«Սատանան նախընտրում է Պրադա 2». Gen Z-ի մուտքը, շքեղ հագուստները, հոգեվարքի մեջ մեդիան ու կապիտալիզմի հետքը
2006 թվականին «Սատանան նախընտրում է Պրադա» ֆիլմը դարձավ մի ամբողջ սերնդի աշխատանքային ամենավառ երևակայությունը՝ շքեղ հագուստներ, նորաձևության շոուներ, լրագրողական հետաքրքիր աշխատանք ու աշխատանքային դժոխք, որը, չգիտես ինչու, միաժամանակ նաև հաջողության ամենակարճ ճանապարհն էր թվում։ Այդ ժամանակ Instagram չկար, TikTok-ի մասին ոչ ոք չէր մտածում, նույնիսկ iPhone-ը դեռ չէր դարձել մեր «մարմնի մասը», իսկ թերթերի կրպակներում ամսագրերը վաճառվում էին և որոշում, թե մարդիկ ինչ են հագնելու, ինչի մասին են խոսելու և ինչն են համարելու գեղեցիկ։
Այդ աշխարհի կենտրոնում էր «Runway»-ը՝ Vogue-ի կինեմատոգրաֆիկ տարբերակը, իսկ դրա կենտրոնում՝ Միրանդա Փրիսթլին։ Ֆիլմն ի սկզբանե սատիրա էր՝ թունավոր ֆեշն միջավայրի մասին, բայց արդյունքում նաև ռոմանտիզացրեց այդ նույն միջավայրը։ Չափազանցված աշխատասիրությունը, կարիերայի համար անձնական կյանքը զոհաբերելն ու բազմաթիվ այլ նմանատիպ երևույթներ ֆիլմում միաժամանակ քննադատվում էին ու գրավիչ փաթեթավորմամբ մատուցվում։
Երկու տասնամյակ անց «Սատանան նախընտրում է Պրադա 2» ֆիլմը վերադարձել է ներկայացնելու նոր իրականությունն ու այդ իրականության մարտահրավերները։ Այն ներկայացնում է 2020-ականների մեդիաաշխարհի բավականին տխուր դիմանկարը, որտեղ թղթային ամսագիրը կորցրել է իր ուժն ու ազդեցությունը, թվային տարբերակն առանձնապես գրավիչ չէ, իսկ գովազդատուներն այլևս չեն սպասում խմբագրության որոշմանը և թելադրում են իրենց պայմանները։ Միասին հասկանանք, թե ի՞նչ շեշտադրումներ ունի նոր ֆիլմը ու կստացվի՞ արդյոք կրկնել արդեն լեգենդար դարձած ֆիլմի հաջողությունը։ Նախապես զգուշացնենք, որ տեքստում բազմաթիվ սփոյլերներ կան, այնպես որ, եթե չեք դիտել ֆիլմը՝ նախ ուղղեք այդ սխալը ու հետո միայն վերադարձեք։
Ի՞ՆՉ ՓՈԽՎԵՑ 2 ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ
Նախ հիշենք մի կարևոր փաստ՝ Z սերունդն իր հետ լրիվ այլ պատերացումներ, արժեքներ, խնդիրներ ու լուծումներ է բերել։ Հետևաբար շատ հաճախ 2006-ի «Սատանան նախընտրում է Պրադան» նրանց ընկալումներում պատկերվում է որպես աշխատանքային տառապանքի ռոմանտիզացում։ Այն ամենը, ինչը ժամանակին ներկայացվում էր որպես կարիերայի անխուսափելի գին, հիմա կարող է ընկալվել որպես թունավոր աշխատանքային մշակույթի նորմալիզացում։ Ժամանակին այս ամենը ֆիլմի դրամատիկ շարժիչ ուժն էր, իսկ այսօր ավելի շատ հիշեցնում է այն միջավայրը, որից մարդիկ փորձում են փախչել։
Երկրորդ ֆիլմը չի փորձում «չեղարկել» առաջինում ռոմանտիզացված այս մշակույթը։ Այն ավելի շուտ ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ այդ նույն հերոսները հայտնվում են մի իրականության մեջ, որտեղ հին խաղի կանոններն այլևս չեն գործում։ Դե, իսկ Միրանդան, որը ժամանակին կարողանում էր «վաճառել» նորաձևությունը միայն իր ինտուիցիայով ու հայացքով, հիմա բախվում է մի իրականության, որտեղ ազդեցությունը չափվում է դիտումներով, ցուցանիշներով, գովազդային պայմանագրերով և ալգորիթմների տրամաբանությամբ։
Բայց երբ խոսում ենք մարտահրավերներից, ապա վստահաբար ֆիլմում կարևոր տեղ է զբաղեցնում ավանդական մեդիայի «մահամերձ» վիճակն ու դրա շուրջ զարգացումները։ Անդրեան արդեն կայացած լրագրող է, քաղաքական ու հետաքննական նյութեր է գրում, անգամ մրցանակների է արժանացել իր հոդվածների համար։ Բայց մասնագիտական այս ճանաչումն ընդհատվում է, երբ Անդրեային ու իր ամբողջ բաժնին SMS-ով հեռացնում են աշխատանքից։ Մեդիան ճգնաժամի մեջ է ու անգամ հրաշալի լրագրող լինելը չի փրկում քեզ։
Runaway ամսագիր Անդրեայի վերադարձով ֆիլմը մերօրյա մարտահրավերների նոր շերտ է առաջ բերում։ Հմուտ լրագրողը կարծում է, որ ամսագիրը ճգնաժամային իրավիճակից կարող է դուրս բերել իր լուրջ, ինտելեկտուալ, երկար հոդվածներով՝ գլոբալ տաքացման, համաշխարհային աղետների և այլ թեմաների մասին։ Նա կարծում է, որ այս կերպ կարող է վերադարձնել ընթերցողի ուշադրությունն ու հետաքրքրությունը։ Իսկ իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը ու այս փորձը մեծ հաշվով ձախողվում է։
Իրականությունն այն է, որ լսարանին անընդհատ պետք է զբաղեցնել ու նմանատիպ հոդվածները մեծամասամբ պարտվում են արագ սպառվող բովանդակությանը։ Այսօր շատերը տպագիր ամսագրեր չեն կարդում, սա արդեն ապացուցված փաստ է, բայց ցավոք, նրանք հաճախ չեն կարդում նաև թվային ամսագրեր։ Երբեմն սահմանափակվում են վերնագրով, իսկ ավելի հաճելի կլիներ, եթե այդ հոդվածը ամփոփվեր 15 վայրկյան տևողությամբ reel-ով։
Տպագիր մեդիայի ճակատագիրն իսկապես մտահոգիչ է ու ֆիլմն այս առումով կարողանում է դիպչել ցավոտ կետերին։ Առաջին ֆիլմում ամսագիրը մի ամբողջ աշխարհ էր, որտեղ հայտնվելն արդեն իսկ մեծ հաջողություն էր։ Երկրորդում այն կառույց է, որը փորձում է ապացուցել, որ դեռ պետք է ինչ-որ մեկին։ Թղթային տարբերակը հնացած է, թվային տարբերակը չեն կարդում, իսկ երբեմնի հեղինակությունը չի փրկում, որովհետև լսարանը տեղափոխվել է այլ հարթակներ։
Նախկինում գովազդատուներն էին ցանկանում հայտնվել ամսագրի էջերում։ Հիմա ամսագիրը պետք է համոզի բրենդներին, որ ամսագրի մեջ արժե գումար ներդնել։ Նախկինում խմբագիրն էր որոշում, թե ինչն է կարևոր, հիմա ալգորիթմներն են որոշում։ Ու այսպես՝ թաքուն ու աննշմար քայլերով լրագրողական աշխատանքը վերածվում է ցուցանիշների ու դիտումների պայքարի։ Այս առումով ֆիլմը բավական համոզիչ կերպով ցույց է տալիս, թե որքան դժվար է բովանդակություն ստեղծել մի միջավայրում, որտեղ ամեն ինչ պետք է նաև վաճառվի։
ՍԿԱՆԴԱԼՆԵՐՆ ՈՒ ՃԳՆԱԺԱՄԸ
Ֆիլմի առանցքում սկանդալային մի իրավիճակ ու ճգնաժամ էր, որը ևս անուղղակիորեն կապվում է մերօրյա ամենաքննարկվող թեմաներից մեկին։ Բրենդների հետ համագործակցությունը մշտապես հիմնված է դրանց վստահելի, էթիկայի նորմերին համապատասխանող ու պատասխանատու բնույթի հետ, բայց ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ իրականում բրենդը թաքցրել է աշխատանքային շահագործման կամ այլ՝ անօրինական աշխատանքի դրվագներ։ Իհարկե՝ սկանդալ, շատ մեծ սկանդալ։ Ու չափազանց մեծ հարված թե բրենդի, թե դրա հետ աշխատող ամսագրի հեղինակությանը։ Արդյունքում մեկ սխալ համագործակցությունը շղթայական ճգնաժամի է վերածվում ու կարող է ճակատագրական լինել։
Վերադառնանք Միրանդայի կերպարին։ Այս անգամ ևս նրա մեկ հայացքը կարող է սառեցնել ամբողջ սենյակը, բայց ինչպես ասում են՝ Միրանդան էլ առաջվանտը չէ։ Ժամանակները փոխվել են ու նրա «առասպելական ուժը» ու հեղինակությունն այլևս նույն ազդեցությունը չունեն։ Այս առումով նոր օգնականի կերպարը այդ փոփոխության ամենատիպիկ օրինակն է։ Նոր օգնականն ամենևին էլ այն Անդրեան չէ, որը պիտի լուռ դիմանար ցանկացած նվաստացման։ Ընդհակառակը՝ նա վերահսկում է Միրանդայի խոսքը ու սկանդալներից խուսափելու համար թույլ չի տալիս նրան նույն կերպ վիրավորել մարդկանց, ինչպես անում էր 2000-ականներին։ Նոր սերունդը փոխում է աշխատանքային խաղի կանոնները ու իր հստակ սահմաններն է գծում։
Իհարկե, ֆիլմի առաջին մասի երկրպագուներն այնքան էլ հիացած չեն այս նոր, առավել հանդուրժող ու մի քիչ էլ խոցելի Միրանդայի կերպարով։ Միրանդան Միրանդա էր հենց իր անսխալական կեցվածքի, ինքնավստահութան ու երանելի սառնության մեջ։ Այդուհանդերձ, ֆիլմի քննադատներից ոմանք նկատում են, որ երբեմն հենց նոստալգիան է դառնում ֆիլմի ամենաապահով հենարանը։ Միրանդայի հայացքը, խառնված ու շփոթված Անդրեան ու սարկաստիկ, բայց և հոգատար Նայջելը ստիպում են վերադառնալ 2000-ականներ ու ինչ-որ առումով հենց այդ նոստալգիան էլ փրկում է նոր ֆիլմը։
ՍԻՔՎԵԼՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
«Սատանան նախընտրում է Պրադա 2»-ի շուրջ ամենահետաքրքիր քննադատական դիտարկումներից մեկն այն է, որ ֆիլմը կարծես պայքարում է հենց այն երևույթի դեմ, որի արդյունքը հենց ինքն է։ Ֆիլմում նուրբ գծով անցնում է հետևյալ միտքը՝ կորպորացիաները փակում են հրատարակչությունները, լրագրողներին ու արվեստագետներին թողնում առանց աշխատանքի, իսկ ստեղծագործական աշխատանքը ֆինանսական հաշվարկի ենթակա միավոր է դառնում։
Այս թեման ակամայից հիշեցնում է հենց կինոարդյունաբերության ներկա իրավիճակը։ Մեծ ստուդիաները ավելի ու ավելի հաճախ են ապավինում սիքվելներին, ռիբութներին և հայտնի դեմքերի ներկայությանը։ Դե, որովհետև նոստալգիան վաճառվում է։ Նոր գաղափարները ռիսկային են, իսկ հին հաջողությունները կարելի է վերափաթեթավորել, հրավիրել հայտնի դերասաններին, ավելացնել ժամանակակից փայլ, մի քանի ինֆլուենսերների կամեո և հույս ունենալ, որ հանդիսատեսը կվերադառնա հիշողության հետևից։ Ու եկեք ընդունենք, որ հաճախ այդ բանաձն իսկապես աշխատում է։
Ֆիլմը, ըստ որոշ քննադատական դիտարկումների, հենց այս պատճառով էլ շատերի համար ընկալելի չէ։ Այն խոսում է կորպորատիվ ագահության, ստեղծագործական բնույթի և իրական բովանդակության մահվան, ալգորիթմների ու արհեստական բանականության սպառնալիքի մասին, բայց ստեղծվել է հենց այդ նույն կորպորատիվ տրամաբանությամբ։ Մի խոսքով՝ «կապիտալիզմի ավանդույթներով ստեղծված արվեստ, որն ատում է կապիտալիզմը»։
Մեկ այլ հետաքրքիր դիտարկում ևս։ Ֆիլմում շատ են չափազանց հաշվարկված կատակները։ Դրանք արդիական են, հստակ ուղղված են ժամանակակից հանդիսատեսին ու չունեն առաջին ֆիլմի «պատահականորեն ծնված» կախարդանքը։ 2000-ականներին ֆիլմը հաջողեց, որովհետև ստեղծողները դեռ չգիտեին, թե ինչ հսկայական մշակութային ֆենոմեն է այն դառնալու։ Երկրորդ ֆիլմի դեպքում արդեն գիտեն ու այդ գիտակցումը երբեմն զգացվում է։ Սա սիքվելների ընդհանուր խնդիրն է՝ հստակ հաշվարկով կրկնել այն, ինչ ժամանակին աշխատել է առանց հաշվարկների։ Այո, «Սատանան նախընտրում է Պրադա 2»-ի շուրջ կարծիքները միանշանակ չեն։ Բայց ամեն դեպքում՝ կինոքննադատները հիմնականում համակարծիք են, որ երկրորդ ֆիլմը գուցե և սենսացիա չդառնա, բայց գոյություն ունենալու իրավունք վաստակել է։