Հայկական ակցենտը, երազած Օթելլոն ու քիթը՝ անձնագրի փոխարեն. ԽՍՀՄ-ը գրաված ուրախ տխուր մարդը
Մհեր Մկրտչյանին կոչումներ պետք չէին ամենաժողովրդական արտիստը համարվելու համար։ Նրա բնակության հասցեն, որքան էլ դա ռոմանտիկ հնչի, հանդիսատեսի սիրտն էր։ Ֆրունզիկ Մկրտչյանին բախտ էր վիճակվել վայելել մարդկանց ջերմությունն ու սերը դեռ կենդանության օրոք։ Ու ինչպես ինքն էր ասում՝ այդ անսահման ու անվերապահ սերը փոխադարձ էր։
Արվեստը Ֆրունզիկի կյանքում աշխարհից ու իրողություններից կտրվելու լավագույն միջոցներ։ Այդպես է եղել միշտ։ Փոքր տարիքում, երբ երազում էր հեծանիվի մասին, իսկ երազանքն այդպես էլ երազանք էր մնում, Փրունզիկը զբաղվում էր երաժշտությամբ ու նկարչությամբ։ Գյումրիում նկարչական ու երաժշտական դպրոցներում է սովորել, զուգահեռ հաճախել է նաև թատերական ինքնագործ խմբակ։ Ներկայացումներ էր բեմադրում ու խաղում, երբեմն հանդիսատեսը թաղի երեխաներն էին, երբեմն էլ նախընտրում էր ստեղծագործել միայնակ։
Բայց թատրոնի հանդեպ սերն առաջին հայացքից էր։ Իսկ սիրել նշանակում է պատասխանատու լինել, հետևաբար ինքնուս ներկայացումները այլևս սպառել էին իրենց։ 1945-1946 թվականներին Ֆրունզիկը սովորեց Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, մեկ տարի անց ընդգրկվեց նույն թատրոնի հիմնական խմբի մեջ ու ոտքն ավելի ամուր դրեց բեմին։
Ի դեպ, գյումրեցի դերասանն իր արմատների մասին խոսելիս հաճախ հիշում էր Մարտիրոս Սարյանի հետ իրենց զրույցը.
«Առանձնակի մի կենսագրություն չունեմ… Ծնվել եմ մշեցու ընտանիքում… Հայ մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի մոտ էի։ Դիմանկարս նկարելիս հարցրեց. «Որտեղացի՞ ես, Մհեր»։ Պատասխանեցի. «Հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ես ծնվել եմ Լենինականում, որտեղացի՞ կլինեմ»։ Վարպետը մտածեց, մտածեց և ասաց. «Ա՛յ տղա.դու իսկական երևանցի ես…»։
Իսկական երևանցին Երևան տեղափոխվեց 1951 թվականին՝ կրթությունը շարունակելու։ 1951-1956 թվականներին սովորեց Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ի դեպ, ասում են, որ վարպետը ինստիտուտում կտրվել է «Դերասանի վարպետություն» առարկայից։
Թատրոնն արդեն վաղուց տուն էր, ապահով անկյուն ու ընտանիք, երբ հայտնվեց «սիրուհին»՝ կինոն։ Կինոյում առաջին փոքրիկ դերը 1956-ին էր՝ «Սևանա լճի գաղտնիքը» ֆիլմում։ Բայց մոնտաժի արդյունքում ֆիլմում Ֆրունզիկից գրեթե ոչինչ չէր մնացել։ Այնպես որ, կինոյում առաջին անգամ Ֆրունզիկով իսկապես հիանալու հնարավորություն եղավ միայն 1960 թվականին՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմում։
Սրան հաջորդեցին բազմաթիվ այլ կերպարներ ևս, բայց Մհեր Մկրտչյանին մեծ ճանաչում բերեց «Կովկասի գերուհին»։ Տպավորություն էր, որ մի գիշեր դերասանը քնեց ու հաջորդ օրը արթնացավ որպես ամբողջ Խորհրդային Միության ամենասիրելի ու ճանաչված կատակերգու դերասաններից։
Բայց Ֆրունզիկի ֆենոմենը կայանում էր նրանում, որ նա մեկ դերի կամ մեկ ժանրի դերասան չէր։ «Մենք ենք, մեր սարերը», «Ապտակը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Առաջին սիրո երգը», Խորհրդային Միությունում` «Կովկասի գերուհին» և «Միմինոն» ցուցադրում են արտիստի տաղանդի հարուստ գունապնակն ու ամեն անգամ հիացնում, հուզում կամ լիաթոք ծիծաղեցնում։
Մհեր Մկրտչյանը նաև իմպրովիզների վարպետ էր։ Դրանք այնքան իրական ու այնքան տեղին էին, որ անմիջապես թևավոր խոսք էին դառնում։ Դե իսկ ռուսերեն ֆիլմերի հայկական ակցենտը ոչ միայն չէր խանգարում, այլև օգնում էր։ Իսկ եթե անգամ ռեժիսորը հիացած չէր ակցենտով՝ այլընտրանքային տարբերակներ էին փնտրում։ Ֆրունզիկի փոխարեն այլ դերասան ընտրելը տարբերակ չէր, ավելի հավանական էր, որ սցենարում փոփոխություններ կարվեին։
Ալլա Սուրիկովան պատմում է, որ «Суета сует» ֆիլմում Մհեր Մկրտչյանին իր դերի համար միանգամից չեն հաստատել։ Հայկական ակցենտը ինչ-որ կերպ բացատրելու համար հատուկ դրվագ է ֆիլմում ավելանում։
«Հիշում եք` ֆիլմում հերոսուհին՝ Գալինա Պոլսկիխը, Ֆրունզիկին ասում է, թե այսքան ժամանակ ապրում ես Մոսկվայում, բայց այդպես էլ չսովորեցիր նորմալ ռուսերեն խոսել։ Ի պատասխան Ֆրունզիկի հերոսն ասում է. «Ռուսաց լեզուն այնքան հարուստ է, իսկ ես աղքատ մարդ եմ»։
Դե իսկ Ֆրունզիկի հայի քթի մասին այնքան է խոսվել, որ ավելորդ է անգամ դրան անդրադառնալը։ Միայն մեկ մեջբերում այս թեմայով, որն ամբողջությամբ արտահայտում է արտիստի տեսակը.
«Ես տեսքիս մասին սեփական կարծիք ունեմ։ Մի օր մեծ հանդիպման ժամանակ ինձ հարց ուղարկեցին. «Դուք վատ չե՞ք զգում, որ Ձեր քիթը մեծ է»: Երկտողը բարձրաձայն կարդացի ու ասացի. «Այ, ձեր՝ ամբողջ սրահի քթերը փոքր են։ Դուք շատ եք և ձեզ թվում է, որ դա է գեղեցիկ։ Պատկերացրեք. որ բոլորդ մեծ քթեր ունենայիք. իսկ ես՝ փոքր, ի՞նչ այլանդակ բան կլիներ…»։ Դերասանների քիթը, աչքերը, երեսը, մարմինը. ձայնը՝ այս ամբողջը գործիքներն են աշխատանքի, որոնք չի կարելի թաքցնել, այլ հարկավոր է ճիշտ օգտագործել»։
Գուցե հենց այս քթի, տարբերվող արտաքինի, բայց առավելապես իր տաղանդի ու տեսակի շնորհիվ Ֆրունզիկը տարբերվում էր։ Նրան չճանաչել, իսկ ճանաչելուց հետո չսիրել բարդ էր։
Ու գուցե սա՞ էր պատճառը, որ արտիստը կորցրել էր իր երկու անձնագրերն ու տարիներով չէր էլ շտապում նորը ձեռք բերել։ Դե, որովհետև Խորհրդային Միության տարածքում, էլ չենք ասում Հայաստանում, նրան բոլորն ու ամեն տեղ ճանաչում էին։ Այսօր ֆանտաստիկայի ժանրից կարող է հնչել, բայց Մհեր Մկրտչյանին առանց անձնագրի թույլ են տվել անգամ Կրեմլ մտնել։
Եվ կրկին վերադառնալով վարպետի իրական ու ամենամեծ սիրո դրսևորմանը։ Մհեր Մկրտչյանն ասում էր, որ մի օր երազում է թատրոնը տեսնել որակապես այլ մակարդակով։ Ուզում է, որ հանդիսատեսը ներկայացումների հաճախի կոստյումներով, իսկ տոմսերն անվճար լինեն։ Ֆրունզիկի համար թատրոնն աղոթելու, Աստծո հետ երկխոսելու ձև էր։
«Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…»
Թատերագետ Գայանե Մկրտչյանը գրում է, որ Մհեր Մկրտչյանը միշտ երազում էր Օթելլո խաղալու մասին ու համոզում էր թատրոնի գլխավոր ռեժիսոր Խորեն Աբրահամյանին: Բոլոր հանդիպումների ժամանակ էլ վերհիշում էր Փափազյանի խոսքերը՝ «ամեն սեւ բան չէ, որ Օթելլո է, մանչս»։
Թատրոնը Մհեր Մկրտչյանի հենման կետն էր, ոգեշնչումն ու կոչումը։
«Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի, լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի, մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լինեի, պոեմներ կհորինեի, թատրոնի չափ թե սիրեի»։
1986 թվականին Մհեր Մկրտչյանի ջանքերով բացվեց Վ. Աճեմյանի անվան արտիստական թատրոնը։ Թատրոնի առաջին ներկայացումը «Հացագործի կինն» էր, որը հենց Ֆրունզիկն էր բեմադրել։ Գլխավոր դերում ևս ինքն էր։ Սա թատրոնի առաջին ու դերասանի վերջին ներկայացումը դարձավ։ Մյուս բեմադրություններն այդպես էլ կիսատ մնացին։ Իսկ այսօր թատրոնը հենց նրա անունով է կոչվում՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։
1993 թվականի դեկտեմբերի 30-ը պատերազմի մութ ու ցուրտ հերթական օր էր։ Բայց այդ օրվանից հետո շրջափակված Հայաստանում ամեն ինչ ավելի մթնեց ու ավելի ցրտեց։ Սիրելի արտիստի վերջին հրաժեշտը տարվաք վերջին օրն էր։ Հաջորդող օրերին ու տարիներին Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակն ապրեցնում են իր կերտած կերպարներն ու իրեն հավերժ սիրող հանդիսատեսը։