Կարդալիքներ PAN-ից
December 17

Բրոդվեյի հայ աստղը, Հիչքոքն ու համր կինոյի սկիզբը. Ինչ ժառանգություն է թողել Ֆլորա Զաբելը

20-րդ դարասկզբի Նյու Յորքում Ֆլորա Զաբելի անունը շրջանառվում էր տարբեր միջավայրերում՝ թատրոնում, մամուլում, երբեմն էլ կինոյի մասին զրույցներում։ Նա հայտնի էր որպես Բրոդվեյի դերասանուհի, բայց նրա կենսագրական փաստերը հաճախ շատ ավելի մեծ ուշադրության էին արժանանում, քան մասնագիտական հաջողությունները։ Կոստանդնուպոլսում ծնված, վաղ տարիքում Ամերիկա տեղափոխված, ինքնուրույն կարիերա կառուցած կնոջ ճանապարհը դեպի Բրոդվեյ չէր համապատասխանում ժամանակի ընդունված սցենարներին։ Ֆլորա Զաբելի կյանքը թույլ է տալիս հետևել իրական կյանքի՝ ֆիլմ հիշեցնող մի ընթացքի՝ իր ռիսկերով, հակասություններով և որոշումներով։

Ֆլորա Զաբելի անունը բեմական հաջողության հիանալի օրինակ է անշուշտ, բայց այն նաև ժամանակաշրջանի սոցիալական, մշակութային ու անձնական պայքարների խտացված պատմություն է։ Նա առաջին հայ կին դերասանուհիներից էր, որ հասավ Բրոդվեյի աստղի կարգավիճակին, և միաժամանակ՝ ամերիկյան համր կինոյի առաջին կին դեմքերից մեկը դարձավ։ Բայց Ֆլորա Զաբելի կյանքը ոչ սկսվում էր, ոչ էլ սահմանափակվում էր բեմով ու փառքով։ Այն անցնում էր գաղթի, ընտանեկան խնդիրներ, հասարակական քննադատությունների, անձնական վախերի ու համառության միջով։

Ֆլորա Զաբելը (օրիորդական ազգանունը՝ Մանգասարյան) ծնվել է 1880 թվականի ապրիլի 1-ին Կոստանդնուպոլսում՝ պոլսեցի մտավորականի ընտանիքում։ Նրա հայրը՝ Մանգասար Մանգասարյանը, կրթություն ստացած, լայն ճանաչում ունեցող աստվածաբան, փիլիսոփա, պատմաբան և գրող էր։ Մայրը՝ Ագապի Ալթունյանը, ընտանիքում ապահովում էր ավանդական միջավայրն ու բարքերը, որի ներսում, սակայն, Ֆլորայի բնավորությունն ու խառնվածքը վաղ հասակից սկսեցին առանձնանալ ու տարբերվել։

Ֆլորան դեռ մեկ տարեկան էլ չկար, երբ Մանգասարյանների ընտանիքը ստիպված եղավ լքել Օսմանյան կայսրությունը։ Հայերի դեմ սկսված Համիդյան կոտորածները վտանգավոր էին դարձրել նույնիսկ կրթված ու ճանաչված հայ ընտանիքների կյանքը։ 1881 թվականին նրանք տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ՝ սկզբում հաստատվելով Ֆիլադելֆիայում, ապա՝ Չիկագոյում։ Այստեղ ծնվեցին նաև Ֆլորայի քույրն ու եղբայրները՝ Արմենը, Քրիստինեն և Գևորգը։

Ամերիկյան միջավայրում ձևավորվող Ֆլորան վաղ հասակից աչքի էր ընկնում իր աշխուժությամբ։ Ընտանիքի ներսում նա մշտապես երգում էր, պարում, փոքր բեմադրություններ կազմակերպում, և նրա ներկայությունն ինքնաբերաբար վերածվում էր փոքր ներկայացման։ Նա հաճախում էր երաժշտական դպրոց, որտեղ աղջկա գեղեցիկ սոպրանոն ու երաժշտությունը զգալու բացառիկ տաղանդն արագ նկատելի դարձան։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ ու կարծես հաստատվեց, որ ավանդական ընտանեկան շրջանակները չափազանց նեղ են նրա ստեղծագործական խառնվածքի համար։

Ֆլորայի երազանքը հստակ էր՝ պետք է լիներ մեծ բեմում։ Ընտանիքն ու հարազատներն իրենց պահպանողական վերաբերմունքով, ինչպես նաև ժամանակի հասարակական պատկերացումները լրիվ այլ ճանապարհ էին ուրվագծում աղջկա համար՝ պետք էր ամուսնանալ։ Բայց Ֆլորան իր պլաններն ուներ։ 19 տարեկանում, դժվարությամբ ստանալով ծնողների համաձայնությունը, Ֆլորան համարձակ որոշում է կայացնում՝ մեկնում է Նյու Յորք, որպեսզի իր ուժերը փորձի Բրոդվեյում։

Նյու Յորքում առաջին քայլերը հեշտ չէին։ Փորձի պակասի պատճառով Ֆլորան մի քանի անգամ մերժվում է, սակայն չի նահանջում։ Նա սկսում է երգել որպես սոպրանո Castle Square Grand Opera Company-ի երգչախմբում։ Այդ փուլը դառնում է նրա մասնագիտական ձևավորման հիմքը․ Բեմի ռիթմը, կարգապահությունը, դերասանական աշխատանքը աստիճանաբար նրան դուրս են բերում երկրորդ պլանից։ Շուտով նրա դերասանական ու երաժշտական բացառիկ տաղանդը, արևելյան ինքնատիպ արտաքինն ու նպատակասլացությունը սկսում են աշխատել երիտասարդ, խոստումնալից ու համառ աղջկա օգտին։

Այսպիսով՝ Ֆլորա Զաբելը արագ ճանաչում է ձեռք բերում Բրոդվեյի ներկայացումներում։ Ամերիկյան մամուլը սկսում է ուշադրություն դարձնել երիտասարդ դերասանուհուն՝ ընդգծում է նրա անհատականությունը, գեղեցիկ ձայնը և բեմական վարպետությունը։ 1902 թվականին San Francisco Call թերթը նրան բնութագրում էր որպես Ֆիլադելֆիայի բարձրաշխարհիկ հասարակության ամենագրավիչ դեմքերից մեկը՝ շեշտելով ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլ նաև նրա հազվագյուտ բեմական հմայքը։

Նյու Յորքում հաստատվելուց և առաջին հաջողություններից հետո Ֆլորա Զաբելի կարիերան սկսում է արագ թափ հավաքել։ Մամուլը կարծես դրական մեկնաբանություններ էր շռայլում արտիստին, իսկ հանդիսատեսը նրան ընդունում էր որպես նոր, ժամանակակից կերպար, որը տարբերվում էր այն կանանցից, որոնք մինչև այդ գերակշռում էին բեմում։

1902 թվականին New York Tribune-ը հատուկ անդրադարձ է անում նրան՝ ընդգրկելով Ֆլորա Զաբել Մանգասարյանին «Գիշերային Նյու Յորքը կենդանացնող դերասանուհիներ և դերասաններ» հոդվածում։ Թերթը հիացմունքով գրում էր King Dodo ներկայացման մեջ նրա դերասանական խաղի մասին և միաժամանակ հիշեցնում նրա ընտանիքի պատմությունը։ Մասնավորապես նշում, որ ոչ վաղ անցյալում նրանք ստիպված են եղել լքել Կոստանդնուպոլիսը հայերի դեմ սկսված հետապնդումների պատճառով։

Բրոդվեյում Զաբելը շուտով հաստատում է իր՝ առաջատար դերասանուհու համբավը։ Նրա խաղն առանձնանում էր թեթևությամբ, ճկունությամբ և երաժշտական զգացողությամբ, իսկ բեմական ներկայությունը՝ անմիջականությամբ։ Ընդհանուր առմամբ նա իր դերակատարումն է ունեցել 14 մյուզիքլներում՝ դառնալով այդ շրջանի ամենապահանջված կին դերասանուհիներից մեկը։ Նրա գլխավոր դերերով նշանավորվել են մի շարք հայտնի ներկայացումներ, որոնց թվում էին The Yankee Tourist (1907), The Mascot (1909), The Man Who Owns Broadway (1910), The Pearl Maiden (1912), Toot-Toot! (1918) և The Girl from Home (1920)։

1905 թվականը շրջադարձային դարձավ նաև արտիստի անձնական կյանքում։ Ֆլորա Զաբելն ամուսնացավ ամերիկյան թատրոնի և մյուզիքլների ամենահայտնի դեմքերից մեկի՝ Ռայմոնդ Հիչքոքի հետ։ Հիչքոքը Բրոդվեյի աստղ էր, և մամուլում ու թատերական միջավայրում նրանց միությունը արագ սկսեցին նկարագրել որպես «աստղային զույգ»։

Ֆլորա Զաբել-Ռայմոնդ Հիչքոք զույգը կարճ ժամանակ անց իսկապես դառնում է ԱՄՆ-ում երաժշտա-կատակերգական ժանրի նորարարական գաղափարների խորհրդանիշ։ Նրանք միասին խաղում էին բեմում, նաև համատեղ բեմադրություններ էին իրականացնում, մյուզիքլի կառուցվածքի, դերասանական խաղի և բեմական շարժման մեջ ձևավորում նոր մոտեցում։ Նրանց ներկայացումները դիտելու համար հանդիսատեսը ժամանում էր ԱՄՆ տարբեր հատվածներից։ Նրանց շարքում էին նաև ԱՄՆ բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչները։

Զույգի ազդեցությունն ամերիկյան թատրոնի սահմաններից դուրս էր գալիս։ Նրանց ոճն ընդօրինակում էին թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի նշանավոր թատրոնները։ Տաղանդավոր երիտասարդ դերասաններ ու դերասանուհիներ գալիս էին նրանց մոտ՝ բեմական խաղի նոր մեթոդներ սովորելու համար, իսկ հյուրախաղերը տարածվում էին և՛ Ամերիկայում, և՛ Եվրոպայում։

Այդ տարիներին Ֆլորա Զաբելի հանրային կերպարը հստակ էր, նա ինքնավստահ, հաջողակ և ազատ ոգով կին էր, որը սեփական ուժերով նվաճել էր իր տեղը։ Բայց այդ կերպարը միաժամանակ նաև քննադատությունների թիրախ էր դառնում։ Նրա հավակնությունները և հանրային ակտիվությունը երբեմն մեկնաբանվում էին որպես չափազանց «ինքնավստահ» կամ «ինքնասիրահարված» վարքագիծ, իսկ նրա հաջողությունները որոշների կողմից վերագրվում էին բացառապես ամուսնու հեղինակությանը։

Բայց Ֆլորա Զաբելը չէր պատրաստվում լռել ու հետևել մեկնաբանություններին։ 1913 թվականին նա հանդես է գալիս I want to be understood վերնագրով մի հոդվածով, որտեղ բացահայտ խոսում է իր վախերի, կարիերայի և նպատակների մասին։ Նա գրում է, որ մշտապես վախեցել է մասնագիտական լճացումից, մոռացվելուց, և հենց այդ վախն է նրան ստիպել անդադար աշխատել, չկորցնել իր նպատակը՝ Բրոդվեյում գլխավոր դերեր խաղալը։ Հոդվածում Ֆլորան գրում է, որ այժմ ավելի շատ, քան երբևէ, ինքը ցանկանում է արժանանալ հանրության հավանությանը։

Թատրոնում արդեն կայացած լինելու ֆոնին Ֆլորա Զաբելի համար հաջորդ կարևոր քայլը դարձավ կինոն։ 1910-ական թվականներին ամերիկյան համր կինոն դեռ նոր էր ձևավորվում, և թատրոնի դերասանների համար այն հաճախ ընկալվում էր որպես երկրորդական, նույնիսկ վտանգավոր ու ռիսկային դաշտ։ Այնուամենայնիվ, Զաբելը դառնում է առաջին կին դերասանուհիներից մեկը, որը համարձակվում է տեղափոխվել այդ նոր միջավայր ու չի վախենում վտանգել իր բեմական հեղինակությունը։

1915 թվականին նա նկարահանվում է իր առաջին համր ֆիլմերում՝ Ringtailed Rhinoceros և Village Scandal կատակերգական ժապավեններում։ Հատկապես մեծ արձագանք է ստանում 1916 թվականին նկարահանված The Red Widow ֆիլմը, որտեղ Ֆլորա Զաբելի զուգընկերը ժամանակի ամենահայտնի դերասաններից մեկն էր՝ Ջոն Բերիմորը։ Ֆիլմերը նրան հնարավորություն են տալիս բացահայտել դերասանական այլ գործիքներ՝ ժեստ, շարժում, միմիկա, որոնք կինոյում շատ ավելի կարևոր էին, քան խոսքը։

Այսպիսով՝ մասնագիտական այս նոր շրջանում ևս Ֆլորա Զաբելի պատմությունը գրավում է ամերիկյան մամուլի ուշադրությունը։ Արևելքից եկած երիտասարդ կինը, որը կրթության և կարիերայի միջոցով ինքնուրույն ճանապարհ էր հարթել ամերիկյան հասարակության մեջ, իսկական success story էր։

Ֆլորա Զաբելի փառքի գագաթնակետին նրա կերպարը հայտնվում է նաև առևտրային դաշտում։ Այդ տարիներին նրա պատկերով թողարկվում են Fatima ծխախոտը գովազդող կոլեկցիոն քարտեր։

1913 թվականի նոյեմբերին էլ Ogden Standard թերթը Out of a Harem to Fight for Woman Suffrage in America վերնագրով հոդվածում հիշատակում է նաև նրան։ Թերթը Զաբելին ներկայացնում էր որպես կին, որը կոտրել է ավանդույթների «թակարդը» և ազատ թռչել դեպի իր երազանքներ։ Հոդվածում նշվում էր նաև, որ Օսմանյան կայսրությունում մնացած նրա մորաքույրները մտահոգված էին Ֆլորայի կյանքով։ Նրանք անհանգստանում էին, որ Ֆլորան դեռ ամուսնացած չէ, կարծում էին, թե Ամերիկայում նա չի կարող համապատասխան ամուսին գտնել։ Նույնիսկ առաջարկել էին օգնել և իր փոխարեն տղամարդ գտնել, որը կարող էր ամուսնանալ Ֆլորայի հետ և տեղափոխվել Ամերիկա։ Կամ էլ Ֆլորային առաջարկում էին, որ ինքը վերադառնա Կոստանդնուպոլիս։ Հայր ու դուստր Մանգասարյաններն այս առաջարկը մերժել էին և Մանգասար Մանգասարյանը կանգնել էր դստեր կողքին ու աջակցել էր նրա ընտրությանը։

Ի դեպ, Ֆլորա Զաբելի կյանքի ամենածանր ու լարված դրվագներից մեկը կապված էր հենց հոր՝ Մանգասար Մանգասարյանի հետ։ 1900-ականների սկզբին, գաղտնի այցով Կոստանդնուպոլիս մեկնած Մանգասարյանը ձերբակալվում է թուրքական իշխանությունների կողմից։ Ըստ աղբյուրների՝ ձերբակալության պատճառը Համիդյան կոտորածների վերաբերյալ նրա հրապարակային քննադատությունն է եղել։

Այդ շրջանում հոր ազատությունը ապահովելու և փաստաբան վարձելու համար Ֆլորա Զաբելը Միացյալ Նահանգներում կազմակերպում է դրամահավաք։ Նա ակտիվորեն ներգրավվում է այս գործընթացում ու միաժամանակ շարունակում է նաև իր բեմական գործունեությունը։

Բայց կյանքի ճակատագրական ու շրջադարձային հարվածը 1929 թվականին էր, երբ մահանում է Ռայմոնդ Հիչքոքը՝ նրա կյանքի և կարիերայի երկարամյա ընկերը։ Ամուսնու կորուստից հետո Ֆլորա Զաբելը աստիճանաբար հեռանում է իր սիրելի աշխարհից՝ բեմից ու էկրաններից։ Կարճ ժամանակ անց նա ամբողջությամբ դադարեցնում է դերասանական գործունեությունը։ Արդյունքում հայտնվում է բեմի հակառակ կողմում և սկսում է զբաղվել բեմական հագուստի դիզայնով։

1968 թվականի հոկտեմբերի 7-ին Բրոդվեյը և ամերիկյան թատերական հանրությունը տեղեկացան Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոքի մահվան մասին։ Նա մահացավ Նյու Յորքում՝ 88 տարեկան հասակում։ Մամուլում նրա վախճանը հիշատակվեց որպես մի ամբողջ դարաշրջանի ավարտ, թեև այն ժամանակ Զաբելի անունն արդեն վաղուց չէր հնչում առաջին էջերում։


✍️ Նանե Մանուկյան / PAN