#cinéPAN
June 3

Ոչ միայն փայլ ու գլամուր. Ինչո՞ւ են պետք կինոփառատոնները  

Երկու պատմություն։ 1994-ի Կաննի կինոփառատոնին կայացավ այն ժամանակ քիչ հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction) ֆիլմի պրեմիերան, իսկ հետո սկսնակ ռեժիսորը Կաննից հեռացավ Ոսկե արմավենու ճյուղով` սկսելով կինոյի աշխարհում իր փառահեղ ուղին։ Իսկ 1999-ի հունվարին «Սանդենս» կինոփառատոնին առաջին անգամ կայացավ $200-$750,000 բյուջեով հորրոր ֆիլմի պրեմիերան, որն ընդմիշտ փոխեց ինդի ֆիլմերի լանդշաֆտը։ «Բլեյրի վհուկ նախագիծը» (The Blair Witch Project) հիացրեց կինոփառատոնի հանդիսատեսին իր նորարարական մոտեցմամբ, երբ պատմությունը պատմվում էր իբրև թե «հայտնաբերված տեսագրությունների» տեսքով, ու արդյունքում ամբողջ աշխարհում հավաքեց $250 մլն։

Այս բեկումնային հաջողությունները ցույց են տալիս կինոփառատոնների ահռելի դերը անկախ կինոն առաջ մղելու ու համաշխարհային համբավ ձևավորելու հարցում։ PAN-ը պատմում է առավել նշանակալի կինոփառատոնների մասին։

Կինոփառատոններն ավելին են, քան ուղղակի փայլուն, «գլամուրային» իրադարձություններ։ Դրանք կարևորագույն հարթակ են անկախ կինեմատոգրաֆիստների համար` թույլ տալով նրանց ցույց տալ իրենց աշխատանքը, համբավ ձեռք բերել ու ֆիլմի տարածման գործարքներ կնքել։ Անկախ կինեմատոգրաֆիստների տրամադրության տակ եղած ռեսուրսները հաճախ բավարար չեն լայնամասշտաբ գովազդի ու վարձույթի համար, իսկ կինոփառատոնը ոչ միայն ցուցադրում է ֆիլմը` կինոքննադատների ռեվյուների միջոցով այն հայտնի դարձնելով, այլև նպաստում է անկախ կինեմատոգրաֆիստների, պրոդյուսերների, դիստրիբյուտորների ու կինոքննադատների միջև կապերի հաստատմանը։ Ինչն էլ, իր հերթին, նպաստում է յուրահատուկ «ադամանդներ» (ոչ Տիգրան Կարապետյանի հաղորդման իմաստով) հայտնաբերելուն։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


«ՍԱՆԴԵՆՍ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

1981-ին դերասան Ռոբերտ Ռեդֆորդը հիմնեց «Սանդենս» (Sundance) ինստիտուտը` ամերիկյան անկախ կինոյի կայացման նպատակով։ Անվանումը վերցվել էր «Բուչ Քեսիդին ու Սանդենս Քիդը» (Butch Cassidy and the Sundance Kid, 1969) ֆիլմից, որում Ռեդֆորդը մարմնավորում էր Սանդենս Քիդին։ Առաջին կինոփառատոնը` 10 սկսնակ կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ, կայացավ նույն 1981-ին, ու արդեն 43 տարի «Սանդենսը» վերածվել է անկախ կինոյի հոմանիշի։ Սա սննդարար միջավայր է պատման ինովացիոն մեթոդների, խիզախ մոտեցման ու կարծիքների բազմազանության համար։ Սկզբնական շրջանում` սկսած 1985-ից, կինոփառատոնին ցուցադրվում էին նաև ավելի վաղ նկարահանված ֆիլմեր, իսկ 1990-ին` անգամ խորհրդային ֆիլմ` Վիկտոր Ցոյի մասնակցությամբ «Ասեղը» (Игла, 1988):

«Սանդենս» կինոփառատոնի շնորհիվ իրենց առաջին հանդիսատեսին են գտել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Կեվին Սմիթի «Կլերկեր» (Clerks, 1994) կատակերգությունը, որը միանգամից համաշխարհային գիք աստղի վերածեց Սմիթին, Մերրի Հերոնի «Ամերիկյան պսիխոպատը» (American Psycho, 2000) սուր սոցիալական հորրորը, Հենրի Բինի «Ֆանատիկոս» (The Believer, 2001) դրաման երիտասարդ նեոնացիստի մասին, Ռիչարդ Քելլիի «Դոննի Դարկո» (Donnie Darko, 2001) սյուռեալիստիկ ֆանտասմագորիան, Քրիստոֆեր Նոլանի «Մելենտո» (Memento, 2000) ժամանակային խաղերով հոգեբանական թրիլլերը և այլն։ «Սանդենսում» բացահայտում դարձած ֆիլմերը հայտնվում են այլ կինոփառատոններին, հասնում են ֆինանսական հաջողության, վերածվում կուլտային կամ մշակութային ֆենոմենի։ Այս կինոփառատոնի հավատարմությունը նոր, անկախ ու խիզախ կինոարտադրությանը այն դարձնում է նոր տաղանդներ գտնելու խոշորագույն հարթակ։

ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

1939-ին մտահղացման տեսքով ձևավորված ու 1946-ին առաջին անգամ անցկացված Կաննի միջազգային կինոփառատոնը աշխարհում ամենահեղինակավորներից է` իր բարձր ստանդարտների շնորհիվ։ Կինոփառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե արմավենու ճյուղը ստանալը ֆիլմին ու նրա ստեղծողներին երաշխավորում է համաշխարհային համբավ, ինչպես դա տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի ու բազմաթիվ այլ ստեղծագործողների դեպքում։ Կաննի կինոփառատոնը ոչ միայն սիրո խոստովանություն է կինոյին, որպես իսկական արվեստի, այլև հարթակ` գլոբալ կինեմատոգրաֆն առաջ մղելու համար, որովհետև այստեղ ոչ մրցութային ծրագրում հաճախ կայանում են տարվա կարևորագույն պրեմիերաները։ Բացի այդ, փառատոնի շրջանակներում անցկացվող Marché du Film կինոշուկան կինոարտադրության պրոֆեսիոնալների համար գլխավոր միջազգային գործարար հարթակն է. այստեղ են հայտնաբերվում տաղանդները, կնքվում կարևորագույն գործարքները, կյանք են ստանում բեկումնային գաղափարները։

Ոսկե արմավենու ճյուղի են արժանացել այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Օրսոն Ուելսը, Սեսիլ Բի Դեմիլը, Բիլլի Ուայլդերը, Ռոբերտո Ռոսելինին, Ֆեդերիկո Ֆելինին, Ուիլյամ Ուայլերը, Միխայիլ Կալատոզովը, Մարսել Կամյուն, Լուիս Բունյուելը, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Քլոդ Լելուշը, Միքելանջելո Անտոնիոնին, Ռոբերտ Օլթմենը, Մարտին Սկորսեզեն, Վիմ Վենդերսը, Էմիր Կուստուրիցան, Միքայել Հանեկեն, Տավիանի եղբայրները, Քոեն եղբայրները, Դարդեն եղբայրները, Ակիրա Կուրոսավան, Անջեյ Վայդան, Սթիվեն Սոդերբերգը, Դեյվիդ Լինչը, Լարս ֆոն Թրիերը, Ռոման Պոլյանսին, Գաս Վան Սենթը, Տերենս Մալիկը, Ռուբեն Էսթլունդը, Ժյուստին Տրիեն և այլոք։


Մեր կինոփառատոնի` «Ոսկե ծիրանի» մասին պատմում է երևանյան կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը.

- «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը հետխորհրդային տարածաշրջանի և Առաջավոր Ասիայի նշանակալի կինոփառատոներից մեկն է: Հիմնադրվել է 2004-ին ռեժիսոր Հարություն Խաչատրյանի, կինոգետներ Միքայել Ստամբոլցյանի ու Սուսաննա Հարությունյանի ջանքերով և կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի աջակցությամբ:

Նախորդ 20 տարվա ընթացքում ցուցադրվել է մոտ 1500 ֆիլմ մոտ 120 երկրից:

gaiff.am

Երևան է այցելել 2000-ից ավելի կինեմատոգրաֆիստ, այդ թվում՝ Ոսկե արմավենու ճյուղերի, Ոսկե արջերի, Ոսկե առյուծների և Օսկարների դափնեկիրներ, համաշխարհային կինոյի դասականներ Տոնինո Գուերան, Մարկո Բելոկիոն, Բելա Տարը, Տեո Անգելոպուլոսը, Աբաս Քիառոստամին, Դարեն Արոնոֆսկին, Կիմ Կի Դուկը,  Տակեշի Կիտանոն, Նաստասիա Կինսկին, Ֆանի Արդանը, Օռնելլա Մուտտին, Նուրի Բիլգե Ջեյլանը, Կլաուդիա Կարդինալեն, Դարդեն եղբայրները, Փոլ Շրեյդերը, Կոստա Գավրասը, Ասգար Ֆարհադին և շատ ուրիշներ:

Դարդեն եղբայրները. Լուսանկարը` gaiff.am

2019-ից փառատոնն ունի առաջավոր Ասիայի տարածաշրջանային համայնապատկերի ներկայացման ուղղվածություն։ Փառատոնը ներկայացնում է միջազգային, տարածաշրջանային լիամետրաժ և հայկական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրեր, ինչպես նաև տարվա համաշխարհային առաջատար փառատոների լավագույն ֆիլմերի Երևանյան պրեմիերաներ։

Փառատոնի շրջանակում է գործում նաև GAIFF Pro կրթական-արտադրական հարթակը, որտեղ տեղի են ունենում վարպետության դասեր, աշխատարաններ, համատեղ արտադրության կրթական և արտադրական ծրագրեր։

Կինոփառատոների գոյությամբ է պայմանավորված հեղինակային կինոյի (այսպես կոչված` արտ կինոյի) եթե ոչ գոյությունը, ապա առնվազն հանրահռչակումն ամբողջ աշխարհում, ինչպես նաև օրիգինալ լեզվով մեծ էկրանին կինոդիտման փորձառության ապահովումը։ «Ոսկե ծիրանն» այս տարիների ընթացքում հեղինակային կինոյի սիրահարների և մասնագետների համար եղել է միջոց հաղորդակից լինելու համաշխարհային կինոյի օրակարգին, գեղարվեստական և գաղափարական նորարարություններին, ինչպես նաև հայ կինոյի հանրահչակմանը միջազգային փառատոների և հյուրերի շրջանում։


ՏՈՐՈՆՏՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ (TIFF)

Կանադական Տորոնտոյում 1976-ից անցկացվող կինոփառատոնը ձևավորվել էր որպես «կինոփառատոնների կինոփառատոն», որում ցուցադրվում էին այլ կինոփառատոններին ներկայացված ֆիլմերը։ Տորոնտոյի կինոփառատոնը ունիկալ է նրանով, որ այստեղ չկա պաշտոնական ժյուրի. կենտրոնում հանդիսատեսն է, ու հենց կինոդիտողների շրջանում քվեարկության միջոցով սահմանվող Հանդիսատեսի համակրանքի մրցանակն է այստեղ որոշիչ։

Սա խոշորագույն կինոփառատոններից մեկն է, որի պատմության ընթացքում ցուցադրվող ֆիլմերի քանակը տասնյակներից հասել է հարյուրավորների։ Բացի այդ, աշնանը անցկացվող կինոփառատոնը հաճախ համարվում է տրամպլին մրցանակների սեզոնի, հատկապես` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին ֆիլմերի ներկայացման համար, քանի որ TIFF-ում հաղթանակած ֆիլմերը շատ հաճախ արժանանում են նաև ամերիկյան գլխավոր կինոմրցանակին։

ԹՐԱՅԲԵԿԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Ստորին Մանհեթենի գործարար ու սոցիալական ակտիվությունը բարելավելու նպատակով Ռոբերտ Դե Նիրոյի, Ջեյն Ռոզենթալի ու Քրեյգ Հատքոֆի ջանքերով 2002-ին հիմնադրվեց Թրայբեկա շրջանի անունը կրող կինոփառատոնը։ Որպես փառատոնի գլխավոր առաքելություն նշվեց կինեմատոգրաֆիստների կողմից հասարակական գիտակցության վրա  ազդեցության վերաիմաստավորումն ու անկախ կինոյին աջակցությունը։ Այս տարիների ընթացքում Թրայբեկայի կինոփառատոնը վերածվել է նշանակալի իրադարձության` թե ընտրված ֆիլմերի բազմազանության, թե ինովացիաները, պատման նոր միջոցները ուսումնասիրելը խթանելու շնորհիվ։

Կինոփառատոնի հաղթողները չեն ստանում խոշոր դրամական կամ նյութական պարգևներ։ Սա ավելի շատ մաքուր ստեղծագործական մրցույթ է, որում կարևոր է ոչ թե մրցանակը կամ հաղթելը, այլ մասնակցությունը կինոլեզվի միջոցով բարդ հասարակական խնդիրների քննարկման պրոցեսին։ Առավել նշանակալի հաղթողների թվում են շվեդ Թոմաս Ալֆրեդսոնի «Ներս թող ինձ» (Låt den rätte komma in, 2008) վամպիրական դրաման ու իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Էլիի մասին» (درباره الی,

2009) սուր սոցիալական դրաման, որն ուսումնասիրում է Իրանում կանանց իրավունքների հետ կապված խնդիրները։ Կարճ ասած, եթե ուզում եք գտնել բացառիկ կինոգործեր, ուսումնասիրեք Թրայբեկայի կինոփառատոնի մրցանակակիր ու թեկնածու ֆիլմերը։

SOUTH BY SOUTHWEST (SXSW)

1987-ից տեխասյան Օսթինում անցկացվող խոշոր փառատոնի միայն մի մասն է վերաբերում կինոյին, քանի որ սա ավելի շուտ մեդիափառատոն է` երաժշտության, կինոյի, խաղերի մասին` համաժողովներով, պրեմիերաներով և այլն։

Ու եթե Թրայբեկան հեղինակային «լուրջ» կինոյի մասին է, ապա SXSW Film համաժողովի ու դրան զուգահեռ անցկացվող կինոփառատոնի ընթացքում ներկայացվում են ինչպես անկախ հեղինակների ֆիլմեր, այնպես էլ ֆիլմեր ավելի մասսայական հանդիսատեսի համար։ Միաժամանակ, SXSW Film-ը կենտրոնացած է կինեմատոգրաֆի ապագայի վրա` շեշտը դնելով նոր տեխնոլոգիաների, ֆիլմեր նկարելու ու ցուցադրելու ինովացիոն մեթոդների, ինտերակտիվության ավելացման վրա։

ԲԵՌԼԻՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ակտուալ քաղաքական, սոցիալական ու հասարակական թեմաները, աշխարհաքաղաքական վայրիվերումները, գլոբալ խնդիրները, այն ամենն, ինչ մարդկանց ուշադրության կենտրոնում է, խտացված է Բեռլինի կինոփառատոնի կամ Բեռլինալեի միջավայրում։ Սկսած 1951-ից, սա հարթակ է մարտահրավերների համար, որովհետև այս կինոփառատոնում գնահատում են հենց բացառիկ, սուր ու մարտահրավերներ նետող ֆիլմերը, այստեղ կարևոր է, որպեսզի փառատոնի ծրագրում ներկայացված ֆիլմերը լինեն ամբողջ աշխարհից։

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե արջը, մրցույթի գաղափարական կողմի քվինտեսենցիան է։ Թեմաների բազմազանությունն արտահայտված են հաղթող ֆիլմերում։ Օրինակ, Ռոբերտ Սիոդմակի «Առնետները» (Die Ratten, 1955) աշխարհաքաղաքական դրաման ու Սիդնի Լյումետի «12 զայրացած տղամարդ» (12 Angry Men, 1957) սոցիալական դրաման, Ժան-Լյուկ Գոդարի «Ալֆավիլ» (Alphaville, une étrange aventure de Lemmy Caution, 1965) հակաուտոպիկ նեոնուարն ու Պիեռ Պաոլո Պազոլինիի «Քենթրբերյան պատմվածքներ» (Racconti di Canterbury, 1972) կատակերգական դրաման, Բարրի Լեվինսոնի «Անձրևի մարդը» (Rain Man, 1989) դրաման ու Միլոշ Ֆորմանի «Ժողովուրդն ընդդեմ Լարրի Ֆլինթի» (The People vs. Larry Flynt, 1996) կենսագրական ֆիլմը, Հայաո Միյաձակիի «Ուրվականներից քշվածները» (千と千尋の神隠し, 2001) անիմացիոն ֆիլմն ու Ժոզե Պադիլյայի «Էլիտար ջոկատ» (Tropa de Elite, 2008) քրեական դրաման և այլն, և այլն։ Իրանցի հանճար Ասգար Ֆարհադիի «Նադերի ու Սիմինի ամուսնալուծությունը» (جدایی نادر از سیمین, 2011) ծայրահեղ տպավորիչ սոցիալական դրաման նույնպես ժամանակին արժանացել է Բեռլինալեի գլխավոր մրցանակին։

ՎԵՆԵՏԻԿԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

1932-ին իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի նախաձեռնությամբ հիմնված Վենետիկի կինոփառատոնը աշխարհի հնագույն կինոփառատոնն է։ Ու ինչպես ցանկացած հեղինակավոր կինոփառատոն, այն ունի խիստ բարձր գեղարվեստական ստանդարտներ ու ավանդական կինոյի սահմաններն ընդլայնող ավանգարդային ֆիլմեր բացահայտելու հատկություն։

Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը ու միստր Հայդը» ֆիլմի պաստառը

Վենետիկի կինոփառատոնին ցուցադրված առաջին ֆիլմը մեր հայրենակից Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը ու միստր Հայդը» (Dr. Jekyll And Mr. Hyde) սարսափ ֆիլմն էր, որի ցուցադրությունը տեղի է ունեցել 1932-ի օգոստոսի 6-ին։

Իր գոյության 92 տարվա ընթացքում կինոփառատոնն անցել է բազմաթիվ բարդությունների, անգամ` անկման ու վերածննդի ժամանակաշրջաններ, ու հիմա կարևորագույն կինոիրադարձություններից մեկն է։ Փառատոնի գլխավոր մրցույթին մասնակցող ֆիլմերը նախկինում երբեք չպետք է ցուցադրված լինեն հանրությանն ու չպետք է մասնակցած լինեն որևիցե կինոփառատոնի, ինչի շնորհիվ Վենետիկի կինոփառատոնը հաճախ նորը բացահայտելու բացառիկ հնարավորություն է։

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե առյուծը, ժամանակին բացահայտել է այնպիսի կինոգլուխգործոցներ, ինչպիսիք են Ակիրա Կուրոսավայի «Ռասյոմոնը» (羅生門, 1950), Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը» (Иваново детство, 1962), Միքելանջելո Անտոնիոնիի «Կարմիր անապատը» (Il Deserto Rosso, 1964), Լուիս Բունյուելի «Ցերեկային գեղեցկուհին» (Belle De Jour, 1967), Ջոն Կասավետիսի «Գլորիան» (Gloria, 1980), Վիմ Վենդերսի «Իրերի դրությունը» (Der Stand der Dinge, 1982), Քշիշտոֆ Զանուսիի «Հանգիստ արևի տարին» (Rok spokojnego słońca, 1985), Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձը» (Возвращение, 2003), Դարեն Արոնոֆսկու «Ռեսթլերը» (The Wrestler, 2008), Գիլյերմո Դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of Water, 2017), Ալֆոնսո Կուարոնի «Ռոման» (Roma, 2018), Թոդ Ֆիլիպսի «Ջոքերը» (Joker, 2019), Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things, 2023), և այլն։


🎬 Արման Գասպարյան / PAN