2Pac-ի սպանությունը, 50 Cent-ի վրեժն ու Diddy-ի անկումը. Ինչ է բացահայտում P. Diddy-ի մասին Netflix-ի և 50 Cent-ի դոկումենտալը
Երաժշտական մոգուլ Փի Դիդդիի անունն ու կերպարը երկար տարիներ ներկայացվում էր որպես ամերիկյան երազանքի դասական սցենար։ Միայնակ մոր հետ մեծացած, փողոցներում «դասեր քաղած» տղան բարձրանում է փառքի աստիճաններով ու դառնում հիփ հոփի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ապրում է շքեղության, փայլի ու անսահման հնարավորությունների պայմաններում։
Netflix-ի նոր չորսմասանոց վավերագրական սերիալն այս հեքիաթը մի փոքր այլ կերպ է մեկնաբանում։ Դատավճռի երկար ու ծանր տեքստի պես հնչող վավերագրումը Փի Դիդդիի մասին նոր ու թույլ տվեք ասել՝ սարսափելի բացահայտումներ է անում։ Անմեղության կանխավարկածը հաշվի չառնելու մեջ մեզ չմեղադրեք։ Դիդդիին դատարանն արդեն իսկ մեղավոր է ճանաչել որոշ հանցանքների համար։ Բայց, անշուշտ, ֆիլմում կան դրվագներ, որոնք առանձին քննության կարիք ունեն։ Մինչև կշարունակեք հոդվածը, զգուշացնում ենք, որ այստեղ լիքը սփոյլերներ կան։ Կարող եք նախ դիտել դոկուսերիալը ու միայն հետո կարդալ-քննարկել։
«ՇՈՆ ՔՈՄՍ. ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ»
Դոկուսերիալը կոչվում է «Շոն Քոմս. Հաշվեհարդար» (Sean Combs: The Reckoning)։ Netflix-ում պրեմիերան եղավ այն ժամանակ, երբ Դիդդին արդեն ճաղերի հետևում է։ Դատարանը նրան դատապարտել է չորս տարի երկու ամիս ազատազրկման՝ սեռական շահագործման ու բռնության հետ կապված գործերով։ Թեև իրական բանտային ժամկետը կարող էր շատ ավելի խիստ լինել․ Նրան սպառնում էր մինչև ցմահ ազատազրկում, եթե երդվյալ ատենակալները Դիդդիին մեղավոր ճանաչեին ամենածանր հոդվածներով։ Եթե ամեն բան մնա այնպես, ինչպես որոշված է, Դիդդին ազատությա մեջ կհայտնվի 2028 թվականին։
Այս ամենին զուգահեռ Դիդդին բանտից շարունակում է պնդել, որ սկանդալային սերիալը «պատվերով նախագիծ» է, որը պատրաստվել է իր թշնամիների մասնակցությամբ։ Ոչ իր, ոչ ընտանիքի, ոչ էլ փաստաբանների կողմից ոչ մի հարցազրույց, ոչ մի մեկնաբանություն, ոչ մի մասնակցություն չկա։ Դե, արդարության համար պետք է նշել, որ այո՛, պատմությունը բավականին միակողմանի է։ Նրա պատմությունը ներկայացնում են ուրիշները՝ նախկին գործընկերներ, սիրուհիներ, մանկության ընկեր, աշխատակիցներ, նույնիսկ սեքս-աշխատող, որ տարիներ շարունակ մասնակցել է Դիդդիի սպիտակ փարթիներին։
Դիդդին իր ասելիքը գտնելու այլ եղանակներ էլ կարող է գտնել։ Բայց այստեղ գլխավոր փաստն այլ է։ Ֆիլմի պրոդյուսերը ոչ ավել, ոչ պակաս՝ 50 Cent-ն է։ Հոդվածը կարելի էր հենց այստեղ էլ ավարտել, որովհետև շատ բան արդեն իսկ ակնհայտ է դառնում։ Բայց, ամեն դեպքում, մանրամասնենք։
Սերիալում ներկայացված պատմությունը միայն զոհերի, մեղադրանքների ու դատական գործերի մասին չէ, Netflix-ի սերիալը եկել է հիշեցնելու, որ հիփ-հոփում ոչ մի առճակատում չի մոռացվում անգամ տարիներ անձ ու վրեժի և հատուցման օրը մի գալիս է ամենաանսպասելի ձևով։ Սերիալի գործադիր պրոդյուսերներից մեկը Դիդդիի՝ երկու տասնամյակների ոխերիմ թշնամին է՝ 50 Cent-ը։ Այս հակամարտությունը հիփ-հոփ աշխարհում կարծես առանձին ժանր է դարձել։
Ու ահա, երբ Netflix-ը հայտարարեց, որ նոր սերիալի վրա աշխատող թիմում 50 Cent-ը գործադիր պրոդյուսերն է, մի շատ տրամաբանական հարց առաջացավ՝ կարելի՞ է այս նախագծից անաչառություն ակնկալել։
Թեև Netflix-ը հետագայում շտապեց հայտարարել, որ 50 Cent-ը չունի ստեղծագործական վերահսկողություն, և ստեղծագործական բոլոր որոշումների հեղինակը միայն ռեժիսորն է, ամեն դեպքում փաստը մնում է փաստ․ սերիալն ի սկզբանե հենց 50 Cent-ի նախագիծն է եղել։ 2023 թվականի դեկտեմբերին ռեփերը հայտարարել է, որ աշխատում է Diddy-ի մասին պատմող դոկումենտալ սերիալի վրա, այդ ժամանակ դեռ վերջինիս գլխին սև ամպեր կուտակված չէին։ Եվ միայն 2024-ի սեպտեմբերին՝ Diddy-ի ձերբակալությունից մեկ շաբաթ անց, Netflix-ը հայտարարեց, որ աշխատում է նրա մասին պատմող դոկուսերիալի վրա։ Հաշվի առնելով 50 Cent-ի ներգրավվածությունն ու ռեփերների վաղեմի հակամարտությունը՝ պարզ է, թե ինչու է Դիդդին փաստաբանների միջոցով սերիալն անվանում «պատվերով արված վարկաբեկող ֆիլմ՝ վրեժխնդիր մարդկանց կողմից»։ Ամեն դեպքում համաձայնեք, որ 50 Cent-ը հաշիվներ պարզելու ու վրեժ լուծելու մաստերկլաս է արել։ Նոր երգ թողարկելու կամ հարցազրույց տալու փոխարեն մի ամբողջ ֆիլմ է ստեղծել։
Բայց քննադատներն ու դիտողները կարծես համաձայն են մեկ կետի շուրջ՝ անկախ նրանից, թե ով է պրոդյուսերը, ֆիլմը արագորեն դառնում է Դիդդիի մասին երբևէ նկարահանված ամենաամբողջական, բազմաշերտ ու փաստարկված նախագիծը։
ԳԼԽԱՎՈՐ ԹԵԶԵՐԸ
Սերիալի մեկնարկից առաջ էլ ակնհայտ էր, որ պատմության առանցքային դեմքերից մեկը լինելու է Դիդդիի նախկին ընկերուհին՝ Քեսսի Վենտուրան։ Նրա անունը երկար ժամանակ հնչում էր դատական հայցերում, Դիդդիի դեմ քրեական գործով գլխավոր վկան հենց նա էր։ Վենտուրան պնդում էր (ու սա ապացուցող տեսանյութ էլ կա), որ Դիդդին իրեն ծեծել է, երկար տարիներ ստիպել է մասնակցել փարթիների, որտեղ պարտասրված թմրամիջոցներ է օգտագործել և սեքսով զբաղվել տղամարդկանց հետ։ Կարճ ասած՝ Քեսսին հոգեբանական, ֆիզիկական ու սեռական բռնության լուրջ մեղադրանքներ է հնչեցրել։
Այդուհանդերձ, Քեսսին հրաժարվել է նկարահանվել Netflix-ի համար։ Նրա պատմությունն այլ մարդկանց շուրթերով ենք լսում։ Դիդդիի նախկին մենեջերը, ինչպես նաև տարիներ շարունակ այդ փարթիներին մասնակցած սեքս-աշխատող Քլեյթոն Հոուարդը պատմում են, թե ինչպես էր աստղը պարբերաբար հարձակվում Վենտուրայի վրա, ինչպես էր նա մի փորձում փախչել, բայց ի վերջո կրկին վերադառնում էր ռեփերի մոտ։
«Ամեն անգամ, երբ Դիդդին հարձակվում էր նրա վրա, Քեսսին փախչում էր, բայց միշտ վերադառնում էր»։
Դոկուսերիալի հերոսներից մեկը՝ Թիմ Փաթերսոնը, որը Դիդդիի մանկության ընկերն է և Uptown Records-ում նրա գործընկերը, փորձում է հասկանալ, թե որտեղից է գալիս Դիդդիի այս ագրեսիան։ Շոնի հայրը քրեական աշխարհի հետ կապ ուներ և սպանվել է, երբ տղան ընդամենը երկու տարեկան էր։ Նրան դաստիարակել է մայրը, որը մի կողմից մեծ ազդեցություն է թողել որդու վրա, մյուս կողմից, ըստ Փաթերսոնի, կոշտ ու երբեմն էլ դաժան պատժամիջոցներ և կիրառել որդու հանդեպ։
Քոմսը հետագայում ասում էր, որ մայրը նրան պարզապես «պատրաստում էր իրական կյանքին» ու սովորեցնում, որ եթե քեզ խփում են, պետք է պատասխանես այնպես, որ այլևս չկրկնեն։
Տարիների ընթացքում, ըստ դոկուսերիալի տարբեր վկաների, այդ «պատասխան հարվածի արվեստը» վերածվել է բռնության կիրառման ու սա պարբերական բնույթ է կրել։ Նրանք անգամ տեսել են, թե ինչպես է Դիդդին մի անգամ հարվածել սեփական մոր դեմքին։ Սերիալում հիշատակվում են նաև բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես է Դիդդին հարձակվել այլ մարդկանց վրա՝ պրոդյուսերներից մինչև ընկերներ ու գործընկերներ։
Այս առումով ֆիլմի եզրակացությունն ակնհայտ է. Հաջողությունն ու ահռելի ֆինանսական միջոցները Դիդդիի մեջ ձևավորել են այսպես ասած «աստծո համախտանիշ»։ Նա վստահ էր, որ կարող է անել այն, ինչ ուզում է ու մնալ անպատիժ, իսկ երբ դատական ատյանի պահը կգա, օգնության կհասնեն լավագույն փաստաբաններն ու հզորագույն PR մեքենան։
Սերիալը մանրամասն անդրադառնում է նաև Դիդդիի հայտնի սպիտակ փարթիներին, որտեղ թմրանյութն ու սեքսը նույնքան սովորական էին, որքան երաժշտությունը։ Լիլ Ռոդը՝ Դիդդիի վերջին The Love Album-ի պրոդյուսերը, որն այժմ դատի է տվել ռեփերին, պատմում է, որ այդ երեկույթներին բոլորն ինչ-որ նյութերի ազդեցության տակ էին։ Նրա խոսքով՝ տունն ամբողջությամբ ծածկված էր թաքնված տեսախցիկներով, և ամեն ինչ նկարահանվում էր՝ անկախ նրանից, թե ով ինչ վիճակում է ու ինչով է զբաղվում։
«Մենք կարող էինք երեք օր շարունակ մնալ այնտեղ, հետո ես արթնանում էի և չէի հասկանում, թե ինչ է կատարվել։ Երբեմն կողքիս աղջիկներ կային, երբեմն էլ ինքը՝ Դիդդին»։
ԱՄԵՆԱԾԱՆՐ ԴՐՎԱԳԸ
Դոկուսերիալում հատկապես ծանր է երգչուհի Օբրի Օ’Դեյի պատմության հատվածը։ Նա 2005-2008 թվականներին երգում էր Danity Kane խմբում, որի պրոդյուսերը հենց Դիդդին էր։ Օ’Դեյը պատմում է, որ Դիդդին փորձել է սեռական կապ հաստատել իր հետ, աղջիկը հրաժարվել է, և վերջում իրեն պարզապես վտարել են խմբից։
Տարիներ անց, երբ արդեն դատական բազմաթիվ հայցեր էին ներկայացվել Դիդդիի դեմ, Օ’Դեյի հետ կապ է հաստատում մի փաստաբան, որը ներկայացնում էր սեռական բռնության ենթարկված կանանցից մեկին։ Փաստաբանը կարդում է այդ կնոջ ցուցմունքը, ըստ որի կինը մի անգամ հայտնվել է Bad Boy ստուդիայում, բացել մի դուռ և ներսում տեսել Դիդդիին ու մի ուրիշ տղամարդու, որոնք, ըստ կնոջ պատմության, սեռական ոտնձգության էին ենթարկում Օ’Դեյին։ Այդ ընթացքում երգչուհին սթափ չէր ու կարծես գիտակցությունն էլ տեղում չէր, նա կիսամերկ էր ու տպավորություն էր, որ ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է կատարվում։
Դոկուսերիալում Օ’Դեյը բարձրաձայն կարդում է այդ տեքստը, հետո նայում օբյեկտիվին և հարցնում․
«Սա նշանակում է, որ ինձ բռնաբարե՞լ են։ Արդյո՞ք սա հենց դա է նշանակում։ Ես նույնիսկ չեմ ուզում իմանալ»։
Սերիալի ռեժիսորը հետագայում պատմում է, որ ժամերով հեռախոսով խոսել է Օ’Դեյի հետ, որպեսզի երգչուհին պատրաստ լինի այս պատմությունը բացահայտել ամբողջ աշխարհի առջև։
Սերիալում երգչուհին նաև ցույց է տալիս Դիդդիի ուղարկած բացահայտ սեռական բնույթի նամակները և հիշում․
«Սա քո գործատուն է։ Իրական կյանքում ի՞նչ է լինում նման դեպքերում։ Ղեկավարը պարզապես հեռացվում է։ Ինձ մո՞տ ինչ եղավ։ Վեց ամիս անց ինձ հեռացրին»։
ԹՈՒՓԱՔ ՇԱՔՈՒՐԸ
Սերիալի ամենաաղմկոտ հատվածներից մեկը վերաբերում է այն թեմային, որի մասին հիփ-հոփ աշխարհը խոսում է դեռ 90-ականներից․ Թուփաք Շաքուրի և The Notorious B.I.G.-ի սպանությունները։
Դիդդիին միշտ էլ կապել են այս թեմայի հետ, բայց ռեփերը միշտ ասել է, որ որևէ կապ չունի East Coast vs West Coast պատերազմների արյունոտ ավարտի հետ։ Նա երբեք որպես մեղադրյալ չի անցել այդ գործերով։
Բայց սերիալում բարձրաձայնվում է մի միտք, որն արդեն տարիներ շարունակ շրջում է որպես ասեկոսե, բայց երբեք այսքան կոնկրետ չի հնչել։ Ցուցադրվում է ոստիկանական հարցաքննության ձայնագրության մի հատված, որտեղ Թուփաքի սպանության մեջ մեղադրվող Keffe D-ն պատմում է, որ Դիդդին իրեն մեկ միլիոն դոլար է առաջարկել՝ Թուփաքին և նրա պրոդյուսերին սպանելու համար։
Սա այն դրվագն է, որի մասին անգամ մամուլը զգուշությամբ է գրում։ Ոչ ոք չի ասում՝ «ճշմարտությունը բացահայտված է», բայց անշուշտ, սա կրակի վրա յուղ է լցնում ու կրկին բորբոքում թեմայի շուրջ կրքերը։ Իհարկե, այստեղ պետք է նշել, որ հետագայում Keffe D-ն հրաժարվել է իր հայտարարություններից, պնդելով, որ դրանք տրվել են ճնշման տակ։ Այժմ Keffe D-ն սպասում է 026 թվականին կայանալիք դատավարությանը։
ԴԻԴԴԻԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սերիալի ամենալարված, որոշ մարդկանց բնորոշմամբ անգամ կինեմատոգրաֆիկ հատվածներից մեկը ցույց է տալիս Դիդդիի վերջին օրերը՝ մինչև իր ձերբակալությունը։
Նա գնում է Նյու Յորք, օպերատոր է վարձում և հրահանգում է նկարահանել իր ամեն քայլը։ Երևի կարծում էր, որ պատմությունն այլ ընթացք է ունենալու ու ինքը վերջում այդ կադրերը ցույց է տալու իբրև հերոսական պայքար՝ սուտ մեղադրանքների դեմ։
Կադրերում տեսնում ենք, թե ինչպես է Դիդդին սպասում նոր քաղաքացիական հայցերի մասին լուրերին, ինչպես է զայրացած բղավում իր փաստաբանների վրա, ինչպես է «համոզում» վերահսկել լրատվական օրակարգը։
«Մենք պետք է գտնենք ինչ-որ մեկին՝ ԱՄՆ-ում կամ արտերկրում, ինչ-որ մեկին, որ աշխատել է ամենակեղտոտ պրոպագանդայի գործերով։ Դուք սխալ եք աշխատում։ Մենք պարտվում ենք»։
Այս հատվածը, ըստ քննադատների, սերիալի ամենատպավորիչ մասերից է։ Մարդը, որն իրեն համարում էր անպարտելի, հասկանում է, որ իր շուրջ սեղմվող օղակը այլևս չի բացվելու՝ որքան էլ փող, կապեր կամ մանիպուլյացիոն մեխանիզմներ գործի դնի։
Դիդդիի ներկայացուցիչները Netflix-ին մեղադրում են «գողացված նյութեր օգտագործելու» մեջ։ Նա պնդում է, որ օրենքով ոչ ոք իրավունք չունի հրապարակել այդ ձայնագրությունները, առավել ևս՝ փաստաբանների հետ մասնավոր խոսակցությունները։ Netflix-ը սրան հստակ պատասխան ուներ՝ ամբողջ նյութը ստացվել է օրինական ճանապարհով, ոչ մի իրավունք չի խախտվել։
Այսպիսով՝ առաջին շաբաթում դոկուսերիալն արդեն իսկ 22 միլիոն դիտում ունի և ինչ-որ բան հուշում է, որ սա միայն սկիզբն է։ The Guardian-ը դոկումենտալ նախագծի ազդեցությունն ամբողջացնում է մեկ նախադասությամբ՝ «այն այնքան մանրակրկիտ է ներկայացնում և փաստերով ամրապնդում մեղադրանքների ծավալը, որ սուպերսթարի իր համբավը վերականգնելու ճանապարհը Դիդդիի համար կարծես ընդմիշտ փակվում է»։