Արարատից մինչև Անի, բարեբեր վիշապից մինչև տապալված օձ. Հայկական թղթադրամը՝ ազգային խորհրդանիշ
Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, նորաստեղծ պետության առջև բազմաթիվ մարտահրավերներ էին ծառացած։ Դրանցից առանցքայիններից մեկը սեփական ազգային արժույթի ստեղծումն էր, որը ոչ միայն երկրում դրամական կանոնավոր շրջանառություն կհաստատեր, այլև կդառնար պետական ինքնիշխանության խորհրդանիշ։ Պետք էր արժույթ, որն արտացոլեր հայկական ինքնությունը և միևնույն ժամանակ համապատասխաներ միջազգային չափանիշներին։
Այս կարևոր առաքելությունն իրականացնելու համար կառավարությանը կից ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ, որի առջև դրված էր նոր թղթադրամների էսքիզների մշակման և տպագրության նախապատրաստման բարդ խնդիրը։ Խմբի կազմում ընդգրկվեցին տաղանդավոր նկարիչներ Արշակ Ֆեթվաճյանը, Հակոբ Կոջոյանը, ֆինանսիստ Գրիգոր Ջաղեթյանը (ով հետագայում դարձավ ՀՀ ֆինանսների նախարարը), ինժեներ Գրիգոր Աղաբաբյանը։
Հայկական թղթադրամների ընդհանուր գեղարվեստական հայեցակարգի և ձևանմուշների պատրաստման պատասխանատվությունը հանձնվեց մասնավորապես Արշակ Ֆեթվաճյանին։ Սա պատահական ընտրություն չէր, քանի որ այդ ժամանակաշրջանում նա արդեն ճանաչված նկարիչ էր հայ իրականության մեջ։
Ֆեթվաճյանը ծնվել էր 1866 թվականին Տրապիզոնում, Օսմանյան կայսրությունում։ Նա կրթություն էր ստացել Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, որից հետո շարունակել ուսումը Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ 1887-1891 թվականներին։ Իտալիայում նկարիչը աշակերտել էր Չեզարե Մակկարիին և մասնակցել երկրի նկարիչների ազգային ցուցահանդեսին։
Ֆեթվաճյանի կարիերան ծավալվել էր Եվրոպայում և Ռուսաստանում։ 1891-1895 թվականներին նա աշխատել էր Վիեննայում, այնուհետև տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների։ Նրա արվեստի գործերը ցուցադրվել են աշխարհի հեղինակավոր թանգարաններում, այդ թվում Լուվրում (1919, 1920) և Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։
Արշակ Ֆեթվաճյանը հայտնի էր Արևելյան Հայաստանի տարածքում իր կատարած շրջագայություններով, որոնց ընթացքում նա ստեղծել էր հայկական հնագույն հուշարձանների ավելի քան 2000 մատիտանկար և ջրաներկ աշխատանքներ։ Նա նաև ստեղծել էր բազմաթիվ այլ գործեր՝ «Արևելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» և այլն։ Նրա հետաքրքրությունների ոլորտը ներառում էր հայ ճարտարապետության պատմությունը, գրքի ձևավորումը, ազգային տարազը և ասեղնագործության արվեստը։
1918 թվականին թղթադրամի և նամականիշի էսքիզների ստեղծման պատասխանատվությունը վստահվեց Ֆեթվաճյանին։ Նկարիչն օգտագործեց հայկական մշակույթի և պատմության մասին իր խորը գիտելիքները՝ ստեղծելու բացառիկ գեղարվեստական արժեք ունեցող դրամանիշներ, որոնք կարտահայտեին հայկական ինքնությունը։
Հետաքրքիր է, որ թեև Հակոբ Կոջոյանը նույնպես մասնակցել էր էսքիզների նախնական մշակմանը, սակայն վերջնական տարբերակներում Ֆեթվաճյանը զգալի փոփոխություններ էր կատարել։ Ըստ Արկադի Թևոթրոսյանի՝ Կոջոյանի հեղինակած դրվագազարդը պահպանվել էր միայն 250 ռուբլիանոց թղթադրամի դիմերեսին։
Թղթադրամների թողարկումը մեծ դժվարություններով էր ընթանում։ Նորաստեղծ հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ուներ դրանք Եվրոպայում տպագրելը, քանի որ այդ կերպ հնարավոր կլիներ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան որակ և միաժամանակ բարձրացնել Հայաստանի վարկանիշը արտերկրում։
Սակայն խնդիրներն ի հայտ եկան հենց սկզբից։ Ֆրանսիայի և Իտալիայի պետական տպարանները, ծանրաբեռնված լինելով սեփական դրամների տպագրությամբ, հրաժարվեցին Հայաստանի թղթադրամների թողարկման գործից։ Մի շարք մասնավոր ընկերություններ, ինչպիսիք էին «Մուլոն» (Մարսել), «Դյուպոնը» (Փարիզ), «Առնոն» (Լիոն), «Կալցոնեն» (Հռոմ), «Ուլինքսոն եղբայրները» (ԱՄՆ) և «Վաթերլոու և որդիները» (Լոնդոն), առաջարկեցին իրենց ծառայությունները։
Ի վերջո, Հայաստանի թղթադրամների տպագրման պատվերը տրվեց լոնդոնյան «Վաթերլոու և որդիներ» ընկերությանը, որն արդեն ուներ մի շարք երկրների թղթադրամներ և նամականիշներ տպագրելու փորձ։ Սակայն այստեղ ևս խնդիրներ առաջացան։ Ըստ Անի Հակոբյանի «Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամները որպես ազգային ինքնության խորհրդանիշ» աշխատության` Ֆեթվաճյանի գեղարվեստական տեսլականը հաճախ հակասում էր տպագրատան տեխնիկական պահանջներին։
Այնուամենայնիվ, տպագրության գործընթացը վերջապես մեկնարկեց։ «Վաթերլոու և որդիներ» տպարանի հետ առաջին պայմանագիրը կնքվեց 1919 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ երկրորդը՝ 1920 թվականի ապրիլի 9-ին։ Թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին միայն 1920 թվականի ամռանը։
Հայաստանի առաջին հանրապետության պաշտոնական թղթադրամները թվագրված էին 1919 թվականով և թողարկվել էին երեք անվանական արժեքով՝ 50, 100 և 250 ռուբլի։ Դրանք վավերացված էին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրություններով։
Թղթադրամների վրա մակագրությունները հիմնականում հայերեն էին, սակայն կային նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրություններ։ Dրանց վրա նշված էր, որ Հայաստանի Հանրապետության դրամանիշն «Ապահովւած է պետութեան գոյքով» և «Կեղծարարը պատժւում է օրէնքով»։ Դրամանիշների տպագրական որակը շատ բարձր էր, և դրանց կեղծումը գործնականում անհնար էր։
50 ռուբլիանոց թղթադրամի դիմերեսի երկու կողմերում պատկերված էին վիշապներ, որոնք միաժամանակ հիշեցնում էին ցլի գլուխ։ Վիշապը հայկական հավատալիքներում ունեցել է բազմակի նշանակություն։ Այս դեպքում դրանք հանդես էին գալիս որպես բարի, հզոր, պահապան էակներ, որոնք հարստություն են բերում։ Անի Հակոբյանի հեղինակած աշխատության մեջ նշվում է.
«Հայ առասպելաբանության մեջ վիշապները հանդիպում են հիմնականում ամպրոպային առասպելներում և հաճախ պատկերացվում են աներևույթ պտտահողմի տեսքով: Երբեմն էլ ժողովուրդը հավատում էր, որ վիշապը կարող էր ընդունել զանազան կենդանիների կերպարանքներ, որոնցից մեկն է օձակերպ կամ ձիակերպ վիշապը (Աբեղյան 1975, 66–67; Հարությունյան 2000, 87): Սակայն, թղթադրամների վրա պատկերված վիշապներն առաջին հայացքից հայկական սիմվոլիկայի կամ դիցաբանության հետ չեն առնչվում, եվրոպական հերալդիկայից վերցրած պատկերներ են, չնայած որ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցում» հիշատակվում է եզակերպ վիշապների մասին, որոնք չեն կարող դիվահարել կենդանի արարածներին (Մատենագիրք Հայոց 2003, 460): Հնարավոր է, որ Ֆեթվաճյանը փորձել է թղթադրամներն իրենց պատկերագրությամբ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, այդպես ընդգծելով հայերի՝ քաղաքակիրթ աշխարհի մաս լինելու հանգամանքը՝ օգտագործելով նախաքրիստոնեական շրջանից եկող և քրիստոնեական վերաիմաստավորմամբ պատկերներ՝ ներկայացնելով հայերի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու անցյալը:»
Թղթադրամի դիմերեսն ու դարձերեսը զարդարված էին նաև գեղարվեստորեն ներկայացված բուսանախշերով և երկրաչափական պատկերներով։
100 ռուբլիանոց թղթադրամի դիմերեսի աջ և ձախ կողմերում պատկերված էին թռչնակերպ զարդանախշեր։ Կենտրոնում գտնվում էր Մասիս սարի պատկերը, որը խորհրդանշում էր Հայաստանը որպես ջրհեղեղից հետո մարդկության փրկության վայր և, հետևաբար, հայոց պետականության վերածննդի խորհրդանիշ։ Արարատի պատկերը նաև յուրօրինակ հիշեցում էր աշխարհին Աստվածաշնչյան Հայաստանի մասին։
Թղթադրամի դիմերեսի աջ և ձախ անկյուններում պատկերված թռչնակերպ զարդանախշերը, ըստ Արկադի Թևոթրոսյանի, վերցված էին Անիի Սուրբ Գրիգոր (Տիգրան Հոնենցի) եկեղեցու արևելյան պատի վրա եղած զարդաքանդակից։ Անի Հակոբյանը նշում է.
«Դարձերեսին կենտրոնում պատկերված է հաղթական արծիվը (որպես երկնային ուժի, կրակի անմահության, ռազմի խորհրդանիշ)՝ մի ձեռքին սուր, որով երկու կես է արել օձին: Ըստ հայկական հավատալիքների՝ թուրն ամպրոպային աստծու խորհրդանիշներից մեկն է, որը վերացնում է չարիքն ու անարդարությունը (Ղռեջյան 2019, 433): Բացի այդ, թուրը նաև իշխող ՀՅԴ կուսակցության զինանշանում ներկայացված տարրերից է, ինչի պատկերումը թղթադրամի վրա ևս պատահական չէ: Չի բացառվում, որ արծիվը կապվում է Տիգրան Մեծի թագավորության՝ որպես հայոց պետականության առավել հզոր ժամանակաշրջանի հետ։»
250 ռուբլիանոց թղթադրամի դիմերեսի աջ և ձախ կողմերում պատկերված էր ջահն ու սուրը ձեռքին հրեշտակ՝ կանգնած վիշապի վրա։ Այս պատկերը կապվում է հայկական և քրիստոնեական հավատալիքներում տարածված «կոխի»՝ տվյալ դեպքում «հրեշտակակոխ» լինելու կամ վիշապամարտի մոտիվի հետ։
«Ենթադրվում է, որ դրանք արտացոլում են վիշապամարտի արխաիկ սյուժեն՝ որպես մահվան տիրույթ իջնելու՝ հետագա վերածննդի նպատակով համապարփակ նվիրագործական սիմվոլիզմի քրիստոնեական իմաստավորում (Աբրահամյան 2019, 369): Հայոց ավանդության մեջ ամպրոպային աստծուն քրիտոնեական ազդեցությամբ փոխարինել է Գաբրիել հրեշտակապետը կամ այլ հրեշտակներ, որոնք կռվում են վիշապների դեմ և հաղթում (Հարությունյան 2000, 89):»
Բայց ամենաուշագրավը 250 ռուբլիանոց թղթադրամի դարձերեսն էր, որտեղ պատկերված էր ճախարակ մանող կնոջ կերպարը՝ որպես հայ կնոջ մարմնավորում։ Այս պատկերը հետագայում դարձավ խորհրդանշական կերպար և բազմիցս վերարտադրվեց տարբեր համատեքստերում։
Ֆեթվաճյանը շրջագայել էր Արևելյան և Արևմտյան Հայաստանի բազմաթիվ շրջաններում և նկարել տղամարդկանց, կանանց, երեխաների՝ առանձնակի ուշադրություն դարձնելով նրանց ազգային տարազներին։ Ըստ Հակոբյանի՝ հավանաբար, ամենօրյա հայկական տարազով կնոջ պատկերը նա վերցրել էր իր շրջագայությունների ընթացքում և վերածել ազգային խորհրդանիշի։
Դե իսկ կնոջ գլխավերևում պատկերված արևը, որպես կյանքի, գոյության, կենդանության խորհրդանիշ, ամենայն հավանականությամբ կապվում էր նախաքրիստոնեական շրջանում հայերի մեջ տարածված արևի պաշտամունքի հետ։
Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամները նշանավորվեցին իրենց բարձր գեղարվեստական որակով և տպագրական կատարելությամբ։ Ի տարբերություն Անդրկովկասի այլ երկրների թղթադրամների, հայկականը առանձնանում էր գծանկարների նրբագեղությամբ և տպագրության բարձր մակարդակով։
Ֆեթվաճյանը թղթադրամների ձևավորման մեջ օգտագործել էր հայկական մշակույթի համար խորհրդանշական պատկերներ և նախշեր։ Նա չէր օգտագործել հորինված կերպարներ կամ զարդանախշեր, այլ դիմել էր հայ ազգային ինքնության և մշակույթի յուրահատուկ կոթողներին և մշակութային հուշարձաններին բնորոշ տարրերին։
«Նրան հաջողվել էր պատկերների և զարդանախշերի գեղեցիկ ու գրագետ համադրմամբ ստանալ իմաստալից ամբողջություն։»
Ըստ Արկադի Թևոթրոսյանի, այս թղթադրամների գեղարվեստական և տպագրական կատարումներն այնքան անթերի էին, որ մեկ դար անց էլ դրանք շարունակում էին զարմացնել և հիացնել արվեստի գիտակներին և դրամագետներին։
Չնայած հայկական թղթադրամների բարձր գեղարվեստական արժեքին, դրանց գործածությունը շատ կարճ տևեց։ Ընդհանուր առմամբ, Լոնդոնում տպագրվել էր 189 միլիոն ռուբլու արժողությամբ թղթադրամ, որը շրջանառվեց միայն դաշնակցական կառավարության օրոք։
1920 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, թղթադրամները դուրս եկան շրջանառությունից։ 1921 թվականին դրանց փոխարինեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները։
Հայաստանի թղթադրամները ստեղծելուց հետո Արշակ Ֆեթվաճյանի կյանքը դրամատիկ շրջադարձ ապրեց։ 1922 թվականին նա ստիպված եղավ գաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Բոստոնում՝ Ամերիկայի հայկական համայնքի կենտրոնում։ Օգնության ձեռք մեկնեց Մանուել Տեր Մանուելյանը, ով Հայաստանի Հանրապետության հյուպատոսն էր Բոստոնում։
Ամերիկայում Ֆեթվաճյանը շարունակեց նկարել և ցուցադրել իր աշխատանքները, թեև նվազող մասշտաբով։ Նա մեկուսացված էր և՛ գեղարվեստական, և՛ սոցիալական առումով, և դժվարանում էր պատվերներ ստանալ։ Նյու Յորքում նա խորան նախագծեց Սուրբ Լուսավորչի հայկական տաճարի համար և պատկերեց Տիրամորը մանկան հետ։
Սակայն Ֆեթվաճյանի ամենամեծ ցանկությունը մնում էր հայրենիք վերադառնալը։ Ցավոք, հայրենիք վերադառնալու նրա բազմաթիվ խնդրանքները մերժվեցին Հայաստանի խորհրդային կառավարության կողմից։
ԱՄՆ-ում ապրելու տարիներին Ֆեթվաճյանը գրում էր.
«Ես, որ Հային տրված աստվածապարգև շնորհքը ամենառաջադեմ ազգերի մտավորական ավագանիի բերանով բարբառել տվի, հիմա մենակ կտվայտեմ արժեքների մասին հասկացություն չունեցող մարդկանց մեջ»։
Մահից առաջ Ֆեթվաճյանը վերջին անգամ բռնեց մատիտը և գրեց իր կտակը, որով իր ամբողջ արվեստի գործերը կտակեց հայրենիքին։
Չնայած իրենց կարճատև շրջանառությանը, Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամները մնացին որպես անկախ և ինքնիշխան հայկական պետության խորհրդանիշ։ Դրանք դարձան առաջին հայկական դրամանիշները 14-րդ դարում Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։
Այդ թղթադրամները ցուցադրվում են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում և պահվում են տարբեր հավաքածուներում՝ որպես հայկական պետականության և մշակութային ժառանգության կարևոր վկայություններ։