#իվենթաPAN
October 10

JLO-ն՝ բանտախցում, Քիմը՝ մահացած, Քեսսին՝ ծեծված. P. Diddy-ի կանանց ճակատագրերը

«Հոլիվուդի վերջը մոտ է». Սա վերջին շաբաթներին Հոլիվուդի հետ կապված ամենահաճախ հնչող արտահայտությունն է։ Հոլիվուդը վաղուց այսքան աղմկոտ ու, միաժամանակ, լուռ չէր եղել։ Փի Դիդդիի անվան շուրջ սկանդալները, մեղադրանքներն ու դավադրության տեսություններն ավելանում են ժամ առ ժամ, կրքերը չեն հանդարտվում, մարդիկ սպասում են նոր բացահայտումների, աստղերի պարզաբանումներն էլ ուշանում են։

Ինչպես խոստացել էին՝ շարունակում ենք հետևել այս աղմկոտ ու խճճված պատմության զարգացումներին, իսկ այս անգամ #PANDiddy-ի շրջանակում անդրադարձել ենք Փի Դիդդիի նախկին կանանց։ Նրանցից մեկը մահացած է, մյուսները Դիդդիին մեղադրում են ֆիզիկական և սեռական բռնության մեջ, որոշներն էլ պարզապես լուռ են՝ հույս ունենալով, որ իրենց անունը ոչ ոք այս համատեքստում չի հիշի ու հիշատակի։ Բայց համացանցի «հիշողությունը» նման բաները երբեք չի մոռանում։

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍ

Փի Դիդդիի ամենահայտնի ընկերուհին JLo-ն է եղել, ու ստացվել է այնպես, որ անգամ տասնամյակներ անց այս հարաբերությունների ստվերն այսօր անհանգստացնում է Լոպեսին։ Սոցցանցերում նրա էջերը ողողված են հազարավոր մեկնաբանություններով։ Մարդիկ կարծում են, որ Լոպեսը դեռ 1990-ականների վերջին գիտեր, թե ինչ երկակի կյանք է վարում Փի Դիդդին ու ինչ հանցագործությունների մեջ է ներքաշված։ Դժգոհ օգտատերերը բացատրություն են պահանջում երգչուհուց՝ վերհիշելով նրա կենսագրությունից մի քանի մութ դրվագ։

Երգչուհին ռոմանտիկ հարաբերություններ է սկսել պրոդյուսերի հետ՝ 1999 թվականին On the 6 ալբոմի վրա աշխատելու ընթացքում։ Մի քանի ամիս անց Ջենիֆեր Լոպեսը և Փի Դիդդին հայտնվում են սկանդալի կենտրոնում, ու անգամ` բանտախցում։ Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում Փի Դիդդիի և նրա թիկնապահի մասնակցությամբ փոխհրաձգություն է սկսվում։ Դեպքի վայրում էր նաև Ջենիֆեր Լոպեսը։ Փոխհրաձգության արդյունքում երեք մարդ վիրավորվում է։ Հետո պարզվում է, որ աստղային զույգը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց նրանց կանգնեցրել է ոստիկանությունը։

Իրավապահները մեքենայի մեջ ատրճանակ են հայտնաբերել, զույգը ձերբակալվել է։ Կա վարկած, որ հենց Լոպեսն է գիշերային ակումբ բերել այն ատրճանակը, որից հնչել են կրակոցները։ Մոտ 14 ժամ խցում մնալուց հետո Ջենիֆերին ազատ են արձակում, իսկ Դիդդիին և թիկնապահին մեղադրանք է առաջադրվում։ Իհարկե, Դիդդիի մեծ կապերի մասին չնչին պատկերացում ունեցող մարդու համար անգամ պարզ է, որ կարճ ժամանակ անց պրոդյուսերին արդարացնում են:

Թե որքանով է այս դեպքն ազդել զույգի հարաբերությունների վրա՝ բարդ է ասել, բայց Ջենիֆեր Լոպեսն ու Փի Դիդդին բաժանվել են 2001 թվականին։ Ի դեպ, դեռ այն ժամանակ հստակ էր, որ Լոպեսի մայրը դեմ էր այս հարաբերություններին։ Ականատեսները փաստում են, որ ոստիկանական բաժանմունքում Ջենիֆերի մայրը իսպաներենով գոռգռացել է դստեր վրա։ Նաև ասել է, թե «ես քեզ ասում էի, որ նրա հետ կապ ունենալ պետք չէ»։

Հիմա շատերին զայրացնում է երգչուհու լռությունը, հատկապես, երբ ռեփերի նախկին ընկերուհիները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ Դիդդիի կողմից ֆիզիկական ու սեռական բռնության են ենթարկվել։ Օգտատերերը Լոպեսին նաև մեղադրում են ռեփերի հանցագործությունները կոծկելու մեջ։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Լրատվամիջոցները, Ջենիֆերի թիմի տարբեր աղբյուրներին հղում անելով, ասում են, որ երգչուհու թիմը կազմ ու պատրաստ է ճգնաժամային ցանկացած իրավիճակի, մշակում են արձագանքներ ցանկացած սցենարի համար, այդ թվում՝ եթե հետաքննության ընթացքում Լոպեսի ցուցմունքի կարիքը լինի։ Մեկ այլ աղբյուրի պնդմամբ էլ երգչուհին չափազանց մտահոգված է ստեղծված իրավիճակով։

«Եթե Ջենիֆերին ներքաշեն այս պատմության մեջ, ապա նա կհայտնվի այն ամենի կենտրոնում, ինչն արդեն 25 տարի ամեն կերպ փորձում էր մոռանալ։ Փի Դիդդիի անվան շուրջ կատարվող զարգացումները թարմացրել են նրա հին վերքերը»։

Ամեն դեպքում, այս փուլում երգչուհին նախընտրում է լռել։ Հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում նրա անձնական կյանքի շուրջ մեծ ուշադրությունն ու սկանդալային բաժանումը՝ այս փուլում «հին սերերի» հետ կապված տհաճ դեպքերը, մեղմ ասած, ավելորդ գլխացավանք են։

ՔԻՄ ՓՈՐԹԵՐ

Քիմ Փորթերի հետ կապված պատմություններն այս ցանկում ամենակասկածելի և մութ էջերն ունեն։ Ինչո՞ւ։ Որովհետև որտեղ մահ՝ այնտեղ մութ պատմությունների հավանականություն։ Իսկ երբ այս ամենի կողքին հոլովվում է Փի Դիդդիի անունը՝ ուրեմն այստեղ «ինչ-որ բան իսկապես այն չէ»։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Մոդել և դերասանուհի Քիմ Փորթերը, որը համատեղությամբ նաև Փի Դիդդիի երկար տարիների սիրելին էր ու նրան երեք երեխա պարգևած կինը, մահացել է 2018 թվականի նոյեմբերին։ Մահվան պաշտոնական պատճառը թոքաբորբն է, սակայն որոշ երկրպագուներ կարծում են, որ այստեղ ևս Փի Դիդդիի մատը խառն է։

Բայց մինչ այդ՝ մի քանի բառ անցյալից։ Քիմբերլիի մոդելային կարիերան սկսվել է դեռահաս տարիքում։ Տարբերվող արտաքինն ու խարիզման օգնեցին աղջկան արագ գտնել իր տեղն ամերիկյան շոու բիզնեսում ու հաջողության ճանապարհ կերտել։ 1991 թվականին Քիմը հանդիպեց Փի Դիդդիին, նրանց միջև հարաբերությունները տարբեր ընդհատումներով տևեցին մոտ 13 տարի։

Այս հարաբերություններից զույգն ունեցավ որդի և երկվորյակ դուստրեր։ Չնայած երեք երեխաներին միասին մեծացնելու ցանկությանը, զույգը պարբերաբար բաժանվում ու միանում էր, մինչև վերջնականապես բաժանվեց 2007 թվականին։

Բայց անգամ բաժանումից հետո տպավորություն էր, որ ծնողները կարողանում են պահանջել ջերմ հարաբերություններ ու միասին զբաղվել երեխաների դաստիարակությամբ։ Քիմի մահից ընդամենը տասն օր առաջ նա իր ինստագրամյան էջում հրապարակել էր լուսանկար, որտեղ Փի Դիդդին է՝ իրենց երեխաների հետ։

Այս հրապարակումից 10 օր անց Քիմին մահացած են գտնում անկողնում։ Հարազատների խոսքով՝ նախորդ օրը մոդելը թեթևակի մրսել էր։ Որպես 47-ամյա մոդելի մահվան նախնական պատճառ բուժաշխատողները նշեցին թոքաբորբը։ Ավելի ուշ, դիահերձման և փորձաքննությունների արդյունքում, ամիսներ անց պաշտոնապես հաստատվեց՝ Քիմը մահացել է թոքաբորբի սրացման հետևանքով։

Այսօր՝ մոդելի մահից տարիներ անց, երբ Փի Դիդդիի անվան շուրջ պտտվում են աշխարհի բոլոր սկանդալները, երկրպագուները նոր տեսություններ են առաջ բերում, ըստ որոնց հենց Դիդդին է ներքաշված նախկին սիրելիի մահվան մեջ։ Հիմա կասեք, որ «ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, բայց անունը դուրս չգա», որովհետև այսուհետ Փի Դիդդիի անվան հետ կարելի է կապել բազմաթիվ մահեր ու հանցագործություններ, բայց իրականում այս տեսությանը հավատացողները հստակեցնում են, թե ինչը կարող էր սպանության պատճառ դառնալ։

Լուրեր են պտտվում, որ Քիմը ցանկացել է հրապարակել իր հուշերն ամբողջացնող գիրք, որտեղ բացահայտելու էին նախկին ընկերոջ կյանքի բոլոր մութ կողմերը։ Սա, շատերի կարծիքով, կարող էր առիթ դառնալ, որ պրոդյուսերը «հեռացնի» երեխաների մորն իր ճանապարհից։

Այսքանով պատմությունը չի ավարտվում։ Այս ինֆոաղմուկի ֆոնին նախորդ ամիս հրատարակվել է գիրք, որը, իբր, հրատարակել են Քիմի ընկերները՝ նրա չհրապարակված հուշերն ամբողջացնելու արդյունքում։

Գիրքը բացահայտում է Փի Դիդդիի բազմաթիվ սեռական հարաբերությունները հայտնի երաժիշտների և դերասանների հետ՝ ինչպես տղամարդ, այնպես էլ կին: Խոսվում է նաև ռեփերի հայտնի «սպիտակ երեկույթների» և օրգիաների մասին։ Եթե գիրքն իսկապես Քիմի հուշերի հիման վրա է գրված, ապա ամենասարսափելի դրվագն այն է, որ Փի Դիդդին Քիմին ստիպել է մասնակցել այս խնջույքներին, երբ վերջինս հղիության վերջին ամսում էր։

Գրքում նաև ասվում է, որ Դիդդին Քիմի հանդեպ ֆիզիկական բռնություն է գործադրել ու սպառնալիքներ է հնչեցրել։ Եթե հավատանք գրքին, ապա ռեփերը բազմիցս ծեծել է Քիմին, մեկ անգամ էլ ատրճանակով ներխուժել է տուն՝ սպառնալով սպանել նրան, եթե նա համարձակվի նոր սիրավեպ ունենալ։ Ավելին, խոստացել է սպանությունը կազմակերպել այնպես, որ ոչ ոք չկռահի։

Փի Դիդդիի և Քիմի երեխաները հերքել են, որ այս գիրքն իրենց մոր հուշերի հիման վրա է գրված։ Նրանց խոսքով՝ բեսթսելլերը կեղծիք է, և իրենք դատի են տալու հրատարակչությանը։ Այժմ գիրքն այլևս չի վաճառվում։

ՔԵՍՍԻ ՎԵՆՏՈՒՐԱ

Քեսսի Վենտուրայի մասին արդեն հասցրել ենք մանրամասն խոսել #PANDiddyնախորդ անդրադարձում, բայց Քեսսիի կերպարն այս պատմության մեջ իսկապես առանցքային է, որովհետև բացահայտումների շղթան սկսվեց հենց նրանից։ Եթե չեք կարդացել նրա պատմությունը, ապա մանրամասնենք մի քանի առանցքային դրվագ, դե իսկ եթե կարդացել եք՝ պատկերը թարմացնում ենք ինֆորմացիայի նոր չափաբաժնով։

2023-ին Քեսսին ռեփերին մեղադրեց ավելի քան տասը տարի (սկսած 2005 թվականից) իրեն ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու մեջ։ Ըստ Քեսսիի, որն իրենց հարաբերությունների սկզբում ընդամենը 19 տարեկան էր, այն ժամանակ արդեն չափազանց ազդեցիկ ռեփերն իրեն թմրանյութեր է տվել, վերահսկել ամեն քայլը, բազմաթիվ անգամներ ծեծել, ստիպել սեռական հարաբերություն ունենալ և տեսանկարահանել ընթացքը։ Երգչուհին անգամ հայտարարել է, որ հարաբերությունների ավարտին Դիդդին ներխուժել է իր տուն և բռնաբարել իրեն։

Մեղադրանքներին զուգահեռ, տարածվեց CNN-ի հրապարակած տեսաձայնագրությունը, որը ձեռք էին բերել հյուրանոցներից մեկի անվտանգության բաժնից։ Կադրերում ռեփերը հյուրանոցի միջանցքում Քեսսիին գցում է գետնին, ոտքերով հարվածում ու միջանցքով քարշ է տալիս։ Այս դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին։

Այս տեսանյութն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ ռեփերը ստիպված էր արձագանքել։ Նա տեսաուղերձով ներողություն խնդրեց և ասաց, թե աշխատում է իր վրա, նաև վստահեցրեց, որ դիմել է մասնագետի օգնության և վերականգնողական ծրագիր է անցնում։

«Ես իսկապես ցավում եմ։ Ես ամեն օր ձգտում եմ ավելի լավը դառնալ»։

Ընդամենն օրեր առաջ տված հարցազրույցում երգչուհին ասել է, որ իր համար չափազանց ծանր է հիշել Փի Դիդդիի հետ կապված անցյալը, բայց ինքն ուրախ է, որ գործը շարժվել է «մեռյալ կետից»։ Քեսսին չի կարողանում հասկանալ, թե ինչու 90-ականների ընթացքում հասարակությունը չարձագանքեց Դիդդիի բազմաթիվ զոհերի բացահայտումներին, թիկնապահի խոստովանություններին, սպիտակ երեկույթների մասին աստղերի պատմություններին։

Այս ցանկում այլ կանանց անուններ ևս կարելի է ավելացնել, բայց նրանք կա՛մ Դիդդիի հետ «պաշտոնական» հարաբերություններ չեն ունեցել, կա՛մ «հայտնի» են դարձել միայն Դիդդիի դեմ մեղադրանքներից հետո, կա՛մ էլ մինչև օրս մնում են անանուն ու այդկերպ փորձում ցուցմունքների միջոցով կոտրել հանցավոր շղթան։

Մոդելներից մինչև երգչուհիներ, նորահայտ աստղերից մինչև արդեն իսկ հայտնի դարձած անուններ. Դիդդիի հետ կապվող ու հայտնի դարձած բոլոր պատմություններում «բռնությունը» ամենահաճախ հնչող բառն է։ Ցուցմունք տվող և նոր հանգամանքներ բացահայտող ֆիզիկական, հոգեբանական, սեռական բռնության ենթարկված կանանց ու նաև տղամարդկանց թիվն ավելանում է ամեն օր։


✍️ Նանե Մանուկյան / PAN