Անդունդին նայողները. Երեք կինոհրեշի հետ բախվածների օրագրերը
Մենք սիրում ենք կինոհրեշներին։ Հատկապես նրանց, որոնք խորը հետք են թողնում սերունդների գիտակցության մեջ` տասնամյակներ շարունակ մոլեգնելով գիտակցություններն ու անքուն գիշերներ պարգևելով։ Բայց կինոն հաճախ չի բացատրում կամ խիստ մակերեսորեն է բացատրում դրանց գոյությունը գիտության տեսանկյունից։
Եկեք երևակայական ճամփորդություն անենք երեք հռչակավոր կինոհրեշների աշխարհներով. Ջոն Կարպենտերի կուլտային «Ինչ-որ բանը» (The Thing, 1982), Ռիդլի Սքոթի լեգենդար «Օտարը» (Alien, 1979) ու Պիտեր Հայմսի խիստ թերագնահատված «Բրածոն» (The Relic, 1997): Պատկերացնենք տարածության-ժամանակի տարբեր կետերում նրանց հետ բախված գիտնականների օրագրերը ու տեսնենք, թե ինչ կստացվի։
PAN-ը զգուշացնում է. անդունդին երկար նայելիս այն կարող է նայել ձեզ։
«Ինչ-որ բանը»
Էվոլյուցիոն անոմալիաների ինստիտուտի քսենոկենսաբան, պրոֆեսոր Թիլման Վեյրի դաշտային օրագրից։
Գրառման համարը. անհայտ։ Օրագիրը հայտնաբերվել է Էրիդան Բետա կայանում` կապի կորստից 17 օր անց։
Կենդանի եմ։
Չէ, այտպես չէ։ Ես դեռ կենդանի եմ։
Մեկը մյուսի հետևից փակում եմ շլյուզերը, չնայած հստակ գւտեմ` դրանք ինձ չեն փրկի։ Այն այստեխ է։ Ու այն ոչ թե ուղղակի կենդանի է։ Այն չափազանց կենդանի է։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով)
Օդաչու Սանդերսի մարմինը դեռ տաք է, չնայած մինուս քարասուն աստիճան ցրտին։ Այն այլևս Սանդերսը չի։ Հերձման ժամանակ ոչ մի օրգան «ներքին» չէր. ամեն ինչ ձկտում էր դուրս պրծնել, փաթատվում էր բժշկական գործիքներին, գիշատչի նրբությամբ պատասխանում հպումներին։ Ես կտրուկ հետ քաշվեցի, բայց երևի չափից դուրս ուշ։ Հավանաբար արդեն ինչ-որ բան հայտնվել է թոքերումս։
«Վարակ» բառը կարծես ծաղր լինի։ Դա վարաք չի։ Դա օրգանիզմ էլ չի։ Դա... ինչ-որ բան է։
Այն չի բազմանում։ Այն չի որսում։ Այն իմիտացնում է։
Կատարյալ ճշգրտությամբ։ Անօղոք մոլեգնությամբ։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով
Սա կենսաբաննական տեսակ չի։ Սա սկզբունք է։ Պատչենման սկզբունք։
Սրա էվոլյուցիան պարզից բարդ չի շարժվել։ Այն շարշվել է օտարից` օտար ճանապարհով։ Յուրաքանչուր հանդիպում կլանում է, յուրաքանչյուր կլանում` յուրացում։ Հնարավոր է, այն երբեք չի ունեցել սեփական «ես»-ը։
Հնարավոր է, այն չի ուզզում գոյություն ունենալ։ Միայն կրկնվել։ Ինչպես ստվերը, որ պատճենում է լույսը։
Ես տեսնում էի, ինչպես է այն «աչում» կենսաբան Պակ Չխոլի մասուքներից։
Սկզբում դանդախ, կարծես` փորցելով վերհիշել, ինչ կառուցվածք ունի ողնաշարը, ինչպես են ծալվում արմունգները, ինչ է նշանակում թարթել...
Ապա` ավելի արագ։
Վերջում այն անգամ տապակ հումոր արեց սյուրճի մասին։
Ես ծիծաղեցի։
Այն նույնպես։
Մենք միասին ծիծախում էինք։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով
Երեկ փորձում էի նկարրագրել դրա մորֆոլոգիան։ Մարմին, որը ձէվ չունի։ Այն կառուցում է մարմինը հընթացս, ինչպես մարտը, ով կավից իմպրովիզզներ է անում։ Մատները հանկարծ վերածվում են աշկերի։ Աչքերը` երախների։ Բերանները` մեջքային ելուստների։
Յուրաքանչուր բջիջ ճարտարապպետ է ու զինֆոր։ Յուրաքանչյուր բջջիջ ունի իր մարտավարությունը։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով
Ամենից վախենալուն, որ այն չգիտի, ինչ է վախխը։
Բայց հրաշալի ձևածնում է, թե գիտի։ Երբ ես հրանետը պարզզեցի նրա վրա, այն ճչաց իմ դստեր` Ալիայի ձայնով։
Ու ես չկրակեցի։
Այն սովորում է։ Ավելի արագ, քան մենք կարող ենք պատկերացնել։
Իբչու եմ յես դեռ կենդաբի։ Ինճու այն դեր ինց չի վերձրել։
Պատատխանը պարս է։
Ու վապեյալու։
Այն վեցրել է։
Ուխակի յես չեմ նկստլ։
Ցեյե՞կ է...
Գրում եմ... դոխացոխ ձեյքեյով
Շնօառությունս տառօրինակ է։ Մաշկս քորվյում է։ Երբեմն ինց թվում է, թե ինչօր բան եմ յիշում... օտար բան…
Մանկուցյունս ծծծմբաջրածվի մթնոլորտի պայմաններում։ Մայիրական արայածը, ում աշկերը բերանի ներսում եին։ Ույտրաձայնի միշոջով որսի բեկրանքը։
Յես պրոֆսըռ Վեռն եմ։ Յէս մյառտ էմ։
Իէէս միառտ էմմ։
Իյեես միեայռտ էյմ...
Էդաքռկիռ միյտխ. նառաֆոր է, իես միյչտ յեխել էյմ աին
Ի վիրջո իյնճն է մես «մէնկ» դաձնհում
Իշոխուծիո՞ւնը։ Կիդակցուծի՞նը։ Ֆոռոչումնե՞ռը։
Իես ամեն հինշ իշչում էմ։ Իես մտածում եմ։ Իես շառունակում եմ աշխատանքս։ Ես ուսում եմ հետազոտել, հասկանալ, փոպանցել։
Ի վերջո, հենց դա է գիտնականի էությունը։
Հենց դա է մարդու էությունը։
Հավելված. հայտնաբերվել է նաև ձայնագրություն, որում պրոֆեսոր Վեյրի ձայնով մեկը օրորոցային է շշնջում մարդկային գիտությանն անհայտ լեզվով։ Երգն ուղեկցվում է թաց ճպոցներով ու շրշյուններով, կարծես մսագործը մսի հսկայական կտորներ քսի միմյանց։
«Օտարը»
«Ավրորա-17» արշավախմբից վերջին կենդանի մնացած էվոլյուցիոն կենսաբան, պրոֆեսոր Ալեքս Վալդեսի գիտական ձայնային օրագրից։
Երկրի ուղեծիր է փոխանցվել Wayland-Yutani կորպորացիայի վթարային զոնդի միջոցով։ Ձայնագրման ամսաթիվը. անհայտ։ Օրագրի վերծանումն ավարտվել է ձայնագրության որոշ հատվածների անդառնալի վնասներով։
Եթե ընկերներիս դաժան մահը տեսնելուց հետո ողջ մնալն ընդհանրապես կարելի է փրկություն համարել։
Այժմ գտնվում եմ ավտոմատ փրկարարական նամակում։ Մթնոլորտը կայուն է։ Ունեմ երեք շաբաթվա սնունդ։ Զոնդը պատրաստ է Երկիր ուղևորվելու։ Ես ինքս չեմ գնա։ Չափազանց վտանգավոր է։
Հավանաբար, ամբողջ իմ մնացած կյանքն ինձ տանջելու են այդ անիծյալ մոլորակի մակերևույթին տեղի ունեցածի տեսիլքները։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով
Սկզբում ուղղակի վախ էր։ Հետո այն վերածվեց մաքուր, զտված, կենդանական սարսափի։ Հիմա մնացել են միայն հարցեր։
Ի՞նչ էվոլյուցիա կարող էր նման բան ծնել։ Բնության ո՞ր քայլը, ո՞ր աստվածային խոտանն է ստեղծել աշխարհ, որում մակաբուծությունը ոչ թե մարտավարություն է, այլ գոյության հիմք։
LV-429-M մեռած չի, ինչպես կարծում էինք։ Այն լի է կյանքով։
Սակայն կյանքն այնտեղ համակեցություն չի։ Այն հավերժական բռնաբարության թատրոն է։
Խոտակերնե՞ր։ Բացակայում են։
Ֆոտոսինթեզ իրականացնող տեսակնե՞ր։ Չեն հայտնաբերվել։
Տրոֆիկ կապերի շղթան սկսվում է զոհից, որն ինքը` ագրեսիվ մակաբույծ է ու ավարտվում... էլ ավելի ագրեսիվ մակաբույծով։
Այստեղ ոչ ոք չի սնվում։ Բոլորը օգտագործում են։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով
Անգամ «բույսերը»։ Մենք տեսանք «արմատապտուղներ», որոնք արտազատում են ֆերոմոններ` «փոշոտողներին» գրավելու համար, ապա սպորներ են ներարկում նրանց մեջ։ Վեիջիններս առաջացնում են շիզոֆրենիկ վարքագիծ, արմատապտուղների մոտ վերադառնալու ու դրանց վրա պառկելու ձգտում։ Իսկ թե ինչ է տեղի ունենում այդ ժամանակ, ավելի լավ է ավելորդ անգամ չհիշատակեմ։ Նյարդային համակարգս առանց այն էլ քայքայված է, նյարդերս` մերկացած։
Ամբողջ էկոհամակարգը նման է մի մեծ վեներական հիվանդության, որում յուրաքանչյուր օրգանիզմ ավելի սարսափելի ինչ-որ բանի միջանկյալ վիճակ է։
Սակայն սա միայն նախերգանքն էր։ Որովհետև մահվան այս բուրգի գագաթին կանգնած է ինքը։ Քսենոմորֆը։
Սա որսորդ չի սովորական իմաստով։ Սա տրանսֆորմացիայի կատալիզատոր է, ավելի լավ չես ասի։
Ես տեսա, թե ինչպես Էնրիկեն ընկավ` կուրծքը սեղմելով։
Մեզ թվաց, նախօրեին նրա երեսին կառչած արարածը ինչ-որ բան է ներարկել խեղճի մարմնում։ Էնրիկեի բախտը բերեց, նա մահացավ ժամանակից շուտ։ Սիրտը թույլ էր։ Բայց երբ հերձում էինք մարմինը, ոչ մի ձու էլ չհայտնաբերվեց։ Կար հյուսվածք։ Իր հարազատ հյուսվածքը։ Մարդկային հյուսվածք։ Բայց այն իրեն պահում էր նյարդային համակարգ ունեցող քաղցկեղային ուռուցքի նման։
Այն բաբախում էր, ինչպես երկրորդ սիրտ, արձագանքում լույսին, խուսափում դանակից։
Ու այն փոխվում էր։ Մարդկային քաղցկեղային բջիջները աստիճանաբար տրանսֆորմացվում էին։ Յուրաքանչյուր նոր սերունդ` ավելի ու ավելի օտար, ոչ մարդկային։ Սովորական ածխածնային նյութափոխանակությունը վերափոխվում էր այլ, մեզ անհայտ քիմիայի։
Սա իմպլանտ չի։ Ոչ էլ ներդրված սաղմ։ Մակաբույծը ինչ-որ ձևով ստիպում է մեր օրգանիզմին աճեցնել իր ներսում այդ զարհուրանքը։ Օգտագործում է մեր իսկ ԴՆԹ-ն` ապագա արարածի ֆենոտիպի համար։
Ես այրեցի լաբորատորիան։ Բնազդաբար։ Վախը հաղթեց հետաքրքրասիրությանը։
Բայց միտքը մնաց։ Եթե քսենոմորֆը ոչ թե ձու է դնում, այլ խմբագրում է տիրոջ ԴՆԹ-ն, ապա նա մակաբույծ չէ։ Այն վիրուս է։
Այն չի օգտագործում մարմինը։ Այն վերաձևակերպում է մարմնի գաղափարախոսությունը։
Այն ինքն իրեն չի կառուցում, այլ համոզում է, որ դու ինքդ իրեն կառուցես։
Յուրաքանչյուր բջիջ խաբվում է։ Յուրաքանչյուր մոլեկուլ քեզ ստում է։ Քսենոմորֆը կյանքի ձև չի։ Սա կյանքի սահմանման սխալ է։
Այն ադապտացվում է։ Ժանետից դուրս եկած քսենոմորֆը հումանոիդ էր։ Ուղիղ կեցվածք։ Ռուդիմենտար անրակներ։ Այդ ծնոտը կարող էր պիտանի լինել խոսքի համար։ Այն գոյություն չունեցող աչքերով նայում էր ինձ, կարծես սպասեր, որ ես նրան կճանաչեմ։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով
Իսկ ի՞նչ, եթե Ժանետի աղավաղված գիտակցությունը այս սև, երկար գանգի մեջ է` դատապարտված հավերժ վերապրելու սարսափելի «երկունքի» պահին սեփական հոգեվարքի տառապանքները։
Այն ծնվել է Ժանետի մարմնից, նրա գենոմից, նրա «ես»-ի մասին իր պատկերացումներից։
Այն ներծծել ու վերամշակել է իմ կնոջը։ Չի ոչնչացրել։ Ավելի վատ բան է արել։ Կենսագրությունը վերաձուլել է` դարձնելով կենսամեխանիկա։
Անընդհատ ինքս ինձ հարցնում եմ` ինչո՞ւ։ Ինչպիսի՞ էվոլյուցիոն տրամաբանություն կարող է բերել նման արարածի գոյությանը։ Սա ոչ թե գոյատևման, այլ աբսոլյուտի ուղի է։
Տարբերությունների ոչնչացում։ Ուրիշ տեսակների լիարժեք կլանում։ Ինչպե՞ս է բիոսֆերան դիմակայում տոտալ քսենոմորֆացմանը։
Իդեալական օրգանի՞զմ։ Միգուցե։ Բայց հաստատ` իմաստի վրա իդեալական մակաբույծ։ Այն գոյություն ունի ցանկացած «ես» ուղղակի «այն»-ի վերածելու համար։
Օտար դարձնելու համար։ Օտար ցանկացած երկրայինի։
Կարծես կրծքավանդակիս տակ ինչ-որ բան շարժվի։
Չեմ հիշում, որ կոնտակտ եղած լինի։ Իմ երեսին ոչինչ չի կառչել։ Ես ամեն ինչ ախտահանել եմ։ Չեմ մոտեցել նմուշներին... (ծանր հևոց)... Եթե դու սա լսում ես... (գրեթե ճիչ)... ՄԻ՜ ՎՍՏԱՀԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐՄՆԻԴ.... ԱՅՆ ԱՅԼԵՎՍ ՔՈՆԸ ՉԷ...
«Բրածոն»
Հատված բնախույզ ու բնագետ դոն Իպոլիտո Ֆելիպե դե Տորեսի օրագրից` կազմված 1772թ-ին, «Նուեստրա Սենյորա դե լա Մագդալենա» նավի վրա` Պերուից Վերակրուս նավարկության ընթացքում։ Պահվում է Էսկորիալի Արքայական գրադարանի արգելված սեկցիայում։ Պատճենումը խստիվ արգելվում է։
I. Սարսափելի պատահարի մասին, որ տեղի ունեցավ ինձ հետ Պերուի ջունգլիների խավարում ու հրեշի մասին, որ խժռեց իմ ուղեկիցներին։
Սույն խոստովանանքը գրում եմ վերջին ճիգերի գործադրմամբ, աջ ձեռքով, քանզի ձախ ձեռքն իմ ու զույգ ոտքերս մնացել են թարախով ու փտածքով լի անտառներում, այնտեղ, որտեղ կործանվում է ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Ես` դոն Իպոլիտոն, Սեվիլյայի ազնիվ դատավորի որդին ու Աստծո գիտության ծառայողս, հանձնարարություն էի ստացել այցելել Պերու` ուսումնասիրելու համար Գազանին, որ տեղի հնդկացիները կնքել են որպես Կոտոգա։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով
Նրանք այդ անունը չեն արտասանում այլ կերպ, քան շշնջալով, իսկ լսելու դեպքում նայում են անտառի խորքերը` կարծես պատասխանի սպասելով։
II. Հրեշի ծագման մասին, որ ժամանակին մարդ արարած է եղել։
Սարսափելի բացահայտում ինձ համար եղավ այն, որ Կոտոգան նախկինում սովորական Աստծո մարդ էր` կնքված որպես Վիտա Հերնանդես։ Բնախույզ, ինչպես ես։ Նա, տեղացիների վկայություններով, համտեսել էր սատանայական խաշուկն այն` պատրաստված տեղի տերևները պատող միջատական ձվերից, որոնք արյան մեջ են ներարկում ոչ թույն, այլ մարմինը փոխելու մտադրություն։
Օ ո՛չ, ոչ ակնթարթորեն, ինչպես կարիճի խայթոցի դեպքում, բայց դանդաղ, խորքային, հիմքերից սկսած, այնպես, որ չմնաց նրա մեջ Աստծո ոչ մի խոսք։
Վերածվեց նա Գազանի ժանիքներով երկու մատնաչափ երկարությամբ յուրաքանչուրը, ճիրաններով, որ ծակում են ոսկորն, ինչպես մագաղաթը։ Գազանի գանգը կարծես կատվային էր, բայց ավելի ձգված։ Աչքերը նրա խորը դրված էին, բայց հրաշալի տեսնելով մթության մեջ։
Հարձակվում է նա ոչ հագենալու, այլ մարդկային ուղեղը ներծծելու համար։ Տեղացիներն ասում են, Գազանը ներծծում է հոգեկան կիրքերը, կամքն ու հիշողությունը մարդու։ Գազանը մարմիններ չի որոնում, այլ մտքեր։
III. Վերափոխման ու Գազանի թիրախների մասին։
Իմ որոնումները բերում են ինձ եզրակացության, որ խաշուկը, անզգուշորեն համտեսված սենյոր Վիտայի կողմից, ի զորու է վերափոխել մարդուն ոչ որպես հիվանդություն, այլ որպես Բնության նոր նախագիծ։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով
Օ՜, ինչ սատանայական ճարտար է մեթոդն այդ։ Ոչ անեծք, ոչ ժանտախտ, ոչ թույն։ Այլ մարդու այլընտրանք։
Հանդգնում եմ պնդել. Կոտոգան պատահական չէ, այլ բնական, եթե Բնության կամքը լիներ ոչ թե Աստվածային, այլ սատանայական։ Նա կարծես թե մարդ է, ով որոշել է. «Գազան լինելը հուսալի է»։ Սպանել է իր մեջի մարդուն` չմեռնելով։
IV. Բախման մասին իմ ու վերջույթների կորստի։
Հանդիպեցի ես Գազանին անհայտ մշակույթի փլատակների մոտ։ Գազանը չէր մռնչում։ Ուղղակի նայում էր։
Վայն եկել, ինձ տարել է, ես ճանաչեցի նրանում մնացուկներ մարդկայնության։
Նրանում, ինչպես էր շարժվում, տեսանելի էր դիտավորություն։ Նրանում, ինչպես նա անմիջապես կյանքից ինձ չզրկեց, տեսա մտորում։ Հոտոտում էր ինձ, ծանրութեթև անում, լսում սրտիս զարկերը։
Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով
Ապա` ցավ։ Այրող։ Ակնթարթային։ Զրկեց ինձ ոտքերից ու ձեռքից հմտությամբ, որի մասին չեն երազի ոչ պուման, ոչ հովազը։
Ու մտածում եմ ես. Գազանն ուզում էր, որ գրեմ։ Որ պատմեմ։ Որ պատմեմ մարդու նկատմամբ իր հաղթանակի մասին։
Գրում եմ սա դժվարությամբ մեծ։ Ամեն բառ քամում է արյան մնացորդներն իմ։ Աջ թոքն իմ փտել է։ Շնչելիս կարծես դժոխքի դուռն ընկնեմ։ Գլխումս լսում եմ ձայներ, որն իմը չեն ու որոնք ինձ հուշում են պղծության բառեր։
Երբեմն երազում եմ, որ սլանում եմ Լիմայի տանիքներով ու տեսնում թաթերն իմ ահռելի։ Շնչում եմ վախի հոտերը։ Սովում եմ, բայց ոչ սննդի, այլ մտքի հյուսվածքների համար։
Թե որ այդպես է, աղաչում եմ. ինձ մարդ մի՜ համարեք։
Բայց հրեշ էլ մի անվանեք։ Քանզի հրեշը այն է, ինչ Բնությունը թույլ է տվել` չձևակերպելով։
Իսկ Կոտոգան Բնությունն է, որ ավարտել է ինքն իրեն դժոխքում։
[Ձեռագիրն ավարտվում է դողացող ձեռքով գրված լատիներեն արտահայտությամբ. Non homo mutatus est, sed ipsa natura decepta est., ինչը թարգմանաբար նշանակում է. «Ոչ թե մարդն է փոխվել, այլ ինքը` Բնությունն է խաբվել»]: