#cyberPAN
December 26, 2022

Բադակտուց վհուկը, վիշապն ու տրանսիլվանյան թզուկը. հոկտեմբերի և նոյեմբերի բրածո կենդանիների մասին

Ո՞վ չի սիրում դինոզավրերին: Բոլորն են սիրում: Ու խոսքը ոչ միայն կինեմատոգրաֆիկ հրեշների մասին է, այլև իրական, Երկիր մոլորակի վրա միլիոնավոր տարիներ առաջ ապրած հսկաների: Հնէաբանությունը 21-րդ դարի երրորդ տասնամյակում ահռելի առաջընթաց է ապրում, նոր տեխնոլոգիաներն ու մեթոդները թույլ են տալիս ամեն ամիս նկարագրել դինոզավրերի (ու ոչ միայն) մի քանի նոր տեսակ:

Մեր սիրելի N+1 կայքի խմբագիր Սեմյոն Մորոզովը, ով համատեղությամբ նաև հնէաբան է, յուրաքանչյուր ամիս պատմում է նախորդ ամսվա ընթացքում նկարագրված նոր տեսակների մասին: PAN-ն էլ որոշել է հայալեզու ընթերցողի համար երկու ամիսը մեկ թարգմանել Մորոզովի նյութերն ու հրապարակել լոնգրիդի տեսքով:

ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2022

Երբեմն, բավականին հազվադեպ, լինում են ամիսներ առանց նոր դինոզավրերի, ինչպես 2022-ի հունվարն էր։ Հոկտեմբերին ևս դինոզավրերի սակավություն էր. պաշտոնապես նկարագրվել է ոչ թռչնային դինոզավրերի միայն մեկ տեսակ, ինչպես նաև հրապարակվել է պոտենցիալ երկու նոր տաքսոնների մասին հոդված։ Մեզոզոյան այլ խարիզմատիկ սողուններ հոկտեմբերին չեն եղել, իսկ մյուս հայտնաբերված հնագույն կենդանիներից առավել հետաքրքիր են նիմրավիդների ընտանիքի թևատամ կաթնասունն ու թիթեղամորթ ձուկը։

Վազորդը Նևադայից

Հոկտեմբերի ոչ մեծ խոտակեր դինոզավրը ստացել է նևադադրոմեուս (Nevadadromeus schmitti) անվանումը, կենդանուն նկարագրել է Ջոշուա Բոնդին (Joshua W. Bonde) գործընկերների հետ։ Ցեղային անվանումը թարգմանվում է որպես «վազորդ Նևադայից», իսկ տեսակայինը տրվել է ի պատիվ երկրաբան Ջեյնս Շմիտտի (James G. Schmitt), ով ուսումնասիրել է Ուիլոու-Տանկ ֆորմացիան (Willow Tank Formation), որի շերտերում էլ հայտնաբերվել են դինոզավրի քարացուկները։

Այդուհանդերձ, դինոզավրի անունը հայտնի է դեռ նախորդ տարվանից, երբ հեղինակները գտածոն ներկայացրել էին հանրությանը, սակայն, քանի որ այն նկարագրության հետ միասին չէր հրապարակվել գիտական հոդվածում, համարվում էր nomen nudum (այսինքն` «մերկ անվանում»). այժմ անվանումը դարձել է պաշտոնական։

Հնէաբանների կարծիքով` նևադադրոմեուսը պատկանում է տեսցելոզավրիդների (Thescelosauridae) ընտանիքի տեսցելոզավրինների (Thescelosaurinae) ենթաընտանիքին, որոնք բադակտուց դինոզավրերի պրիմիտիվ ցեղակիցներն են

Տեսցելոզավրի (Thescelosaurus neglectus) գեղարվեստական ռեկոնստրուկցիան, Nobu Tamura / Wikimedia Commons / CC BY 2.5

Նևադադրոմեուսը հայտնաբերվել է սենոմանյան նստվածքներում, որոնց տարիքը կազմում է 100.5-ից 93.9 մլն տարի. սա Հյուսիսային Ամերիկայում տեսցելոզավրինների հնագույն հայտնի ներկայացուցիչն է, քանի որ նախորդ գտածոների տարիքը գնահատվում էր 72 մլն տարուց ոչ ավելի։

Նևադադրոմեուսի քարացուկները, կենդանու գեղարվեստական ռեկոնստրուկցիան ու նկարագրության հեղինակներին կարելի է տեսնել տեսանյութում։

Կաղլիկ օրնիտոմիմոզավրը

Ուշ Կավճի դարաշրջանում Հյուսիսային Ամերիկան Արևմտյան ներքին ծովով  բաժանված էր երկու կղզային մայրցամաքների` Լարամիդիան արևմուտքում և Ապալաչիան` արևելքում։ Լարամիդիայի ֆաունան քաջ հայտնի է. դրան են պատկանում, օրինակ, հնէաբանության այնպիսի աստղեր, ինչպիսիք են տիրանոզավրը ու տրիցերատոպսը։ Իսկ այ Ապալաչիայի ֆաունայի մասին քիչ բան է հայտնի. Հյուսիսային Ամերիկայի արևելյան մասում հայտնաբերված վերին-կավճյան ապարները ներկայացված են հիմնականում ծովային նստվածքներով, որոնցում հազվադեպ են հանդիպում դինոզավրերի ու այլ ցամաքային կենդանիների քարացուկներ, դրանք էլ, որպես կանոն, ֆրագմենտար են։

Sampson et al. / PLoS ONE, 2010 / CC BY 4.0

Ապալաչիացի դինոզավրերի նոր գտածոների մասին հոկտեմբերին պատմել են Չինզորիգ Ցոգտբաատարը (Chinzorig Tsogtbaatar) գործընկերների հետ. նրանք նկարագրել են օրնիտոմիմոզավրերի (հայտնի են նաև որպես ջայլամակերպ դինոզավրեր) քարացուկներ։ Մնացորդները հայտնաբերվել են Յուտո ֆորմացիայի (Eutaw Formation) էստուարային նստվածքներում` Միսիսիպի նահանգի հյուսիս-արևելքում, դրանց տարիքը սանտոնի սահմաններում է` 86.3-ից 83.6 մլն տարի։

Գիտնականները զերծ են մնացել այս դինոզավրերին նոր տեսակների մեջ առանձնացնելուց, քանի որ քարացուկները միմյանցից անջատ են եղել, որոշ ոսկորներ էլ պաթոլոգիկ դեֆորմացիայի ենթարկված։ Սակայն, մորֆոլոգիական ու հյուսվածքաբանական տվյալները վկայում են, որ քարացուկները պատկանում են երկու մորֆոտիպի` խոշոր ու միջին չափերի, որոնք, ամենայն հավանականությամբ, ներկայացնում են երկու տարբեր տաքսոն։

Ստրուտիոմիմուսի (Struthiomimus altus) գեղարվեստական ռեկոնստրուկցիան, Nobu Tamura / Wikimedia Commons / CC BY 3.0

Ցոգտբաատարը գործընկերների հետ հոկտեմբերին հրապարակել է ևս մեկ հոդված, որը նվիրված է խոշոր օրնիտոմիմոզավրի պաթոլոգիային, մասնավորապես` աջ ոտքի երկրորդ նախագարշապարային ոսկորի կոտրվածքին։ Հնէաբանները ենթադրել են, որ օրնիտոմիմոզավրի ոսկորը կոտրել է կամ գիշատիչը, կամ էլ ագրեսիվ ցեղակիցը։

Հետաքրքիրն այնտեղ այն է, որ վնասվածքը բերել է օստեոմիելիտի զարգացման ու պաթոլոգիկ ոսկրային հյուսվածքում ոսկրածուծային խոռոչի առաջացմանը, որը իր կառուցվածքով ու նստվածքի բնույթով հիշեցնում է մեդուլյար ոսկոր։

Ժամանակակից թռչունների էգերի մոտ մեդուլյար ոսկորն առաջանում է ձվադրման ժամանակաշրջանում ու ծառայում որպես կալցիումի գլխավոր աղբյուր, որն անհրաժեշտ է ձվի կեղևին։ Երբ նման ոսկրային հյուսվածք հայտնաբերվեց ոչ թռչնային դինոզավրերի ոսկրերի քարացուկներում, հնէաբանները ենթադրեցին, որ նման հյուսվածքով առանձնյակներն էգեր են։

Կոտրվածքին հաջորդած պաթոլոգիկ պրոցեսի սխեմատիկ պատկերը։ Մեզ հետաքրքրում է g տառի տակի պատկերը, որում աջ կողմի սլաքը ցույց է տալիս պաթոլոգիկ էնդոստալ ոսկրային հյուսվածքը (EPBD), որը նման է մեդուլյար ոսկրի։ Ուշադրություն դարձրեք այդ հյուսվածքի հավասարաչափ նստվածքին։ Chinzorig et al. / The Anatomical Record, 2022 / CC BY 4.0

Սակայն հետագա հետազոտությունները (1, 2) ցույց տվեցին, որ մեդուլյար ոսկորը բավականին դժվար է տարբերել պաթոլոգիկ հյուսվածքից։ Ցոգտբաատարի ու իր գործընկերների աշխատանքը ավելի է բարդացնում իրավիճակը, քանի որ ոսկրածուծային խոռոչում համաչափ նստվածքը նախկինում համարվում էր մեդուլյար ոսկրի առանձնահատկություն, սակայն նույն կերպ նստվածքավորվել է նաև հետազոտված օրնիտոմիմոզավրի պաթոլոգիկ էնդոստալ ոսկորը, իսկ ոսկրի այդ հատվածում պաթոլոգիկ արտաքին նշանները բացակայում են։ Հեղինակները կարծում են, որ անհրաժեշտ է զգուշավորությամբ մոտենալ մեդուլյար ոսկրի նույնականացմանը։

Ձուկը Անտիատլասից

Հոկտեմբերին նկարագրված հնագույն կենդանիներից էր նոր թիթեղամորթ (զրահապատ) ձուկը կամ պլակոդերմը (Placodermi), որին նկարագրել են Մելինա Ջոբինսը (Melina Jobbins) գործընկերների հետ։ Մի քանի առանձնյակների քարացուկները հայտնաբերվել են Մարոկկոյում` Անտիատլասի արևելյան մասի դեվոնյան նստվածքներում, որոնց տարիքը գտնվում է ֆամենի սահմաններում` 372.2-358.9 մլն տարի։

Հնէաբանները ձկանը տվել են Amazichthys trinajsticae անվանումը։ Ցեղային անվանումը տրվել է ի պատիվ բերբերների ինքնանվանման (ամազիգ), իսկ տեսակայինը` ի պատիվ ողնաշարավորների ավստրալացի հետազոտող Քեյթ Թրինայստիկի (Kate Trinajstic), ով մեծ ներդրում է ունեցել պլակոդերմների ու այլ վաղ ողնաշարավորների ուսումնասիրության ոլորտում։

Ամազիխտիսի գեղարվեստական ռեկոնստրուկցիան, Jobbins et al. / Frontiers in Ecology and Evolution, 2022 / CC BY 4.0

Ամազիխտիսը հետաքրքիր է նրանով, որ որոշ նմուշներում պահպանվել է մարմնի ուրվագիծը, ինչը հազվագյուտ հաջողություն է։ Դրա շնորհիվ մեզ հայտնի է, որ տեսակն ուներ հետերոցերկալ պոչային լողաթև (այսինքն, խոշորացված վերին թիակով) ու կողքային ողնուց` պոչային ցողունի երկայնքով։ Այս առանձնահատկությունները վկայում են, որ ամազիխտիսը թափառում էր ծովային տարածությունով, այլ ոչ թե սեղմվում հատակին, ու անում էր դա բավական բարձր արագությամբ։

ՆՈՅԵՄԲԵՐ, 2022

Նոյեմբերը սկսվել է Ողնաշարավորների հնէաբանության միության (Society of Vertebrate Paleontology) համաժողովից, որն այս տարի անցկացվում էր Տորոնտոյում։ Ըստ ներկայացված զեկույցների, ապագայում մեզ սպասում են բազմաթիվ հետաքրքիր հրապարակումներ, այդ թվում` նոր տեսակների մասին, որոնց թվում են անտարկտիդյան դինոզավրերը։ Նոյեմբերը հարուստ էր դինոզավրերով, գիտական ամսագրերում նկարագրվել է միանգամից վեց նոր ոչ թռչնային դինոզավր։ Դինոզավրերից բացի, նախորդ ամիս եղել են նաև այլ հետաքրքիր նորույթներ, այդ թվում` Janavis finalidens հնագույն թռչունը, Leviathanochelys aenigmatica հսկայական ծովային կրիան, Hainosaurus boubker մոզազավրը ու Mieridduryn bonniae օրդովիկյան անսովոր անողնաշարավորը։

Տիրանոզավրի նախահայրը

Նախորդ ամսվա ամենաքննարկվող հնէաբանական հրապարակումը Էլիաս Ուրոշոուի (Elias A. Warshaw​) ու Դենվեր Ֆաուլերի (Denver W. Fowler) հոդվածն է տիրանոզավրիդների (Tyrannosauridae) նոր տեսակի նկարագրությամբ։ Ըստ գիտնականների, կենդանին պատկանում է դասպլետոզավրերի (Daspletosaurus) արդեն հայտնի ցեղին։

Դինոզավրի քարացուկները, որը հոլոտիպը հայտնաբերողի պատվին ստացել է Ուիլսոնի դասպլետոզավր (D. wilsoni) անվանումը, հայտնաբերվել են Ջուդիթ-Ռիվեր ֆորմացիայում (Judith River Formation)` մոտ 76.5 տարեկան նստվածքներում (կամպան)։

Ուիլսոնի դասպլետոզավրի գլխի գեղարվեստական ռեկոնստրուկցիան, Andrey Atuchin / Badlands Dinosaur Museum

Սակայն սա ոչ թե ուղղակի տեսակ է ցեղում. հեղինակների կարծիքով, Ուիլսոնի դասպլետոզավրը անցումային տեսակ է երկու արդեն հայտնի դասպլետոզավրերի (D. torosus ու D. horneri) միջև։ Այսինքն, մեր առջև անագենեզ կոչվող երևույթն է, երբ մի տեսակն աստիճանաբար էվոլյուցիայի է ենթարկվում ու վերածվում մեկ այլ տեսակի` առանց երկու կամ ավելի գծերի բաժանվելու (ի տարբերություն կլադոգենեզի)։ Այս եզրակացությունները համահունչ են 2017-ի աշխատանքի հետ, որում առաջարկվում էր անագենեզ D. torosus-ի ու  D. horneri-ի համար։ Բացի այդ, նոր հոդվածի համաձայն, այս գիծն արդյունքում բերել է տիրանոզավրի (ինչպես նաև տիրանոզավրիդների որոշ այլ ցեղերի) առաջացմանը։

Դիսպլետոզավրերի անագենեզը, Elías Warshaw & Denver Fowler / Badlands Dinosaur Museum

Սակայն դասպլետոզավրերի ցեղն այժմ պարաֆիլետիկ է, քանի որ չի ներառում բոլոր սերունդներին, որոնց թվում է նաև տիրանոզավրը։ Հեղինակները հիմնավորում են իրենց որոշումը նրանով, որ նրանք չէին ուզում նոր ցեղ ստեղծել, քանի որ այդ դեպքում դասպլետոզավրերի ցեղը ընդհանրապես կդառնար պոլիֆիլետիկ, այսինքն` արդեն հայտնի տեսակներն ունենալու էին տարբեր ծագում։ Հեղինակները գրում են, որ եթե հետագա հետազոտությունները հաստատեն իրենց եզրակացությունները, այդ դեպքում D. wilsoni-ն հնարավոր կլինի տեղավորել այլ ցեղում (ինչպես նաև D. horneri-ն, իսկ դասպլետոզավրերի ցեղում կմնա միայն D. torosus-ը)։

Ուիլսոնի դասպլետոզավրերը՝ կոտոշավոր դինոզավրի մարմնի մոտ, Rudolf Hima / Badlands Dinosaur Museum

Դաուրյան վիշապը

Մյուս կենդանին շատ լավ է պահպանվել. մեզ են հասել փետուրներն ու անգամ քարացած աղիները։ Քարացուկները հայտնաբերվել են չինական Լունցզյան ֆորմացիայում (Longjiang Formation), որոնց տարիքը կազմում է մոտ 125.4 մլն տարի (բարեմ)։

Վան Սյույջին (Wang Xuri) ու իր գործընկերները դինոզավրին անվանել են Daurlong wangi. ցեղային անվանումը նշանակում է «դաուրյան վիշապ», այն տրված է ի պատիվ դաուրների ժողովրդի, ում տարածքում, Ներքին Մոնղոլիայում, հայտնաբերվել են քարացուկները։ Տեսակային անվանումն էլ տրվել է ի պատիվ Ներքին Մոնղոլիայի թանգարանի տնօրենի, այս թանգարանում է պահպանվում դաուրլունի հոլոտիպը։

Դաուրլունի գանգն ու կմախքի ռեկոնստրուկցիան, / Wang et al. / Scientific Reports, 2022 / CC BY 4.0

Ֆիլոգենետիկ վերլուծությունը դաուրլունին տեղավորել է դրոմեոզավրիդների ընտանիքում, այսինքն` կենդանին թռչունների բավականին մոտ ցեղակիցն է։ Սակայն աղիների կառուցվածքով այն ավելի մոտ է առավել բազալ (այսինքն, ավելի պրիմիտիվ) սցիոպիոնիքսին (Scipionyx samniticus). Հեղինակների կարծիքով, սա խոսում է այն մասին, որ ժամանակակից թռչուններին հատուկ մարսողական համակարգը հայտնվել է բավականին ուշ։

Տիտանների պրեդտեչը

Մակրոնարիա (Macronaria, բառացի` «խոշորառնգեր») զաուրոպոդների խումբը ներառում է բրախիոզավրին, տիրանոզավրին ու որոշ այլ տաքսոններ։ Դայ Հուեյի (Dai Hui) ու իր գործընկերների նկարագրած գտածոն մանրամասներ է պատմում այս խմբի ու ընդհանրապես` նեոզաուրոպոդների (Neosauropoda) վաղ էվոլյուցիայի մասին։

Զաուրոպոդների պարզեցված ֆիլոգենետիկ ծառը: Սլաքը ցույց է տալիս նոր տաքսոնի մոտավոր տեղակայումը, Սեմյոն Մորոզով/ սիլուետները՝ beta.phylopic.org կայքից

Նոր զաուրոպոդի քարացուկները հայտնաբերվել են Շասիմյաո ֆորմացիայի ստորին հատվածում (Lower Shaximiao Formation), նստվածքների տարիքն, ըստ հեղինակների, կարող է գնահատվել միջին յուրայի բատյան յարուսով (մոտավորապես, 168.2-165.3 մլն տարի առաջ): Ադմինիստրատիվ տեսանկյունից, քարացուկները հայտնաբերվել են Չունչին մունիցիպալիտետի Յունյան գավառի տարածքում: Դրանց պատվին էլ հնէաբաններն անվանել են դինոզավրին՝ Yuzhoulong qurenensis: Ցեղային անվանումը կազմվել է Չունցինի հնագույն անվանումից (Յույչժոու) ու «վիշապ» բառից, իսկ տեսակայինը տրվել է Յունյանի նախկին անվանումից (Ցյույժեն):

Յույչժոուլունի գանգատուփը (վերևում) ու ատամնային ոսկորը (ներքևում), Dai et al. / Royal Society Open Science, 2022 / CC BY 4.0

Ֆիլոգենետիկ վերլուծությունը ցույց է տվել, որ յույչժոուլունը մակրոնարիաների ծառի վրա կամարազավրիդից (Camarasauridae) բազալ տեղ է զբաղեցնում: Կենդանու հայտնաբերումը, հեղինակների խոսքով, վկայում է, որ միջին յուրայում նեոզաուրոպոդների բազմազանությունն ավելի մեծ էր, քան ենթադրվում էր նախկինում:

Տարօրինակ պոչը

Նախորդ ամիս նկարագրվել է ևս մեկ զաուրոպոդ, այս անգամ՝ տիտանոզավր Բրազիլայից: Ընդ որում, նախկինում կենդանու քարացուկները վերագրում էին տրիգոնոզավրի (Trigonosaurus pricei), սակայն Սեռա դա Գալգա ֆորմացիայում (Serra da Galga Formation) տիտանոզավրերի նոր նմուշների հայտնաբերումը թույլ է տվել հնէաբաններին տաքսոնոմիկ ռևիզիա անցկացնել. Ժուլիան Սիլվա Ժունիորն (Julian C. G. Silva Junior) ու իր գործընկերները տրիգոնոզավրին ճանաչել են որպես բաուրուտիտանի (Baurutitan britoi) կրտսեր հոմանիշ, իսկ տրիգոնոզավրի պարատիպը (MCT 1719-R), ներկայացված պոչային ողներով, առանձնացրել որպես նոր ցեղ ու տեսակ:

Նոր տիտանոզավրի պոչային ողները, Silva Junior et al. / PeerJ, 2022 / CC BY 4.0

Նոր տիտանոզավրը ստացել է Caieiria allocaudata անվանումը. ցեղային անվանումը տրվել է ի պատիվ հայտնաբերման վայրի (Caieira), իսկ տեսակայինը թարգմանվում է որպես «տարօրինակպոչավոր» (նկատի է ունեցվում այս ֆորմացիայի տիտանոզավրերի համար պոչի ողների անսովոր անատոմիան):

Բուն հոդվածը հիմնականում նվիրված է տաքսոնոմիկ վերանայմանն ու նյութի նկարագրությանը:

Բադակտուց վհուկը

Հաջորդ նոյեմբերյան դինոզավրը պատկանում է հադրոզավրիդներին, որոնք հայտնի են նաև որպես բադակտուց դինոզավրեր: Քարացուկները հայտնաբերվել են Տեխասում, Ագուխա ֆորմացիայի (Aguja Formation) նստվածքներում, որի տարիքը գնահատվում է կամպանի սահմաններում (83.6-72.1 մլն տարի): Դինոզավրին նկարագրել են Ալբերտ Պրիետո-Մարկեսը (Albert Prieto-Márquez) և Ջոնաթան Վագները (Jonathan R. Wagner), ովքեր կենդանուն տվել են Malefica deckerti անվանումը: Ցեղային անվանումը լատիներեն նշանակում է «վհուկ», քանի որ քարացուկները հայտնաբերվել են Բրուխա կանյոնում (Bruja Canyon), որի անվանումը նույն կերպ է թարգմանվում իսպաներենից: Տեսակային անվանումը տրվել է ի պատիվ հոլոտիպը հայտնաբերողի:

Մալեֆիկայի վերին ծնոտը, Prieto-Marquez & Wagner / Cretaceous Research, 2022

Ֆիլոգենետիկ վերլուծությունը ցույց է տվել, որ մալեֆիկան հադրոզավրիդ (Hadrosauridae) է, որը զաուրոլոֆիդ (Saurolophidae) չէ: Սակայն արդյո՞ք կարող էր այլ կերպ լինել: Կարո՞ղ են զաուրոլոֆիդները մտնել հադրոզավրերի կազմի մեջ, ի վերջո՝ այս երկու խմբերում ընտանիքների նկարագրության վերջածանցներ են (-idae), այսինքն՝ դրանք միևնույն կարգի տաքսոններ են:

Այո, կարող են, որովհետև 2010-ին Պրիետո-Մարկեսը ընտանիքը տեղավորեց ընտանիքի մեջ, քանի որ եզրակացրեց, որ դա չարյաց փոքրագույնն է: Խնդիրը նրանում է, որ իր ֆիլոգենեզում հադրոզավրերի ցեղը (Hadrosaurus) հայտնվել էր հադրոզավրինների (Hadrosaurinae) ենթաընտանիքից դուրս: Դրա համար հնէաբանն այս ենթաընտանիքը վերանվանեց զաուրոլոֆին (Saurolophinae), իսկ զաուրոլոֆինին ու լամբեոզավրինին (Lambeosaurinae) միավորող խումբն անվանեց զաուրոլոֆիդներ, քանի որ որոշեց, որ Euhadrosauria անվանումը, որը երբեմն օգտագործվում էր այս խմբի համար, բացարձակ չի համապատասխանում: Սակայն ոչ բոլոր հնէաբաններն են համաձայն նման դասակարգման հետ:

Ալբերտ Պրիետո-Մարկեսի ֆիլոգենեզի հիման վրա հադրոզավրիդների պարզեցված ծառը. սլաքը մատնանշում է նոր տաքսոնի մոտավոր տեղակայումը, Սեմյոն Մորոզով/ սիլուետները՝ beta.phylopic.org կայքից

Մալեֆիկայի հայտնաբերումն ավելացնում է բադակտուց դինոզավրերի ծառի հիմքում տաքսոնների բազմազանությունն ու թույլ է տալիս հնէաբաններին ավելի լավ հասկանալ այս խմբի վաղ էվոլյուցիան: Բացի այդ, այս տեսակը վկայում է, որ բազալ հադրոզավրիդները տարածված էին ոչ միայն Ապալաչիայում (ժամանակակից Հյուսիսային Ամերիկայի արևելյան հատվածը) ու Եվրասիայում, այլև՝ Լարամիդիայում (Հյուսիսային Ամերիկայի արևմուտք):

Ռումինական կղզիաբնակը

Անցնենք հաջորդ նոյեմբերյան դինոզավրին, որը ստացել է Transylvanosaurus platycephalus անվանումը: Ցեղային անվանումը նշանակում է «մողեսը Տրանսիլվանիայից» (քանի որ այն հայտնաբերվել է Ռումինիայում), իսկ տեսակայինը թարգմանվում է, որպես «հարթագլուխ», ինչը վկայում է գանգի յուրահատուկ կառուցվածքի մասին: Տրանսիլվանոզավրին նկարագրել են Ֆելիքս Աուգուստինը (Felix J. Augustin) և իր գործընկերները:

Տրանսիլվանոզավրի քարացուկները հայտնաբերվել են Հացեգ վերին կավճյան բասեյնում (Haţeg Basin), մոտ 72.1-66 մլն տարեկան (մաաստրիխտ) նստվածքներում: Այն ժամանակներում այդ վայրում գտնվում էր համանուն կղզին: Ինչպես և շատ տեղաբնակներ, տրանսիլվանոզավրը կղզաբնակ թզուկ էր:

Երկու տրանսիլվանոզավրեր ու Հացեգ կղզու մյուս բնակիչները, Peter Nickolaus

Գանգի կառուցվածքով տրանսիլվանոզավրը տարբերվում է իր ամենամոտ ցեղակցից՝ զալմոկսեսից (Zalmoxes), որը նույնպես բնակվում էր նույն կղզում, իսկ հեղինակները ենթադրում են, որ դա խոսում է նիշան կիսելու մասին:

Նոյեմբերի բոլոր դինոզավրերը, Սեմյոն Մորոզով

Օգոստոսի և սեպտեմբերի բրածոների մասին կարդացեք մեր նախորդ լոնգրիդում։


✍ Արման Գասպարյան / PAN