Գեղեցիկն ու հրեշը. Գիլյերմո դել Տորոյի մաղով անցած «Ֆրանկենշթեյնը»
Նոյեմբերի 7-ին Netflix-ով դուրս եկավ կուլտային ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ֆրանկենշթեյն» ֆիլմը, որը Մերի Շելիի «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» գրքի նոր էկրանավորումն է։ Ավելի քան երկու դար առաջ գրված գիրքը համարվում է առաջին լիարժեք գիտաֆանտաստիկ գրական ստեղծագործությունը։ Շելլին` հզորագույն ինտելեկտով ու իր ժամանակների համար խիստ առաջադեմ մտածելակերպով կին, գիրքը սկսել է գրել ընդամենը 18 տարեկանում, ու մինչև 1921թ-ը` գրքի երկրորդ` ֆրանսիական հրատարակությունը, հեղինակի անունը չէր նշվում։ «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևսը», առանց չափազանցության, կարևորագույն վեպերից մեկն է, որը քննարկում է մինչև հիմա ու առավել ևս` հիմա խիստ արդիական խնդիրներ։
PAN-ը պատմում է գրքի ու Դել Տորոյի ֆիլմի կապի մասին, որովհետև ֆիլմի հայտնվելը պարադոքսալ կերպով կրկին արժևորում է երիտասարդ կնոջ ստեղծած փառահեղ գործը։
Ժամանակակից ընթերցողին, ում անհայտ է վիկտորիանյան գրականության լեզուն, Շելիի գլուխգործոցը կարող է թվալ միամիտ, սենտիմենտալ ու պարզ։ Սակայն դա սխալ տպավորություն է։ Իհարկե, այն հագեցած է իր դարաշրջանի գրականությանը հատուկ սենտիմենտալիզմով ու ռոմանտիզմով, սակայն սա չափազանց բազմաշերտ ու բարդ գործ է։ Այնքան բազմաշերտ ու այնքան բարդ, որ կինեմատոգրաֆը գրական այս ամրոցն արդեն գրոհել է բոլոր հնարավոր կողմերից, բայց այդպես էլ չի կարողացել ստանալ նրա վիզուալ լայնակի կտրվածքը։ Միայն առանձին շերտեր կամ անգամ շերտերի ուրվագծեր։
Սկսենք նրանից, որ սա բնության հետ մարդու առնչվելու, բնության հետ երկխոսելու, այն ճանաչելու մասին ամենակարևոր գրական ստեղծագործություններից է։ Ճանաչումն ընդհանրապես վեպի առանցքն է, ու Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթից դեռ մեկ դար առաջ Շելլին զգուշացնում է, որ ճանաչումը միշտ չէ, որ ունենալու է դրական հետևանքներ։
Ու դրանից էլ բխում է Բնությունը ճանաչելու մեր լավագույն գործիքի` գիտության ու գիտնականի պատասխանատվության հարցը. արդյո՞ք կարողանալ մի բան անել նշանակում է, որ դա պետք է անել։ Արդյո՞ք գիտնականն ունի հանրության նկատմամբ բարոյական պատասխանատվություն, թե՞ գիտությունը մաքուր ճանաչում է, որը չպետք է կանգ առնի ոչնչի առջև։ Շելիի ժամանակ նոր զարգացող ուղղությունները ֆիզիկայում, քիմիայում ու բժշկության մեջ, տեղի ունեցող անդադար հայտնագործություններն ու հեղափոխությունները մի կողմից ոգևորում էին, մյուս կողմից` վախեցնում։ Իսկ ի՞նչ, եթե իմացությունը կարող է վտանգավոր լինել։
Երկու դար անց, երբ մենք թևակոխել ենք արհեստական ինտելեկտի դարաշրջան, որը շեշտակի ու նկատելի ձևով փոխել է մեր կյանքի բազմաթիվ ոլորտներ, այդպիսի մտավախությունները առավել ևս ակտուալ են։ Շելիի գիրքը բացարձակ գիտության դեմ չի, ինչպես կարող է թվալ, նույն կերպ, ինչպես Շելիին հաջորդած գիտաֆանտաստիկայի հեղինակների մտորումները` Այզեք Ազիմովից մինչև Պիտեր Ուոթս. դրանք ուղղակի զգուշացում են, որ ցանկացած գործի անհրաժեշտ է մոտենալ ոչ միայն ոգևորությամբ, այլև պահպանելով զգուշավորությունը։ Գիտության մեջ, ինչպես բժշկության, կրկին գործում է «Մի՜ վնասիր» սկզբունքը։
Սակայն Շելիի գիրքը չի սահմանափակվում միայն էպիստեմոլոգիական փիլիսոփայության քննարկմամբ։ Այստեղ բարձրացվում են նաև 19-րդ դարի սկզբի համար խիստ առաջադեմ թեմաներ, օրինակ` ֆիզիկական վիճակով պայմանավորված խտրականության անթույլատրելիությունը, հասարակության կողմից մերժված լինելու պարագայում այդ հասարակության դեմ դուրս գալը, մեկուսացման հետևանքները և այլն։ Միաժամանակ, սա դեպրեսիայի էպիզոդների բավականին ադեկվատ նկարագրություն է. ընդհանուր առմամբ, Շելիի գիրքը բոլոր դեպքերում շատ ավելի մռայլ է ու դեպրեսիվ, քան իր բոլոր էկրանավորումները։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Դել Տորոյի էկրանավորման մասին։ Առաջինը, ինչ պետք է իմանալ, սա բավականին ոչ հավատարիմ էկրանավորում է։ Ավելի շատ դելտորոյական ադապտացիա, քան էկրանավորում։ Դել Տորոն գիրքն անցկացրել է իր պատկերացումների ու հետաքրքրությունների մաղով, վերափոխել է այն ու վերածել լրիվ նոր պատմության, որում գրքից միայն, շատ խոշորահատիկ, հիմնական սյուժեն է ու վերջ։ Քենեթ Բրանայի բավականին հավատարիմ էկրանավորումից հետո Դել Տորոյինը լրիվ թարմ շունչ է։
Եթե Շելիի մոտ Վիկտոր Ֆրանկենշթեյնը սեփական ամբիցիաների զոհ է, ով հիմնականում զղջում է իր արածների համար ու անդադար տառապում դրանից, Դել Տորոյի Ֆրանկենշթեյնը, Օսկար Այզեքի փայլուն կատարմամբ, հաշվենկատ, նպատակադրված ու ցինիկ մարդ է, ում մոտ զղջման զգացումը կառաջանա միայն ֆիլմի վերջում։ Եթե Շելիի Ֆրանկենշթեյնը շատ հեռու էր իր ստեղծածի համար ծնող լինելուց, ապա Դել Տորոյի Ֆրանկենշթեյնը հենց ծնող է, սակայն բառի ամենավատ իմաստով։ Շելիի Ֆրանկենշթեյնը իր ստեղծածը տեսնելուց անմիջապես հետո փախուստի է դիմում ու փորձում մոռացության մատնել։ Դել Տորոյի Ֆրանկենշթեյնը իր ստեղծած արարածից պահանջում է համապատասխանել իր սպասումներին, ինչպես վատ ծնող, իսկ հակառակ դեպքում պատժում է ամենախիստ ձևով. կապում է ձեռնաշղթաներով, հարվածում` ընդօրինակելով իր իսկ հոր վարքագիծը։ Դել Տորոն փոխել է նաև Ալֆոնս Ֆրանկենշթեյնին. եթե գրքում նա նվիրված ու սիրող հայր էր, ապա ֆիլմում իսկական դիկտատոր` Չառլզ Դենսի դեմքով։
Փոփոխությունները շատ ավելի խորն են, քան միայն Վիկտոր Ֆրանկենշթեյնին հակահերոս դարձնելը։ Արարածը իր ստեղծողին չի պատժում նույն դաժանությամբ, ինչպես գրքում. ֆիլմում ավելի շատ Ֆրանկենշթեյնն է ինքն իրեն պատժողն ու իր դժբախտությունների մեղավորը։ Արարածն այստեղ ավելի շատ խնդրով երեխա է, միամիտ ու զարմանալի արարած, որը իրավիճակի բերումով երբեմն վնասում է մարդկանց, ի տարբերություն գրքայինի, ում դաժանությունը ոչ թե կոնկրետ իրավիճակից բխող անխուսափելի վարքագիծ է, այլ հաշվարկված ու պլանավորված վրեժ իրեն մերժող մարդկությունից։ Կարելի է ասել, որ Դել Տորոն տեղերով փոխել է գրքի կերպարներին. գրքային «իրավիճակի զոհ» Վիկտոր Ֆրանկենշթեյնը ֆիլմում վերածվել է հաշվենկատ ու դաժան տիրակալի, իսկ գրքային հաշվենկատ ու դաժան արարածը ֆիլմում դարձել է իրավիճակի զոհ։
Մյուս առումներով, սա տիպիկ դելտորոյական կինո է, կարելի է ասել` Դել Տորոյի կինեմատոգրաֆիկ ժառանգության խտացումը մեկ կտավում։ Վիզուալ այնքան շքեղ, որ յուրաքանչյուր կադր, անգամ եթե այն խոշոր պլանով դիակի անդամահատման տեսարան է, կարելի է ֆիքսել ու կախել պատին։ Դասական գեղարվեստական գործերին կինեմատոգրաֆիկ արտապատկերումները, Ալեքսանդր Դեսպլայի հրաշալի երաժշտությունը, հագեցած սիմվոլիզմը ֆիլմը վերածում են իսկական վիզուալ խրախճանքի։ Մյուս կողմից, սա Դել Տորոյին հատուկ սիրո պատմություն է գեղեցկուհու և հրեշի միջև, ու չնայած բուն ռոմանտիկ գիծը բացված է բավականին կցկտուր ու կիսատ-պռատ, ինքը` ֆիլմը, կիսատության զգացում չի թողնում։
Բացում եք պատուհանը, ու աշխարհը պատված է խիտ մառախուղով։ Կարմիր մառախուղով։ Ամբողջ տեսադաշտում, ուր էլ որ նայեք, կարմիր մառախուղ է, իսկ արևը գրեթե չի երևում։ Ցուրտ է, չնայած` ամառ է։ Մի քանի աղքատիկ բերքահավաքից հետո նոր բերքահավաք չի լինելու, պարենը արդեն տասնյակ անգամներ թանկացել է, պայմանով, որ կստացվի պարեն գտնել և գնել։ Փաստ չի, որ կստացվի։ Մոտակա քաղաքներում համատարած սով է, բողոքներ, ցույցեր, զանգվածային անկարգություններ։ Զորքը կրակում է մարդկանց վրա։ Բոլոր եկեղեցիների խորաններից սպասավորները աղաղակում են աշխարհի մոտալուտ վերջի մասին։ Իտալիայում կարմիր ձյուն է տեղում։ Հունգարիայում` չորացած արյան գույնի։ Հորիզոնը մեկ մանուշակագույն է, մեկ վառ կարմիր, մեկ նարնջագույն։ Երկնքից ծծմբային անձրև է գալիս։ Իրավիճակը բնավ չի թեթևացնում համաեվրոպական տիֆի համաճարակը։
Խոսքը 1816 թվի Անամառ Տարու մասին է։ Եվրոպան գրեթե նոր էր ուշքի եկել նապոլեոնյան պատերազմներից, երբ Ինդոնեզիայում Տամբորա հրաբխի աներևակայելի ուժգնության ժայթքումը, հաջորդելով մի քանի ավելի փոքր հրաբուխների ժայթքումների, հանգեցրեց Երկրի մթնոլորտում մոխրի ու սուլֆատների բացառիկ կուտակման։ Արեգակը մարեց, ամռանը փոթորիկներ ու բորաններ էին, գրանցվեց տասնհինգերորդ դարից այս կողմ ամենացածր ջերմաստիժանը։ Դա բերեց խոշորագույն տնտեսական ճգնաժամի, սովի, համատարած պանիկայի ու քաոսի՝ գրեթե ամբողջ մոլորակի մասշտաբներով։ Մարդիկ համարում էին, որ մոտ է աշխարհի վերջը և հաճախ դրսևորում կորցնելու ոչինչ չունեցող մարդկանց հատուկ վարքագիծ։ Ֆրանսիական հեղափոխությունից այս կողմ ավելի անողոք, ատելությամբ լի ժամանակներ Եվրոպան թերևս չէր տեսել։
Անգլիայում իրավիճակը գրեթե նույնքան, եթե ոչ ավելի բարդ էր։ Համեմատաբար ունևոր մարդիկ փախչում էին Ավստրիա ու Շվեյցարիա, որոնք ավելի թեթև էին տանում Անամառ Տարվա արհավիրքները, իսկ չքավորները զանգվածային արտագաղթում էին Ամերիկա։ Ունևորների թվին էին պատկանում նաև Լորդ Բայրոնը` ընկերների՝ Փերսի Բիշշե Շելիի, Մերի Գոդվինի (ապագայում նա կդառնա Մերի Շելի՝ կիսելով ամուսնու ազգանունը ու ծանր ճակատագիրը), Մերիի խորթ քրոջ` Քլեր Քլերմանի և Բայրոնի անձնական բժիշկ Ջոն Պոլիդորիի հետ միասին։ Նրանք պատսպարվեցին Ժնևյան լճի ափին գտնվող Վիլլա Դիոդատիում, ու անդադար ծանր տեղումների պատճառով գրեթե դուրս չէին գալիս՝ օպիում ծխելով, զրուցելով, միմյանց համար կարդալով Վիլլայի գրադարանում գտած գերմանական սարսափ պատմությունների գիրքը, իսկ ըստ ամենաչար լեզուների, այդ ամենը համատեղելով նաև էրոտիզմի ու ազատ սիրո հետ։
Մի օր Բայրոնն առաջարկում է մրցել, թե ով ավելի լավ սարսափ պատմություն կպատմի: Գալվանիզմի, օկկուլտ գաղափարների, երազների, հոգիների, կյանքի ու մահվան էության մասին Բայրոնի, Շելիի ու սոմնամբուլիզմի մասնագետ Պոլիդորիի զրույցներով տպավորված Մերին էլ երազի ու արթունության սահմանին տեսնում է իր իսկ ստեղծած հրեշավոր էակի առջև կռացած բժշկի։ Մրցույթը հաղթում է Բայրոնի ու Պոլիդորիի պատմությունը՝ այն հետագայում հիմք կծառայի առաջին ժամանակակից վամպիրական վիպակի՝ Ջոն Պոլիդորիի «Վամպիրի» համար, ու որոշ ժամանակ անց ճանապարհ կբացի բոլորիս հայտնի «Դրակուլային»։
Մերիի պատմությունը ավելի համեստ էր՝ մեռյալ նյութին հրեշավոր կյանք հաղորդած դոկտոր Վիկտոր Ֆրանկենշթեյնի մասին (ում նախատիպը, ըստ տեսություններից մեկի, լրիվ իրական գերմանացի բժիշկ, ալքիմիկոս ու ըստ չար լեզուների` նեկրոմանտ Յոհան Կոնրադ Դիպպելն է, ով ապրել է միանգամայն իրական գերմանական Ֆրանկենշթեյն ամրոցում, որն առ այսօր կանգուն է ու որտեղ այսօր Հելլոուինին թեմատիկ տոնակատարություններ են անցկացնում)։
Գիլյերմո դել Տորոյի «Ֆրանկենշթեյնը» գրական սկզբնաղբյուրը ներկայացնում է որոշակիորեն փոփոխած, այլ իմաստային շեշտադրումներ տված ու այլ բաների մասին պատմող առակի տեսքով` սիրո, սիրո պակասի, ու սիրո պակասի հետևանքների մասին։ Այն մտորում է արարչի ու արարվողի փոխհարաբերությունների մասին՝ ուղիղ զուգահեռների անցկացնելով աստվածաշնչյան արարման պատմության հետ։ Այն սարսափելի չէ, ընդհակառակը, ստիպում է նորովի, նոր հայացքով նայել կյանքին ու հասկանալ, որքան թանկ արժի բոսոր մառախուղի ու ծծմբային անձրևների փոխարեն առավոտյան ծագող արեգակ տեսնելը։ Ու որքան ավելի շատ արժի մերձավորներին սիրելը՝ ատելու, զայրանալու, անհնարինը պահանջելու ու քայլ առ քայլ սերը ոտնատակ անելու փոխարեն։
Ու այն շատ, շատ մեծ հարգանքի տուրք է աղջնակին, ով երազում հրեշ տեսավ, այդ աղջնակի ընկերներին, ու Ժնևյան լճի ափին աշխարհի վերջի շեմին գիշերներով վարվող տարօրինակ զրույցներին։ Պատահական չէ, որ դել Տորոյի մոտ Վիկտորը այդքան նման է լորդ Բայրոնին, Վիկտորի եղբայրը՝ Շելլիին, իսկ Էլիզաբեթը՝ Մերիին։