Կարդալիքներ PAN-ից
Yesterday

Վայրի գազանները, նարնջագույն ծովերն ու գույնի հեղափոխությունը. Ինչպե՞ս ֆովիզմը գույնը դարձրեց ազատություն

1905 թվականի աշնանը Փարիզում ցուցադրված մի քանի կտավներ բառացիորեն ցնցեցին արվեստասեր հանրությանը։ Նույն սրահում Վերածննդի դարաշրջանի արձանի կողքին կախված էին վառ գույներով ու մեծ վրձնահարվածներով կտավներ։ Ֆրանսիացի արվեստի քննադատ Լուի Վոսելն այդ սրահում մի արտահայտություն արեց, որը հետո մի ամբողջ ուղղություն ու շարժում պիտի բնորոշեր.

«Դոնատելլոն վայրի գազանների մեջ է»։

Այդպես ծնվեց ֆովիզմի անունը՝ les fauves, ֆրանսերեն՝ «վայրի գազաններ»։

Իհարկե ոչ ոք նրանց բառացիորեն վայրի չէր համարում։ Նրանց «վայրիությունը» հենց գույնի հանդեպ վերաբերմունքից էր գալիս։ Այս նկարիչները հրաժարվում էին իրականությունն ու իրական գույները ճշգրտորեն պատկերելու ավանդական կանոններից և կարծես «ազատում էին» գույնը ու դարձնում ինքնուրույն լեզու։ Օրինակ, երկինքը կարող էր նարնջագույն լինել, իսկ մարդու դեմքը՝ կապույտ, եթե այդ գույներն ավելի լավ էին արտահայտում նկարչի զգացմունքները։ Ֆովիստների համար գույնը ծառայում էր ոչ թե որպես նկարագիր, այլ լեզու։

Շարժման հիմքում կանգնած էին երիտասարդ ֆրանսիացի նկարիչներ Անրի Մատիսը, Անդրե Դերենը, Մորիս դը Վլամինկը, հետագայում նաև Ժորժ Բրաքը, Ռաուլ Դյուֆին, Ալբեր Մարկեն ու ուրիշներ։ Նրանք պաշտոնական մանիֆեստ չունեին, պարզապես ընկերներ էին, որոնք միասին նոր խոսք էին փնտրում արվեստում։ Նրանց միավորում էր ազատության գաղափարը՝ ազատություն ձևից ու նրբաճաշակ «կանոններից»։

Ֆովիստների առաջամարտիկը Անրի Մատիսն էր։ Նա ասում էր.

«Ես պարզապես ուզում եմ վերադարձնել գեղեցիկ կարմիրը, գեղեցիկ կապույտը, գեղեցիկ դեղինը՝ այն տարրերը, որոնք մեր զգացմունքներն են նկարագրում»։

Մատիսն ու Դերենը երկար ժամանակ կողք կողքի աշխատեցին արևոտ Կոլիուր քաղաքում։ Հենց այնտեղ, ծովափի խաղաղության ու բնության գույների ներքո ծնվեցին այս ուղղությամբ նկարիչների առաջին փորձերը։ Նրանց կտավներից էներգիա էր ճառագում ու այդպես էլ ձևավորվեց շարժման փիլիսոփայությունը՝ գույնը որպես ուժ ու էներգիա, ոչ թե սոսկ իրականության արտացոլում։

Ֆովիստները հակասում էին այն ամենին, ինչ դարեր շարունակ կառուցվել էր արևմտյան նկարչության համատեքստում։ Նրանք օգտագործում էին ինտենսիվ գույներ՝ առանց դրանք նախապես խառնելու։ Դե իսկ պատկերներում «խախտում էին» կանոններն ու ձևը։

Գուցե նաև այդ պատճառով էին քննադատները նրանց համարում «խելագարներ»։ Նրանց գործերը «հարձակում» էին համարվում։ Քննադատներից մեկը գրել էր՝

«Կտավներն էլ նրանց պես են, ասես ներկի կաթսան շպրտել են հասարակության երեսին»։

Բայց հենց այդ անհանդուրժող և ազատ ոճն էր, որ պիտի ազդեր հետագա ամբողջ եվրոպական արվեստի վրա՝ հող պատրաստելով էքսպրեսիոնիզմի և կուբիզմի ծնունդի համար։

Ֆովիստների աշխարհում ամեն ինչ սկսվում էր գույնից։ Նրանց համար գույնն ապրում էր ինքնուրույն կյանքով։

«Արվեստը պիտի խոսի իմ ներսի մասին, ոչ թե այն մասին, թե ինչ եմ տեսնում իմ առջև»։

Ֆովիզմի տարրերով պատկերված կտավները կարելի էր ճանաչել մի քանի ակնթարթում․ «Պայթյունավտանգ» համադրություններ, սուր հակադրություններ, հստակ, առանց որևէ խառնուրդների գույներ՝ իրենց ամենատաք երանգներով։ Ֆովիստների վրձնի հպումները երբեք հարթ չէին․ դրանք շարժման մեջ էին, երբեմն անկանոն։ Այդ կտավները չէին փորձում լինել գեղեցիկ՝ ավանդական իմաստով, բայց ազնիվ էին իրենց փոխանցած էմոցիայի առումով։

Չնայած գեղարվեստական խիզախությանը, ֆովիստները թեմատիկ առումով չէին փորձում «կոտրել» ավանդույթները։ Նրանք շարունակում էին պատկերել մարդկանց աչքին ծանոթ տեսարաններ՝ ծովափեր, զբոսանքներ, բնություն, մարդկանց առօրյա տեսարաններ, մերկ մարմիններ։ Նրանց մոտ նոր ու այլ էր ոչ թե թեման, այլ վերաբերմունքը։

Մատիսի, Դերենի ու Վլամինկի աշխարհը հաճախ պարզ էր՝ գրեթե մանկական։ Նրանք անգամ ասում էին, որ «աշխարհին պետք է նայել երեխայի աչքերով»։ Այդ մաքրությունը, միամտությունը, ազատությունը դարձան նրանց ոճի ամենաճանաչելի հատկանիշները։ Նրանք միտումնավոր պարզեցնում էին ձևը՝ հասցնելով մինչև ուրվագիծ, երբեմն նույնիսկ հասնելով մանկական նկարների անմիջականությանը։

Նրանց պատկերած կերպարներն ու իրերը հաճախ հարթ էին, առանց ծավալի կամ խորության։ Սա առաջին հերթին գույնի և գծի մաքուր հարաբերակցության մասին էր։ Այս մոտեցումն էլ, իր հերթին, պիտի դառնար 20-րդ դարի բազմաթիվ ուղղությունների հիմքը՝ մոդեռնիստական արտացոլումներից մինչև աբստրակցիոնիզմ։

Ֆովիզմը գոյատևեց ընդամենը երեք-չորս տարի։ Դեռ 1908-ին շարժումը, կարելի է ասել, արդեն մարել էր։ Նկարիչներից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով՝ Դերենը դեպի կուբիզմ, Դյուֆին դեպի դեկորատիվ արվեստ ու այսպես շարունակ։

Բայց ֆովիզմի կարճ կյանքը չխանգարեց, որպեսզի այն խորը հետք թողներ ու իր արտահայտումը գտներ անգամ մեր օրերում։ Գուցե հենց ֆովիզմն էր, որ կոտրեց կարծրացած համոզմունքը, որ արվեստը պետք է հստակորեն արտահայտի իրականությունը։ Ֆովիստներն առաջինն էին, որ հայտարարեցին՝ իրականությունն այլևս բավարար չէ։ Գեղանկարչությունը կարող է արտահայտել ոչ միայն այն, ինչ տեսնում ենք, այլև այն, ինչ զգում ենք։ Կարմիրը կարող էր զայրույթ արտահայտել, դեղինը՝ ժպտալ, կապույտը՝ խորհել։

Ժամանակակից դիտորդին ֆովիստների կտավներն այսօր կարող են նուրբ ու «սովորական» թվալ, բայց ժամանակին դրանք անգամ սադրիչ էին համարվում։ Բայց ամեն բան միայն գույներով չէր սահմանափակվում։ Նրանք հրաժարվեցին լույսի և ստվերի դասական մոդելից, մերժեցին խորությունը։ Ամեն ինչ հարթ էր, պարզ և բաց, անցումներ ու կիսատոներ չկային կամ էլ նվազագույնի էին հասցված։

Ի դեպ, ֆովիզմը հաճախ համեմատում են սիմֆոնիայի հետ, որտեղ ամեն գործիք իր հնչողությունն ունի, բայց միասին դրանք մեկ ամբողջություն են ստեղծում։

Շատ ֆովիստներ հետաքրքրված էին ոչ միայն եվրոպական արվեստով, այլև տարբեր մշակույթներով։ Նրանք ուսումնասիրում էին Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի մշակույթը, արվեստում կրոնական արտահայտումները։

Մատիսը, Դերենը և Վլամինկը նույնիսկ աֆրիկյան դիմակների ու քանդակների հավաքածուներ ունեին ու չափազանց տպավորված էին դրանցով։ Նրանց գրավում էր այն, թե ինչպես կարող է մի պարզ ուրվագիծ փոխանցել այդչափ ուժեղ զգացմունք։ Հենց այդ ազդեցությունն էլ բերեց ֆիգուրների և դեմքերի միտումնավոր դեֆորմացիայի՝ գծերի ու ծավալների խախտման։ Սա գիտակցված ազատություն էր։

Ֆովիստներն արվեստը վերադարձնում էին իր արմատներին՝ բազային ու բնազդային։ «Ֆովիստ» պիտակը, որ սկզբում որպես վիրավորանք էր հնչում, շատ արագ հպարտանալու առիթ դարձավ։ Չնայած նկարիչները երբեք էլ բառացիորեն չէին ընդունում այդ անվանումը, բայց գիտակցում էին, որ հենց այդ «վայրիությունը» ազատեց իրենց ակադեմիական կանոնների կապանքներից։ Նրանց համար ստեղծագործելը նույնքան բնական էր, որքան զգալը։ Այդ պատճառով էլ ֆովիզմը, որքան էլ կարճ կյանք ունեցավ, դարձավ 20-րդ դարի արվեստի ամենատպավորիչ ու զգացմունքային շարժումներից մեկը։

Այսօր էլ ֆովիզմն ընկալվում է դեպի ժամանակակից գեղանկարչություն արված առաջին իրական քայլ։ Դրա շունչը կարելի է զգալ սոցցանցերում տարածված գույների փորձարարական համադրություններից մինչև մոդեռնիստական ինտերիերների ձևավորում։


✍️ Նանե Մանուկյան / PAN