Դինոզավրերը կինոյում. Ռետինե սողուններից մինչև թվային հսկաներ
Դինոզավրերն ու կինոն մարդկանց երևակայությունը գրավել են գրեթե միաժամանակ: Երբ Լյումիեր եղբայրները 1895 թվականին առաջին անգամ ցույց տվեցին շարժվող պատկերներ, հնէաբանությունն ապրում էր իր ոսկեդարը: Օթնիել Մարշի ու Էդվարդ Քոուփի միջև «ոսկորների մեծ պատերազմը» թանգարանները լցրեց տիտանական էակների կմախքներով, իսկ հանրությունը տենչում էր այդ հրեշներին «կենդանի» տեսնել: Կինեմատոգրաֆն իդեալական գործիք դարձավ դինոզավրերի, թեկուզ երևակայական, վերակենդանացման համար։
Ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում դինոզավրերի կերպարը կինոյում ապրել է զարմանալի էվոլյուցիա` արտացոլելով ոչ միայն կինոարդյունաբերության տեխնիկական առաջընթացը, այլև այս էակների մասին մեր գիտական պատկերացումների դրամատիկ փոփոխությունները: Դանդալոշ, հիմար մարդասպան սողուններից մինչև բարդ սոցիալական վարքագծով, հնարավոր է՝ փետրավոր կենդանիներ. էկրանի վրա դինոզավրերի ճանապարհը նույնքան խճճված ու զարմանալի է, որքան Երկրի վրա կյանքի պատմությունը:
PAN-ը պատմում է այդ ճանապարհի մասին։
Համր կինոյի արևածագն ու հսկաների առաջին քայլերը (1910-1920-ականներ)
Էկրանին դինոզավրեր պատկերելու առաջին փորձերը միամիտ էին ու պրիմիտիվ: 1914 թվականի «Դինոզավր Գերթին» (Gertie the Dinosaur) կարճամետրաժ ֆիլմում անիմատոր Ուինսոր Մաքքեյը ստեղծեց կինոյի պատմության մեջ առաջին անիմացված դինոզավրին: Գերթին բրոնտոզավր էր (որն ավելի ուշ վերանվանվեց ապատոզավրի), որին հազարավոր կադրերում նկարել էին ձեռքով: Թեև մուլտֆիլմը հեղափոխական էր իր ժամանակի համար, ինքը` դինոզավրը, ավելի շատ նման էր երկար պարանոցով բարի փղիկի, քան իսկական սողունի:
Այդ վաղ աշխատանքներում դինոզավրերը հաճախ պատկերվում էին կոպիտ գիտական սխալներով: Նրանց ներկայացնում էին որպես դանդաղաշարժ, հիմար հրեշներ, որոնք գետնով քարշ են տալիս իրենց ծանր պոչերը: Վաղ ֆիլմերում ընդհանրապես չէին տարբերակում դինոզավրերի տարբեր տեսակները. բոլորը պարզապես «սարսափելի սողուններ» էին, հաճախ միանման ագրեսիվ բնավորությամբ, անկախ նրանից՝ արդյոք դա գիշատիչ տիրանոզավր էր, թե խաղաղասեր բուսակեր դիպլոդոկ:
Իսկական առաջընթացը տեղի ունեցավ 1925 թվականին Արթուր Կոնան Դոյլի վեպի հիման վրա նկարված «Կորուսյալ աշխարհը» (The Lost World) ֆիլմով։ Հատուկ էֆեկտների վարպետ Ուիլիս Օ՛Բրայանը ստեղծեց շարժական կմախքներով մինիատյուր դինոզավրեր, որոնք ծածկված էին ռետինով ու լատեքսով, ու կենդանացրեց դրանց կադր առ կադր անիմացիայի (stop-motion) միջոցով: Սա իսկական հաղթանակ էր. առաջին անգամ դինոզավրերը էկրանին շարժվում էին համեմատաբար ռեալիստիկ ձևով:
Սակայն գիտական ճշգրտությունը սարսափելի կաղում էր: Ֆիլմում բրոնտոզավրը ներկայացված էր որպես ագրեսիվ էակ, որը հարձակվում է մարդկանց վրա, ինչը իրական խաղաղ բուսակեր զաուրոպոդների վարքագծի ճիշտ հակառակն էր։ Ստեգոզավրը գիշատչի վայրագությամբ կռվում էր ալլոզավրի հետ, թեև իրականում ելուստածածկ ստեգոզավրը դանդաղաշարժ բուսակեր արարած էր։
Ավելին, ֆիլմի դինոզավրերի անատոմիան արտացոլում էր XIX դարի վերջի պատկերացումները. կենդանիները գետնով քարշ էին տալիս պոչերը, մարմինները ծանր էին ու դանդաղաշարժ, իսկ պոզան հիշեցնում էր կոկորդիլոսների: Այնուամենայնիվ, «Կորուսյալ աշխարհը» շաբլոն սահմանեց դինոզավրերի մասին բոլոր ապագա ֆիլմերի համար. նրանք միաժամանակ պետք է լինեին վեհ ու սարսափազդու:
Հրեշների ոսկե դարաշրջանը. 1930-1960-ականներ
Ուիլիս Օ՛Բրայանն իր արվեստի գագաթնակետին հասավ 1933 թվականի «Քինգ Քոնգում» (King Kong): Այստեղ դինոզավրերը հանդես են գալիս որպես Գանգի կղզու վտանգավոր բնակիչներ՝ խոչընդոտներ ստեղծելով գլխավոր հերոս գորիլայի համար: Քոնգի ու տիրանոզավրի (որը իրականում ավելի շատ նման է ալլոզավրի) մենամարտի հայտնի տեսարանը դարձավ կուլտային, չնայած բազմաթիվ անճշտություններին։
Ֆիլմի տիրանոզավրը գրեթե ուղղահայաց դիրքով էր, ինչպես դինոզավրի կոստյում հագած մարդը, իսկ պոչը քարշ էր տալիս հետևից, կարծես այն անշարժ բեռ լիներ: Ժամանակակից հնէաբանությունը ցույց է տվել, որ T. rex-ն իր մարմինը պահում էր հորիզոնական դիրքով` պոչն օգտագործելով որպես հակակշիռ ծանր գլխի համար: Ֆիլմում մենք տեսնում ենք նաև ստեգոզավրի ու պտերոդակտիլի. բոլորը հարձակվում են մարդկանց ու Քոնգի վրա նույն վայրագությամբ, թեև ստեգոզավրերը բուսակեր էին ու հազիվ թե հարձակվեին առանց պրովոկացիայի:
Հետաքրքիր է, որ հենց այս ֆիլմում տեսանք տարբեր երկրաբանական դարաշրջանները միախառնելու առաջին օրինակը. ստեգոզավրը ապրել է յուրայան դարաշրջանում (մոտ 150 միլիոն տարի առաջ), մինչդեռ տիրանոզավրը՝ կավճի դարաշրջանի վերջում (մոտ 66 միլիոն տարի առաջ): Նրանց միջև ավելի երկար ժամանակային հեռավորություն է, քան տիրանոզավրի ու ժամանակակից մարդկանց միջև: Սակայն ֆիլմի ստեղծողների համար դա նշանակություն չուներ. դինոզավրը դինոզավր է։
Դարաշրջանի գիտական պատկերացումները. սառնարյուն դանդալոշներ
1930-1960-ականներին իշխում էր դինոզավրերի, որպես պրիմիտիվ, սառնարյուն սողունների կոնցեպտը: Համարվում էր, որ նրանց ուղեղը մարմնի համեմատությամբ շատ փոքր է (ինչը ճիշտ է զաուրոպոդների համար, սակայն չի վերաբերում բոլոր դինոզավրերին), իսկ վարքագիծը՝ բացառապես ինստինկտիվ: Այս պատկերացումները արտացոլվում էին կինոյում. դինոզավրերը պատկերվում էին որպես ցանկացած ինտելեկտից ու բարդ վարքագծից զուրկ սպանության մեքենաներ։
Այդ ժամանակաշրջանի ֆիլմերը հաճախ դինոզավրերին պատկերում էին ճահիճներում ու լճերում, որովհետև համարվում էր, որ ծանր զաուրոպոդները չեն կարող իրենց քաշը պահել ցամաքում ու ժամանակի մեծ մասն անցկացնում են ջրում: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ սա սխալ է. դինոզավրերը հիմնականում ցամաքային կենդանիներ էին:
«Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» ու նմանակող ֆիլմեր
1950-1960-ականներին հայտնվեց դինոզավրերի մասին արկածային ֆիլմերի մի ամբողջ ալիք: Բյուջետային սահմանափակումների պատճառով շատ ստուդիաներ չէին կարող իրենց թույլ տալ բարդ կադր առ կադր անիմացիա: Դրա փոխարեն նրանք օգտագործում էին իրական մողեսներ՝ իգուաններ, վարաններ, տեգուներ, որոնց նկարահանում էին խոշոր պլանով, երբեմն` մարմնին կպցրած ելուստներով կամ փշերով:
Սա գիտական անհամապատասխանության գագաթնակետն էր: «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» (Journey to the Center of the Earth, 1959) ֆիլմում «դինոզավրերն» ուղղակի ներկված իգուաններ էին, որոնք կռվում էին միմյանց հետ: Նրանց շարժումները, համամասնությունները, վարքագիծը ընդհանուր ոչինչ չունեին իրական դինոզավրերի հետ: Նույն մոտեցումն օգտագործվեց B կատեգորիայի տասնյակ ֆիլմերում. «Խորհրդավոր կղզին» (Mysterious Island, 1961), «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» (One Million Years B.C., 1960) և այլն:
Այս ֆիլմերը մասսայական գիտակցության մեջ ամրապնդեցին դինոզավրերի, որպես հսկայական մողեսների կերպարը: Դրանք դանդաղ սողում էին չորս ոտքի վրա (նույնիսկ երկոտանի տերոպոդները), ֆշշացնում էին, ինչպես օձերը, ու, ընդհանրապես, իրենց պահում էին սողունների նման: Այն ժամանակ մարդկանց մտքով անգամ չէր անցնում, որ շատ դինոզավրեր կարող էին լինել ակտիվ, տաքարյուն էակներ։
1970-1980-ականներ. անցումային շրջան ու հնէաբանական հեղափոխություն
1960-1970-ականներին հնէաբանությունում իսկական հեղափոխություն էր: 1964 թվականին Ջոն Օստրոմը հայտնաբերեց դեյնոնիխին ու ցույց տվեց, որ որոշ դինոզավրեր արագ, ճարպիկ, հնարավոր է` տաքարյուն գիշատիչներ էին: Ռոբերտ Բեքքերը զարգացրեց այս գաղափարները՝ առաջարկելով դինոզավրերի, որպես ակտիվ, «տաք» նյութափոխանակությամբ կենդանիների կոնցեպտը, որոնք ավելի շատ նման էին թռչուններին ու կաթնասուններին, քան ժամանակակից սողուններին:
Հայտնագործությունը, որ թռչունները դինոզավրերի ուղիղ ժառանգորդներն են (ավելի ճիշտ՝ կենդանի դինոզավրեր), սկսեց փոխել պատկերացումներն այն մասին, թե ինչ արտաքին ու վարքագիծ պետք է ունենային այդ էակները: Սակայն կինեմատոգրաֆից ժամանակ պահանջվեց գիտությանը հասնելու համար։
Այդ ժամանակաշրջանի ֆիլմերը հին ու նոր կոնցեպտների միջև էին: 1977 թվականի «Դինոզավրերի մոլորակը» (Planet of Dinosaurs) օգտագործում էր կադր առ կադր անիմացիա, սակայն դինոզավրերը դեռ դանդալոշ, դանդաղաշարժ արարածներ էին` գետնին քարշ գցած պոչերով:
Հետաքրքիր է, որ հսկա հրեշների (կայձյուների) մասին ճապոնական ֆիլմերը, ինչպիսին էր Գոձիլայի մասին կինոշարքը, թեև չէին պնդում իրենց գիտականությունը, սակայն երբեմն ավելի մոտ էին ճշմարտությանը: Գոձիլան կանգնում էր ուղղահայաց, օգտագործում էր պոչը հավասարակշռության համար ու զարմանալի շարժուն էր. հենց այնպես, ինչպես ժամանակակից գիտությունը պատկերացնում է խոշոր տերոպոդներին:
«Փոքրիկը. կորած առասպելի գաղտնիքը» (Baby: Secret of the Lost Legend, 1985). բարյացակամ դինոզավրերը
Այս ընտանեկան ֆիլմը նոր լույսի ներքո ցույց տվեց դինոզավրերին՝ որպես խելացի, էմոցիոնալ էակներ, որոնք կարող են կապվածություն զգալ: Թեև ապատոզավրի անատոմիան ֆիլմում հեռու է իդեալականից (դարձյալ քարշ ընկած պոչ), սա կարևոր քայլ էր դինոզավրերի մարդկայնացման, որպես կենդանի էակներ նրանց բարդության ճանաչման ուղղությամբ: Նույնը կրկնեց նաև «Երկիրը մինչև ժամանակների սկիզբը» (The Land Before Time, 1988) անիմացիոն ֆիլմը, որի պրոդյուսերներից Սթիվեն Սփիլբերգը շուտով կփոխի կինոյում դինոզավրերի մասին պատկերացումները։
1993. «Յուրայի դարաշրջանի այգին». Հեղաշրջում, որը փոխեց ամեն ինչ
Երբ 1993 թվականին էկրաններ բարձրացավ Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգին» (Jurassic Park), հիմնված Մայքլ Քրայթոնի վեպի վրա, դա իսկական սեյսմիկ տեղաշարժ էր ոչ միայն կինեմատոգրաֆում, այլև հանրային գիտակցության մեջ: Առաջին անգամ դինոզավրերը էկրանին շարժվում էին բիոմեխանիկական հավաստիությամբ, իրենց պահում ինչպես իսկական կենդանիներ, այլ ոչ թե հրեշներ, ու ցույց էին տալիս բարդ վարքագիծ:
Հնէաբան Ջեյք Հորները ֆիլմի գիտական խորհրդատուն էր, ինչն ապահովեց ճշգրտության աննախադեպ, թեև ոչ բացարձակ մակարդակ: Դինոզավրերը պահում էին մարմինները հորիզոնական դիրքով, պոչերը հանդես էին գալիս որպես հակակշիռ, իսկ շարժումներն արագ էին ու էլեգանտ: Անիմատրոնիկայի ու այդ ժամանակների համար հեղափոխական համակարգչային գրաֆիկայի համադրությունը ստեղծեց լիակատար իրականության պատրանք:
Ի՞նչն էր ֆիլմում ճշմարտացի
1. Մարմնի դիրքն ու շարժումները. տիրանոզավրն ու վելոցիռապտորները մարմինները պահում էին հորիզոնական դիրքով, շարժվում էին ուղիղ վերջույթների վրա, ինչպես թռչուններն ու կաթնասունները, այլ ոչ թե կոկորդիլոսների նման կողերի վրա բացված թաթերով:
2. Արագությունը. դինոզավրերը ներկայացված են որպես արագ, ճարպիկ կենդանիներ: Գալիմիմուսների հետապնդման տեսարանը ցույց էր տալիս կենդանիների երամային վարքագիծն ու արագությունը, որոնք համեմատելի են ժամանակակից սմբակավորների հետ:
3. Ծնողական վարքագիծը. մայազավրի բնի տեսարանն արտացոլում էր Ջեյք Հորների իրական հայտնագործություններն այն մասին, որ որոշ դինոզավրեր հոգ էին տանում սերունդների մասին:
4. Անատոմիական մանրամասները. ռապտորների առջևի եռամատ վերջույթները, չափերի ու համամասնությունների համապատասխանությունը, մաշկի դետալիզացիան՝ այս ամենը հիմնված էր ժամանակակից գիտական տվյալների վրա:
Ի՞նչն է ֆիլմում սխալ
1. Վելոցիռապտորների չափերը. իսկական վելոցիռապտորը մոտ հնդկահավի չափ էր: Ֆիլմի դինոզավրերն ավելի շատ համապատասխանում էին դեյնոնիխին կամ յուտառապտորին, սակայն «վելոցիռապտոր» անունը ավելի ահարկու էր հնչում:
2. Փետուրների բացակայությունը. 1993 թվականին արդեն հայտնվում էին ապացույցներ, որ շատ տերոպոդներ փետուրավոր էին: Դրոմեոզավրիդները (վելոցիռապտորների ընտանիքը) գրեթե անկասկած ծածկված էին փետուրներով: Սակայն ֆիլմը ստեղծողները գիտակցաբար հրաժարվեցին դրանից՝ վախենալով, որ «փետրավոր դինոզավրերը» բավականաչափ սարսափազդու չեն լինի:
3. Դիլոֆոզավրը. ֆիլմում կենդանին թույն է թքում ու ունի ընդլայնվող օձիք: Իրական դիլոֆոզավրերի մոտ նման հատկությունների մասին ապացույցներ չկան։ Իրականում կենդանին երեք անգամ ավելի խոշոր էր, քան ֆիլմում:
4. Ռապտորների ինտելեկտուալ կարողությունները. թեև դրոմեոզավրիդները միջին դինոզավրից խելացի էին, նրանց ինտելեկտը ֆիլմում գերագնահատված է: Նրանք բացում են դռները, ծուղարկներ պատրաստում, համակարգում են հարձակումները մակարդակում, որը գերազանցում է անգամ ժամանակակից գիշատիչների մեծ մասի կարողությունները:
Ֆիլմի մշակութային ազդեցությունը
«Յուրայի դարաշրջանի այգին» հնէաբանության նկատմամբ հետաքրքրության պայթյուն առաջացրեց: Մի քանի անգամ աճեց այս մասնագիտությունն ընտրած ուսանողների թիվը (երևույթը ստացավ «Յուրայի դարաշրջանի այգու էֆեկտ» անվանումը): Թանգարանները վերանայեցին իրենց ցուցադրությունները՝ հեռացնելով քարշ ընկած պոչերով դինոզավրերին ու տեղադրելով նրանց ավելի դինամիկ դիրքերում:
Կարևոր է, որ ֆիլմը մասսայական մշակույթում սահմանեց դինոզավրերին պատկերելու նոր ստանդարտ: Այժմ հանդիսատեսը սպասում էր գիտական հավաստիություն, ու ֆիլմեր ստեղծողները ստիպված էին խորհրդակցել հնէաբանների հետ:
1990-ականների վերջ - 2000-ականներ. Վավերագրական կինոյի ու CGI-ի դարաշրջանը
BBC-ի «Զբոսանքներ դինոզավրերի հետ» (Walking with Dinosaurs) սերիալը դարձավ ամբողջությամբ դինոզավրերի կյանքին նվիրված առաջին մասշտաբային վավերագրական նախագիծը: Օգտագործելով առաջադեմ համակարգչային գրաֆիկա ու խորհրդակցելով առաջատար հնէաբանների հետ` հեղինակները փորձեցին ցույց տալ դինոզավրերին այնպիսին, ինչպիսին նրանք կարող էին լինել իրականում:
Սերիալը պատկերում էր դինոզավրերին նրանց բնական միջավայրում՝ ցուցադրելով բարդ վարքագիծ. զուգավորման ծեսեր, միգրացիաներ, ծնողական հոգածություն, տարածքի համար մրցակցություն: Առաջին անգամ լայն լսարանը ծանոթացավ պակաս հայտնի դինոզավրերի. տերիզինոզավրին ու նրա հսկայական ճանկերին, բևեռային շրջանների բնակիչ լիելլինոզավրին, հսկայական հեռավորություններ հաղթահարող օրնիտոխեյրուսին։
Գիտական ճշգրտությունն այստեղ առաջնահերթություն էր: Ցուցադրվեցին գաստրոլիթները (զաուրոպոդների ստամոքսում սնունդը աղալու համար նախատեսված քարերը), տարբեր տարածաշրջանների ճշգրիտ կլիմայական պայմանները, գիշատիչների ու նրանց ավարի փոխազդեցությունները` հիմնված ժամանակակից աֆրիկյան սավաննաների էկոհամակարգերի վրա:
Սակայն այստեղ նույնպես կային սխալներ: Որոշ դինոզավրեր դեռևս պատկերվում էին առանց փետուրների, թեև փետուրների առկայության ապացույցներ արդեն կուտակվում էին: Իսկ որոշ տեսակների չափերն ու համամասնությունները ամբողջությամբ չէին համապատասխանում վերջին գտածոներին:
Disney-ի «Դինոզավրը». Մարդկայնացում
Disney-ի «Դինոզավր» (Dinosaur, 2000) լիամետրաժ անիմացիոն ֆիլմը ցույց տվեց ֆոտոռեալիստիկ դինոզավրեր (համակարգչային գրաֆիկան տեղադրվում էր իրական լանդշաֆտների վրա), սակայն մարդկային էմոցիաներով, դեմքի միմիկայով ու մարդկային լեզվով խոսող: Սա հետքայլ էր գիտականության տեսանկյունից, սակայն լսարանի հետ էմոցիոնալ կապի առումով` քայլ առաջ:
Պարադոքսալ է, սակայն ֆիլմի դինոզավրերը անատոմիական առումով բավականին ճշգրիտ էին իրենց ժամանակի համար: Իգուանոդոնները պատկերված էին ճիշտ դիրքով, կարնոտավրերը ցուցադրում էին ռեալիստիկ բիոամեխանիկա: Սակայն հոնքեր ունեցող ու ժպիտներով խոսող դինոզավրերը ոչնչացնում էին վավերագրականության ցանկացած պատրանք:
«Յուրայի դարաշրջանի այգու» շարունակությունները. Բաց թողնված հնարավորություններ
«Կորուսյալ աշխարհը. Յուրայի դարաշրջանի այգին» (The Lost World: Jurassic Park, 1997) ու «Յուրայի դարաշրջանի այգի III» (Jurassic Park III, 2001) ֆիլմերն առաջընթաց չունեցան դինոզավրերի վիզուալ պատկերման առումով: Ավելին, վաու էֆեկտի համար ֆիլմերը ներմուծեցին նոր անճշտություններ. երրորդ ֆիլմի սպինոզավրը զգալիորեն ավելի խոշոր է ու ագրեսիվ, քան ենթադրում էին այդ ժամանակվա տվյալները, իսկ պտերանոդոններն իրենց պահում էին ինչպես գիշատիչ հրեշներ, թեև իրականում այս կենդանիները սնվել են ձկներով։
2010-ականներ. Փետրավոր դինոզավրեր ու գիտական բանավեճեր
2000-2010-ականները նշանավորվեցին Չինաստանում փետրավոր դինոզավրերի հետ կապված հայտնագործություններով: Սինոզավրոպտերիքսի, կաուդիպտերիքսի, միկրոռապտորի ու բազմաթիվ այլ տեսակների գտածոները անհերքելի ապացույց էին, որ փետուրները լայն տարածում ունեին դինոզավրերի, հատկապես տերոպոդների շրջանում: Ավելին, պարզ դարձավ, որ տիրանոզավրիդներից շատերը երիտասարդ տարիքում ծածկված են եղել աղվափետուրով:
«Դինոզավրերի մոլորակը» (Planet Dinosaur, 2011). Նոր վավերագրական դարաշրջան
Այս վավերագրական սերիալը արդեն չէր կարող անտեսել փետուրները: Արխեոպտերիքսը, սինորնիտոզավրը ու այլ դինոզավրեր ամբողջությամբ փետրածածկ էին պատկերված։ Էպիդեքսիպտերիքսը պարծենում էր պոչի դեկորատիվ փետուրներով, իսկ միկրոռապտորը չորս թևերով պլանավորում էր ծառերի միջև:
Սերիալը ցույց տվեց նաև դինոզավրերի գունավորման մասին նոր պատկերացումները: Քարացուկ փետուրներում մելանոսոմների (պիգմենտային ստրուկտուրաների) վերլուծությունը թույլ տվեց գիտնականներին իմանալ որոշ տեսակների գունավորումը։ Սինոզավրոպտերիքսը ներկայացված էր շիկակարմիր ու սպիտակ զոլերով. կինոյի պատմության մեջ առաջին անգամ դինոզավրը ուներ գիտականորեն հիմնավորված գունավորում։
«Յուրայի դարաշրջանի աշխարհը» (Jurassic World, 2015). Կոմերցիան ընդդեմ գիտության
«Յուրայի դարաշրջանի աշխարհը» ֆիլմով ֆրանշիզի վերածնունդը բախվեց դիլեմայի. գիտությունը զգալիորեն առաջ էր գնացել, սակայն դինոզավրերի արտաքին տեսքի փոփոխությունը կարող էր վանել լսարանին: Հեղինակները գտան հանճարեղ լուծում. ֆիլմում բացատրվում է, որ այգու դինոզավրերը հնագույն կենդանիների ճշգրիտ պատճենները չեն, այլ գենետիկորեն ձևափոխված հիբրիդներ, որոնք ստեղծված են հենց գրավչության համար:
Սա թույլ տվեց պահպանել առանց փետուրների վելոցիռապտորներին ու օրիգինալ ֆիլմի այլ դինոզավրերի` միաժամանակ ճանաչելով գիտական ճշմարտությունը։ Երկխոսություններում կերպարներն ուղղակիորեն ասում են, որ իսկական դինոզավրերը բոլորովին այլ տեսք կունենային, կլինեին փետուրներով ու այլ «ձանձրալի» առանձնահատկություններով:
Հետաքրքիր է, որ ֆիլմն այնուամենայնիվ ներկայացնում է որոշ նոր գիտական տվյալներ: Մոզազավրը ներկայացված է որպես ծովային գիշատիչ (թեև սա դինոզավր չի, այլ ծովային սողուն), իսկ նոր տեսակները, ինչպիսին է ահարկու Ինդոմինուս ռեքսը, թեև հորինված են, սակայն հիմնված են դինոզավրերի վարքագծի մասին իրական հայտնագործությունների վրա:
Վավերագրական նախագծեր. «Զբոսանքներ դինոզավրերի հետ 3D»
Վավերագրական ֆիլմերի ու սերիալների շարքը շարունակում էր բարձրացնել ճշգրտության շեմը: «Զբոսանքներ դինոզավրերի հետ 3D» (Walking with Dinosaurs 3D, 2013) ֆիլմը, չնայած պարզեցված սյուժեին, ցույց տվեց պախիռինոզավրին և այլ դինոզավրերի աննախադեպ դետալիզացիայով։ Նրանց մաշկը ունի բարդ տեքստուրա՝ հիմնված քարացուկներում մաշկի հետքերի վերլուծության վրա, իսկ վարքագիծը մոդելավորվում էր նմանատիպ կենսակերպ վարող ժամանակակից կենդանիների հիման վրա։
2020-ականներ. Ժամանակակից վիճակն ու ապագան
Apple TV+ սթրիմինգային ծառայության «Նախապատմական մոլորակը» (Prehistoric Planet, 2022) վավերագրական սերիալը այս պահին դինոզավրերի ամենաճշգրիտ պատկերումն է էկրանին: Յուրաքանչյուր մանրամասն հիմնված է վերջին գիտական տվյալների ու աշխարհի առաջատար հնէաբանների հետ խորհրդակցությունների վրա:
Տիրանոզավրերը երիտասարդ տարիքում ծածկված են պարզունակ փետուրներով: Պտերոզավրերը ցուցադրում են բարդ սոցիալական վարքագիծ: Դինոզավրերը ներկայացված են ամենատարբեր էկոհամակարգերում՝ բևեռային անտառներից մինչև անապատներ: Հատուկ ուշադրություն է դարձվում պակաս հայտնի տեսակներին. դեյնոխեյրուսն իր տարօրինակ անատոմիայով, կորիտոզավրը ձայնային հաղորդակցության համար նախատեսված իր ռեզոնանսային կատարով և այլն։
Ինչը զարմանալի է, սերիալը ոչ միայն ցույց է տալիս դինոզավրերին, այլև փորձում է լիարժեք վերակառուցել նրանց կենսակերպը: Զուգավորման ծեսեր՝ հիմնված ժամանակակից թռչունների վարքագծի վրա: Ծնողական հոգածություն, ներառյալ` ձագերին փսխած սննդով կերակրելը: Միգրացիաներ, տարածքային կոնֆլիկտներ, բարդ սոցիալական հիերարխիաներ:
«Յուրայի դարաշրջանի աշխարհը». Ֆրանշիզի կոմպրոմիսը
Այս պահին «Յուրայի դարաշրջանի աշխարհը» ներառում է արդեն չորս ֆիլմ, առաջինը` բավականին լավը, մյուսները, մեղմ ասած, անօգնական, չնայած ֆինանսական առումով ֆիլմերը ծայրահեղ հաջողակ են։ Մարդիկ սիրում են դինոզավրերի, անկախ ամեն ինչից։
Ընթացքում ֆրանշիզը փորձեց ներառել ավելի շատ գիտական տարրեր` ցույց տալով փետրավոր դինոզավրեր, ինչպիսիք են պիրոռապտորն ու տերիզինոզավրը: Սակայն ֆրանշիզի կոմերցիոն սահմանափակումները նշանակում էին, որ կուլտային դինոզավրերը, ինչպիսիք են տիրանոզավրն ու վելոցիռապտորը, մնում են առանց փետուրների: Ավելին, առաջին ֆիլմի Ինդոմինուս ռեքսի ավանդույթը հետագայում շարունակվեց` իրական դինոզավրերին ավելի ու ավելի տարօրինակ հրեշներով փոխարինելու տեսքով։
Ֆիլմերը հետաքրքիր հարցեր բարձրացրին ժամանակակից աշխարհում դինոզավրերի ու մարդկանց համակեցության մասին, չնայած այդ սցենարի կենսաբանական հավաստիությունը կասկածելի է: Միաժամանակ, վիզուալ էֆեկտները հասան մի մակարդակի, երբ դինոզավրերն ընկալվում են բացարձակ ռեալիստիկ՝ փոխազդելով միջավայրի ու դերասանների հետ։
Գիտական ճշգրտություն. ինչ սովորեցինք մեկ դարում
1. Անատոմիայի ընկալման հեղափոխություն
Դիրք և շարժում. դանդաղաշարժ, պոչերը քարշ տվող սողուններից մինչև դինամիկ, բալանսավորված կենդանիներ հակակշիռ ծառայող պոչերով: Ժամանակակից ռեկոնստրուկցիաները ցույց են տալիս, որ շատ դինոզավրեր կարող էին ավելի արագ վազել, քան ժամանակակից ձիերը:
Նյութափոխանակություն. սառնարյուն հիմարների մասին պատկերացումներից մինչև ընկալում, որ շատերը (եթե ոչ բոլորը) մեզոթերմ կամ էնդոթերմ էին՝ պահպանում էին մարմնի կայուն բարձր ջերմաստիճան, ինչն ակտիվ կենսակերպ էր ապահովում։
Ծածկույթ. թեփուկավոր մաշկից մինչև փետուրներ, պրոտոփետուրներ, թեփուկներ և այլ բարդ ծածկույթներ: Այժմ մենք գիտենք, որ թռչունները բառացիորեն փետրավոր դինոզավրեր են, որոնք վերապրել են մասսայական անհետացումը:
2. Վարքագծի ընկալման հեղափոխություն
Սոցիալիզացիա. միայնակ մարդասպաններից մինչև բարդ սոցիալական ստրուկտուրաներ: Զանգվածային գտածոները ցույց են տալիս, որ շատ տեսակներ ապրում էին երամներով և ունեին սոցիալական հիերարխիաներ:
Ծնողական հոգածություն. սառնարյուն սողունների մասին պատկերացումներից, որոնք թողնում են ձվերը ճակատագրի քմահաճույքին, մինչև սերնդի մասին հոգածության, ձագերին կերակրելու, բները պահպանելու ապացույցներ։
Ինտելեկտ. «ընկույզի չափի ուղեղից» մինչև ընկալում, որ շատ դինոզավրեր (հատկապես տերոպոդները) ունեին համեմատաբար խոշոր ուղեղ ու բարդ վարքագիծ, որը համեմատելի է ժամանակակից թռչունների ու կաթնասունների հետ:
Հաղորդակցություն. հադրոզավրերի ռեզոնանսային կատարները, զաուրոպոդների օդային պարկերը ցույց տվեցին, որ դինոզավրերն օգտագործում էին բարդ ձայնային հաղորդակցություն: Վիզուալ ազդանշանները (գունավորում, կատարներ, փշեր) նույնպես կարևոր դեր են խաղացել:
3. Էկոլոգիայի ընկալման հեղափոխություն
Միջավայր. ճահիճներից ու լճերից մինչև բազմազան էկոհամակարգեր՝ անտառներ, անապատներ, բևեռային շրջաններ: Դինոզավրերը բնակեցնում էին ցամաքի գրեթե բոլոր անկյունները:
Սնունդ. գիշատիչների և բուսակերների միջև պարզ բաժանումից մինչև բարդ սննդային ցանցեր, մասնագիտացված սննդակարգեր, ամենակերություն շատ տեսակների մոտ:
Փոխազդեցություն. այլ դինոզավրերի կծածի հետքերով դինոզավրերի քարացուկների գտածոները, որսի ու հետապնդման հետքերը ցույց են տալիս տեսակների միջև բարդ հարաբերությունները:
Տիպիկ սխալներ, որոնք դեռ հանդիպում են կինոյում
Անաքրոնիզմներ. տարբեր դարաշրջաններում ապրած դինոզավրերին խառնելն ամենատարածված սխալներից մեկն է: Տիրանոզավրն ու ստեգոզավրը երբեք չեն հանդիպել, նրանց բաժանում էր 80 միլիոն տարի: Սա նույնն է, ինչ ցույց տալ ճակատամարտ տիրանոզավրի ու Նապոլեոնի բանակի միջև:
Մասշտաբներ. դինոզավրերը հաճախ ներկայացվում են իրական չափերից ավելի խոշոր կամ ավելի փոքր: «Յուրայի դարաշրջանի այգու» վելոցիռապտորը դրամատիկ էֆեկտի համար չափերի գերագնահատման դասական օրինակ է:
Վարքագիծ. դինոզավրերի ագրեսիվությունը հաճախ գերագնահատվում է: Բուսակեր դինոզավրերը հազվադեպ են առանց պրովոկացիայի հարձակվել, իսկ գիշատիչները ժամանակի մեծ մասը չեն զբաղվել որսով (ինչպես ժամանակակից առյուծները, որոնք օրական 20 ժամ քնում են):
Ձայներ. դինոզավրերի մռնչոցը ֆիլմերում մաքուր ֆանտազիա է: Իրականում մենք չգիտենք, թե ինչ ձայներ էին արձակում դինոզավրերը, սակայն, հավանաբար, շատերը ավելի նման էին թռչուններին՝ ծլվլոց, ճռվողյուն, ղունղունոց, հնարավոր է՝ խոշոր կենդանիների դեպքում ցածր հաճախականության գվվոց։
Դինոզավրերի ապագան կինոյում
Արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումն արդեն օգտագործվում են ավելի ռեալիստիկ շարժումների անիմացիա ստեղծելու համար: Ժամանակակից կենդանիների բիոմեխանիկայի վերլուծությունը թույլ է տալիս ավելի մեծ ճշգրտությամբ մոդելավորել, թե ինչպես էին շարժվում դինոզավրերը:
Վիրտուալ իրականությունը նոր հնարավորություններ է բացում դինոզավրերի աշխարհում «ընկղմվելու» համար: Պատկերացրեք վավերագրական ֆիլմ, որում կարող եք քայլել տրիցերատոպսների երամի հետ կամ անվտանգ հեռավորությունից հետևել վելոցիռապտորների որսին:
Ամեն տարին իր հետ բերում է նոր հայտնագործություններ: 2023 թվականին նկարագրվեց ամենաերկար պոչով հայտնի դինոզավրը, 2024-ին՝ եզակի գունավորում ունեցող տեսակ: Տվյալների կուտակման հետ դինոզավրերի մասին մեր պատկերացումները դառնում են ավելի ու ավելի մանրակրկիտ:
Ժամանակակից թռչունների գենետիկ հետազոտություններն օգնում են հասկանալ, թե որ գեներն էին պատասխանատու դինոզավրերի այս կամ այն հատկանիշների համար: Հնարավոր է, ապագայում կարողանանք ավելի վստահությամբ խոսել դինոզավրերի աչքերի գույնի, մաշկի նախշերի, նույնիսկ հոտի մասին:
Դինոզավրերի մասին ապագա ֆիլմերը, հնարավոր է, հրաժարվեն «հրեշը սպառնում է մարդկանց» բանաձևից: Ավելի հետաքրքիր կարող է լինել դինոզավրերին որպես բարդ էակներ ներկայացնելը, իրենց բնական միջավայրում, ուսումնասիրել նրանց էկոլոգիան, էվոլյուցիան, անհետացումը գիտական ողջ խստությամբ, սակայն միաժամանակ դրամատիկ լարվածությամբ:
Ամենահեռանկարային ուղղությունը վավերագրական դրամայի ֆորմատով սերիալներն են, որոնք համատեղում են գիտական ճշգրտությունն ու էմոցիոնալ պատմությունը: «Նախապատմական մոլորակը» ցույց տվեց, որ հնարավոր է ստեղծել տպավորիչ ներկայացում՝ առանց գիտական հավաստիությունը զոհաբերելու։
Դինոզավրերը` գիտության և մշակույթի հայելի
Դինոզավրերի պատմությունը կինոյում ոչ միայն հատուկ էֆեկտների կամ զվարճանքի պատմություն է: Սա հայելի է, որն արտացոլում է կյանքի, էվոլյուցիայի, բնության մեջ մեր տեղի մասին մեր փոփոխվող պատկերացումները: Կոպիտ ռետինե մոդելներից մինչև ֆոտոռեալիստիկ համակարգչային գրաֆիկա, հիմար հրեշներից մինչև բարդ սոցիալական կենդանիներ՝ կինեմատոգրաֆի յուրաքանչյուր դարաշրջան արտացոլել է իր ժամանակի գիտական պատկերացումները:
Ինչը հատկապես զարմանալի է՝ կինոն ոչ միայն հետևել է գիտությանը, այլև ազդել դրա վրա: «Յուրայի դարաշրջանի այգին» ոգեշնչեց հնէաբանների մի ամբողջ սերունդ: BBC-ի վավերագրական ֆիլմերը ֆինանսավորեցին հետազոտություններ, որոնք հանգեցրին նոր հայտնագործությունների: Կինոյում դինոզավրերի վիզուալիզացիան հաճախ սկզբնակետ է դառնում գիտական քննարկումների համար:
Այսօր մենք ապրում ենք հնէաբանության ոսկեդարում: Ամեն տարի նկարագրվում են դինոզավրերի տասնյակ նոր տեսակներ: Տեխնոլոգիաները թույլ են տալիս վերլուծել քարացուկները մոլեկուլային մակարդակով: Ու կինեմատոգրաֆը քայլում է այս առաջընթացի հետ կողք կողքի՝ առաջարկելով այս զարմանալի էակների ավելի ու ավելի ճշգրիտ ու հրապուրիչ պատկերներ:
Դինոզավրերն անհետացել են 66 միլիոն տարի առաջ, բայց էկրանին նրանք ավելի կենդանի են, քան երբևէ: Գերթիի առաջին անիմացիայից մինչև «Նախապատմական մոլորակի» ֆոտոռեալիստիկ արարածներ՝ այս մեկդարյա ճանապարհորդությունը ցույց է տալիս, որ մարդկային հետաքրքրությունն ու անցյալը հասկանալու ձգտումն անսպառ են:
Երբ նայում ենք դինոզավրերին ժամանակակից կինոյում, տեսնում ենք ոչ միայն անհետացած սողուններ: Մենք տեսնում ենք մեր գիտական առաջընթացի, աշխարհը ճանաչելու մեր կարողության, Երկրի վրա կյանքի գրանդիոզության նկատմամբ մեր զարմանքի արտացոլումը: Ու քանի դեռ շարունակվում են հնէաբանական հայտնագործությունները, քանի դեռ աշխատում են հատուկ էֆեկտներն ու համակարգչային գրաֆիկան, դինոզավրերը կշարունակեն իրենց էվոլյուցիան մեր էկրաններին՝ ինչպես նրանք էվոլյուցիա էին ապրում միլիոնավոր տարիներ առաջ` հնագույն Արեգակի ճառագայթների տակ: