Կարդալիքներ PAN-ից
August 15

AI-ի մայրական բնազդը, Մասկի նոր սկանդալն ու դավաճան chatbot-երը. «Գող փիսո ու քաչալ շուն» AI հսկաները

Էլ գող փիսո՜, էլ քաչալ շո՜ւն… Բանը հասավ դիվանբաշուն։ Կամ, ինչպես «Կարգին հաղորդման» երկրպագուները կմեջբերեին հայտնի դրվագը՝ «բոշա, փչացած, բոշա, փչացած»։ Ու հանկարծ կհայտնվեր ինչ-որ chatbot, որ կասեր՝ երկուսդ էլ ճիշտ եք։

Հիմա ավելի լուրջ։ Տեխնոլոգիական աշխարհում կրկին կռիվ է ընկել։ Այս դեպքում՝ լեզվակռիվ։ Մեկ անգամից գուշակեք, թե ով է գլխավոր հերոսներից մեկը։ Եթե Իլոն Մասկը ծանոթ լիներ հայկական ասույթներին, հիմա հաստատ կասեր՝ «մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»։ Բայց ստացվել է այնպես, որ այս անգամ ևս նրա մատը խառն է։ Ամենաուղիղ ձևով։ Մյուս կողմում Սեմ Ալթմանն է, որը սկանդալային միջադեպերի թվով ակնհայտ զիջում է Մասկին, բայց լեզուն պակաս սուր չէ։ Ամեն ինչ դուրս է գալիս «սովորական վեճի» մակարդակից, երբ գործին խառնվում են Մասկի ու Ալթմանի ստեղծած արհեստական բանականության ամենահզոր գործիքներն ու իրար դեմ հակափաստարկներ են բերում։

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ ՄԻ ԱՆՄԵՂ ԹՎԻԹԻՑ

Մինչ դուք կշտապեք ուղղել մեզ ու ասել, որ թվիթը Twitter-ում էր, իսկ մենք X-ի ժամանակաշրջանում ենք ապրում, ասենք, որ դուք ճիշտ եք։ Բայց այստեղ կարևորը բովանդակությունն է։

Ամեն ինչ սկսվեց, երբ X սոցիալական հարթակի սեփականատեր Իլոն Մասկը մեղադրանքների ամբողջ շարք հրապարակեց։ Նրա հիմնական թիրախը Apple ընկերությունն էր։ Մեղադրանքն էլ հստակ էր՝ Մասկը պնդում է, թե App Store-ում Apple-ն անօրինական առավելություններ է տալիս OpenAI-ի ChatGPT-ին։

«Apple-ն այնպես է անում, որ արհեստական բանականության ոլորտում ոչ մի ընկերություն, բացի OpenAI-ից, չկարողանա App Store-ում առաջին տեղը զբաղեցնել։»

Նույն տեքստում Մասկը սպառնացել է, որ իր xAI ընկերությունն անմիջապես իրավական քայլեր կձեռնարկի։

Հիմա իսկապես լրջանանք։ Այս մեղադրանքները պատահական չեն։ 2024-ի հունիսին Apple-ը հայտարարել էր ChatGPT-ի հետ գործընկերության մասին՝ ինտեգրելով այն iPhone, iPad և Mac սարքերում։ Այս քայլը մտահոգություններ էր առաջացրել մրցակիցների շրջանում, որոնք վախենում էին, որ Apple-ի էկոհամակարգում ChatGPT-ն կստանա անարդար առավելություն։ Հարկ է նշել, որ Apple-ն արդեն իսկ ճնշման տակ է կարգավորողների կողմից. Այս տարվա սկզբին ԵՄ հակամենաշնորհային մարմինը App Store-ում սահմանափակումների համար ընկերությանը պարտավորեցրել է վճարել 500 միլիոն եվրո տուգանք։

Վերադառալով Մասկի մեղադրանքներին։ Հաջորդ թիրախը ChatGPT-ն էր։ Մասկի պնդմամբ ChatGPT-ին անօրինական կերպով «վարժեցնում են» X-ի տվյալների հիման վրա, դե իսկ  Apple-ը App Store-ը «պատել է» ChatGPT-ի գովազդով, մինչդեռ X-ը և Grok-ը ստվերում են մնացել։

ԱԼԹՄԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի պատասխանը չուշացավ։

«Զարմանալի հայտարարություն է, հատկապես հաշվի առնելով այն, ինչ լսել եմ՝ թե ինչպես է Իլոնը մանիպուլյացիա անում X-ի ալգորիթմներով, որպեսզի օգուտ քաղի իր և իր ընկերությունների համար, վնասի մրցակիցներին և այն մարդկանց, ովքեր իրեն դուր չեն գալիս»։

Այս մեղադրանքը ևս անհիմն չէ։ X-ի ալգորիթմների վերաբերյալ բանավեճերը վաղուց են շրջանառվում։ Տվյալների վերլուծությամբ զբաղվողներն ու հետազոտողները նշում են, որ Մասկի գրառումները հաճախ անհամաչափ բարձր տեսանելիություն են ստանում, ինչը կարող է վկայել ալգորիթմային մանիպուլյացիաների մասին։ Սա կարևոր դիտարկում է, որովհետև X-ն ակնհայտորեն դարձել է քաղաքական և հասարակական քննարկումների առանցքային հարթակ, և ալգորիթմային կողմնակալությունը կարող է ազդել միլիոնավոր մարդկանց կարծիքի վրա։

Մասկի արձագանքը չափազանց կտրուկ էր։ Նա Ալթմանին անվանեց «Scam Altman» ու պնդեց, որ Ալթմանը պնդում է նույնքան հեշտությամբ, որքան շնչում է։

«Քո զառանցական գրառումն արդեն 3 միլիոն դիտում ունի, ստախոս։ Դա շատ ավելին է, քան իմ շատ գրառումները, չնայած որ ես քեզանից 50 անգամ ավելի շատ հետևորդ ունեմ»։

Ալթմանն էլ թեժացրեց կրքերը ընդամենը երկու բառով՝ «Հմտության հարց է»։

ԵՐԲ ԲՈՏԵՐԸ «ԴԱՎԱՃԱՆՈՒՄ» ԵՆ

Հետո պարզվեց, որ այս օնլայն «հակամարտության» ամենազավեշտալի պահը դեռ առջևում էր։ X-ի օգտատերերից մեկը որոշեց հարցնել Grok-ին՝ Մասկի xAI ընկերության ստեղծած արհեստական բանականությանը, թե ով է իրավացի այս վեճում։ Այն ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ էր։ Grok-ը հայտարարեց՝

«Հիմնվելով ստուգված տվյալների վրա՝ Սեմ Ալթմանն է ճիշտ»։

Grok-ը մանրամասն բացատրեց, որ Մասկի պնդումներն անհիմն են, քանի որ 2025-ին DeepSeek և Perplexity հավելվածները նույնպես հայտնվել են App Store-ի #1-ում։ Ավելին, Grok-ը հաստատեց, որ X-ի ալգորիթմների մանիպուլյացիայի մասին ապացույցներ կան։

Մասկի պատասխանը չուշացավ։ Նա հրապարակեց սքրինշոթ, որտեղ ChatGPT-5 Pro-ն Մասկին էր համարում ավելի արժանահավատ։ Բայց օգտատերերը մի կարևոր մանրուք նկատեցին՝ Մասկը սահմանափակել էր ChatGPT-ի պատասխանը, թույլ տալով միայն անուն նշել, առանց փաստարկների։ Ի դեպ, «անկախ» հարցումները ցույց են տվել, որ AI մոդելների մեծամասնությունը հակված է Ալթմանին աջակցել։

Մասկի հաջորդ արձագանքն արդեն ծիծաղելի չէր։ Նա խոստովանեց, որ պատրաստվում է «ուղղել» Grok-ի ալգորիթմները։ Մասկի դիտարկմամբ բոտը չափազանց մեծ կշիռ է տալիս «ավանդական մեդիայի աղբյուրներին», ինչը «լուրջ խնդիր է», որը պետք է շտկել։ Այսինքն՝ սա ակնհայտորեն մտահոգիչ նախադեպ է  AI համակարգերի անկախության տեսանկյունից և բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ կարելի՞ է վստահել մի համակարգի, որի ստեղծողները պատրաստ են փոփոխել ալգորիթմները՝ ցանկալի պատասխաններ ստանալու համար։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Այս հակամարտությունը շատ ավելի խորը արմատներ ունի։ 2015-ին Մասկն ու Ալթմանը միասին հիմնեցին OpenAI-ը՝ որպես ոչ առևտրային կազմակերպություն, որի նպատակն էր «ամբողջ մարդկության բարօրության համար» զարգացնել արհեստական բանականությունը։

2017-2018 թվականներին կազմակերպության ներսում ապագայի շուրջ լուրջ բանավեճեր սկսվեցին։ Ըստ OpenAI-ի տարբերակի, Մասկն առաջարկել էր կազմակերպությունը դարձնել առևտրային, միավորել Tesla-ի հետ և իրեն փոխանցել գլխավոր տնօրենի պաշտոնն ու վերահսկիչ փաթեթը։ Երբ ղեկավարությունը մերժեց այս առաջարկները, 2018-ի փետրվարին Մասկը լքեց տնօրենների խորհուրդը և դադարեցրեց ֆինանսավորումը։

2019-ին OpenAI-ը պաշտոնապես փոխեց իր կարգավիճակը՝ դառնալով շահույթ հետապնդող ընկերություն։ Միաժամանակ սկսվեց ռազմավարական գործընկերությունը Microsoft-ի հետ, որը բերեց միլիարդավոր դոլարների ներդրումներ։ Այս փոփոխությունը հիմնովին փոխեց AI ոլորտը՝ OpenAI-ին դարձնելով առաջատար խաղացող։

2023-ին Մասկը ստեղծեց իր սեփական xAI ընկերությունը և թողարկեց Grok չատ-բոտը՝ ChatGPT-ի ուղղակի մրցակիցը։ 2024-ի մարտին նա նույնիսկ դատի տվեց OpenAI-ին՝ մեղադրելով առաքելության «դավաճանության» մեջ, թեև հունիսին անսպասելիորեն հետ վերցրեց հայցը։ Ի պատասխան՝ OpenAI-ն հրապարակեց նամակագրություն, որտեղ Մասկն ինքն էր նախկինում աջակցում առևտրայնացմանը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

Հակամարտությունը նաև քաղաքական շերտ ունի։ Նախագահական քարոզարշավի ընթացքում օգտատերերը նկատել էին, որ ChatGPT-ն պատրաստակամորեն փաստարկներ է բերում Քամալա Հարիսի օգտին, բայց հրաժարվում է նույնը անել Դոնալդ Թրամփի համար։ Մասկը, որը ակտիվորեն աջակցում էր Թրամփին և միլիոններ է ներդրել նրա քարոզարշավում, սա համարեց ChatGPT-ի քաղաքական կողմնակալության ապացույց։

Իրականում այս մեղադրանքները լրջորեն ուսումնասիրելն իսկապես կարևոր է, որովհետև AI համակարգերը գնալով ավելի մեծ դեր են խաղում տեղեկատվության տարածման և հասարակական կարծիքի ձևավորման գործում։ Եթե այդ համակարգերը քաղաքական կողմնակալություն ունեն, ապա դա ակնհայտորեն կարող է լուրջ հետևանքներ ունենալ ժողովրդավարական գործընթացների համար։

APPLE-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Apple-ը, որն ակամա հայտնվել էր այս առճակատման կենտրոնում, Bloomberg-ին տված մեկնաբանության մեջ հերքել է բոլոր մեղադրանքները ու նշել, որ օգտագործում է միայն օբյեկտիվ չափանիշներ։ BBC-ն նշում է, որ չկան ապացույցներ, թե Apple-ը նախապատվություն է տալիս որևէ կոնկրետ AI հավելվածի։

Այնուամենայնիվ, դատական հայց ներկայացնելու մասին Մասկի սպառնալիքը կարող է լրացուցիչ ճնշում ստեղծել Apple-ի վրա, որն արդեն իսկ գտնվում է կարգավորողների ուշադրության կենտրոնում։ Եթե xAI-ն իսկապես դիմի դատարան, սա կարող է նախադեպային գործ դառնալ։

Մասկի և Ալթմանի վեճերը շարունակվելու են ու նոր երանգներ են ստանալու, նախ, որովհետև խաղադրույքները չափազանց բարձր են։ Ոլորտում անգամ ամենաչնչին առավելությունը կարող է որոշիչ լինել։

Իսկ մինչ Մասկն ու Ալթմանը շարժվում են դրամայի բոլոր կանոններով՝ Ջեֆրի Հինթոնը, որին շատերը համարում են ոլորտի ամենակարևոր գիտնականներից մեկը, պնդում է, որ շատ շուտով՝ հնարավոր է մի քանի տարվա ընթացքում, արհեստական բանականությունը կարող է մեզանից ավելի խելացի դառնալ և սկսել իր «գործերով զբաղվել»՝ փորձելով ապահովել սեփական գոյությունը։ Որպես լուծում առաջարկում է արհեստական բանականության մեջ «մայրական բնազդ» ներդնել, որպեսզի այն բնազդաբար սիրի ու պաշտպանի մեզ՝ խեղճ ու կրակ, բանից անտեղյակ, խոցելի ու արդեն ոչինչ չհասկացող հասարակ մահկանացուներիս։


✍️ Նանե Մանուկյան / PAN