Կարդալիքներ PAN-ից
Today

«Դոլինայի էֆեկտը», բարկացած տիկտոկն ու դատական նախադեպը. Ինչու են Ռուսաստանում չեղարկում Դոլինային

Եթե հավատանք ռուսական լրատվամիջոցներին, սոցցանցերին ու հատկապես բարկացած տիկտոկյան հանրությանը, ապա Լարիսա Դոլինայի շուրջ սկանդալը դեռ շատ շերտեր կստանա ու շատ կտարածվի։ Իսկ մեմերի պակաս այս ընթացքում հաստատ չի զգացվի։ Թվում էր, թե երգչուհին իր կյանքում տեսել է ամեն ինչ՝ անգամ ռուսական շոուբիզնեսի բոլոր սերունդների հաջողությունն ու անկումը, բայց երբևէ չէր պատկերացնի, որ «օր ծերության» cancel culture-ը՝ չեղարկման մշակույթը, կթակի նաև իր դուռը։ Այս պատմությունն, իհարկե, ոտքից գլուխ աբսուրդային է, դրա համար փորձենք հասկանալ, թե ի՞նչ տեսություններ կան այս պատմության շուրջ։

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Ահա, թե ինչպիսին է այս պատմության «պաշտոնական» տարբերակը։

Սովորական մի օր Դոլինան հեռախոսազանգ է ստանում.

«Ձեզ հետ խոսում են հատուկ ծառայությունները»:

Աստված գիտի, թե Լարիսա Դոլինայի մտքով ինչ սցենարներ են անցնում այս արտահայտությունը լսելիս, բայց պարզվում է, որ խոսքը վերաբերում է ոչ ավել, ոչ պակաս՝ իր բնակարանին։ Դոլինայի վարկածով հատուկ ծառայության աշխատակիցներն իրեն վստահեցրել են, որ Մոսկվայում գտնվող  236 քմ շքեղ բնակարանը խաբեբաների հետաքրքրության կենտրոնում է։

Ի՞նչ կաներ միջին վիճակագրական քաղաքացին նման զանգ ստանալիս։ Գուցե միանգամից հասկանար, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այնպես չէ։ Բայց Դոլինայի պնդմամբ՝ իրեն զանգահարողները շատ համոզիչ ու փաստարկված էին խոսում։ Այսպիսով՝ «հատուկ ծառայության» աշխատակիցները նրան առաջարկում են «փրկել» բնակարանը։ Փրկության նման օպերացիաները հաճախ նույն սցենարն են ունենում։ Նախ ձևական վաճառք իրականացնել, հետո փողերն «անվտանգ» հաշվի փոխանցել ու վերջում գիտակցել, որ իրականում ոչ մի բան էլ անվտանգ չի եղել։

Այսպիսով՝ երգչուհին կասկածելի մի որոշում է ընդունում՝ առանց կասկածելու միանում է այս «հատուկ օպերացիային»։ Արդյունքում սեփական ձեռքերով փոխանցում է ոչ միայն  բնակարանի վաճառքից ստացված 112 միլիոնը, այլև հավելյալ 68 միլիոն սեփական խնայողություններից։ Ընդհանուր՝ ավելի քան 175 միլիոն ռուբլի։ Ամեն դեպքում՝ ինքն այդպես է ասում։

Եվ, իհարկե, գեղեցիկ մի օր տեղի է ունենում պատմության գլխավոր շրջադարձը։ Բնակարանի նոր սեփականատերը գալիս է ու խնդրում ազատել տարածքը։ Դոլինայի պնդմամբ հենց այդ պահին է նա վերջապե՜ս հասկացել, որ հմտորեն մշակված խարդախության զոհ է դարձել։

ԳՈՐԾԻՆ ԽԱՌՆՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Երբ Դոլինան վերջապես գլխի է ընկնում, թե ինչ է կատարվել, դիմում է ոստիկանություն ու սկսվում է քննությունը։ Մոսկվայի դատախազությունը հաշվարկում է վնասը։ Տարբեր հաշվարկներով՝ կորուստների ընդհանուր գումարը շատ ավելի մեծ էր, քան բնակարանի արժեքն էր։ Հաշվի էին առնվում նաև միջնորդավճարները, բանկային ծախսերը և այլն։ Արդյունքում չորս անձ ձերբակալվում են։ Դոլինան դատարանում պատմում է, որ այս մարդիկ իրեն համոզել են, թե մասնակցում է պետության կողմից մշակված «հատուկ օպերացիայի»։

Արդյունքում դատարանի որոշումը դառնում է նախադեպ ու իսկական քաոս ստեղծում համացանցում։ Դոլինան հայտարարել էր, որ խաբեբաների ազդեցության տակ չգիտակցված կերպով վաճառել է իր բնակարանը ու հիմա բողոքարկում է այդ գործարքը։ Արդյունքում դատարանը գործարքն անվավեր է ճանաչում, բնակարանը վերադարձվում է Դոլինային, իսկ գումարը գնորդին չի վերադարձվում։

Այս պատմության մեջ կարծես բոլորից խոսեցինք, բացի պատմության ամենաանմեղ հերոսից։ Ո՞վ էր ի վերջո գնել բնակարանը։ Պոլինա Լուրիեն 34-ամյա միայնակ մայր է, որն իր ամբողջ խնայողությունները հավաքել էր բնակարանի գնման համար ու արդյունքում մի քանի ժամում հայտնվեց մի իրավիճակում, որտեղ ինքը մեղքի բաժին չուներ, բայց ամենաշատը հենց ինքը տուժեց։

Դատարանը հիմնավորել է որոշումն այսպես՝ եթե գործարքի պահին անձը չի հասկացել իր գործողությունների իրական հետևանքները կամ էլ որևէ անձի կամ անձանց դրդմամբ է արել, ապա նրա իրական կամքն իրացված չէ ու սեփականությունը պետք է վերադարձնել։ Իսկ ինչ վերաբերում է 112 միլիոնին, որ վճարել էր գնորդը, ըստ դատարանի, գումարը պետք է վերադարձնի ոչ թե Դոլինան, այլ խարդախ խմբավորումը։ Իսկ սա նշանակում է դատական քաշքշուկներ, բյուրոկրատիայի անվերջանալի բուրգ ու չափազանց փոքր շանսեր, որ այդ գումարը երբևէ կվերադառնա տիրոջը։

ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ «ԴՈԼԻՆԱՅԻ ԷՖԵԿՏԸ»

Այս վճռից հետո Ռուսաստանում բառացիորեն ժամերի ու օրերի ընթացքում ստեղծվեց ու թափ առավ նոր տերմին՝ «Դոլինայի էֆեկտ»։ Այս անունով անգամ Վիքիպեդիայում էջ կա։ Ի՞նչն էր այս ամենի հիմքում. Մարդիկ ասում էին, որ սա շատ աշխատող բանաձև է՝

«Եթե Դոլինային կարելի է, ուրեմն՝ բոլորին էլ կարելի է»:
«Վերցրու փողերը, վերադարձրու տունը ու մեղավոր հռչակիր խաբեբաներին»:
«Վաճառիր տունը, հետո գնա դատարան ու հետ բեր այն»:

Իրաբանանները քննարկում էին «Դոլինայի էֆեկտի» միջոցով առաջ քաշված արդարադատության բացերն ու ճգնաժամը, քաղաքական գործիչները օրենքի բարեփոխումների մասին էին մտածում, իսկ հանրությունը հնարավոր բոլոր միջոցներով արտահայտում էր իր զայրույթը։

Դատական որոշումից հետո դատաիրավական համակարգը մի նոր գլխացավանք էլ ստացավ։ Դատական վեճերի թիվը, որտեղ վաճառողները հարկադրաբար կամ կամովին փորձում էին հետ բերել իրենց սեփականությունը՝ առանց գումար վերադարձնելու, աճեց 15–20 տոկոսով։ Փաստաբանները սա անվանեցին վտանգավոր նախադեպ, վաճառքի շուկան սա գնահատեց որպես քարոս, իսկ սոցցանցերը՝ հրապարակային պախարակման լավ առիթ։

ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԷՖԵԿՏԸ

«Դոլինայի էֆեկտը» գուցե նորություն է, բայց սոցցանցերի էֆեկտը վաղուց արդեն ապացուցված արդյունավետություն ունի։ Հասարակությունը Դոլինային չեղարկեց հիմնովին ու միանգամից։ Կարծես մի հարմար առիթի էին սպասում, որպեսզի երգչուհու հանդեպ կուտակված վերաբերմունքը պայթեր։ Իսկ տարիների ընթացքում Դոլինան առանձնապես չէր փայլել իր սիրալիր վերաբերմունքով։ Լրագրողների կամ երկրպագուների հետ ագրեսիվ երկխոսության շատ կադրեր այսօր դուրս են բերվում արխիվից ու Դոլինայից ստեղծում հրեշավոր մի կերպար։

Իհարկե, պաշտպանողներ էլ կան։ Դոլինայի մերձավորները հայտարարում են, որ նա ոչ ոքի չի խաբել, պարզապես վերականգնել է իր սեփականությունը։ Դոլինայի թիմը պնդում է, որ երգչուհին ևս այս պատմության զոհերից է, իսկ անձամբ Դոլինան կարծում է, որ իր դեմ սկսված այս արշավի նախաձեռնողները ֆեյքեր ու chatbot-եր են։

Ամեն դեպքում՝ անգամ երազում Դոլինան ամենայն հավանականությամբ տեսնում է ամեն օր ու ամեն անկյունից հնչող պահանջները՝

«Վերադարձրու բնակարանը»:
«Վերադարձրու գումարը»:
«Այդպես հեշտ չես մարսելու այս պատմությունը»:

Բայց այս ամենը համացանցի տիրույթով չի սահմանափակվում։ Ոմանք անգամ առաջարկում էին զրկել երգչուհուն ժողովրդական արտիստի կոչումից, շատերը համերգների չեղարկում են պահանջում, մարդկանց մի մեծ զանգված էլ արդեն իսկ վերադարձրել է համերգի տոմսերը։ Ակցիային միացել է անգամ Burger King-ը։ Հայտարարել են, որ այլևս հրաժարվում են Դոլինային սնունդ առաքել ու այս անկցիան կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Լուրիեին չեն վերադարձրել իր գումարը։

Քանի որ ռուսական համացանցը մեծ մասամբ ապրում է մեմերով, Դոլինայի այս դեպքը շրջանցել չէին կարող։ Ոմանք առաջարկում էին, որ ռուս-ուկրաինական բանակցություններում Ռուսաստանի կողմից բանագնացը Լարիսա Դոլինան լինի։

«Թող Դոլինան դառնա Ռուսաստանի ներկայացուցիչը խաղաղության բանակցություններում։ Եթե ինչ-որ բան սխալ գնա, ռուսական դատարանը կարող է հայտարարել, որ պայմանագիրը ստորագրվել է խաբեբաների ազդեցության տակ»։

Ինչպես ասում են՝ սա էլ դեռ ամենը չէ։ Նման միասնականություն Ռուսաստանը վաղուց չէր տեսել։ Դալինայի մուտքն արգելեցին բազմաթիվ փոքր ու միջին բիզնեսներ՝ ատամնաբուժական կենտրոններից մինչև սրճարաններ ու մարզասրահներ։ Անգամ Դոլինայի կենդանիներին սպասարկող անասնաբուժական կլինիկան հայտարարեց, որ իրենց դռները փակ են, քանի դեռ բնակարանի հարցը չի լուծվել։

Մի խոսքով՝ եթե անգամ Դոլինան այդ բնակարանի գումարի չափ գումար հատկացնի PR մասնագետներին ու խնդրի փրկել իր իմիջը, դրական արդյունքը մեղմ ասած երաշխավորված չէ։ Իսկ այս ընթացքում գործին խառնվել են անգամ լեզվաբաններն ու առաջարկում են «Դոլինայի էֆեկտ» արտահայտությունը ներառել պաշտոնական բառարաններում։


✍️ Նանե Մանուկյան / PAN