#cinéPAN
September 17, 2023

Food porn. Ինչպես է սնունդը կինոյում բացահայտում կերպարներին  

Ուտել, հատկապես` համեղ ուտել, սիրում են բոլորը։ Ի վերջո, սնունդ ընդունելը կենդանի օրգանիզմի երկու գլխավոր պահանջից մեկն է։ Երկրորդը բազմացումն է, այնպես որ սնվելն ու սեքսն այն հզորագույն նախնադարյան իմպուլսներն են, որոնք մեզ առաջ են շարժում։ Ու կինեմատոգրաֆիստները հրաշալի գիտեն այդ մասին, նրանք կարողանում են հնարամտորեն օգտագործել թե մեկը, և թե մյուսը` իրենց ասելիքը շեշտելու համար։ Սնունդ պատրաստելը, ընդունելը ոչ պակաս ինտիմ ու սակրալ է, քան սեքսը, իզուր չէր Ստանիսլավ Լեմն այս թեմային առանձին ուսումնասիրություն նվիրում։

Բայց մի կողմ դնելով երկրորդ գլխավոր պահանջն ու կենտրոնանալով սննդի վրա` PAN-ը կպատմի, թե ինչպես է կինոն սնունդ ընդունելու, կամ խմիչքներ խմելու տեսարաններն օգտագործում կերպարների բացահայտման համար։ Ու կսկսի այս հարցում կատարելության հասած մի ռեժիսորից։

Սննդի միջոցով կերպարներին բացահայտելու իսկական վարպետ է Քվենտին Տարանտինոն։ Համադրելով իր ֆիրմային դիալոգները խիստ տպավորիչ նկարված ուտելու տեսարանների հետ` նա շոյում է միաժամանակ հանդիսատեսի ինտելեկտը (նորագույն ուղեղային հատվածը)` հնագույն բնազդների հետ միասին։ Արդյունքում, մի սրամիտ դիալոգը, որն ուղեկցվում է հնարամտորեն նկարված գաստրոլոգիկ տեսարանով, կերպարին բացում է ամբողջությամբ։

Ջուլսը պատմում է Կահունա բուրգերի առավելությունների մասին, հատված «Քրեական ընթերցվածք» ֆիլմից

Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքում» (Pulp Fiction, 1994) դա հատկապես վառ է արտահայտվում։ Ֆիլմի երկրորդ գլուխը սկսվում է Վինսենթի (Ջոն Տրավոլտա) ու Ջուլսի (Սեմյուել Լ. Ջեքսոն) հիանալի երկխոսությունից.


- Գիտե՞ս` Փարիզում ոնց են ասում քառորդ ֆունտանոց համբուրգերին*։

- Քառորդ ֆունտանոց համբուրգեր չե՞ն ասում։

- Չէ, ախպեր, իրենց մոտ մետրիկ համակարգ է։ Իրենք գաղափար անգամ չունեն՝ ինչ ասել է հերն անիծած քառորդ ֆունտանոց համբուրգերը։

- Բա ո՞նց են ասում։

- Իրենք դա անվանում են պանրով «Ռոյալ»։

- Պանրով Ռոյալ։ Բա Բիգ Մակը ո՞նց են ասում։

- Դե, Բիգ Մակը էդ Բիգ Մակն է, բայց իրենք ասում են Լե Բիգ Մակ։

* Quarter Pounder-ը McDonald's-ի համբուրգեր է, որն իր անունը ստացել է քառորդ ֆունտ կշռող կոտլետի պատվին։

(Թարգմանությունը խիստ մոտավոր է, որովհետև Տարանտինո թարգմանելն իմաստի 80 տոկոսի կորուստ է)։


Միա Ուոլեսի սնվելու դրվագն ուղիղ կապված է Վինսենթի ու Ջուլսի բուրգերային ոդիսականի հետ։ Կադր «Քրեական ընթերցվածք» ֆիլմից:

Սննդի թեմայով սկսված երկխոսությունը երկու մարդասպանի միջև սահուն անցնում է այլ թեմատիկայի, բայց հենց այս հատվածում է Ջուլսի ու Վինսի մտերմությունը շեշտվում սննդի մասին զրույցով։ Երևում է, որ կերպարներն առաջին անգամ չեն միասին «առաջադրանքի» գնում, ու որ դա իրենց համար սովորական առօրէական երևույթ է։

Ավելի նշանակալի է արդեն բուն «առաջադրանքի» կատարումը։ Ու կրկին` սննդի թեմայով։ Ջուլսը թույլտվություն է հարցնում ու փորձում իր զոհի կծած համբուրգերը. կերպարը բացվում է ամբողջությամբ։ Ջուլսն անմիջական է, ի տարբերություն Վինսենթի` գոռոզ չի, կարող է իրեն թույլ տալ սովորական մարդկային շփում, անգամ` սրտացավություն։ Մի կողմից Ջուլսը հաճույքով է կատարում իր «աշխատանքը», մյուս` իրեն անհրաժեշտ է հանգստի անցնել, ինչն էլ բացահայտվելու է արդեն ֆիլմի վերջում` կրկին կապված լինելով սննդի ընդունման հետ։

Կասկադյոր Մայքը սնվում է։ Դրվագ «Մահվան ապացույց» ֆիլմից:

Լրիվ այլ կերպ է բացահայտվում նույն Տարանտինոյի «Մահվան ապացույց» (Death Proof, բառացի` «Մահադիմացկուն», 2007) ֆիլմի գլխավոր անտագոնիստ կասկադյոր Մայքը (Կուրտ Ռասել)։ Մայքի` նաչոս ուտելու դրվագը, թե ինչ հաճույքով, արագությամբ ու ագահությամբ է նա կլանում մեքսիկական ուտեստը, շատ բան են ասում իր մասին։ Մայքը սրընթաց է, անողոք, սկսած գործն ավարտին է հասցնում առանձնակի դաժանությամբ։ Եթե Մայքն ապրեր Նեոլիթում, ապա խժռելու էր իր ավարը հենց տեղում, կենտրոնացած, դաժանաբար քշելով հավակնություն ունեցող մյուս կենդանիներին։ Մայքը գիշատիչ է։ Ու նաչոսը կլանելու դրվագից որոշ ժամանակ անց կապացուցի դա։


- Օրեվուա՜ր, Շոշա՜ննա...


Մեկ այլ գիշատչի` շտանդարտենֆյուրեր Հանս Լանդայի (Քրիստոֆ Վալց) հետ կապված սննդի տեսարանը Տարանտինոյի «Անփառունակ սրիկաներում» (Inglourious Basterds, 2008) ամենատպավորիչներից է ռեժիսորի կարիերայում։ Շտրուդել ուտելով իր զոհի սեղանի առջև` դահիճ Լանդան բացահայտում է իր կենսուրախությունն ու, դրա հետ մեկտեղ, սառնասրտությունը։ Լանդան սիրում է կյանքը, ծայրահեղ խելացի է ու խորամանկ, ամեն ինչի պատրաստ` սեփական գոյությունը պահպանելու համար։ Նրան քաջ հայտնի է, թե ով է իր հետ նստած սեղանի առաջ, բայց կաթնաշոռով շտրուդելը հաճույքով կլանելով լավ քողարկված անտարբերության ներքո` Լանդան հաճույք է ստանում մուկն ու կատու խաղալու պրոցեսից, ու իր ամբողջ պրոֆեսոր գործունեությունը կառուցում հակառակորդի թուլությունների վրա հիմնված խաղի վրա։

Հանս Լանդան ու շտրուդելը։ Հատկանշական է, որ վերջում Լանդան ծխախոտը հանգցնելու է շտրուդելի վրա։ Կադր «Անփառունակ սրիկաներ» ֆիլմից:

Իսկ «Ջանգոն ազատված» (Django Unchained, 2012) ֆիլմում նույն Վալցի մարմնավորած դոկտոր Քինգ Շուլցը լրիվ այլ կերպար է։ Նա չի խաղում, այլ ուղիղ, անմիջականորեն գործում է։ Հայտնվելով փոքրիկ քաղաքում ու առանց թույլտվության մտնելով մոտակա փաբը` Շուլցը մեծագույն խնամքով գարեջուր է լցնում իրեն ու ջանգոյին, ու նույնքան հաճույքով խմում։ Գարեջրի դրվագն ամբողջությամբ բացվում է միայն հաջորդող իրադարձություններում. Շուլցը սառնասիրտ է, համբերատար, ճշգրիտ, լավ գիտի իր անելիքն ու հստակ պլանավորում է։ Նա չի իմպրովիզացնում, ինչպես Լանդան, չի խաղում, բայց նույնքան հստակ մոտենում է նպատակին։ Բայց Լանդային ու Շուլցին միավորում է ռիսկի դիմելու ու այդ ռիսկը կառավարելու կարողությունը։


-  Եթե դուր են գալիս համբուրգերներ, մի օր անպայման փորձիր (Բիգ Կահունա բուրգեր): Սովորաբար ես ինքս չեմ կարող առնել, որովհետև ընկերուհիս բուսակեր է, ինչն ինձ էլ է զգալի առումով բուսակեր դարձնում: Բայց ինձ ահավոր դուր է գալիս լավ համբուրգերի համը:

Ջուլսը բացատրում է ֆասթֆուդի առավելությունները


Տարանտինոյական գաստրոնոմիկ տուրը եզրափակենք «Նողկալի ութնյակը» (The Hateful Eight, 2015) ֆիլմում ռագուն ուտելու դրվագով: Փակ տարածությունում գիշատիչների հետ հայտնված մարդկանց ու պարանոյայի մասին այս փայլուն ֆիլմում ամեն ինչ կարելի է ասել կերպարների մասին՝ նայելով, թե ինչպես են նրանք ռագու ուտում. Մարկուս Ուորենը (Սեմյուել Լ. Ջեքսոն) «միայնակ գայլ է», ով իր ավարը վայելում է բոլորից առանձին; Ջոն Ռութը (Կուրտ Ռասել) ագրեսիվ ու ակտիվ տեմպերամենտի տեր անձնավորություն է, ով միանգամից հարձակվում է ուտելիքի վրա, իսկ ռիսկի դիմելուց երկար չի մտածում; շերիֆ Քրիս Մենիքսը (Ուոլթոն Գոգգինս) զգուշավոր է, ու իր վարքագծից ելնելով՝ սրտացավ ու պարկեշտ անձնավորություն, ինչի մասին հստակ կիմանանք միայն ֆիլմի ավարտին: Տարանտինոն, մանր վրձնահարվածներով, բացում է իր կերպարներին ուշադիր կինոդիտողի համար:

Տարանտինոն օգտագործում է ռագուն` կերպարների միջև կոմունիկացիան ամրապնդելու համար։ Հատված «Նողկալի ութնյակը» ֆիլմից:

Տարանտինոյի մասին կարելի է երկար ու հանգամանալից խոսել: Նա անգամ շանը կերակրելու կամ սիգարով ու վիսկիով կինո նայելու դրվագները («Մի անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood, 2019) կարողանում է վերածել կերպարների մասին հիմնավոր ասելիքի: Բայց անցնենք առաջ:

«Արջը» սերիալում յուրաքանչյուր խորտիկ արվեստի գործ է:

Եթե ուտելու կարճատև ու էպիզոդիկ հատվածները կինոյում ձեզ բավարար չեն, ուզում եք իսկական ֆուդգազմ, որն անդադար համերի ու գույների հրավառություն կպարգևի, ապա «Արջը» (The Bear, 2022) սերիալն իսկական գտածո է: Սա էկրանային food porn-ի լավագույն ներկայացուցիչն է վերջին ժամանակներում, ընդ որում՝ գաստրոնոմիկ հրաշքներն ու ախորժակ գրգռող դրվագներն ինքնանպատակ չեն: Առաջին հերթին, «Արջը» խորը դրամա է անձնական ճգնաժամի ու դեպրեսիվ իրավիճակից ելքեր որոնելու մասին: Ու թե ինչպես են սերիալի հերոսները պատրաստում, ապա՝ ուտում սնունդը, շատ բան է պատմում նրանց մասին:


- Գրողը տանի, էնքան քաղցր ես, որ շաքարը կողքիդ աղ է:

Կասկադյոր Մայքը ֆլիրտ է անում


Գլխավոր հերոս Կարմեն Բերզատոն (Ջերեմի Ալեն Ուայթի փայլուն կատարմամբ), եղբոր մահվանից հետո վերջինիս խոհարարական բիզնեսն ուսերին վերցնելուց հետո, անդադար փորձում է բալանսավորել անինքնավստահության, դեպրեսիայի ու հույսի խաչմերուկին, ինչն արտացոլվում է կերպարի սնունդ պատրաստելու պրոցեսում: Կարմին աստիճանաբար դառնում է ավելի անփույթ, անուշադիր, ինքնամփոփ: Անփորձ Սիդնի Ադամուն (Այո Էդեբիրի), հակառակը, երկու սեզոնի ընթացքում ամրապնդում է համի զգացողությունը, իսկ Մարկուսը (Լայոնել Բոյսը) իսկական վիրտուոզ է՝ շնորհիվ նրա, որ սրտանց սիրում է իր արվեստը (այո, Մարկուսի պարագայում դա արվեստ է):

«Ձկներ» էպիզոդում Դոննա Բերզատոն (Ջեյմի Լի Կերտիս) խոհանոցի քաոսը հասցնում է գագաթնակետին արդեն սեղանի շուրջ:

Սերիալի լավագույն էպիզոդը կոչվում է «Ձկներ» (Fishes, 2023) ու այն սննդի պատրաստման պրոցեսի միջոցով հիանալի արտացոլում է ընտանեկան քաոսը: Եթե առաջին սեզոնի լավագույն՝ «Ռեվյու» (Review, 2022) էպիզոդում սկզբնական քաոսն աստիճանաբար վերածվում է կարգ ու կանոնի մաքառման ու տանջալից աշխատանքային պրոցեսի միջոցով, ապա «Ձկներում» քաոսը մարդկանց գիտակցության մեջ ու հարաբերություններում գնալով ավելի ու ավելի է խորանում. այս ամենն ուղեկցվում է աննկարագրելի ախորժաբերության սննդի պատրաստման պրոցեսով:

«Ջուլին և Ջուլիան» իսկական գաստրոնոմիկ տոնակատարություն է:

Առաջին հայացքից քաոտիկ թվացող պատրաստման տեսարանը վերածվում է կերպարի խորը վերլուծության Նորա Էֆրոնի «Ջուլին և Ջուլիան» (Julie & Julia, 2009) ֆիլմում, երբ Ջուլիա Չայլդը (Մերիլ Սթրիփ) խոհանոցում ուտելիք է պատրաստում, իսկ Փոլ Չայլդի (Սթենլի Տուչչի) մոնոլոգը, գույներն ու խոհանոցային պարագաների ձայները հանդիսատեսին են փոխանցում ոչ միայն խորտիկների բուրմունքը, այլև Ջուլիայի հակասական, բայց ծավալուն կերպարը։


- Ինչո՞վ ես դու իրոք սիրում զբաղվել:

- Ուտելով:

Ջուլիան ունի բոլոր հարցերի պատասխանները


Երբեմն սննդի ընդունման տեսարանով հեղինակները կարողանում են առանցքային ձևով փոխել կերպարի նկատմամբ վերաբերմունքը: Pixar-ի հիանալի «Ռատատույ» (Ratatouille, 2007) անիմացիոն ֆիլմում ռեստորանային քննադատ Անտուան Էգոն (Պիտեր Օ’Թուլ), ով ներկայացվում էր որպես մռայլ ու խիստ մարդ, հանկարծ լուսավորվում ու վեր է հանում իր ներքին երեխային՝ Ռեմիի պատրաստած ռատատույը փորձելիս: Որովհետև համերն ու հոտերը հիշողության հետ կապված ամենակայուն զգացումներն են:

Էլիզաբեթը պիցցայի միջոցով ասում է` «հերիք եղավ, բոլ եղավ»։ Կադր «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմից:

Կերպարի ազատության ձգտումն ու սոցիալական կապանքները վայր նետելը, ինքնաճանաչման ու ինքն իրեն սիրելու երկար ու բարդ ճանապարհն անցնում է գաստրոնոմիկ ուղևորության տեսքով նաև Ռայան Մերֆիի «Կեր, աղոթիր, սիրիր» (Eat, Pray, Love, 2010) դրամայում։ Էլիզաբեթ Գիլբերթի (Ջուլիա Ռոբերտս) ինքնաբացահայտման վտանգավոր ուղու մի մասը կապված է հենց սննդի հետ. Էլիզաբեթը գտնում ու հաշտվում է ինքն իր հետ, ազատվում մեղքի ու լքվածության զգացումից նաև ամբողջությամբ ընդունելով կյանքի այս հաճելի մասը։

«Օուշենի տասնմեկ ընկերներում» Ռասթին անընդհատ ուտում է:

Ուտելու տեսարանները երբեմն օգտագործվում են որևիցե կերպարին մյուսներից առանձնացնելու ու շեշտելու համար։ Օրինակ, Սթիվեն Սոդերբերգի «Օուշենի տասնմեկ ընկերները» (Ocean's Eleven, 2001) ֆիլմում Ռոբերտ «Ռասթի» Ռայանը (Բրեդ Փիթ) անընդհատ սնվում է ֆիլմի առանցքային դրվագներում, որտեղ կարևոր որոշումներ են կայացվում։ Ռասթին ոչ միայն մասնակցում է պլանավորմանը որպես Դեննի Օուշենի (Ջորջ Քլունի) աջ ձեռք, ոչ միայն պայմանավորվում է մարդկանց հետ, այլև պլանավորման պրոցեսում պատասխանատու է իմպրովիզացիայի ու ոչ ստանդարտ լուծումների համար։ Հետևաբար, կերպարը պետք է հնարավորինս ոչ ստանդարտ լինի։

Բուրգանման «Օլիվյե», ձկնեղեն, խմիչք, բայց Վալիկոն ախորժակ չունի։ Կադր «Միմինո» ֆիլմից:

Սնունդը նաև լարված հարաբերություններն արտահայտելու միջոց է, սնունդն էլ այդ հարաբերությունների լարվածությունը թոթափում է։ Գեորգի Դանելիայի «Միմինո» (Мимино, 1977) տրագիկոմեդիայում Ռուբիկ Խաչիկյանը (Մհեր Մկրտչյան) առաջարկում է Վալիկո Միզանդարիին (Վախթանգ Կիկաբիձե) կեֆիր ուտել, ինչից վերջինս հրաժարվում է, չնայած խոստովանում է, որ սիրում է. պատճառը նախօրեին Լարիսա Իվանովնայի հետ չստացված ժամադրությունն է։ Իհարկե, Ռուբիկը, որպես իսկական սրտացավ հայ, կարող էր վրացի ծանոթի հոգեբանական բեռը թեթևացնել Հայաստանից բերված ARARAT կոնյակով, բայց ընտրում է հարցը քննարկելու փիլիսոփայական տարբերակը.


- Մի բան ասեմ, միայն թե չնեղանաք... Դուստր ունեմ, անունն Ալլա է։ Եթե մեկը զանգի, ասի` Ալլա, արի գնանք ռեստորան, ըստեղ, ընդեղ, պարենք, ես շատ վատ կմտածեմ էդ զանգողի մասին... Իսկ եթե զանգի, ասի` Ռուբեն ձյաձյա, կարո՞ղ եմ Ալլայի հետ գնալ մշակութային միջոցառման, կասեմ` գնա, դառագոյ... Լավ է, որ քո Լարիսա Իվանովնան չի եկել, ուրեմն ինքը բարոյական ընտանիքից է... Ես այդպես եմ մտածում...


Սնունդը ոչ միայն անհատական, այլև մշակութային առանձնահատկությունները շեշտելու միջոց է։ Հատկապես վառ է արտահայտվում դա հայկական կամ հայ ռեժիսորների նկարած ֆիլմերում։

Լևոն Պողոսյանը բացատրում է, թե ինչպես պատրաստել իսկական հայկական խորովածը։ Դրվագ «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմից:

Ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի «Երբ գալիս է սեպտեմբերը» (Когда наступает сентябрь, 1975) ֆիլմում Աշտարակից Մոսկվա եկած Լևոն Պողոսյանը (Արմեն Ջիգարխանյան) իր հետ է բերում նաև հայկական մշակույթի մի մասը` ոչ միայն մարդկանց հետ անմիջական ու ջերմ շփման, այլև, օրինակ, մեգապոլիսի շենքերից մեկի պատշգամբում խորոված պատրաստելով։ Մշակութային առանձնահատկությունների նման ներխուժումն օտար միջավայր ու այդ միջավայրին ենթարկեցնելը սովորական մարդկային շփման միջոցով անհնար կլիներ ավելի լավ պատկերել, քան բարձրահարկի պատշգամբում ավանդական հայկական ուտեստ պատրաստելու միջոցով։

Սնունդը նաև սիրո արտահայտման միջոց է։ Կադր Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմից:

Ավելի անմիջական քաղաքային ու գյուղական կյանքի շփումը կրկին սեղանի շուրջ նստելու միջոցով պատկերված է նույն ռեժիսորի «Տղամարդիկ» (1972) կատակերգական մելոդրամայում, երբ Վազգենը, Սաքոն, Սուրենն ու Արամն ուղևորվում են Արամի հայրենի Խաշթառակ գյուղ` արժանանալով ճոխ ընդունելության։ Սնունդը հայկական կինոյում մարդկանց կապելու, նրանց հարաբերությունները շեշտելու, մտերմությունն արձանագրելու ազդեցիկ գեղարվեստական միջոց է։ Դա բխում է հենց մեր մշակութային, ազգային առանձնահատկություններից (մի կտոր հաց կիսելը զուտ մեխանիկական գործողություն չէ, այլ ունի շատ հստակ հասարակական նշանակություն), ու նույն կերպ տեղափոխվել է կինո։

Ամփոփելով` կարող ենք ասել, որ սննդի ընդունման տեսարանները կինոյում ազդեցիկ գործիք են, որոնք շատ հազվադեպ են ինքնանպատակ կիրառվում, այլ հիմնականում կոչված են ընդգծել պատմության տվյալ հատվածն ու բացահայտել կերպարներին։


🎬 Արման Գասպարյան / PAN