Կտավից ավելի փոքր մեքենան, Վան Գոգի դեմ ակցիան ու դետեկտիվ դարձած ուսանողները. Հանցագործների՝ զավեշտի հասնող ձախողումները
Հոկտեմբերի 19-ին, կիրակի առավոտյան, երբ Փարիզը դեռ չէր արթնացել, չորս տղամարդ առանց լուրջ խոչընդոտների մտան Լուվր, գողացան այն, ինչ պլանավորել էին ու փախուստի դիմեցին։ Այս ամենը՝ ընդամենը մի քանի րոպեում։ Բայց ինչպես ասում են՝ կատարյալ ու անսխալ հանցագործություններ չեն լինում։ Կամ էլ՝ գրեթե չեն լինում։ Փախուստի ժամանակ նրանք կորցրել էին «ավարի» մի մասը՝ այդ թվում կայսրուհու թագը։ Ավելի ուշ այն հայտնաբերվել էր թանգարանի մոտակայքում։ Ամեն դեպքում՝ այս կողոպուտը ձախողված համարել չի կարելի, որովհետև, մեծ հաշվով, հանցագործները հստակ կատարեցին իրենց առջև դրված պլանը։
Բայց պատմության մեջ են մնում ոչ միայն հաջողված կողոպուտներն ու ամեն դետալը հաշվարկած արվեստասեր հանցագործները, այլև նրանք, ովքեր մեղմ ասած ձախողել են պլանն ու երբեմն անգամ ծիծաղի առարկա են դարձել։ Որոշ դեպքերում այս ձախողումները խիստ օբյեկտիվ հանգամանքների հետևանք են, այլ դեպքերում՝ ոչ բավարար ուսումնասիրության և այլն։ Ահա մի քանի օրինակներ, որ կփաստեն այս պնդումները։
Նախ՝ կեղծ Դալի, որ անգամ դպրոցականը չէր նկարի։ Նյու Յորքի Ռայքերս Այլենդի բանտում գրեթե քառասուն տարի կախված էր Սալվադոր Դալիի վրձնին պատկանող բնօրինակ մի աշխատանք։ 1963-ին Դալին խոստացել էր բանտարկյալների համար մի դասախոսություն կարդալ, բայց հիվանդացել էր և չէր կարողացել գնալ։ Որպես փոխհատուցում՝ նա մի քանի րոպեում նկարել էր խաչված Հիսուսի պատկերը՝ փշե պսակը գլխին, ու ուղարկել էր բանտ՝ որպեսզի կախեին ճաշարանում։
Տասնամյակներ անց, երբ կտավն արդեն «տեսել էր» իր բաժին ճաշի հետքերը, այն տեղափոխեցին ավելի ապահով մի վայր։ Բայց վայրն այդ, կարծես այնքան էլ ապահով չէր։ 2003-ին չորս բանտային պահակ որոշեցին գողանալ Դալիի աշխատանքը՝ կարծելով, թե կվաճառեն այն մեկ միլիոն դոլարով։ Նրանք կեղծ հրդեհային տագնապ հայտարարեցին, նկարը հանեցին ու փոխարինեցին կեղծ օրինակով։ Միայն թե կեղծիքը այն աստիճան անհաջող էր, որ նույնիսկ երեխան ավելի լավ կնկարեր։
The New York Times-ի բնորոշմամբ կեղծ Դալին կարծես գեղարվեստական զգացողությունից զուրկ մի երեխա նկարած լիներ։ Նոր կտավն անգամ նախատեսված շրջանակի մեջ չէր տեղավորվել։ Արդյունքում պահակներից մեկը հայտնվեց բանտում, մյուսները պայմանական ազատ արձակվեցին։ Իսկ ցավալի փաստն այն է, որ իրական Դալին այդպես էլ չգտնվեց։
Եթե պահակները մի փոքր ավելի խորն ուսումնասիրեին սյուրռեալիստ արտիստին, գուցե հասկանային, որ Դալիի սյուրռեալիստական ոճը ոչ միայն պատկերների ֆանտաստիկ կոմպոզիցիա է պատկերում, այլև հոգեբանական խորություն, խորհրդանիշների բարդ շերտեր և գունային զուգորդումներ, որոնք անհնար է պատճենել՝ առանց ստեղծագործական մտքի։ Ամեն դեպքում՝ անգամ փորձառու հանցագործները կտավը կեղծելուց առաջ երկար պիտի մտածեն, որովհետև իրական արվեստը պաշտպանված է ինքն իր ինքնատիպությամբ։
Մյուս «հերոսը»՝ Վան Գոգ։ 1991-ի ապրիլին Ամստերդամի Վան Գոգի թանգարանը դարձավ համարձակ, բայց ոչ այնքան կազմակերպված կողոպուտի վայր։ Զինված հանցագործներից մեկը մինչև թանգարանի փակվելը թաքնվել էր ներսում, հետո ներս էր թողել իր հանցակցին։ Նրանք կապել էին պահակներին, անջատել անվտանգության համակարգը և հանգիստ ընտրել շուրջ 20 կտավ՝ Վան Գոգի ուշ շրջանի գործերից։
Գուցե թվա, թե ամեն բան գրեթե անթերի կերպով պլանավորված էր, բայց մի մե՜ծ բայց կար այս պատմության մեջ։ Մեքենան՝ նրանց փրկության հույսը, հրաժարվեց «մասնակցել» կողոպուտին։ Շարժիչն այդպես էլ չմիացավ ու քանի որ ժամանակը մեղմ ասած սուղ էր, հանցագործները կտավները թողեցին մեքենայի մեջ ու ձեռքերը թափ տալով հեռացան։
Մոտ մեկ ժամ անց ոստիկանությունը գտավ կտավները։ Գողացված կտավների արժեքը գնահատվում էր շուրջ կես միլիարդ դոլար։ Արդյունքում ձերբակալվեցին չորս տղամարդ՝ ներառյալ պահակը։ Այսպես՝ հնարավոր ամենամեծ կողոպուտներից մեկն ավարտվեց տեխնիկական անսարքության պատճառով։
Սա միակ դեպքը չէ, երբ մեքենաները որոշել են խոչընդոտել հանցագործների մեծ ախորժակին։ 2012-ին Ստոկհոլմում երկու մարդ ներխուժել են մի առանձնատուն, որպեսզի պլանավորածի պես գողանային երեք կտավ, այդ թվում` Կառլ Լարսոնի ամենահայտնի կտավներից մեկը՝ Clair-Obscur-ը։ Նրանք մոռացել էին հաշվարկել մի բան՝ մեքենայի չափերը։ Երբ պարզվեց, որ կտավը պարզապես չի տեղավորվում մեքենայի մեջ, ստիպված եղան թողնել այն տեղում ու փախնել։ Երկու փոքր կտավ էլ ավելի ուշ հայտնաբերվեց մոտակա աղբամանում։
Առհասարակ, Լարսոնի աշխատանքները կարևոր են սկանդինավյան ռեալիզմի համատեքստում, դրանք ցուցադրում են մարդու ներքին հոգեվիճակը և արտաքին միջավայրը։ Դե, իսկ այս փոքր տեխնիկական սխալը հերթական անգամ հաստատեց, որ իրականում նման մասշտաբի պլանավորումները մշտապես պահանջում են զգոնություն, այդ թվում ու մասնավորապես՝ զուտ տեխնիկական, լոգիստիկ հարցերում։
Լինում են նաև դեպքեր, երբ «մեղավորը» թանգարանն է։ Կահիրեի Մոհամեդ Մահմուդ Խալիլի թանգարանը հայտնի է իր եվրոպական հավաքածուով ու մի քիչ էլ՝ իր ոչ այնքան տպավորիչ անվտանգության համակարգով։ Վան Գոգի «Ծաղկամանն ու ծաղիկները» կտավն այդ թանգարանից գողացվել է երկու անգամ՝ նախ՝ 1978-ին, հետո՝ 2010-ին։ Առաջին անգամ այն 10 տարի անց գտնվեց Քուվեյթում, երկրորդ անգամ՝ ընդհանրապես չգտնվեց։
Կտավի արժեքը գնահատվում էր 50-55 միլիոն դոլար։ Եգիպտացի սպաները սխալմամբ ենթադրում էին, որ նրանց հաջողվել է գողությունից մի քանի ժամ անց գտնել նկարը, երբ Իտալիայից երկու կասկածյալներ փորձեցին անցնել սահմանն ու Կահիրեի միջազգային օդանավակայանից մեկնել Իտալիա։ Բայց պարզվեց՝ այստեղ ևս սխալվել են։
Այդ օրը թանգարանում ընդամենը տասը այցելու կար, բայց 43 տեսախցիկներից աշխատում էին միայն յոթը։ Հանցագործներն անգամ բազմոց էին տեղափոխել՝ կտավին հասնելու համար։ Արդյունքում կտավի ճակատագիրը մինչև օրս անհայտ է, իսկ թանգարանը դարձավ դասագրքային օրինակ, թե ինչպես չպետք է պահել գլուխգործոցները։
Թանգարանների հանցավոր «անգործությունից» ու թույլ անվտանգային համակարգից երբեմն բողոքում են անգամ հանցագործները։ 2012-ին ռումինացի Ռադու Դոգարուն մտավ Ռոտերդամի Kunsthal թանգարան և ընդամենը 90 վայրկյանում պատերից հանեց Պիկասոյի, Մոնեի ու Գոգենի գործերը։ Կողոպուտի ընդհանուր արժեքը՝ ավելի քան 200 միլիոն եվրո։
Հետագայում Դոգարուն դատարանում փորձեց արդարանալ՝ պնդելով, թե ինքը պարզապես թանգարանի անփութության ու թույլ անվտանգային համակարգի «զոհն է»։ Այլ կերպ ասած՝ բողոքում էր չափազանց «հեշտ» կողոպուտից։
«Չէի կարող պատկերացնել, որ այդքան արժեքավոր գործերը պահվում են այդքան թույլ պաշտպանության ներքո»:
Թանգարանային թույլ անվտանգության դեմ բողոքի ակցիա-կողոպուտ էր կազմակերպվել 2003-ին։ Մանչեսթերի Whitworth պատկերասրահից մի գիշերում անհետացան Պիկասոյի, Վան Գոգի և Գոգենի երեք գործեր։ Գողը մտել էր հետևի մուտքով՝ առանց տագնապի ազդանշանի կամ տեսախցիկների արձագանքի։ Մի քանի ժամ անց ոստիկանությունը զանգ ստացավ՝ «նկարները գտնվել են»։
Կտավներն իսկապես գտնվել էին՝ հանրային զուգարանում՝ ստվարաթղթե խողովակի մեջ։ Կողքին՝ ձեռագիր գրություն․
«Մենք չէինք ուզում գողանալ այս կտավները։ Պարզապես ուզում էինք ցույց տալ, թե որքան թույլ է ձեր անվտանգությունը»։
Արվեստի գործերը վերադարձվեցին թանգարան՝ մի փոքր խոնավ, բայց անվնաս։ Գողն անհայտ մնաց, իսկ զուգարանը երևի դարձավ Մանչեսթերի ամենահայտնի մշակութային վայրերից մեկը։
2004-ին Կենտուկիի չորս ուսանող, որոնք շատ էին տպավորվել «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմից, որոշեցին իրականացնել իրենց «կինո-երազանքն» ու համալսարանի գրադարանից հազվագյուտ գրքեր թալանել։ Տղաներն օրեր շարունակ դիտել էին կողոպուտների մասին պատմող ֆիլմեր, բայց մոռացել էին, որ կյանքը, ցավոք, ֆիլմ չէ։
Առաջին փորձը տապալվեց՝ նրանք գրադարան գնացին ծերունիների կեղծ դիմակներով և հաստ կոստյումներով։ Երբ պարզվեց, որ այդ օրը հերթապահում են երկու գրադարանավար, պլանը չեղարկվեց։ Երկրորդ փորձի ժամանակ նրանք արդեն առանց դիմակների էին։ Գրպանի էլեկտրաշոկով տղաները հարվածեցին գրադարանավարին, բայց նա ոչ թե պլանավորածի պես ուշագնաց եղավ, այլ սկսեց գոռալ։ Խուճապահար ուսանողները փախան՝ գրքերն ու կողոպուտի պլանը թողնելով կես ճանապարհին։
Մի քանի շաբաթ անց նրանք նույնիսկ հասան Նյու Յորքի Christie’s աճուրդի տուն ու փորձեցին իսկության վկայական ստանալ։ Բայց սխալվեցին ամենահիմար ու ցավալի ձևով․ Իրենց հանցագործությունը պլանավորել էին նույն էլ. փոստով, որով գրանցվել էին աճուրդին։ Արդյունքում ոստիկանությունը հերթով թակեց նրանց դռները։ Բոլորն էլ յոթ տարվա ազատազրկում ստացան։
Իրականում կողոպուտների պատմությունները նույնքան բազմատեսակ են, որքան այն գործերը, որոնք գողերը փորձել են հափշտակել։ Ոմանք փորձում են ապացուցել իրենց խիզախությունը, ոմանք՝ ցուցադրել իրենց խելքը, մյուսները այս կերպ բողոքի ակցիա են իրականացնում կամ էլ ֆիլմերից տպավորված՝ փորձում իրենց ուժերը։ Բայց վերջում շատերը հայտնվում են նույն տեղում՝ դատավորի առաջ կամ թերթերի առաջին էջերին՝ զավեշտալի վերնագրերով։ Ու քիչ են դեպքերը, երբ մանրակրկիտ մշակված ծրագիրն առանց որևէ խոչընդոտի իրականություն է դառնում, իսկ հանցագործներն ապրում են հանգիստ, հարուստ ու երջանիկ։