Հիտլերի միջամտությունը, ապագայի առյուծն ու «հայաֆիկացված» գորգերը. Կինոփառատոները՝ կինոներից այն կողմ
Մրցանակներից մինչև լոգո և կարմիր գորգ. Կինոփառատոնների կայացման հարցում միայն ֆիլմերը չէ, որ առանցքային դեր ունեն։ Վիզուալ ինքնությունն ու սիմվոլիզմը կինոփառատոնը տարբերակելու և հստակ դիմագիծ տալու գլխավոր գործիքներն են։
ԿԱՆՆԸ, ՀԻՏԼԵՐՆ ՈՒ ԱՐՄԱՎԵՆԻՆ
Կաննի միջազգային կինոփառատոնի մասին տեղյակ են անգամ այն մարդիկ, որոնք առանձնապես չեն հետևում կինոաշխարհի նորություններին ու կինոման չեն։ Փառատոնի մի քանի տասնամյակների պատմությունից դատելով արդեն վաղուց ֆրանսիական Կանն քաղաքն են ասոցացնում հեղինակավոր փառատոնի հետ, և ոչ թե հակառակը։
Առաջին անգամ փառատոնը պլանավորված էր անցկացնել 1939 թվականին, բայց հետո սկսվեց երկրորդ համաշխարհայինը ու կինոփառատոնը կանոնավոր կերպով վերադարձավ արդեն 1946 թվականից։ Բայց նախ վերադառնանք «ակունքներին»։ Իրականում այս կինոփառատոնն անցկացնելու գաղափարն ուղիղ կերպով կապում են մեկ այլ հեղինակավոր փառատոնի՝ Վենետիկի կինոփառատոնի հետ։ Իսկ ավելի ճիշտ՝ 1930-ականներին Վենետիկի փառատոնի ոչ այնքան «ժողովրդավար» լինելու հետ։
Քաղաքական միջամտությունն այդ շրջանում ակնհայտ էր անգամ գլխավոր մրցանակների դեպքում։ Օրինակ, թե ինչպես 1937 թվականին Բենիտո Մուսոլինին անձամբ միջամտեց, որպեսզի ֆրանսիական La Grande Illusion ֆիլմը չհաղթի կինոփառատոնում։
Բայց վերջին կաթիլը եղավ 1938 թվականին, երբ Մուսոլինին ու Հիտլերը որոշեցին, որ իրենք կարող են չեղարկել ժյուրիի որոշումը ու մրցանակներ շնորհել իրենց նախընտրելի ֆիլմերին։ Առաջինը Մուսոլինիի որդու հսկողության ներքո նկարահանված պատերազմական ֆիլմն էր։ Երկրորդը Նացիստական Գերմանիայի՝ այսպես ասենք՝ «քարոզչության» նախարարության հետ համատեղ ստեղծված վավերագրական ֆիլմը։
Ֆրանսիացիները, բրիտանացիներն ու ամերիկացիները զարմացած ու զայրացած էին։ Որոշում են բոյկոտել փառատոնը՝ այլևս չվերադառնալու մտադրությամբ։ Սա գուցե գլխավոր դրդապատճառն էր, որ հաջորդ տարի Ֆրանսիայում նախաձեռնեցին Կաննի առաջին կինոփառատոնը։ Փառատոնի նախաձեռնողը Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեյն էր, ժյուրիի պատվավոր նախագահ էր նշանակվել Լուի Լյումիերը։
Կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» մասին։ Գլխավոր մրցանակն իր ժամանակակից անվանումը 1955-ին է ստացել, մինչ այդ որպես գլխավոր մրցանակ հաղթողները «Գրան պրի» էին ստանում։ Հետո արդեն որոշվեց փառատոնին հստակ սիմվոլիզմ տալ ու ընտրությունը կանգ առավ Կաննի զինանշանի վրա պատկերված արմավենու ճյուղի վրա։ Մի քանի ոսկերիչներ ներկայացրին իրենց տարբերակներն ու արդյունքում հաղթեց Լյուսեն Լազոնի նախագիծը։
Բայց այս տարբերակով մրցանակներ հանձնեցին մոտ 1 տասնամյակ, 1964-74 թվականներին հեղինակային իրավունքի խնդիրների պատճառով ժամանակավորապես վերականգնվեց Գրան պրին։ Իսկ արդեն 1975 թվականից շնորհվում է նոր մրցանակ՝ կրկին արմավենու ճյուղի տեսքով։ Այսօր ոսկե արմավենու ճյուղը կինոփառատոնի վիզուալ ինքնության գլխավոր խորհրդանիշն է։ Ի դեպ, փառատոնի պատմության ընթացքում որևէ ռեժիսոր այս մրցանակին երեք անգամ չի արժանացել։
ՎԵՆԵՏԻԿԻ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԿԻՆՈՆ
Վենետիկի կինոփառատոնը, չնայած իր «ոչ միանշանակ» անցյալին, աշխարհի ամենահեղինակավոր փառատոններից է։ Այսպես ասենք՝ կինոփառատոների գլխավոր եռյակից մեկն է։ Ու նաև ամենահինն է։ Առաջին անգամ կինոփառատոնն անցկացվել է 1932 թվականին՝ որպես Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդես:
Բայց առաջին փառատոնը մրցութային չէր, այլ 9 երկրներից ներկայացված ֆիլմերի դիտում էր։ 1935-ից արդեն փառատոնը դարձել է ամենամյա ու մրցութային էլեմենտ է ունեցել։
Մրցանակների ու սիմվոլների առումով կինոփառատոնը բավականին հետաքրքիր էվոլյուցիա է ապրել։ 1934-1942 թվականներին գլխավոր մրցանակը «Մուսոլինիի գավաթն» էր, 1947 և 1948 թվականներին՝ Վենետիկի միջազգային Գրան պրին։ Միայն 1949 թվականից գլխավոր մրցանակը փոխվեց ու կոչվեց «ոսկե առյուծ»։
Ի դեպ, 1969-1979 թվականներին «Ոսկե առյուծ» ոչ ոքի չի շնորհվել, որովհետև փառատոնի կազմակերպիչները վերադարձել էին կինոփառատոնի նախնական գաղափարին՝ ֆիլմերի արտամրցութային ցուցադրությանը։
Վերադառնալով առյուծի սիմվոլիկային։ Առյուծը Վենետիկի համար պատմական նշանակություն ունի և բազմաթիվ ձևաչափերով արտացոլվում է քաղաքի տարբեր հատվածներում։ Սա Սուրբ Մարկոսի առյուծն է՝ Մարկոս Ավետարանիչի և Վենետիկի խորհրդանիշը, ինչպես նաև իտալական նավատորմի դրոշի տարրերից մեկը։
ԲԵՌԼԻՆՆ ՈՒ ՈՍԿԵ ԱՐՋԸ
Ո՞վ ծանոթ չէ Բեռլինի արջին։ Հետաքրքիր է, որ բազմաթիվ կինոփառատոներ հենց կենդանիներին են ընտրել որպես փառատոնի սիմվոլ, բայց կարևոր է ընդգծել, որ մինչև փառատոնային սիմվոլ կամ մրցանակ դառնալը այդ կենդանիները խորհրդանշել են նաև տվյալ քաղաքը։ Բեռլինն ու արջը բացառություն չեն։
Սկսենք սկզբից։ Բեռլինի միջազգային կինոփառատոնը՝ «գլխավոր եռյակի» երրորդ փառատոնը, անցկացվում է 1951 թվականից։ Բեռլինալեն կինոաշխարհի հսկաներին ու նոր անուններին գերմանական մայրաքաղաքում է հավաքում ամեն տարի ձմռանը։ Ի դեպ, մինչև 1978 թվականը կինոփառատոնն անցկացվում էր ամռանը։
Հիտլերից ու Մուսոլինիից խոսեցինք, հետևաբար թույլ տվեք այստեղ ևս մի աննշան աշխարհաքաղաքական ակնարկ անել։ Բեռլինի կինոփառատոն ստեղծելու գաղափարը ծնվեց 1950 թվականին՝ Սառը Պատերազմի «ամենաթեժ» շրջանում։ Ինչպես ասում են՝ 1 մարդն անգամ բավարար հնարավորություն ու կարողություն ունի՝ փոխելու պատմությունը։ Կինոյի պատմության ու մասնավորապես այս փառատոնի տեսանկյունից այդ մարդը Օսկար Մարտեյն էր։
Հենց նրա առաջարկով քննարկման է դրվում Բեռլինում կինոփառատոն անցկացնելու գաղափարը։ Ու հենց նրա ազդեցության և ջանքերի շնորհիվ ամերիկյան ռազմական վարչակազմը համաձայնում է ֆինանսավորել ու վարկեր տրամադրել կինոփառատոնի առաջին մի քանի տարիների անցկացման համար։
Եվ այսպես՝ 1951 թվականին կայանում է Բեռլինի առաջին կինոփառատոնը։ Առաջին կինոփառատոնի առաջին ֆիլմը Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկկան» էր։ Ի տարբերություն վենետիկյան «գործընկերոջ», Բեռլինում կինոփառատոնը մրցութային էր հե՛նց սկզբից։ 1951 թվականին գլխավոր մրցանակի արժանանում են 5 ֆիլմեր՝ 5 անվանակարգերում։
Վերադառնալով սիրելի արջին։ «Ոսկե արջը» Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակն է ու հանձնվում է միջազգային ժյուրիի կողմից։ Իսկ ինչո՞ւ հենց արջ։ Այս կենդանին Բեռլինի խորհրդանիշներից է, պատկերված է քաղաքի զինանշանի և դրոշի վրա։ Կինոմրցանակի քանդակը ստեղծել է Ռենե Սինտենիսը, հետո այն չափերի փոփոխության է ենթարկվել արդեն 1960 թվականին։
Կինոփառատոնը արջի ընտրությունը և կարևորությունն այսպես է ընդգծում՝
«Սա պարզապես կենդանի չէ, այն խորապես արմատացած է քաղաքի, հիմա նաև՝ կինոփառատոնի ինքնության մեջ։ Այն դարձել է գերազանցության ու բազմազանության խորհրդանիշ»:
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳՆ ՈՒ ԾԻՐԱՆԸ
Կինոփառատոների սիմվոլների մասին կարելի է երկար խոսել, որովհետև դրանք փառատոնի վիզուալ ինքնության կարևորագույն մասն են։ Մենք կենտրոնացանք գլխավոր եռյակի վրա, բայց վստահաբար կարելի է ուսումնասիրել նաև Ռոտերդամի կինոփառատոնի «ոսկե վագրերին», Լոկառնոյի կինոփառատոնի «ոսկե հովազներին» և շատ ավելին։
Հիմա վերադառնանք հայրենիք։ «Ոսկե ծիրանի» հիմնադրումը, ինչպես կինոփառատոնի կազմակերպիչներն են ձևակերպում՝ «կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքը դարձավ» ու հենց ամենասկզբից սիմվոլիզմն ամենուր էր։
Փառատոնն անվանվեց «Ոսկե ծիրան», որովհետև «ծիրանը խորհրդանշում է Հայաստանը և նրանից անբաժան է»: Իսկ փառատոնի բացումը մշտապես նշանավորվում է ավանդական ծիրանօրհնեքով։
Այս փառատոնը համեմատաբար փոքրամասշտաբ ու մտերմիկ է, բայց միջազգային ուշադրության ու ներկայության պակաս երբեք չի ունեցել։ Երևանյան կարմիր գորգին են հայտնվել համաշխարհային կինոյի բազմաթիվ անուններ, այդ թվում՝ Մարկո Բելոքիոն , Վիմ Վենդերսը, Տոնինո Գուերրան, Կլաուդիա Կարդինալեն, Ֆաննի Արդանը, Ալեն Թերզյանը և բազմաթիվ այլ անուններ։
Կարմիր գորգից խոսեցինք։ Սա թերևս ցանկացած կինոփառատոնի սիմվոլներից մեկն է ու կարելի է ասել՝ համընդհանուր ընկալում ու կիրառում ունի։ Բայց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը որոշել է այստեղ ևս կաղապարներից դուրս մտածել ու հերթական անգամ ներկայացնել հայկականը։
Սա նշանակում է, որ հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Այսուհետ արարողակարգային այս կարևոր տարրը լրացուցիչ իմաստավորում կստանա, իսկ կարմիր գորգը «կհայաֆիկացվի»։
«Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի համար AHA collective-ը արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին թողարկել է ժամանակակից «կարմիր գորգի» հավաքածու։ Կին գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստված 7 եզակի կարպետները հուլիսի 7-ին տեղական և միջազգային կինոփառատոնային դաշտում նոր մշակույթ կձևավորեն։
Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով, արդեն եղած ավանդույթը փոխելը դժվար որոշում է, բայց իրենք փորձելու են նոր ավանդույթ ձևավորել։
«Համոզմունք ունենք` աշխարհում փոխվում են սիմվոլների հանդեպ մոտեցումները։ Բոլոր շքեղությունները, որոնք ասոցացվում են էլիտայի, պաթոսի հետ, վերաիմաստավորվում են, վերաձևակերպվում են։ Այդ առումով «Ոսկե ծիրան» փառատոնը, որն իր 21 տարվա պատմության ընթացքում ավելի շատ կենտրոնացել է արվեստի վրա, քան շքեղության, գնաց նման քայլի. գորգը մնում է, բայց այն կարող է լինել շատ տարբեր, որպես արվեստի գործ, ամեն տարի անկրկնելի ու նոր, ինչպես փառատոնի պաստառը, փառատոնային ֆիլմը, որը բացառապես այդ տարվա յուրօրինակության դրոշմն է կրում։ Այդ ամբողջ հայեցակարգը կսկսվի հենց ամենասկզբից՝ գորգից»:
Այս փոփոխությանն ընդառաջ, ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և AHA Collective-ի հետ համատեղ կազմակերպել էր Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների՝ իր թողարկած առաջին ժամանակակից գորգերի` «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուի ցուցադրությունը։ Այս գորգերը գործել են Սյունիքի Վերիշեն և Տեղ գյուղի կին գորգագործները։