«Երգող կտավները»․ Ով նվագեց Կարավաջոյի կտավում և ինչպես մեռած գրողները Պիկասոյի վրձնով երաժիշտ դարձան
Ժամանակին Կարավաջոն իր ազդեցիկ պատվիրատուի՝ Մոնտեի համար նկարեց «Վինահարը»՝ մինչև 20-րդ դար կասկածի մեջ պահելով նայողին՝ նվագողը տղա է, թե աղջիկ: Նկարիչն իրական նոտաներ ու երգեր դրեց նրա առաջ՝ հղումով երաժշտական ստեղծագործություններին, դրանով, կարծես, առավել հնչելի դարձնելով իր կտավը։ Նվագ է լսվում նաև Պիկասոյի «Երեք երաժիշտներից», ու երաժշտության ձայն կա Վան Գոգի՝ Գոգենից ոգեշնչված ու մի քիչ ճնշված կտավում։
Ինչու են Կարավաջոն, Վան Գոգն ու Պիկասոն նկարել այս կտավներն ու արդյոք բոլոր երգող ու պարողներն են իրոք ուրախ։ PAN-ն այս անգամ պատմում է, թե ինչպես մի երիտասարդ կարողացավ մտնել Կարավաջոյի կտավներն ու նվագել այնտեղ, նաև՝ ինչպես Պիկասոն երաժիշտների եռյակում նկարեց իր գրող ընկերներին, իսկ Վան Գոգը պարահանդես վրձնեց՝ կարճ ժամանակով ոգեշնչվելով ու ազդվելով Գոգենից։
ԿԱՐԱՎԱՋՈ․ ՎԻՆԱՀԱՐԸ
Դրամատիկ էֆեկտներով, խիստ զգացմունքային ելևէջներով, ռեալության հասնող դետալներով ու նվագով է հարուստ Կարավաջոյի «Վինահարը»։
Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյին նախկինում էլ ենք անդրադարձել, բայց երաժշտության թեման թող նրան չշրջանցի։ 16-րդ դարի իտալական գեղանկարչության դեմքերից մեկը ոչ միայն կտավն էր կենսունակության աստիճանի շարժուն սարքում, այլև նկարներում նվագը՝ լսելի։
«Երաժշտությունը գեղանկարչության փոքր քույրն է․ այն չի մեռնում ու չի անհետանում, ինչպես մեղեդին՝ գրված ձեր կողմից»,-ասում են, այս խոսքերով է դիմել նա Վինչենցո Գալիլեյին՝ Գալիլեո Գալիլեյի հորը, որը ջութակահար էր։ Ընդհանարպես, Կարավաջոյի այս կտավը Գալիլեյը համարել է մարտահրավեր երաժիշտներին։
Իտալական բարոկկոյի վարպետը նկարը ստեղծել է 1595 թվականին՝ իր ազդեցիկ հովանավոր կարդինալ Ֆրանչեսկո դել Մոնտեի պատվերով, և, ասում են՝ այն արվել է, հաշվի առնելով պատվիրատուի հոմոսեքսուալ նախասիրությունները։
Այս մարդուն իր ժամանակի բացառիկ ճաշակ է վերագրվում․ 40-ին մոտ, գեղեցիկ, պոլիգլոտ, մելոման տղամարդն իր տանը հազվագյուտ երաժշտական գործիքներ, գրքեր էր հավաքում, ու տաղանդավոր նկարիչների գործերին տեղ տալիս։ Մոնտեի տանը, ասում են, երիտասարդ տղաների մասնակցությամբ բազմաթիվ խնջույքներ էին լինում․ ներկաների թվում խելոք դեմքեր ու ժամանակի մեծ անուններ, իհարկե, կարելի էր տեսնել։
Նվագող-երգող տղայի այս նույն թեմայով երեք համանման նկար է Կարավաջոյին վերագրվում, դրանք այժմ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Պետերբուրգի Էրմիտաժում, Մեծ Բրիտանիայի Բաթմիտոն Հաուսում են։
Կտավում պատկերված վինահարը՝ կլորավուն դեմքով, նուրբ մաշկով ու պատանուն հաղորդվող մեղմ կանացիությամբ երգվում-նվագվում է սիրո մասին․ այս մասին իմանում ենք պատանու առջև դրված նոտաներից ու գրությունից։
'Voi sapete ch'io v'amo . . .' «Դու գիտես, որ քեզ սիրում եմ» տողերով սկսվող մադրիգալով Կարավաջոյի հերոսը կատարում է, ամենայն հավանականությամբ, հոլանդացի կոմպոզիտոր Ջեյքոբ Արկադելտի (Jakob Arcadelt, 1514-1568թթ․) գործը։
Ընդհանրապես, կտավներում ներկայացված երաժշտական գործիքներն արժեքավոր են ու, հավանաբար, հենց պատվիրատուի հավաքածուից։ Էրմիտաժի ու Բաթմիտոն Հաուսի տարբերակներում տղան այլ մադրիգալ է նվագում՝ նույն Արկադելտին պատկանող ու ֆրանսերենով սկսվող՝ "Vous savez que je vous aime et vous adore...Je fus vôtre." («Դուք գիտեք, որ Ձեզ սիրում եմ և պաշտում եմ․․․ես Ձերն եմ եղել»։
Մադրիգալը երաժշտական-բանաստեղծական ժանր է, այն ծագել է իտալական հովվերգություններից ու մտել երաժշտության, գրականության մեջ։ Իր վաղ շրջանում (14-րդ դար) այն ունեցել է սիրային, քնարական, դիցաբանական կամ կենցաղային բնույթ։ Մադրիգալներ կան նաև Ստրավինսկու կոմպոզիտորական գործերում, օրինակ՝ Չարենցի «Էմալե պրոֆիլը ձեր» շարքը ևս մադրիգալի օրինակ է համարվում։
Երկու հոգու են «կասկածում այս կտավում երգելու մեջ». Առաջինը Մարիո Միննիտին է (Mario Minniti)․ նա 16-րդ դարի իտալացի արտիստ էր, Կարավաջոյի մի քանի կտավի մոդելն ու նկարչի ընկերը։
Միննիտին որպես բնորդ է հանդես եկել Կարավաջոյի «Պատանին մրգի զամբյուղով», «Բախտագուշակը», «Մատթեոս առաքյալի հրավերը», «Սուրբ Մատթեոսի նահատակությունը» ու հանրահայտ «Բաքոսը» կտավների համար։ Ասում են՝ նրանք հանդիպել են, երբ Մարիոն 16 տարեկան էր ու տարված նկարիչ դառնալու ցանկությամբ։ Կարավաջոն նրան որպես օգնական է վերցրել, բայց հետո վիճել են ու բաժանվել։
Բայց նրանց կապն ու ընկերությունը չի կտրվել․ 6 տարի անց Կարավաջոն, լինելով խիստ տաքարյուն տղամարդ, մենամարտի ժամանակ մարդ էր սպանել, փախել Սիցիլիա ու ապաստանել Մարիոյի տանը։
Ըստ Britannica-ի, Կարավաջոն մենամարտել էր Թոմասոնի ազգանունով տղամարդու հետ ու սպանել նրան։ Հետո ստիպված է եղել փախչել, քանի որ մենամարտն օրենքով արգելված է եղել ու պատժի ենթակա։
Իսկ ինչու է Կարավաջոն որոշել, խիստ պատկերավոր ասած, «սուսերով պարել»․ այս մենամարտի պատճառների մասին տարբեր վարկածներ կան․ իրար պարտք լինելուց մինչև իրար հետ թենիսի կորտ չկիսել։ Հիմա հերթով․ մի վարկածն այն է, որ Կարավաջոն կարող էր երկար ժամանակ տղամարդուն գումար պարտք եղած լինել, ըստ պահպանված տեղեկությունների՝ մենամարտը թենիսի դաշտում է եղել, ու վարկածներից մեկն էլ «հաղթողին որոշելն է»։
Մյուս վարկածն այն է, որ պատճառը ոչ ավանդական վարքով հայտնի ու նկարչի կտավներում հաճախ հայտնվող մոդել Մելանդրոնին էր (այս կինը «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը» կտավի բնորդներից է՝ գլխավոր հերոսուհին)։ Մյուս ենթադրությունն ու սպանության ենթադրյալ մոտիվը Կարավաջոյի հոմոսեքսուալ հետաքրքրությունն է։ Ասում են՝ նկարիչը փորձել է ամորձատել իր հետ մենամարտողին, բայց թուրը երակ է մտել ու Թոմասոնին մահացել է արնահոսելով։
Վերադառնալով նվագող ու երգող տղային. մեկ այն վարկածի համաձայն, այս նվագող տղան Սիքստինյան կապելլայում Կարավաջոյին իր ձայնով գերած կաստրատ Պեդրո Մոնտոյան է, որը կարդինալի ընտանիքի մտերիմներից էր։
Կարավաջոյի կենսագիր, ավստրալացի գրող Փիթեր Ռոբը, օրինակ, հակված է կարծել, սակայն, որ կտավում հենց Միննիտին է՝ նկարչի բազմաթիվ կտավների հերոսը։
Ի դեպ, երկար ժամանակ համարվել է, որ վինահարը կին է, և միայն 20-րդ դարի սկզբին քննադատները համաձայնել են, որ, այնուամենայնիվ, նա տղամարդ է․ որպես արական սեռին պատկանելու ապացույց բերվում է կրծքի բացակայությունը, 17-րդ դարում երաժշտական գործիքի՝ բացառապես տղամարդկային լինելը։
Կտավի լույսն ու ստվերը chiaroscuro (հայ․՝ լուսաստվեր) տեխնիկայով է․ այն ցույց է տալիս լույսի և ստվերի միջև բարձր հակադրություն՝ արվեստում դրամատիկ էֆեկտներ ապահովելու, առարկաներին ու անձանց ծավալայնություն հաղորդելու համար: Chiaroscuro-ի օրինակներ կարելի է տեսնել Լեոնարդո դա Վինչիի, Կարավաջոյի, Ռուբենսի և այլոց մոտ։
Նկարի տարբերակներին նայելիս առաջարկվում է նաև այն ոչ միայն ունկնդրել, այլև կարդալ՝ սիմվոլներով։ Սիրո մասին այս կտավում սիմվոլիկ են համարվում ծաղիկներն ու պտուղները․
Կարավաջոյի մյուս երաժշտական կտավը՝ «Երաժիշտները» Մոնտեի առաջին պատվերներից էր կամ առաջինը, ու, ասում են՝ պատկերում է կարդինալի երաժշտական երեկոներից մեկը։
Այս կտավին, սակայն, առաջարկվում է մի փոքր քննադատական հայացքով նայել․ համարվում է, որ այն զիջում է Կարավաջոյի մյուս գործերին նաև այն պատճառով, որ նկարիչը դեռ անփորձ էր։ Չնայած դրան՝ առաջարկվում է նաև ֆիքսվել Կարավաջոյի երաժիշտների փոխանցած մտերմության, անմիջականության վրա։
Համերգներով, նվագով թե երգով՝ Կարավաջոյի կտավները 17-րդ դարի Իտալիայի մասին են։ Նկարչի բնորդները հաճախ իրական հերոսներ են եղել Հռոմի փողոցներից, իրական մարդիկ, որոնք կտավների հեղինակի պես, պատմում են մի քանի դար առաջվա պատմություններ։
ՊԻԿԱՍՈ․ ԵՐԵՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ
Երաժշտությունը կուբիզմի մեջ տեղավորելու այս գործը Պիկասոն կատարել է 1921-ին, երեք ֆիգուրը ներկայացված է Synthetic Cubism-ով (Պիկասոն, ֆրանսիացի նկարիչ Ժորժ Բրաքը կուբիզմի հիմնադիրներից են համարվում)։
Ասում են՝ Պիկասոն այս կտավում իր ընկերներից երկուսին է ներառել․ ձախից ֆրանսիացի պոետ Գիյոմ Ապոլիներն է, նրանից աջ ու մուգ ֆոնովը՝ մեկ այլ պոետ, Մաքս Ջեյքոբը։
Պիկասոն, ի դեպ, իրեն ու ընկերներին մեկ անգամ չէ, որ նկարել է։ Family of Saltimbanques-ում նա ևս պատկերել է Ապոլիներին ու Ջեյքոբսին։ «Երեք երաժիշտներից» մի քանի տարի առաջ արված այս կտավում նաև Պիկասոն է ներկա՝ առլեկինի տեսքով։ 1921-ին արդեն, երբ նկարում էր «Երեք երաժիշտները» իր ընկերներից երկուսն արդեն կենդանի չէին։
«Երեք երաժիշտները» Պիկասոյի՝ Առաջին աշխարհամարտին հաջորդած գործերի թվին են դասվում․ սա Ժորժ Բրաքի հետ ստեղծագործական-աշխատանքային հարաբերությունների ավարտի, կոլաժային մոտեցումը կտավ բերելու շրջան էր։ «Երեք երաժիշտներով» Պիկասոն նոր մոտեցում ցույց տվեց ու ավելի «թանկացրեց» իր գործը՝ նկարելով այն յուղաներկով։
Այս կտավը, ասում են, ժամանակակից արվեստի բազմաթիվ նորարարությունների արտացոլումն է՝ ունենալով նաև պահպանողական տարրեր։
Նույն թվականի ամռանը Պիկասոն այս կտավի երկու տարբերակ է նկարում, հետո անցնում նաև «Երեք կին գարնանը», որտեղ օգտագործում է Կարավաջոյի սիրած chiaroscuro-ի միջոցով, ու հին հունական քանդակների նմանությամբ է կերտում կանանց։
ՎԱՆ ԳՈԳ․ ՊԱՐԱՍՐԱՀ ԱՐԼՈՒՄ
Արլի բազմամարդ սրահով՝ Վան Գոգի պարային կտավը նկարչի ու գործընկերոջ՝ Պոլ Գոգենի ծանոթության, շփման շրջանում է ստեղծվել։ Գոգենն ու Վան Գոգն այդ ժամանակ ցանկանում էին համատեղ ստուդիա հիմնել Ֆրանսիայի հարավում, բայց պլանները չիրագործվեցին ու ոգևորությունը մարեց։
Ասում են՝ այս կտավում հստակ է Գոգենի ազդեցությունը Վան Գոգի վրա, հատկապես սինթետիզմի ու կլաուզոնիզմի դրսևորումներով։ Բայց Գոգենի ազդեցությունն այստեղ միակը չէ՝ մի ամբողջական մշակույթին՝ ճապոնականին ևս այս կտավում հղումներ կան։
Մարդաշատության, իրար մոտիկ ու միասին մի տեղում գտնվելու մասին այս կտավում կլաուստրոֆոբիկ զգացողություններ են առաջանում հենց հերոսների մոտ․ դեպի դիտողը թեքված դեմքերում այդ անհարմարության զգացողությունն է փոխանցված։
Ասում են՝ Գոգնեի ու Վան Գոգի գաղափարական տարաձայնություններն ամեն դեպքում արտահայտվել են նաև այս նկարում։ Նրանց համագործակցային փուլը կարճ է տևել, ու այստեղ արժե հիշել, ըստ պատմությունների՝ հենց Գոգենի հետ վիճաբանությունից հետո է Վան Գոգը կտրել իր ականջը։
Այս երգ ու պարի ընթացքում առաջարկում ենք բացել նաև աբստրակտ աշխարհի դուռը, բայց դեռ չմտնել․ ահա Կանդինսկու կտավներից մի քանիսն այս նոտայի վրա։