են.

«Կանանց նկատմամբ բռնությունը պատժելու հարցում ոչ ոք օրենքից վեր չէ»:

Ի վերջո, ի՞նչ է սպասվում Դեպարդիեին։  Շառլոտ Արնուի գործով դատական քննությունը կարող է սկսվել առաջիկա ամիսներին։ Եթե Դեպարդիեին մեղավոր ճանաչեն բռնաբարության մեջ, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Միևնույն ժամանակ, դերասանը բողոքարկելու է «Կանաչ փեղկերի» գործով մայիսյան դատավճիռը։ Փաստաբանը հայտարարել է, որ մինչև վերջ պայքարելու են։

76-ամյա Դեպարդիեի կարիերան արդեն փաստացի ավարտված է։ Նա երեք տարի է՝ չի նկարահանվում։ Համբավն էլ խորապես արատավորված է։   Ֆրանսիական կինոն փոխվում է։ Կինոյի հսկաներն այլևս անձեռնմխելի չեն։ Եվ թեև այս փոփոխությունը Ֆրանսիա է հասել ավելի ուշ, քան, օրինակ, Հոլիվուդում, այն վերջապես մեկնարկել է։


✍️ Նանե Մանուկյան / PAN