Կարդալիքներ PAN-ից
Yesterday

20 տարվա կառուցման պատմությունն ու 100,000 բացառիկ ցուցանմուշը. Եգիպտոսում բացվել է հնագիտական ամենամեծ թանգարանը

Այս պատմությունը սկսվում է 1990-ականներից։ Աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը կառուցելու գաղափարն առաջին անգամ առաջացել է Հոսնի Մուբարաքի նախագահության օրոք։ Սա առաջին հայացքից անհնար թվացող մի երազանք էր ու ինչպես հաճախ է լինում մեծ երազանքների դեպքում, դրա իրականացման ճանապարհը երկար ու բարդ էր։

Նախագծի մասին պաշտոնապես հայտարարվեց 2002 թվականին։ Առաջին քայլով թանգարանի կառուցման համար պետք էր կազմակերպություն ընտրել։ Հայտարարվեց միջազգային մրցույթ ու արդյունքում 82 երկրներից 1557 ճարտարապետական նախագիծ ներկայացվեց։ 2003 թվականի հունիսի 2-ին հաղթող ճանաչվեց իռլանդական Heneghan Peng ընկերությունը, որը BuroHappold Engineering-ի և Arup Group-ի հետ համատեղ մշակեց ճարտարապետական ավարտուն նախագիծը։

Շինարարությունը սկսվեց ուղիղ 20 տարի առաջ՝ 2005 թվականին։ Այն նախատեսվում էր ավարտել 2012-ին, բայց, իհարկե, աշխարհաքաղաքական հանգամանքներն այլ սցենար էին նախատեսել։ Նախ՝ Արաբական գարունը, որը գլխիվայր շրջեց ամբողջ Մերձավոր Արևելքը։ Քաղաքական անկայունությունը, ֆինանսական ճգնաժամը, տարածաշրջանային մեկը մյուսի հետևից ահագնացող լարված իրավիճակներն ուղիղ ազդեցություն էին թողնում աշխատանքների վրա ու տարիներով հետաձգում էին թանգարանի բացումը։ Վերջին հարվածն էլ կորոնավիրուսի համավարակն էր։ Ամեն դեպքում՝  20 տարի անց թանգարանի բացումը վերջապես կայացավ։

Հիմա բոլորը փաստում են, որ թանգարանի շենքն ինքնին արվեստի գործ է։ Դուբլինում հիմնված Heneghan Peng Architects-ի նախագծով՝ շենքի դիրքավորումը հետաքրքիր համադրության մեջ է Քեոփսի մեծ բուրգի հետ։ Արտաքինից շենքը ծածկված է եռանկյունաձև կիսաթափանց ալաբաստրե կտորներով ու տպավորիչ տեսողական կապ է ստեղծում հին ու նոր աշխարհների միջև։

Մուտքի հատվածը 10 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։ Ներս մտնելիս առաջին բանը, որ տեսնելու եք, Ռամզես II-ի հսկայական արձանն է։ 11 մետր բարձրությամբ, 83 տոննա կշռող, 3200 տարեկան այս կոթողը 51 տարի կանգնած է եղել Կահիրեի գլխավոր երկաթուղային կայարանի առջև։

Այնուհետև վեր է բարձրանում վեցհարկանի մեծ աստիճանավանդակը, որի երկու կողմերում շարված են հին եգիպտական թագավորների և թագուհիների արձանները։ Եվ երբ հասնում եք վերև, ձեզ դիմավորում է կարծես կտավից դուրս եկած մի տեսարան՝ դեպի Գիզայի բուրգեր։ Ճարտարապետական լուծումների շնորհիվ թանգարանը բուրգերին կապվում է կամուրջի միջոցով ու թույլ է տալիս զբոսաշրջիկներին երկու վայրերի միջև կամուրջն անցնել ոտքով կամ էլեկտրական մեքենաներով։

Եթե թանգարանն ունի սիրտ, ապա այս դեպքում դա անկասկած Թութանհամոնին նվիրված սրահներն են։ Երկու ամբողջական սրահներ նվիրված են երիտասարդ փարավոնի նմուշներին և այս դեպքում իսկապես տեղին է ասել՝ գանձերին։ Բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերը 1922 թվականին հայտնաբերեց մոռացված դամբարանը ու միայն մեկ դար անց բոլոր գանձերն առաջին անգամ ցուցադրվում են միասին։

5500 առարկա, որոնցից նախկինում միայն 1800-ն էր հասանելի հանրությանը։ Ոսկե դիմակը, գահը, զարդերը, պարտեզային կառքերը՝ այս առարկաներից յուրաքանչյուրն իր պատմական նշանակությունն ունի։ Թութանհամոնի բոլոր գտածոները մեկ տեղում հավաքելը այս թանգարանի գլխավոր այցեքարտն է։

Բայց իրականում Թութանհամոնի դամբարանի գտածոները միայն սկիզբն են։ Թանգարանի մեկ այլ արժեքավոր նմուշ է փարավոն Խուֆուի հուղարկավորական նավը։ 4600 տարեկան այս նավը համարվում է աշխարհի ամենահին և ամենալավ պահպանված նավերից մեկը։

12 հիմնական սրահները ցուցանմուշներ են ցուցադրում հին ժամանակներից մինչև հունահռոմեական դարաշրջան։ Չորրորդ սրահում, որը նվիրված է «հավատալիքներին», տեղադրված է վերածննդի, բնության արտադրող ուժը մարմնավորող եգիպտական աստված Օսիրիսի տպավորիչ արձանը։

Անշուշտ, այս նմուշները չափազանց տպավորիչ են, բայց այս թանգարանն ավելին է, քան պարզապես արտեֆակտերի հավաքածու։ Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին այն անվանել է «նվեր աշխարհին»։ Իսկ նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի խոսքով թանգարանը «միավորում է հին եգիպտացիների հանճարը և ժամանակակից եգիպտացիների ստեղծագործականությունը՝ համաշխարհային մշակույթն ու արվեստը հարստացնելով նոր նշանակետով»։

Հնագետ Զահի Հավասը, որին հաճախ անվանում են «եգիպտական Ինդիանա Ջոնս», կարծում է, որ սա ավելին է, քան պարզապես բացառիկ նմուշների ցուցադրություն։ Ըստ Հավասի, սա փափուկ ուժի կիրառման հիանալի դրսևորում է ու փորձ՝ վերադարձնելու Եգիպտոսին իր ժառանգությունը։

«Եկել է ժամանակը, որ մենք դառնանք մեր սեփական հուշարձանների ուսումնասիրողները»։

Հավասը հիշեցնում, որ Արքաների հովտում հայտնաբերված 64 դամբարաններից ոչ մեկը եգիպտացիների կողմից չի պեղվել։ Եգիպտոսի մեծ հայտնագործությունների մի զգալի հատված, այդ թվում Թութանհամոնի դամբարանը, իսկապես արվել են օտարերկրացի հնագետների կողմից։

Բացի հսկայական ցուցասրահներից, թանգարանի հսկայական համալիրում տեղակայված են տարածաշրջանի ամենաժամանակակից պահպանման և հետազոտական լաբորատորիաները։ Այստեղ եգիպտական և միջազգային թիմերը առաջիկա տասնամյակների ընթացքում կուսումնասիրեն, կվերականգնեն բացառիկ նմուշներ և նոր բացահայտումներ կանեն։

Նոյեմբերի 1-ին թանգարանի բացման պաշտոնական արարողությունը իսկական միջազգային իրադարձություն դարձավ։ Այդ օրն անգամ հայտարարվել էր պետական տոն։ Ներկա էին շուրջ 80 երկրների պատվիրակություններ բոլոր մայրցամաքներից՝ ավելի քան տասը թագավորներ և թագաժառանգներ, մոտ քսան երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ և բարձրաստիճան այլ հյուրեր։

Թանգարանն հանրության համար բաց է նոյեմբերի 4-ից։ Մուտքի տոմսը եգիպտացիների համար արժե 200 եգիպտական ֆունտ (մոտ 4 դոլար), իսկ օտարերկրացի այցելուները վճարում են 1200 ֆունտ (25 դոլար)։ Ի դեպ, թեև տեղացիների համար արժեքը զգալիորեն պակաս է օտարերկրացիների համար սահմանված գնից, շատերի համար 4 դոլարն անգամ չափազանց թանկ է։

Լուվրից երկու անգամ մեծ այս թանգարանում 24 հազար քառակուսի մետր մշտական ցուցադրական տարածքից բացի կան մանկական թանգարան, կոնֆերանս դահլիճներ, առևտրի գոտի և վերականգնման կենտրոն։

Կառավարությունը հույս ունի, որ թանգարանը կգրավի ավելի շատ զբոսաշրջիկների։ 2024 թվականին Եգիպտոս այցելել է ռեկորդային 15,7 միլիոն զբոսաշրջիկ՝ ապահովելով երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 8 տոկոսը։ Նպատակը՝ 2032 թվականին հասնել տարեկան 30 միլիոն այցելուի։ Թանգարանը պատրաստ է օրական դիմավորել 15-20 հազար այցելուի։

Թանգարանի բացումը մեծ իրադարձություն էր, բայց Եգիպտոսում վստահ են, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Եգիպտական հնագիտության նոր դարաշրջանը միայն նոր է սկսվում։ Եվ այս թանգարանը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, լաբորատորիաներով և խոստումնալից մասնագետներով, հավակնում է դառնալ այդ նոր դարաշրջանի առանցքը։


✍️ Նանե Մանուկյան / PAN