Դասագրքի լուսանկարը, չստացված կատակն ու հոր հետ վեճը. Դուրյանի աշխարհում լճակ կա
Պետրոս Դուրյանի մասին պատմելու ենք իր բառերով, իր բանաստեղծություններով, իր ժամանակակիցների բնորոշումներով։ Ու սա ամենևին էլ չի նշանակում, որ փորձելու ենք գրականագետի շապիկ հագնել։ Մեր տեքստերը, գուցե, որոշ ընթերցողների համար թյուրընկալման առիթ են դառնում, կարծում են, թե մենք գրում ենք իբրև թատերագետ, կինոքննադատ կամ երաժշտագետ։ Իրականում #մշակութաPAN-ի կարդալիքները փորձ են՝ տարբեր դիտանկյուններից ներկայացնել, թե ինչ են մեզ թողել մշակութային դեմքերն ու դեպքերը։ Եթե որևէ թատերագետ կամ մշակութային այլ ուղղություն ուսումնասիրող մասնագետ ցանկանա կիսվել իր գիտելիքներով և ավելի հարստացնել մեր կարդալիքները, ապա բաց ենք թեմատիկ զրույցի համար։
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԸ՝ ՈՉ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՈՎ
1851 թվականին Կոստանդնուպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում երկաթագործ Աբրահամի ընտանիքում երեխա ծնվեց։ Նրան կնքեցին Պետրոս անունով, իսկ ազգանունը հետաքրքիր պատմություն ունի։
Ընտանիքի ազգանունը եղել է Զըմպայան։ Պատմում են, որ մի օր Պետրոսի պապի խանութ է մտել թուրք գնորդ և հետաքրքրվել, թե ինչ է կոչվում այն գործիքը, որով վարպետը ծակում է երկաթը։ Պապը մի քանի անգամ կրկնել է՝ «զըմպա», և թուրքը, նույն բառը կրկնելով, դուրս է եկել։ Այդպես էլ նրանց տոհմը սկսել են կոչել Զըմպայան։
Պետրոսին դուր չէր գալիս այդ ազգանունը։ Ուսման տարիներին նա փորփրեց բազում բառարաններ և իմացավ, որ «զըմպա» բառի հայերեն համարժեքը «դուրն» է։ Այդպես էլ որոշեց փոխել իրենց տոհմական ազգանունը՝ դարձնելով այն Դուրյան։
Եթե մեկ բառով նկարագրենք, ապա մանկությունը Պետրոսի համար դժվար էր։ Հայրը՝ Աբրահամը, պատվավոր երկաթագործ էր, ամեն օր աշխատում էր ընտանիքի ապրուստը հայթայթելու համար։ Սկզբում, երբ ընտանիքը դեռ փոքր էր, նրան հաջողվում էր նույնիսկ խնայողություններ անել։ Գնել էր երկհարկանի փայտաշեն տուն։ Բայց 1850-ականների վերջից ամեն ինչ փոխվեց։ Եվրոպայից Կոստանդնուպոլիս սկսեցին ներմուծել էժան ապրանքներ։ Տեղական վարպետների պատրաստած իրերն այլևս գնորդ չունեին։
Ընտանիքի վիճակն օրեցօր վատթարանում էր։ Հայրը ստիպված էր տան սենյակները վարձով տալ, որպեսզի կարողանա հոգալ ընտանիքի աճող կարիքները։ Մայրը՝ Արուսյակը, ծանր ճակատագիր ուներ։ Դեռ օրիորդ հասակում կորցրել էր քույրերին ու եղբայրներին, հետագայում նաև երկու աղջկան և երկու տղային։ Փոքրիկ Պետիկը, ինչպես տանեցիները նրան կոչում էին, գրեթե անբաժան էր մորից։
Հետագայում, արդեն մահամերձ, Դուրյանը դառնությամբ էր հիշում այդ տարիները.
«Մանուկ հասակում խաղալիք չունեի, մորս գուլպա հյուսելու ժամանակ նրա կծիկով էի խաղում։ Երբ մեծացա, բազմոցի փոխարեն տախտակամածի վրա փռած հին գորգի վրա էի նստում։ Պատանեկության տարիներին հաճախ արցունքս մորմես թաքցնելով ցամաք հաց էի ուտում»։
1857 թվականին, 6 տարեկանում, Պետրոսն ընդունվեց Սկյուտարի ճեմարան։ Այստեղ հարուստ ընտանիքների զավակները վճարում էին ուսման համար, իսկ աղքատները սովորում էին անվճար։ Ըստ որոշ տեղեկությունների, դպրոցում մի պայման կար՝ աղքատ աշակերտները պետք է ճաշարանում սպասարկեին հարուստ ընկերներին, որպեսզի հետո իրենք էլ օգտվեին նույն սեղանից։ Ասում են՝ հպարտ պատանին այդպես էլ չգնաց ճաշարան։ Նա փակվում էր դասասենյակում և գիրք էր կարդում՝ նախընտրելով քաղցը նվաստացումից։
Ճեմարանում Դուրյանի ուսուցիչներից էր հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը։ Նա շատ էր սիրում Պետրոսին և մեծ ազդեցություն թողեց տղայի վրա։ Հետագայում նա դարձավ ոչ միայն ուսուցիչ, այլև գրական խորհրդատու և բարեկամ։
Դուրյանի առաջին հանդիպումը թատրոնի հետ տեղի ունեցավ ճեմարանում։ Աշակերտները ֆրանսերենից պիես թարգմանեցին և որոշեցին բեմադրել։ Երբ հայրն իմացավ, որ որդին թատրոնում պիտի խաղա, քարը ձեռքին շտապեց դպրոց։ Բարեբախտաբար, մյուս որդին ավելի շուտ հասավ և Պետրոսին քաշեց ետնաբեմ՝ զգուշացնելով հոր մասին։ Տանը երկու եղբայրներն էլ ծեծ կերան թատրոնի պատճառով։ Հայրը համարում էր, որ թատրոնը պատվավոր զբաղմունք չէ իր որդիների համար։ Բայց այդ դեպքը չկարողացավ մարել Պետրոսի սերը թատրոնի նկատմամբ։ 1867 թվականին Դուրյանն ավարտեց ճեմարանը։ Ծնողները փորձեցին նրան տեղավորել աշխատանքի։ Առաջին գործատուն եղավ Մարտիկ աղան՝ Պետրոսը դարձավ նրա գրագիրը։ Բայց առուծախի հաշիվները, վաճառքն ու գնումները չէին հետաքրքրում երիտասարդ բանաստեղծին։ Ինը ամիս անց նա թողեց այդ աշխատանքը։
Հետագա տարիներին Դուրյանը փորձեց զանազան մասնագիտություններ՝ եղավ դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց ոչ մեկը նրա սրտով չէր։ 1868 թվականին փորձեց զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն դասավանդեց։ Պողոս Դելփյանի հետ Սելամիեում հիմնեց ընթերցասիրաց ընկերություն։
1869 թվականը դարձավ բեկումնային Դուրյանի կյանքում։ Նա Հակոբ Վարդովյանի «Թատրոն օսմանիե»-ին առաջարկեց բեմադրել իր «Վարդ և Շուշան» թատերախաղը։ Նույն թվականի փետրվարին Կետիկ Փաշայում տեղի ունեցավ պրեմիերան։ Երաժշտությունը գրել էր Տիգրան Չուխաջյանը։ Բեմադրությունը մեծ հաջողություն ունեցավ։ Վարդովյանը և Դուրյանը սկսեցին համագործակցել։
Նույն տարվա հոկտեմբերի 2-ին «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում հրապարակվեց «Ձոն առ Հայրիկն Խրիմյան ազգասեր նորընտիր պատրիարք Կ Պոլսո» բանաստեղծությունը։ Սա Դուրյանի առաջին տպագիր գործն էր։ Բանաստեղծությունը շարժեց ընթերցողների հետաքրքրությունը, և թերթի խմբագրությունը մի քանի օր անց տպագրեց հեղինակի կենսագրական ծանոթություն։
Խորեն Նարպեյը, որը հավանել էր Դուրյանի բանաստեղծությունը, իր մոտ հրավիրեց նրան։ Զրուցից հետո խոստացավ ոչ միայն աշխատանք գտնել, այլև հրատարակել տաղերը։ Նրա միջնորդությամբ Դուրյանը դարձավ Որդիկ բեյի տնային ուսուցիչը։ Բայց երբ գործատուն կրճատեց ամսական աշխատավարձը, Դուրյանը թողեց աշխատանքը՝ ընկերոջը գրելով.
«Ներկայիս գործատերերը կով են ուզում գործածել ու աշխատցնել, ոչ թե մարդ»։
1870 թվականին Դուրյանը ձեռնարկեց «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա» և «Շահատակությունք հայոց» թատերախաղերը, բայց դրանք կիսատ թողեց։ Նրան այլևս չէին հետաքրքրում պատմահայրենասիրական ողբերգությունները։ 1871 թվականին նա գրեց «Թատրոն կամ Թշվառներ» դրաման։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց տվեց դրանց բարոյական-հոգեկան ծանր հետևանքները։
Նույն թվականին թատրոնում տեղի ունեցավ դեպք, որը խորապես վիրավորեց զգայուն բանաստեղծին։ Դերասանուհի Ազնիվ Հրաչյան պատմում է, որ երբ Դուրյանը՝ բարձրահասակ, գունատ, մաշված զգեստներով, տետրը թևի տակ, մտավ բեմ՝ իր նոր «Թատրոն կամ Թշվառներ» պիեսը ներկայացնելու, դերասանուհիները սկսեցին ծիծաղել։
«Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»,- կատակեցին նրանք։ Թերեզան էլ պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»։
Միայն Դուրյանի մահից հետո Ազնիվ Հրաչյան կարդաց նրա «Լճակ» բանաստեղծությունը և հասկացավ՝ Դուրյանը լսել էր այս խոսքերը.
«Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՚ունի սոսկ - ըսին․
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ - «Կը մեռնի»։
1871 թվականը դարձավ Դուրյանի քնարերգության ծաղկման տարին։ 39 պահպանված բանաստեղծություններից 26-ը գրվել են հենց այդ տարում։ Նրա պոեզիան լի է սիրո տառապանքով, մերժված զգացմունքով, բայց միաժամանակ հաստատմամբ, որ առանց սիրո ապրելն անհնար է։
«Լճակ» և «Ի՜նչ կըսեն» բանաստեղծություններում նա դատապարտում է անտարբեր միջավայրը, բողոքում անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում «անապակ սեր», «ազատ օդ» և ազատություն չգտնելով՝ փարվում է գերեզմանին։
1871 թվականի սկզբին ի հայտ են գալիս մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ Այն ժամանակ թոքախտը համարվում էր անբուժելի։ Տարեվերջին Դուրյանն արդեն անկողնային հիվանդ էր։ Զարմանալի է, որ իր բանաստեղծությունների մեծ մասը նա ստեղծեց հենց հիվանդության ընթացքում։
«Երբեք մի մտաբերեր, որ ես հուսահատ եմ, բնավ, բանաստեղծ մը մահվանե չը սոսկար․ այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային, և ես միայն մահկանացու»։
1871 թվականի դեկտեմբերի 10-ին, մահից կարճ ժամանակ առաջ, Դուրյանը նամակ գրեց բանաստեղծ Արմեն Լուսինյանին։ Բացառիկ ներշնչումով գրված այս նամակը վերջինն էր։
«Եղբայր իմ, կուրծիս տակ հրաբուխ բռնկած է․ կրակներ կեռան ու կ՚այրեն զիս․ Աս կրակը երկընկեց կրակին նման է, որ չ՚մարիր և չ'պիտի մարի, մինչև չսպառե ամեն ինչ»։
Նամակում նա խոստովանում է, որ գիտի՝ շատ չի ապրի, բայց ընդունում է ճակատագիրն առանց տրտնջալու.
«Երկինքն ալ երթամ Աստուծո և հրեշտակաց առջև Ձեր երջանկությունը պիտի խնդրեմ․ վայելեցե՜ք»։
1872 թվականի հունվարի 21-ին երիտասարդ Պետրոս Դուրյանը մահանում է։ Կարճատև կյանքի ընթացքում նա հասցնում է ստեղծել ու թողնել կարևոր ժառանգություն։ Գրիգոր Զոհրապն ասում էր.
«Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է»։
Դուրյանն իր աշխարհն էր ստեղծել ու ընթերցողին թույլ էր տվել տեսնել այդ աշխարհը։ Սևակը դիպուկ ու զգացմունքային կերպով նկարագրում է այդ աշխարհը.
«Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»։
Երիտասարդ Պետրոս Դուրյանն իր ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չէր հասցրել լուսանկարվել։ Նրա միակ հայտնի նկարը, որը բոլորիս ծանոթ է դպրոցական դասագրքերից, ստեղծվել է մոր ու քրոջ դիմագծերի և բանաստեղծին ճանաչողների հիշողությունների հիման վրա։ 1892 թվականին Բարսեղ Էքսերճյանը, որը դարձավ Դուրյանի առաջին կենսագիրը, նկարիչ Մկրտիչ Պարսամյանցի հետ փորձեց վերստեղծել բանաստեղծի դիմանկարը։ Երկու տարի աշխատանքից հետո, բազմաթիվ սրբագրումներով, ստացվեց այն պատկերը, որը մենք այսօր ճանաչում ենք։
Բայց տասնամյակներ էին պետք, որ Դուրյանի իրական դիմագծերին ծանոթանայինք։ 1960-ականներին, երբ Ստամբուլում գերեզմանատան տարածքում ճանապարհ էին կառուցում, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը կարողացավ ծածուկ, փարաջայի տակ թաքցրած, Հայաստան բերել բանաստեղծի գանգը։
1969 թվականին Վազգեն Վեհափառը գանգի բեկորներն ի պահ հանձնեց Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։ Ակադեմիկոս, մարդաբան Անդրանիկ Ճաղարյանը, հետևելով Մ.Մ. Գերասիմովի մեթոդին, գանգի բեկորների հիման վրա վերականգնեց Դուրյանի իրական դեմքը և քանդակ ստեղծեց։
Հիվանդության վերջին ամիսներին բանաստեղծը փորձեց կարգի բերել իր ձեռագրերը, բայց ուժերը չբավարարեցին։ Շատ գործեր մնացին անավարտ, իսկ ավարտվածներից էլ շատերն այդպես էլ չգտնվեցին։
Պետրոս Դուրյանն ապրեց ընդամենը երկու տասնամյակ, նրա կյանքը լի էր տառապանքով, բայց Դուրյանը որոշեց տեսնել գեղեցիկը։ Դուրյանը չէր վախենում մահից, ընդունում էր այն որպես կյանքի բնականոն ավարտ։ Բայց միաժամանակ ցավում էր, որ քիչ ժամանակ ունեցավ, իսկ երազանքները շատ էին։
«Կարափն իր վերջի շունչին իր էն ներդանշակավոր ճիչը կ'արտասանե կըսեն. թող ես ալ կարափին պես անցած ըլլամ աշխարհեն:»