Կարդալիքներ PAN-ից
Yesterday

Հայկական found footage. Հինգ վախենալու պատմություն, որոնք ֆիքսել է տեսախցիկը

Սարսափ ֆիլմերի շատ տաղանդավոր հեղինակներ բյուջեի խիստ սահմանափակ լինելու պայմաններում սկսել են այսպես կոչված found footage կամ գտնված տեսագրությունների ենթաժանրից։ Այս ենթաժանրում գեղարվեստական պատմությունն իմիտացնում է իրական սիրողական տեսախցիկով նկարված իրադարձությունները, ինչը, չնայած էժան է, սակայն պահանջում է մեծ տաղավար ոչ միայն ձանձրալի չդառնալու, այլև հանդիսատեսին ներգրավելու, տեղի ունեցողի` իրական լինելու զգացում առաջացնելու համար։

PAN-ը պատմում է ենթաժանրի հինգ լավագույն ներկայացուցիչների մասին, բայց ոչ սովորական թոփի, այլ Հայաստանում նկարված երևակայական վախենալու պատմությունների տեսքով։ Մյուս կողմից, իսկ արդյո՞ք դրանք երևակայական են։

Տեքստի ստեղծման ընթացքում մասամբ կիրառվել են արհեստական բանականության գործիքներ, սակայն մարդկային աշխատանքը զգալիորեն ավելի շատ է։


Մեր ոստիկաններն, իհարկե, աչքի չեն ընկնում աշխատանքի բարեխղճությամբ։ Կամ էլ շոկը չափազանց ուժեղ է։ Կատակ չի, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ են հանդիպում նման դաժանության։ Համեստ դասախոս Գրիգոր Ե-ի տանը հայտնաբերել են նրա սպանած 23 մարդկանց մնացորդները։ Բակում` ևս հինգին։ Ու աչքաթող են արել շան բույնը։

Իսկ Սուրենը, որպես սուր զգացողությունների իսկական սիրահար ու ճիշտ սթալկեր, գիշերվա չորսին մտել է մոլագար մարդասպանի բակ, տնտղել ամբողջ տարածքն ու շան բնում գտել սև տոպրակ` առանց մտածելու այն քարշ տալով տուն։

Ու հիմա` լուսադեմին, Սուրենը Panasonic տեսամագնւտոֆոնն ու Daewoo հեռուստացույցը պատրաստած` հերթով նայելու է տոպրակում գտնվող VHS կասետները։ Հավանաբար, դրանք մարդասպանի իրականացրած վայրենության ապացույցներ են, որոնք լավ կլիներ հանձներ իրավապահներին։ Բայց միայն նայելուց հետո։

Սուրենը դրեց առաջին կասետը, նստեց իր բազկաթոռին, վերցրեց հեռակառավարման վահանակը ու միացրեց... Էկրանը սկզբում կապույտ էր...


Հայտնաբերված տեսագրություն N1.  Ձայնագրման ժամանակը` գիշերվա 02:47. Դիլիջանի անտառ, 24 մարտի, 1996 թվական։

Պատկերը դողում է։ Խարույկի կարմրավուն լուսարձակում. օպերատորը նկարում է խարույկի շուրջ նստած երիտասարդներին, ինչ-որ մեկը կատակում է, մյուսները ծիծաղում են։ Քամին սոսափում է տերևներում։ Ապա` կադրը անսպասելի կտրվում է. մթություն, կտրուկ շնչառություն, շշուկներ։ Կադրից դուրս լսվում է տղամարդու ձայն.

— «Հլը սպասի… Լսա՞ր»...

Տեսախցիկը պտտվում է, լապտերի լույսը ծառերի արանքից որսում է մառախուղի առանձին կտոր։ Ընդամենը մի ակնթարթով այն վերածվում է կնոջ սիլուետի. նա կարծես կանգնած է, սակայն չափազանց ձգված, աննորմալ երկար պարանոցով, տարօրինակ անճշտություն կա սիլուետում։ Հաջորդ վայրկյանին թե ֆիգուրը, թե մառախուղն անհետանում են։

Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով

Ֆոկուսը կորում է։ Օբյեկտիվը որսում է հողը, թափված տերևները, հողոտ ճտքակոշիկները։ Ինչ-որ մեկը բղավում է.

— «Մի՜ գնա ըտեղ»։

Բայց տեսախցիկով մարդը միևնույն է քայլում է։

Հեռվից լսվում է հազիվ որսալի կանացի ծիծաղ։ Խուլ, կարծես գետնի տակից։ Ծիծաղը վերածվում է սաստիկ հազի, ապա` ֆշշոցի։

Տեսախցիկը դանդաղ մոտենում է հնագույն կաղնու բնին։ Բնի վրա ջղաձգվող մարդկային դեմք է։ Նկարված չի, այլ կարծես կեղևը կտրած լինի, ու դրա տեղում մարդու դեմք ամրացված։ Աչքերը կատաղի պտտվում են։ Նայում է տեսախցիկին։

Ֆշշոցն ուժեղանում է։ Կադրը ցնցվում է, նկատելի է, ինչպես է օպերատորը ընկրկում։ Նա շշնջում է.

— «Վախ, մորս արև... վախ մորս արև...»։

Գետնին ինչ-որ տարօրինակ շարժում է, կարծես մեկը հետապնդում է օպերատորին, սողում է սարդի նման, բայց չափազանց արագ, որպեսի տեսախցիկը որսա կոնտուրները։

Էկրանին սև բիծ է, ապա` լույսի բռնկում, ու տեսախցիկը մի ակնթարթ խոշոր պլանով որսում է սարսափելի տեսիլք` անդեմ կնոջ։ Դեմքի տեղում սև փոս է, իսկ փոսում` բզզացող, լորձով պատված միջատների պարս։ Դրանք դուրս են սողում դեմք-փոսից։

Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով

Տեսախցիկն ընկնում է։ Մի քանի վայրկյան` պատկերը կողքից է, երևում են ճտքակոշիկները, ստվերը, ապա ինչ-որ մեկը բարձրացնում է տեսախցիկը։ Օբյեկտիվը դողում է, իսկ ոսպնյակի արտացոլման մեջ ընդամենը կես վայրկյանով երևում է օպերատորի դեմքը, բայց այն... դատարկ է։ Միայն դեղնավուն օվալ, անաչք, անքիթ, անբերան։

Ապա` լռություն։ Լսվում է միայն հանդարտ շնչառություն։ Վերջին կադրերին տեսախցիկը մոտենում է կնոջ դեմքին, փոսի վրա աչքեր են, միջատները ամրացնում են նաև բերանը, քիթը։

Բերանը բացվում է ու շշնջում.

— «Մերսի... դեմքի համար»։

Տեսագրությունը կտրվում է։

Կադր «Բլեյրի վհուկ» նախագիծը» (The Blair Witch Project, 1999) ֆիլմից)։

Հայտնաբերված տեսագրություն N2.  Ձայնագրման ժամանակը` գիշերվա 01:13. Հաղթանակի կամրջի տակ, Երևան։ 13 հունիսի, 2011 թվական։

Տեսախցիկը կտրուկ ծվոցով միանում է։ Ուժեղ քամի է։ Դեռահասներից մեկը ծիծաղում է, խուլ, մի փոքր նյարդային։ Ծխախոտը նետում է խոտերի մեջ։

— «Էկե՜ք, արա, էկե՜ք ցուց տամ... Էս մոստի տակ ա...»։

Իջնում են բետոնից հողաթմբով։ Լապտերը դողում է, ճառագայթը որսում է գրաֆիտիի ու հին խարույկների հետքերը, շշեր ու տոպրակներ։ Պատին բծեր են։ Ներկ չի։ Ավելի մուգ։ Քաոտիկ։ Երկար ուղղահայաց գծերով։ Մեկը շշնջում է.

— «Հորս արև, էս արո՞ւն ա։ Թե՞ ժանգ, արա»։

Մյուսը ծիծաղով պատասխանում է.

— «Հա, տատուդ դաշտանի արունն ա... Բորբոս ա, այ էշ»։

Այդ պահին կադրը ֆոկուսացվում է, ու ջրափոսի մեջ երևում է այլանդակ մի դեմք, կարծես հատակից նայելիս լինի։ Ակնթարթ, ու այն անհետանում է։

Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով

Տեսախցիկը դողում է։ Ձայնը աղավաղվում է։ Այժմ լսվում է միայն շնչառություն ու ջրի ճոփյունը։ Ու տարօրինակ ռիթմ։ Կարծես մեկը երկաթով դանդաղ հարվածի բետոնին։ Դըմփ... դըմփ... դըմփ... դըմփ...

Դեռահասներից մեկը ավելի ներքև է իջնում։ Տեսախցիկը հետևում է իրեն։ Մի պահ հեռախոսի լապտերի լույսի ճառագայթը հպվում է պատին, որի վրա ցեխով (կամ ավելի տհաճ բանով) գրված է.

«Աչքերի մեջ չնայե՜ք»։

Տեսախցիկը ցնցվում է։ Ինչ-որ մեկը ճչում է, կարծես հեռվից։ Կադրում ինչ-որ բան է շարժվում, ընդամենը մի վայրկյանով, ստվեր, չափազանց զանգվածեղ, չափազանց արագ։

Ընկնող հեռախոսի ձայնը։ Երևում են միայն կոշիկները ու ջրի մակերևույթը։ Ֆոնին ծանր շնչառության ձայն է։ Ինչ-որ մեկը շշնջում է.

— «Էդ մեր տակն ա...»

Լռություն։

Ապա մթությունից, կամրջի տակից ինչ-որ բան է դուրս գալիս։ Երկու հսկայական, մոխրագույն ձեռք, ճանկերով, ինչպես գազանի մոտ, սակայն մատները երկար են, մարդկային։ Ձեռքերը կառչել են բետոնից։ Ապա` խռխռոց, որը վերածվում է խորը ոռնոցի, կարծես ժանգոտված երկաթի նվվոց։

Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով

Տեսախցիկը բարձրանում է, ֆոկուսը` կորում։ Մի ակնթարթ երևում է սարսափելի սիլուետը. հսկայական, զանգվածեղ, երկար երախով, առանց աչքերի, դրանց փոխարեն սև անդունդներ են։ Արարածն այնքան բարձրաձայն է շնչում, որ միկրոֆոնը խեղդվում է ձայնից ու ի զորու չէ այն ինտերպրետացնել, իսկ էկրանը պատվում է կանաչավուն լորձով։

Դեռահասներից մեկը բարձրաձայն աղոթում է` «Հայր մեր, որ երկինս ես...»։ Մյուսը լաց է լինում։ Տեսախցիկը կտրուկ թեքվում է, երևում է, ինչպես են երեխաները փախչում։ Նրանց ճիչերի մեջ հստակ լսվում են ծանր, անհարթ քայլերը ու մետաղական ճռռոց, կարծես մեկը ճանկռում է բետոնը։

Վերջին կադր` տեսախցիկը կրկին ընկնում է գետնին։ Բետոնի վրա, դողացող լույսի տակ, թարմ արյունով գրված է.

«Հիմա ես վերևում եմ»։

Տեսագրությունը կտրվում է։

Կադր «Թրոլներ որսացողները» (Trolljegeren, 2010) ֆիլմից)։

Հայտնաբերված տեսագրություն N3.  Ձայնագրման ժամանակը` 21:54. Սևանա լճի ափ, ինչ-որ ռեստորան։ 8 մարտի, 1989 թվական։

Տեսախցիկը որսում է երջանիկ, հարբած դեմքեր։ Բոլորը ծիծաղում են, փեսան մի ձեռքով գրկել է հարսին, մյուսով ծխում է։ Ինչ-որ մեկը բաժակը ձեռքին մոտենում է նորապսակներին, կենաց է ասում.

— «Մեր Սևանի նման հավերժ ըլնեք, երեխեք ջան»։

Ծափահարություններ, ծիծաղ։ Տեսախցիկը որսում է լուսնի լույսի տակ փայլող լճի հայելին, հանգիստ, անշարժ։ Մի պահ, կարծես, հանդարտ մակերևույթի տակով ստվեր է անցնում, բայց ոչ ոք ոչինչ չի նկատում։

Հաջորդ կադրում հրավառություն է, երեխաները վազում են, ինչ-ոչ մեկը վառում է ավտոմեքենայի լուսարձակները, լույսն ընկնում է ուղիղ ջրի վրա։ Տեսախցիկը պտտվում է դեպի լիճը. այնտեղ, որտեղ պետք է երևար Լուսնի արտացոլանքը, սև անթափանց զանգված է, երկար, ինչպես տիտանական չափերի սուզված ծառի բույն։

Ինչ-որ մեկը բարձր ձայնով հարցնում է.

— «Էս ի՞նչ ա...»։

Օպերատորը մոտեցնում է զումը։ Զանգվածը շնչում է։ Ապա այդ լպրծուն, գալարվող մակերևույթին բացվում են հարյուրավոր աչքեր, որոնց բիբերը պտտվում են դեպի լույսի աղբյուրը։ Օպերատորը ճչում է։

Ծիծաղը ու ուրախությունը շարունակվում են, սակայն ավելի ու ավելի շատ հյուրեր են պտտվում դեպի լիճը։ Տեսախցիկը ցնցվում է, պատկերը` կորում, սակայն այն պահերին, երբ սարքը որսում է լիճը, երևում է, թե ինչպես է ջրից դանդաղ դուրս գալիս ահռելի մի բան։ Երկար, ինչպես գերան, փայլփլուն, աչքերով ու ջրիմուռներով ծածկված մարմնի ամբողջ երկայնքով տասնյակ վերջույթներ են, կարծես ինչ-որ դժոխային միջատ, բայց միլիարդ անգամ մեծ։ Արարածը սողալով դուրս է գալիս ջրից։

Ճիչեր, ինչ-որ մեկը ատրճանակով կրակում է։ Մարդիկ վազում են, լսվում է երեխաների լաց։ Մի վայրկյանով երևում է, ինչպես է արարածը ամբողջությամբ դուրս եկել ջրից, հսկայական, ինչպես բազմաբնակարան շենք, իսկ հետևի հատվածը երկատվում է, կիսվում երկու մկանոտ շոշափուկի։ Այն շարժվում է իր տասնյակ բարալիկ, երկար, միջատային վերջույթներով` ավազի վրա թողնելով խոնավ հետքեր։

Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով

Օպերատորն ընկնում է, տեսախցիկը շրջվում` ցույց տալով գլխիվայր շրջված աշխարհ. վազող մարդկանց ոտքեր, ավտոմեքենաներ, որոնք միմյանց ազդանշանելով պոկվում են տեղից` միացնելով լուսարձակները։ Ֆոնին խուլ ձայն է, կարծես մեկը ասֆալտի վրա քաշելիս լինի մետաղական կոնտեյները։

Լույսը թարթում է։ Միկրոֆոնը որսում է ցածր գվվոց, որը նման չի մռնչոցի` ավելի շուտ հիշեցնելով վիբիացիա։ Կադրում հրեշի արտացոլանքն է լճի հայելու վրա։ Սակայն արտացոլանքում հրեշի մարմինը պատված է հարյուրավոր մարդկանց մարմնի մասերով, դրանք գալարվում են, ճչում, շարժում ձեռքերը, կարծես կիսով չափ մարսված լինեն` առանց մաշկի, մկանները ու ոսկորները երևում են, կախված հագուստի ծվեններով, որոնցից մեկը... հարսնացուի սպիտակ հանդերձանքի մնացորդներն են։

Ինչ-ոչ մեկը գոռում է.

— «Լուսերն անջըտե՜ք... էդի լուսի վրայա գալի»։

Վերջին կադրեր։ Տեսախցիկը խոտերի մեջ է։ Ֆոկուսում հարսանեկան զգեստն է, մասնակիորեն ջրի մեջ։ Հետևի ֆոնին հսկայական մարմին է, որը սողում է դեպի քաղաք լույսերը։

Տեսագրություն այլևս չկա, սակայն տեսախցիկը մի քանի ժամ շարունակել է ձայնագրել ձայնը։ Լսվում է հեռավոր հրաձգություն, ապա` ժամը 23:34-ից` անընդհատ ահագնացող աղմուկ, կարծես մի ծանր բան է քարշ գալով մոտենում։ Վերջում` ջրի բարձրաձայն ճոփյուն։

Կադր «Քլովերֆիլդ» (Cloverfield, 2008) ֆիլմից)։

Հայտնաբերված տեսագրություն N4.  Ձայնագրման ժամանակը` 02:11. Աբովյան փողոց, Երևան։ 23 հունվարի, 2001 թվական։

Պատկերը շաղվում է։ Էկրանին հին բազմաբնակարան տան աստիճանավանդակն է։ Պատերին ճաքած սվաղ է, ռացիայում լսվում է դիսպետչերի ձայնը։

— «17, ահազանգը էդ հասցեից է։ Չորրորդ հարկում ապրող տարեց կինը չի կարողանում բացել իր բնակարանի դուռը… Ասում է` կատուն մնացել է ներսում»։

Տեսախցիկը ճոճվում է, լապտերի լույսը կտրում է խավարը։ Կադրում նեղ միջանցք է։ Լուռ է, լսվում է միայն քայլերի ձայնի արձագանքը։ Հրշեջներից մեկը շշնջում է.

— «Կատու փրգող ենք դառել…»։

Պատերին հին պաստառներ են, խոնավության հետքեր։ Լույսը թարթում է։ Միջանցքի վերջում դուռը կիսաբաց է։

Հրշեջներից մեկը ծեծում է դուռը.

— «Հրշեջ ծառայություն, մարդ կա՞ տանը»։

Պատասխան չկա։ Միայն լուռ, հազիվ ընկալելի ձայն, կարծես մեկը ճանկռում է հատակը։

Տեսախցիկը մտնում է ներս։ Լույսի ճառագայթը որսում է ճաշասեղանը, կատվի կերի հին ամանը, վարագույրները, որոնք շարժվում են միջանցիկ քամուց։ Պատուհանը բաց է։ Ամեն ինչ թվում է սովորական, սակայն լսելի է ծանր, խոնավ, դանդաղ շնչառություն։

Անկյունում լրիվ մերկ ծեր կին է, մեջքով դեպի տեսախցիկը։ Նա նստած է գետնին, ճոճվում է ու կրկնում.

— «Մուրզիկը... չի գնում... չի գնում...»։

Հրշեջներից մեկը զգույշ մոտենում է.

— «Տատի ջան, ամեն ինչ նորմա՞լ ա»։

Կինը դադարում է ճոճվել։ Դադարում է խոսել։ Ապա դանդաղ պտտում է գլուխը. ոչ ամբողջ մարմնով, միայն գլուխը, կարծես պարանոցում ողնաշար չկա, կարծես միայն մկաններ են ու կաշի, դանդաղ, զզվելի ճռթոցով, ու ուղիղ նայում է իր դիմացը սև խոռոչ-աչքերով։

Տեսախցիկը չի ֆոկուսացվում, բայց լապտերը սկսում է թարթել։ Երբ լույսն անհետանում է, կնոջ աչքերն իրենք են լուսարձակում, ինչպես անտառային գիշատիչ։

Ռացիան խշխշում է։

— «17... 17... լսո՞ւմ եք ինձ»։

Դիսպետչերի ձայնը ընդհատվում է մլավոցով... ռացիայում հիմա միայն կատվի մլավոցն է։

Կինը կտրուկ ոտքի է կանգնում, գլուխը կրկին անբնական հետ թեքված։ Տեսախցիկը ընկրկում է, լապտերի լույսը սահում է պատերով, լուսավորում առաստաղը։ Առաստաղին կատվի ոտնահետքեր են։ Դրանք ձգվում են առաստաղի երկայնքով մինչև բաց պատուհանը։

Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով

Միջանցքում թփթփոցի բարձր ձայն է, կարծես մեկը արագ վազի։ Հրշեջը, ում ձեռքին տեսախցիկն է, ուշքի է գալիս ու բղավում.

— «Արա՜, էս ի՞նչ ա»...

Լապտերը կրկին թարթում է. խավար, ապա նորից լույս. կնոջ դեմքը ավելի է մոտեցել։ Խավար, ու երբ լույսը վերադառնում է, կնոջ դեմքը արդեն գրեթե կպած է էկրանին։ Հրշեջը ճչում է` հետ ցատկելով։ Կնոջ շրթունքները շարժվում են, սակայն ձայն չկա։ Ապա ցածր ճայթյուն, կարծես միկրոֆոնը այրվեց։

Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով

Պատկերը ցատկում է, տեսախցիկը ու լապտերը ընկնում են գետնին։ Լույսը որսում է դիմացի պատը։ Պատի վրայով, ինչպես հսկա մի սարդ, սողում է մերկ կինը` գլուխը հետ թեքված։ Աչքերը փայլում են, բերանն ու մեջքը` արյունոտված։

Արարածը սկսում է մլավել մարդկային ձայնով։

Տեսագրությունն ընդհատվում է։

Կադր Rec (2009) ֆիլմից)։

Հայտնաբերված տեսագրություն N5.  Ձայնագրման ժամանակը` 23:48. Մարս, «Արևիկ-3» արշավախումբ։ 8 սեպտեմբերի, 2134 թվական։

Թշշոց։ Փոշի։ Կարմրավուն լուսարձակում, կարծես տարածությունը դողա։ Էկրանին լապտերների թույլ լույսն է։

Հայ հետազոտողների խումբն իջնում է մարսյան քարանձավի նեղ թունելով։ Պատին ցուցանակ է. «Սեկտոր D-7»: Սենսորները չեն աշխատում։

Կադրից դուրս ձայն.

— «Գտել ենք մուտքը։ Պատերը բնական չեն։ Ինչ-որ մեկը դրանք կտրել է, շատ վաղուց…»։

Տեսախցիկը առաջ է շարժվում։ Լույսը դողում է անհարթ մակերևույթին։ Քարե պատերը սահուն վերածվում են մի բանի, ինչը հիշեցնում է միաժամանակ ոսկորներ ու մետաղ։ Պատերը, կարծես, շնչում են` արտացոլելով լույսը։ Դրանց ռելիեֆային մակերևույթը նման է գրառումների, սակայն երբ օպերատորը փորձում է ֆոկուսացնել պատկերը, գծերը, կարծես, շարժվում են, վերադասավորվում` չցանկանալով մնալ նույն դիրքում։

Սկզբում թվում է, թե դա օպտիկական խաբկանք է։ Սակայն գիտնականներից մեկը շշնջում է.

— «Նրանք նայում են մեզ…»։

Միկրոֆոնը որսում է հաճախականություն, որը նման է ցածր բզզոցի։ Ձայնն ամենուրեք է ու ոչ մի տեղ։ Այն լցվում է ականջները` դողդղալով գանգի մեջ, կարծես միջատների պարս։

Պատկերը գեներացված է արհեստական բանականության գործիքով

Հետազոտողները իջնում են հսկայական դահլիճ։ Առաստաղն անհետանում է խավարի մեջ, լապտերի լույսը այն չի որսում։ Կենտրոնում փոշով լցված ահռելի սափոր է, նման հնագույն խառնարանի։ Երբ լույսն ընկնում է դրա մեջ, երևում է, ինչպես է փոշին շարժվում։

Աստրոնավտներից մեկը առաջ է գնում.

— «Քամի չկա...»։

Ոչ ոք չի պատասխանում։ Բոլորը նայում են տարօրինակ փոշուն։

Տեսախցիկը ֆոկուսացվում է։ Փոշու շերտի տակ նախշեր են` կոնցենտրիկ շրջաններ, որոնք հայացքը ձգում են դեպի սափորի խորքերը։ Աչքերն իրենցից անկախ փորձում են հետևել այդ շրջաններին, բայց այդ պահին տեսանյութը սկսում է աղավաղվել. պատկերը բաժանվում է երկու մասի, կարծես տարածությունը կիսված լինի։

Մի ակնթարթ էկրանը մթնում է։

Ապա` նոր կադր. աստրոնավտներն անշարժ կանգնած են, կարծես քարե ֆիգուրներ։ Նրանցից մեկը դանդաղ բարձրացնում է գլուխը, ու նրա սաղավարտի ապակուց այն կողմ ոչ թե առաստաղի խավարն է, այլ անսահման աստղային անդունդ։

Ձայնը դողում է.

— «Սա քարանձավ չի... Սա աչք է։ Մենք կանգնած ենք հսկայական աչքի մեջ»։

Այս խոսքերից հետո ձայնը դառնում է անտանելի։ Բզզոցը վերածվում է շշուկների, հազարավոր ձայներ միաժամանակ շշնջում են մի լեզվով, որը ոչ ոք չգիտի, բայց ուղեղը այն որպես ծանոթ է ընկալում։

Բառերը ճշգրիտ չեն։ Սա ավելի շատ իմաստային վիբիացիա է, որից արյունը սառչում է երակներում։

Տեսախցիկը ցնցվում է։

Պատերին առաջանում են լույսի գծեր, աղավաղված ու անվերջ, կարծես տարածությունը կծկվում է ինքն իր մեջ։ Ինչ-որ մեկը շշնջում է.

— «Այն արթնանում է»։

Սափորի մեջի փոշին պարուրաձև բարձրանում է։ Ձևը, որ այն ընդունում է հետո, չի ենթարկվում ոչ մի նկարագրության։ Այն եռաչափ չի, կարծես տեսակադրը չի կարող այն ամբողջությամբ տեղավորել, ու պիքսելները կոտրվում են։

Մի ակնթարթ պատկերը սևանում է, սակայն մթության մեջ նշմարվում է սիլուետ` անվերջ ձգված, կարծես հյուսված լինի ստվերներից։

Հրամանատարը բղավում է.

— «Բոլորս դուրս ենք գալիս։ Հենց հիմա՜»։

Սակայն արդեն ուշ է։

Լապտերների լույսը հանգչում է մեկը մյուսի հետևից։ Մնում է միայն արտացոլումը` աստրոնավտի ահաբեկված դեմքը սաղավարտի ապակու ներսի կողմից, իսկ դրա հետևում, կարծես արտացոլման մեջ, ևս մի դեմք, անշարժ, հսկայական, աչքերի փոխարեն` դատարկ խոռոչներ։

Աղմուկ։

Ապա հարթ, սառը շշնջոց, որը հնչում է այնպես, կարծես այն արտաբերի ինքը` Մարսը.

«Մենք եղել ենք մինչև աստղերը։ Մենք ձեր ապագայի հիշողությունն ենք»։

Տեսախցիկն ընկնում է։ Երկարատև լռություն։

Երևում է, ինչպես է փոշին դանդաղ նստում սափորի մեջ։ Ամեն ինչ անշարժանում է։

Կադր «Եվրոպա» առաքելություն» (Europa Report, 2013) ֆիլմից)։

Ձայնագրությունն ավարտվեց 24:03-ի վրա։ Վերջին կադրը` քարանձավի մուտքն էր` դրսից նկարված։ Կադրը անշարժ էր, տեսաերիզը այլև չէր պտտվում։ Հանկարծ հեռուստացույցի դինամիկներից հնչեց հեռավոր, անմարդկային ձայնը.

«Մենք քեզ տեսնում ենք...»։

Սուրենը դրեց հեռակառավարման վահանակը, ոտքի կանգնեց։ Շրջվեց։ Նրա աչքերի փոխարեն սև անդունդներ էին։

VHS սերիալի պաստառները