Էփշթեյնի ֆայլերը, Նաբոկովի «Լոլիտան» և նախկին արքայազն Էնդրյուն. Ում անուններն են «Էփշթեյնի ցուցակում» և ինչ կա հրապարակված 3 մլն էջում
Ընդամենը մի օր էր պետք, որ ինտերնետը մոռանար հին ու նոր հերոսներին ու կրկին կենտրոնանար Ջեֆրի Էփշթեյնի վրա։ Էփշթեյնի գործի շրջանակում հրապարակվեց ավելի քան 3 մլն էջ փաստաթուղթ, 180,000 լուսանկար և մոտ 2000 տեսանյութ ու սա բավական էր, որ Փի Դիդդիի սպիտակ փարթիները եղածի համեմատ «մանկապարտեզ» թվային։ Այս փաստաթղթերի հրապարակումը Black Friday-ի զեղչերից էլ ավելի սպասված իրադարձություն էր։ Դավադրությունների սիրահարները սպասում էին սենսացիաների, քաղաքական ճամբարները՝ փոխադարձ մեղադրանքների, լրագրողները՝ նոր փաստերի ու ոչ միայն։ Բայց Էփշթեյնի գործն այն քիչ դեպքերից է, երբ իրականությունը մրցում է անգամ ամենախելագար դավադրության տեսությունների հետ։
Այս ֆայլերին դեռ կանդրադառնանք։ Բայց նախ՝ ով է Էփշթեյնը։
ՖԻՆԱՆՍԻՍՏ, ՈՐ ԿՂԶԻ ՈՒՆԵՐ
Ջեֆրի Էփշթեյնն ամերիկացի ֆինանսիստ էր։ 1980-ականներին ու 1990-ականներին նա քայլ առ քայլ ամրապնդեց իր դիրքերն Ուոլ Սթրիթում՝ նախ որպես բրոքեր, հետո ներդրող և կապիտալի կառավարիչ։ Նա կարիերան սկսել է գրեթե զրոյից, իսկ 2010-ականների վերջում մոտավորապես 600 մլն դոլար կարողություն ուներ։ Գուցե մտածեք՝ լրիվ «ամերիկյան երազանքի» սցենար է, բայց այդ «երազանքի» ֆոնին կապերի, ազդեցության ու անպատժելիության մի ամբողջ սարսափելի ցանց է ստեղծվել։
Էփշթեյնի հանրային կերպարն ի սկզբանե չափազանց հաջողակ մարդու մասին էր, դե իսկ նրա շրջապատում նախանձելի անուններ կային՝ աստղեր, քաղաքական գործիչներ, միլիարդատերեր։ Իսկ 1998 թվականից ֆինանսիստը սեփական կղզին ուներ՝ Կարիբյան ծովում գտնվող Լիթլ Սենթ Ջեյմս կղզին։ Այնտեղ մասշտաբային երեկույթներ էր կազմակերպում ու հավաքում տարբեր ոլորտների ազդեցիկ մարդկանց։ Հետագայում պարզ կդառնա, որ այդ «կղզին» այս պատմության գլխավոր սիմվոլներից էր։
2005 թվականից այս «աստղային» շրջանն ավարտվեց և արդյունքում 2008-ին նա մեղավոր ճանաչվեց անչափահասների ներգրավմամբ սեռական ծառայությունների գործով։ Պատիժը կարճատև էր՝ ընդամենը 13 ամիս, ու չափազանց մեղմ պայմաններով։ Այն ժամանակ արդեն լուրջ հարցական էր, թե ինչպես կարող էր նման մեղադրանքներով մեկը ստանալ այդքան բարենպաստ գործարք։
2019 թվականին Էփշթեյնը կրկին ձերբակալվեց՝ մարդկանց, այդ թվում՝ անչափահասներին սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի մեղադրանքով։ Մեկ ամիս անց նա մահացավ բանտում։ Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։ Այդ պահից սկսած այս պատմությունը չավարտվեց, փոխարենը դարձավ գլոբալ քաղաքական և հասարակական բազմաշերտ առեղծված։
ԷփշթԵՅՆԻ ՖԱՅԼԵՐԸ
Եթե պարզ ու համապարփակ ասենք, ապա Էփշթեյնի ֆայլերը հետաքննությունների դաշնային բյուրոյի վարած քննությունների նյութերն են։ Դրանք ներառում են ֆինանսիստի գրառումները, կոնտակտային գրքույկները, նամակագրությունը (էլ․փոստ, մեսինջերներ) և այլ նյութեր, որոնք վերաբերում են ինչպես իրեն, այնպես էլ իր հետ կապված մարդկանց։
Իսկ ի՞նչ է «Էփշթեյնի ցուցակը»։ Էփշթեյնի ձերբակալությունից հետո հանրային տրամադրությունները խիստ լարվեցին, ու մի պարզ հարց առաջացավ՝ եթե սա ցանց է, նշանակում է, որ Էփշթեյնը միայնակ չի գործել։ Այդ դեպքում՝ ովքե՞ր են ներքաշված այս պատմության մեջ։ Հաշվի առնելով, որ Էփշթեյնի մերձավոր շրջապատում հայտնի շատ անուններ կան՝ այս հարցի ու ցուցակի հնչեղությունն ավելի ու ավելի էր ուժգնանում։ Այսպիսով հասարակությունը պահանջում էր հանրայնացնել ֆայլերն ու բացահայտել էլիտայի հնարավոր հանցագործությունները։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը երկար ժամանակ մերժում էր այս պահանջն ու պնդում, որ «հում» նյութերն ինքնին ոչինչ չեն ապացուցում և կարող են անգամ վնասել այն մարդկանց, որոնք իրականում հանցանք չեն գործել։ Բայց այս դիմադրությունը կոտրվեց քաղաքական ճնշմամբ։ 2025 թվականի դեկտեմբերին Կոնգրեսն ընդունեց հատուկ օրենք, որը պարտավորեցնում էր նախարարությանը հրապարակել «Էփշթեյնի ֆայլերը»։
Օրենքը Թրամփը ստորագրել էր 2025 թվականի նոյեմբերի 19-ին, և նախարարությանը տվել 30 օր՝ հրապարակելու փաստաթղթերը։ Նախարարությունը ժամկետում չէր տեղավորվել՝ պատճառաբանելով, որ չի հասցնում ֆայլերը ստուգել և խմբագրել այնպես, որ զոհերի տվյալները պաշտպանված լինեն։ Արդյունքում ֆայլերը հրապարակվեցին փուլային տարբերակով, ընդհանուր առմամբ՝ մոտ 3,5 մլն էջ։ Վերջին ամենամեծ փաթեթը հանրայնացվեց հունվարի 30-ին։ Նոր հրապարակումներ, ըստ նախարարության, չեն նախատեսվում։
Ի՞ՆՉ ԿԱՐ ՖԱՅԼԵՐՈՒՄ
Հրապարակումից հետո լրագրողները բնականաբար սկսեցին հայտնի անուններ որոնել, պարզել, թե միլիոնավոր էջերում ով որտեղ է հիշատակվում, ում հետ ինչ կապ կա։ Բայց մի ցավալի հանգամանք կար՝ բացի «հայտնի» անուններից տեքստերում հայտնվել էին առնվազն 43 զոհի անուններ, որոշ դեպքերում անգամ հասցեներ ու հեռախոսահամարներ։ Շատերը դժգոհում են, թե որոշ նյութերում նախարարությունը կարող էր փակել շատ ավելի պակաս զգայուն փաստեր ու անուններ, բայց միաժամանակ բաց թողնել զոհերի տվյալները։ Օրինակ, նամակագրություններից մեկում Թրամփի լուսանկարը փակել էին սև քառակուսով, իսկ զոհերի տվյալները բաց էին մնացել։
Զոհերից մեկը հրապարակային կերպով քննադատել էր նախարարությանը։ Սկզբում կարծում էր, թե եղածն անփութության հետևանք է, հիմա՝ պնդում, որ գուցե դիտավորություն կար։ Արդարադատության նախարարությունն արդարանալու եղանակ գտավ ու հայտարարեց, որ այդ բացթողումներն ընդամենը 0,01% են։ Բայց, իհարկե, ավելորդ է նշել, որ անգամ 0,0001 տոկոսի դեպքում, եթե որևէ մեկի կյանքը հանրային թիրախի կենտրոնում է հայտնվում, ապա իրավիճակը խնդրահարույց է։
Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններն այս ամենը դիտարկում են ավելի լայն համատեքստում։ Տպավորություն է, որ սա կարող է վախեցնող ազդակ լինել մյուս զոհերի համար։ Երբ տեսնում են, որ պետությունը չի պաշտպանում զոհերի անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, հաջորդ զոհը կարող է վախերի ու կասկածների մեջ ընկնել ու որոշել, որ այդ գլխացավանքն իրեն պետք չէ։ Այսպիսով ստացվեց, որ ֆայլերի հրապարակմամբ հանրությունն արդարություն էր ուզում, բայց ստացավ մի իրավիճակ, որտեղ արդարության ճանապարհին առաջինը տուժում են ամենախոցելիները։
Տեքստերում բազմաթիվ ծանր վկայություններ կան։ Զոհերը ցուցմունքներում պատմում են, որ Էփշթեյնը ոչ միայն սեռական շահագործման է ենթարկել անչափահասներին, այլև փաստացի այդ աղջիկներին «փոխանցել է» իր ընկերներին։ Այսինքն՝ այս ենթատեքստը փաստացի կա, բայց հրապարակային կերպով որպես «հաճախորդ» հստակ նշված է միայն հենց ինքը՝ Էփշթեյնը։ Մնացածը մշուշոտ է և մնում է փաստերի, ենթադրությունների և հանրային քննարկումների միջակայքում։
Ի դեպ, բացի Էփշթեյնից այս գործի շրջանակում երկու հիմնական ձերբակալվածներ կային։ Գիսլեյն Մաքսվելը՝ Էփշթեյնի երկարամյա ընկերուհին ու օգնականը, որը 2022 թվականին դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ անչափահասներին Էփշթեյնի հետ սեռական հարաբերության մեջ ներքաշելու համար։ Եվ Ժան-Լյուկ Բրունելը՝ Ֆրանսիայում ձերբակալված մոդելային գործակալության ղեկավար, որը ֆինանսավորվում էր Էփշթեյնի կողմից։ Նրան մեղադրել էին անչափահասների բռնաբարության մեջ, հարցաքննել նաև մարդկանց թրաֆիքինգի գործով։ Բրունեկը 2022 թվականին ինքնասպան է եղել Փարիզի բանտում։
Այս ֆայլերում տհաճ, զզվելի, ցավալի, անողոք, անմարդկային բազմաթիվ դրվագներ կան, բայց համացանցը դրանցից մի քանիսն է ֆիքսել ու տարածում։ Օրինակ, որ Էփշթեյնի շրջապատում որոշ մարդիկ անչափահասների հետ սեռական հարաբերության թեման քննարկելու համար կոդավորված բառեր են օգտագործել։ Հաճախ հանդիպում է «պիցցա» բառը։
Օրինակ, 2015 թվականի սեպտեմբերի 30-ի մի նամակ, որտեղ ուղարկողի անունը թաքցված է, հասցեագրված է Վալդսոն Կոտրենին՝ Էփշթեյնի փարիզյան տան կառավարչին․ «Քո պիցցան՝ ՆՅԱՄ ՆՅԱՄ!! Շնորհակալություն այսօրվա պիցցայի համար…»
Կամ 2017 թվականի մայիսի 25-ի մի նամակում ուղարկողի ու ստացողի անունները թաքցված են. «Պիցցա պատվիրել Բոբի Սլեյթոնի համար»։
Ի ՎԵՐՋՈ՝ ԻՆՉ ՀԱՅՏՆԻ ԱՆՈՒՆՆԵՐ ԿԱՅԻՆ ՑԱՆԿՈՒՄ
Երբ հրապարակվեց Էփշթեյնի ֆայլերի վերջին խոշոր փաթեթը, լրագրողներն ու թեմայով հետաքրքրված բոլոր մարդիկ սկսեցին ծանոթ անուններ փնտրել։ Դե, որովհետև հանրային քննարկումները վաղուց արդեն չէին դիտարկում «Էփշթեյնը մեղավո՞ր էր» հարցն ու առավել տեղին էր «Ո՞վ կար նրա շրջապատում»-ը։
Բայց մինչ անուններին հասնելը, մի կարևոր դիտարկում՝ ֆայլերում որևէ անվան հիշատակումն ինքնին չի նշանակում, թե տվյալ մարդը հանցագործություն է գործել։ Շատ դեպքերում խոսքը պարզապես նամակագրության, հանդիպումների, սոցիալական կապերի կամ լրատվական հոդվածների մասին է։ Եվ այս տարբերությունը պետք է ֆիքսել, եթե ուզում ենք մնալ ողջախոհության սահմաններում։
Դոնալդ Թրամփը և Բիլ Քլինթոնը․ Քաղաքական ֆոն՝ առանց ուղիղ ապացույցների
Էփշթեյնը և Դոնալդ Թրամփը ծանոթացել էին դեռևս 1980-ականների վերջում։ Նրանք նույն շրջապատում էին, նրանց առանձնատները Փալմ Բիչում իրար շատ մոտ էին տեղակայված։ Երկուսն էլ 1990-ականների սկզբին նվիրատվություններ էին անում Բիլ Քլինթոնի նախընտրական հիմնադրամին։ Քլինթոնը հետագայում, որպես նախագահ, մի քանի անգամ հանդիպել էր Էփշթեյնին։
Ֆայլերի վերջին փաթեթում Թրամփի ազգանունը հայտնվում է ավելի քան հինգ հազար անգամ։ Դրանք հիմնականում ուղղակի հիշատակումներ են, հաճախ նույնիսկ ոչ թե Էփշթեյնի ուղիղ նամակներում, այլ նրան փոխանցված լրատվական հոդվածներում։ Արխիվում հայտնվել է նաև ՀԴԲ-ի կողմից 2025 թվականին կազմված՝ սեռական բնույթի մեղադրանքների չհաստատված ցանկը՝ Թրամփի և նախկին նախագահ Քլինթոնի դեմ։ Այդ փաստաթուղթն ապացույցներ չի պարունակում, այլ արձանագրում է մեղադրանքների առկայությունը։
Թե՛ Թրամփը, թե՛ Քլինթոնը տարիներ շարունակ ընդգրկված են եղել Էփշթեյնի նեղ շրջապատում, բայց երկուսն էլ հերքում են, որ տեղյակ են եղել նրա հանցագործություններից։ Ավելին՝ ըստ Թրամփի՝ նրանք վիճել են 2004 թվականին, քանի որ Էփշթեյնը նրա ակումբում իբր փորձում էր ինչ-որ աղջիկների իրենով անել։ Այլ վարկածով՝ պատճառի հիմքում բիզնես հարցերն էին։ Ամեն դեպքում՝ նրանց կապը կարծես խզվել է 2000-ականների կեսից։
Միևնույն ժամանակ, 2016 և 2020 թվականների ընտրական քարոզարշավների ընթացքում Էփշթեյնի թեման քաղաքական լուրջ գործիք դարձավ։ Դեմոկրատները հանրապետականներին էին մեղադրում Էփշթեյնի հետ կապերի մեջ, հանրապետականներն էլ՝ դեմոկրատներին։ Օրինակ՝ տարածվեցին պնդումներ, թե Քլինթոնները ներգրավված են եղել աղջիկների սեռական շահագործման և նույնիսկ Էփշթեյնի մահվան մեջ։ Բայց ֆայլերում նման մեղադրանքների ոչ մի հաստատում չկա։
Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը և տեխնոաշխարհի մյուս դեմքերը
Էփշթեյնի ֆայլերում հիշատակվում են նաև տեխնոլոգիական աշխարհի ամենահայտնի անունները՝ Իլոն Մասկ, Բիլ Գեյթս, Ջեֆ Բեզոս, Մարկ Ցուկերբերգ, Լարի Փեյջ, Սունդար Պիչայ և ուրիշներ։ Բայց կրկին՝ կոնտեքստները տարբեր են։
Բեզոսի դեպքում խոսքը հիմնականում տարբեր միջոցառումների մասին է։ Կարճ ասած՝ նրանք մասնակցել են նույն միջոցառումներին, բայց չկա որևէ վկայություն, որ նրանց միջև ուղիղ ակտիվ շփում է եղել։ Նույնը՝ Ցուկերբերգի, Փեյջի և սիլիկոնյան այլ միլիարդատերերի դեպքում։
Բիլ Գեյթսի հետ հարաբերություններն ավելի երկարատև են եղել։ Հայտնի է, որ նրանք շփվել են նույնիսկ Էփշթեյնի 2008 թվականի դատավճռից հետո։ Լրատվամիջոցները նույնիսկ ենթադրել են, որ այդ շփումները կարող էին դեր խաղալ Գեյթսի և Մելինդա Ֆրենչ-Գեյթսի ամուսնալուծության մեջ։
Ֆայլերում առկա է երկու նամակ՝ 2013 թվականի հուլիսից, որոնք Էփշթեյնը հասցեագրել է Գեյթսին, բայց ուղարկել ինքն իրեն։ Այդ նամակներում նա դժգոհում է, թե Գեյթսը որոշել է խզել կապերը հեղինակությունը պաշտպանելու համար, չնայած, նրա խոսքով, ինքը տարիներ շարունակ օգնել է նրան «նույնիսկ ամենաինտիմ հարցերում»՝ մինչև «ռուս աղջիկների հետ սեռական հարաբերությունների հետևանքների դեմ դեղեր ձեռք բերելը»։ Գեյթսը հրապարակայնորեն հայտարարել է, որ այդ բովանդակությունը սուտ է և ափսոսանք է հայտնել Էփշթեյնի հետ շփումների համար։
Իլոն Մասկի դեպքում նամակագրությունը ցույց է տալիս, որ 2012 թվականին նա հետաքրքրվել է, թե երբ է լինելու «մեր կղզում ամենախելագար երեկույթը», և նշել, որ կարող է գալ իր այն ժամանակվա կնոջ՝ Թալուլա Ռայլիի հետ։ Ավելի վաղ Մասկը պնդել էր, որ Էփշթեյնը փորձել է իրեն հրավիրել կղզի, բայց ինքը հրաժարվել է։ Ֆայլերում երևացող նամակները ցույց են տալիս առնվազն հետաքրքրվածություն։ Բայց պարզ չէ՝ Մասկն ի վերջո մասնակցե՞լ է «խելագար երեկույթին», թե՝ ոչ։
Ռուս աղջիկները, Եվրոպան և մոդելային գործակալությունները
Ֆայլերում բազմիցս հիշատակվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներից աղջիկներ՝ Սամարա, Սարատով, Նիժնի Նովգորոդ, Օմսկ, Չելյաբինսկի մարզ։ Նշվում է նաև, որ 2010 թվականին Էփշթեյնն արքայազն Էնդրյուին առաջարկել է ծանոթացնել 26-ամյա ռուս աղջկա հետ՝ նրան բնութագրելով որպես «գեղեցիկ, խելացի և վստահելի»։
2018 թվականի նամակագրությունում հայտնվում է նաև Կրասնոդարի Shtorm մոդելային գործակալության անունը և Ռայա անունով մի մոդել։ Գործակալության հիմնադիր Դանա Բորիսենկոն հայտարարել է, որ որևէ կապ չունի Էփշթեյնի հետ և երբեք ԱՄՆ աշխատանքի չի ուղարկել մոդելների։
Էփշթեյնի հետաքրքրությունն Արևելյան Եվրոպայի կանանց նկատմամբ երևում է նաև նրա նամակագրությունից Սթիվ Տիշի՝ «Նյու Յորք Ջայենթս» ամերիկյան ֆուտբոլի թիմի համասեփականատիրոջ հետ։ 2013 թվականին նրանք քննարկում էին ուկրաինացի և ռուս աղջիկների, որոնց հետ Տիշը ծանոթացել էր Էփշթեյնի միջոցով։
Ֆայլերում հիշատակվում է նաև Նորվեգիայի թագաժառանգի կինը՝ Մետթե-Մարիտը։ Նամակագրությունը, որը տևել է առնվազն 2011-2014 թվականներին, ընկերական բնույթ ունի։ Նա Էփշթեյնին անվանել է «հմայիչ», կատակել, որ Փարիզը «հարմար է դավաճանության համար», և այլն։ Մետթե-Մարիտը հայտարարել է, որ 2013-ից հետո դադարեցրել է Էփշթեյնի հետ շփումը և իր կապերն «ամոթալի» անվանել։ Նորվեգիայում այս պատմությունը միապետության նկատմամբ մեծ հիասթափություն է առաջացրել։
Եվրոպական այլ քաղաքական դեմքեր ևս հայտնվել են արխիվում՝ տարբեր կոնտեքստներում ու տարբեր պատճառներով։ Սա հանգեցրել է բազմապիսի պաշտոնական քննությունների և հրաժարականների։
Արքայազն Էնդրյու․ Ամենածանր հետևանքներով պատմությունը
Եթե ֆայլերի հրապարակումից հետո ու անգամ դրանից առաջ էլ կար անուն, որն իսկապես շոշափելի հետևանքներ կրեց, դա բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Էնդրյուն էր։ Նրա և Էփշթեյնի ծանոթությունը, ըստ արքայազնի, եղել է 1999 թվականին՝ Գիսլեյն Մաքսվելի միջոցով։ Բայց կենսագիր Էնդրյու Լոունին պնդում է, որ տղամարդիկ ծանոթացել են ավելի վաղ՝ 1990-ականների սկզբին։ Տարբեր աղբյուրներում նշվում է, որ Էնդրյուն Էփշթեյնին հրավիրել է Բալմորալ ամրոց, իսկ 2000 թվականին նրան տեսել են Դոնալդ Թրամփի ֆլորիդյան կալվածքում։
Չնայած 2008 թվականի դատավճռին, Էնդրյուն չի խզել Էփշթեյնի հետ կապերը։ 2010-ին նրանց լուսանկարել են Նյու Յորքում զբոսնելիս, ու դեռ այն ժամանակ սա մեծ սկանդալ էր։ Բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ նոր էր սկսվում։
Էնդրյուի հասցեին ամենածանր մեղադրանքը հնչեցրել է Վիրջինիա Ջուֆրեն։ Նա Էփշթեյնի զոհերից առաջինն էր, որ հրապարակային մեղադրեց ֆինանսիստին։ Վիրջինիան հայտարարել է, որ 2001 թվականին, երբ 17 տարեկան էր, ստիպված է եղել իր կամքին հակառակ սեռական հարաբերության մեջ մտնել արքայազնի հետ։ Ջուֆրեն պնդել է, որ նման երեք հանդիպում է եղել, և դրա դիմաց ստացել է առնվազն 15 հազար դոլար։ Էնդրյուն հերքել է մեղադրանքները։
Էնդրյուի վիճակը գնալով ավելի էր ծանրանում։ 2019 թվականին Էփշթեյնի մահից հետո Էնդրյուն հարցազրույց էր տվել, որը հանրությունն ու մասնագիտական համանքը PR աղետ էին որակել։ 2021 թվականին Ջուֆրեն վերջապես արքայազնի դեմ հայց ներկայացրեց, բայց գործը կարգավորվեց 12 միլիոն ֆունտ փոխհատուցման համաձայնությամբ։ Բայց սա Էնդրյուի վճարած ամենաթանկ գինը չէր։ Ի վերջո՝ 2025 թվականին նա զրկվեց բոլոր տիտղոսներից։
Օրեր առաջ հրապարակված նոր փաստաթղթերն Էնդրյուին ավելի ծանր կացության մեջ դրեցին։ Պարզվեց՝ 2011 թվականին նա շարունակել էր Էփշթեյնի հետ նամակագրությունը։ Ավելին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձել էր որպես վկա հարցաքննել նրան։ Այժմ բրիտանական ոստիկանությունն ուսումնասիրում է հետաքննություն սկսելու հիմքերը։ Նախկին արքայազնի եղբայրը՝ թագավոր Չարլզ III հայտարարել է, որ Բուքինգհեմյան պալատը պատրաստ է աջակցել ոստիկանությանը։
Նաբոկովն ու «Լոլիտան»
Ու ամենաանսպասելին՝ փաստաթղթերում հայտնվել է անգամ Նաբոկովի անունը։ Էփշթեյնը հետաքրքրված է եղել Վլադիմիր Նաբոկովի ստեղծագործական ժառանգությամբ, անդամակցել Նաբոկովի գրքերի սիրահարների ակումբին, գիտաժողովների մասին ծանուցումներ է ստացել և անգամ խորհրդակցել է Նաբոկովի առաջատար հետազոտող Բրայան Բոյդի հետ։
Հրապարակված որոշ լուսանկարներում կանացի մարմնի հատվածներ են պատկերված, որոնց վրա «Լոլիտա»-ից մեջբերումներ կան։ Սա ինքնին հանցագործություն չէ, բայց հաշվի առնելով Էփշթեյնի դեմ մեղադրանքների բնույթը՝ այս զուգադիպությունն այլ երանգներ է ստանում։
Ի վերջո՝ ինչ է մեզ տալիս այս ամբողջ ինֆորմացիան ու ինչ հետևանքներ են ունենալու հրապարակված միլիոնավոր էջերը։ Ամենայն հավանականությամբ, կլինեն նոր քննություններ ու քրեական գործեր։ Եթե ոչ ԱՄՆ-ում, ապա գոնե այլ երկրներում։ Որոշ մարդկանց համար քաղաքական լուրջ հետևանքներ կլինեն, մյուսների հեղինակությունը կտուժի, ու երևի այսքանը։ Կա՞ հասարակական ավելի լայն շարժման հավանականություն։ Գուցե։ Բայց ինչպես գիտենք՝ հասարակությունը մեղավորների հստակ անուններով «պարզ ցուցակներ» է նախընտրում, իսկ այս դեպքում փաստաթղթերի հանրայնացման արդյունքում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։