Ապոկալիպսիսի հինգերորդ հրեշտակը. «Ֆուրիոսան» համալրում ու հարստացնում է Խելառ Մաքսի աշխարհը
Ուղիղ ինը տարի առաջ ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը ցնցեց բլոկբաստերների շուկան` ներկայացնելով իր «Խելառ Մաքս. Ցասման ճանապարհ» ֆիլմը։ Կինոդիտողը հանկարծ հասկացավ, որ բլոկբաստերը կարող է ոչ թե խայտաբղետ վիզուալ կրկես լինել, այլ իսկական փոթորիկ, որը ստիպում է կինոդահլիճում գոռալ հաճույքից։ Ինը տարի անց էկրաններ է բարձրացել «Ֆուրիոսան», որը պատմում է «Ցասման ճանապարհի» գլխավոր հերոսի անցյալի մասին։ Վերջին շրջանի գրեթե բոլոր կարևոր ֆիլմերում խաղացած Անյա Թեյլոր-Ջոյը ֆիլմի 2/3-ում մարմնավորել է Ֆուրիոսային (ում առաջին ֆիլմում խաղում էր Շառլիզ Թերոնը), իսկ Marvel-ի կինոկոմիքսների աստղ Քրիս Հեմսվորթը` գլխավոր չարագործին։
PAN-ը դիտել է ֆիլմն ու կիսվում է տպավորություններով։
ՄԱՔՍԻ ՄԱՍԻՆ
Ցանկացած ստեղծագործություն ավելի արժեքավոր է, եթե ծնվել է հեղինակի անձնական փորձառության խորքերից։ «Խելառ Մաքսը» չէր դառնա ահռելի հաջողության ֆրանշիզ, եթե ձևավորված չլիներ իր հեղինակ Ջորջ Միլլերի կյանքի դրվագներից ու առավել վառ դրոշմված իրադարձություններից։ Այն բխում է Միլլերի մանկությունից, երբ ավստրալական Քվինսլենդում մոլեգնող ավտոտրանսպորտային պատահարների զոհ էին դարձել նրա երեք ընկերները։ Այն շարունակել էր հասունանալ Սիդնեյի հիվանդանոցում, որտեղ Միլլերն աշխատում էր որպես բժիշկ ու բազմիցս ականատես էր եղել ավտովթարների հետևանքների։ Ու այն վերջնականացել էր 1973-ին Ավստրալիայում նավթային ճգնաժամի ընթացքում, երբ վառելիքի հերթերում մարդիկ հաճախ դիմում էին բռնության` իրենց տրանսպորտային միջոցը կենդանացնելու համար։
Միլլերը սկսել էր առաջին ֆիլմի գաղափարը բյուրեղացնել 26 տարեկանում` 1971-ին։ Դեռ այն ժամանակ հեղինակի համար առանցքային էր այսպես կոչված «հնչյունավորված համր կինոյի» գաղափարը. կինո, որը խոսում է ոչ թե կերպարների, այլ գործողությունների լեզվով. «ցույց տուր, ոչ թե պատմիր»` սա էր Միլլերի մոտեցումը Մաքսի լռակյաց խելագարությունը ցույց տալու համար, ու այն անշեղորեն կիրառվում է արդեն 45 տարի։
Նորեկ սցենարիստ Ջեյմս Մակքոսլենդի հետ միասին Միլլերը ձևավորեց ապագայի մռայլ ու դաժան հակաուտոպիկ աշխարհը, ֆիլմի բյուջեի մի մասը իր գործընկեր Բայրոն Քենեդիի հետ կարողացան հավաքել` երեք ամիս շարունակ շտապօգնությունում ինտենսիվ աշխատելով, երբ Քենեդին վարում էր ավտոմեքենան, իսկ Միլլերը` բուժում։ Քասթինգի ընթացքում կատարվեց որոշիչ ընտրություն` գլխավոր դերը տալով Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտի շրջանավարտ, 23-ամյա Մել Գիբսոնին։ Ֆիլմի վերջնական մոնտաժն էլ իրականացվեց Միլլերի ու Քենեդիի ընկերոջ բնակարանում` ինքնաշեն մոնտաժային ապարատով, որը պատրաստել էր Քենեդիի` մասնագիտությամբ ինժեներ հայրը։
1979-ին Միլլերը աշխարհին ցույց տվեց իր դիզելպանկային գլուխգործոցը` ընդամենը $300 հազարով նկարված «Խելառ Մաքս» (Mad Max) հակաուտոպիկ ֆիլմը` սկիզբ դնելով վառելիքի հոտով, երկաթով, ժանգով ու սուր փշերով ներծծված լեգենդար ֆրանշիզին։
Ֆիլմը դաժան ռեքվիեմ էր մեռնող աշխարհի հասցեին, երբ քաղաքակրթությունը դեռ հոգին չի ավանդել, բայց արդեն հոգեվարքի տառապանքների մեջ է։ Հեռվում կուտակվող խավարը թանձր մթնոլորտով պարուրում է յուրաքանչյուր կադր. մարդկայինի վերջին փշրանքները փորձում են փրկել, ինչպես փորձում են չնչին կայծերը պահպանելով փրկել խարույկը։ Առաջին «Մաքսը» ծայրահեղ տխուր պատմություն է լուսավոր ապագայի անհնարինության մասին` համալրված գլխավոր կերպարի ցնորվելու առաջին նշաններով, ով խելագարվում է աշխարհի դանդաղ խելագարվելու հետ մեկտեղ։ Ամեն ինչ կորցնելուց ավելի սարսափելի գիտակցումն է, որ քաղաքակրթության խարույկն այլևս հանգչում է. այդ իրավիճակում միակ ելքը խելագարվելն ու ինքնաոչնչացման ճանապարհը բռնելն է։
Ֆիլմի կամերայնությունն ու մռայլ տոնայնությունը այն շատ արագ դարձրին կուլտային, իսկ վարձույթում «Մաքսը» իր բյուջեն հետ բերեց ավելի քան 333 անգամ։ Երկու տարի անց ցուցադրվեց սիքվելը. «Խելառ Մաքս 2. Ճանապարհի մարտիկը» (Mad Max 2: The Road Warrior) ֆիլմում աշխարհը բարեհաջող ավարտվել է, քաղաքակրթությունն այլևս գոյություն չունի, իսկ ճանապարհներին անպատիժ տիրում են հանցագործ բանդաները։ Սիքվելում աճեցին մասշտաբները, տոնայնությունը փոխվեց մռայլ, մելանխոլիկ հակաուտոպիայից դեպի դաժան, ոսկորներ փշրող, եռանդուն ու դետալների նկատմամբ խիստ ուշադիր, տպավորիչ հետապնդումներով ու ուշագրավ կասկադյորական հնարքներով մարտաֆիլմ։
1985-ին էկրաններ բարձրացավ Մաքսի մասին` Գիբսոնի մասնակցությամբ երրորդ ֆիլմը. «Խելառ Մաքսը ամպրոպի գմբեթի տակ» (Mad Max Beyond Thunderdome) ցուցադրվեց ավելի «փափուկ» PG-13 ռեյթինգով, այն ավելի լուսավոր էր, ավելի հանդուրժող հանդիսատեսի նկատմամբ։ Այդուհանդերձ, ֆիլմը վարձույթում ցույց տվեց ավելի քան համեստ արդյունքներ, ու Մաքս Ռոկատանսկու մասին 30 տարով մոռացան։ Բայց ոչ Միլլերը։
2015-ին էկրաններ բարձրացած «Խելառ Մաքս. Ցասման ճանապարհ» (Mad Max: Fury Road) ֆիլմը` Թոմ Հարդիի կատարմամբ վերափոխված Մաքսով, «մեծահասակ» ռեյթինգով, նոր տեխնոլոգիաների տված հնարավորություններով ու Միլլերի ստեղծագործական անսահման սովով, շատերը համարում են 21-րդ դարի լավագույն բլոկբաստերը։ Անկասելի, բրուտալ, դրայվային, խելահեղ, ու էլի բազմաթիվ ածականների գերադրական աստիճանները, արտահայտված լավագույն իմաստով, քիչ են այս կինոկտավի արժեքը ներկայացնելու համար։ «Ցասման ճանապարհը» մաքուր ադրենալինային կինոփորձ է, որում «հնչյունավորված համր կինոյի» Միլլերի բանաձևը հասնում է կատարելության, հասնում այնպիսի բարձունքների, որ անդադար միանման բլոկբաստերներից հոգնած կինոդիտողը դահլիճում ճչում էր հաճույքից ու նորից և նորից տոմս գնում` ստագնացիայում գտնվող կինաինդուստրիայի հիմքերը ցնցած այս «փոթորկի» էպիկենտրոնում կրկին հայտնվելու համար։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
ՖՈՒՐԻՈՍԱՅԻ ՄԱՍԻՆ
«Ֆուրիոսան» (ավելի ճիշտ` «Ֆուրիոսա. Խելառ Մաքսի սագա» (Furiosa: A Mad Max Saga) պոմպեզ ու անհարմար անվանմամբ) նախորդ ֆիլմի` «Ցասման ճանապարհի» մաքրեմաքուր պրիքվել է, այնքան ուղիղ, որքան դա հնարավոր է` ավարտվելով ճիշտ այն պահին, երբ սկսվում է 2015-ի ֆիլմը։ Հարցը` արդյո՞ք 80-ամյա Ջորջ Միլլերին հաջողվել է կրկնել նախորդի գեղարվեստական արժանիքները, իրականում բավականին բարդ է, որին առանց կոպիտ սփոյլերների կփորձենք պատասխանել։
Գլոբալ աղետից ու քաղաքակրթության կործանումից, ամենայն հավանականությամբ, անցել են տասնամյակներ, ինչը լրիվ բավարար էր մնացած մարդկության տոտալ դեգրադացման համար։ Ավստրալական անապատներում անպատիժ վխտում են հանցավոր բանդաները, որոնցից առավել նկատելին ու խոշորը` խելագար ու արտիստիկ Դեմենտուսի (Քրիս Հեմսվորթ) գլխավորությամբ, մարդկայնության հազվագյուտ օազիսներից մեկից (իսկ միգուցե` վերջինից) առևանգում է փոքրիկ Ֆուրիոսային։ Հետագա սյուժեն տեղափոխվում է քաղաքական դաշտ` Միջնաբերդի առաջնորդ Անմահ Ջոյի («Ցասման ճանապարհի» գլխավոր անտագոնիստը) ու Դեմենտուսի միջև ռեսուրսների պատերազմի տեսքով, որի արանքում ինչ-որ տեղ Ֆուրիոսայի անձնական վրեժն է։
Ջորջ Միլլերը անկասելիորեն հետևում է «հնչյունավորված համր կինոյի» իր բանաձևին` ավելի շատ ցույց տալով, ու ավելի քիչ խոսելով, սակայն պահերին, երբ անհրաժեշտ է բացատրել, հետկադրյա պատմիչը ամեն ինչ դասավորում էր իրենց տեղերում` ավելի շատ բարձրագոչ փիլիսոփայելով, քան ուղղակի փաստեր ներկայացնելով։ Ահա մի քանի խիստ տպավորիչ կադր Դեմենտուսի ու Միջնաբերդի միջև 40-օրյա պատերազմից, քանի որ պատերազմները եղել են, կան ու կլինեն միշտ; ահա իր թշնամուց վրեժ լուծելու Ֆուրիոսայի քայլերի մի քանի տարբերակները, որոնք ավելի շատ նման են առասպելական պատմության, քան իրականի, ու, հավանաբար, իրականում ամեն ինչ շատ ավելի տրիվիալ է եղել։
Միլլերն ընդհանրապես շատ է դիմում առասպելաշինությանը, որովհետև ֆիլմում նա կառուցում է «Ցասման ճանապարհի» գլխավոր հերոսի մասին առասպելը։ Առաջին կադրում` արգելված պտուղը քաղելն է, ապա` կլինի խաչելություն, հետո կտեսնենք սքանչելի հղում Հոմերոսին, և այլն, և այլն։ Միլլերը կարողանում է իր ստեղծած աշխարհին հատուկ գրոտեսկը ու դաժանությունը ներկայացնել յուրահատուկ, անկրկնելի ժրությամբ. երբ նա կատակում է, դա շատ չարաճճի ու սև կատակ է, երբ լրջանում է, նրա լրջությունը շատ դառն է ու քմծիծաղով։ Աշխարհի նեխած, որդերի կողմից լափվող լեշի առաջ ողբալն այլևս անիմաստ է, ու, ինչպես կասի Հեմսվորթի մարմնավորած կերպարը, մնում է միայն ամեն ինչ անել սեփական գոյությունը գոնե ինչ-որ ձևով զգալու համար. սպանել, թալանել, խաբել, ստրկացնել, անընդհատ ու ամեն վայրկյան լինել սայրի վրա, սեփական անձին տիտղոսներ շնորհել, խոստանալ թշվառներին ու կեղեքվողներին, որ եկել ես նրանց իրենց կեղեքիչներից ազատելու, որ իշխանությունը ժողովրդինն է, ու եթե դու գաս, այդ իշխանությունը վերադարձնելու ես ժողովրդին։ Իսկ հետո ձեռքիդ ընկած իշխանությունն այնպես մսխես, որ ինքդ չհասկանաս... ինչևիցե։
Միլլերն ավելի շատ ցույց է տալիս։ Ու իր ցույց տվածից շունչդ կտրվում է։ Ֆիրմային միլլերական խոշոր կադրեր` բազում դետալներով, տեսախցիկի կտրուկ մղում առաջ, կտրուկ անցումներ ու առույգ, էներգետիկ մոնտաժ։ Ֆիրմային միլլերական էքշն. բենզինի (բենզակի), երկաթի, ժանգի, վառոդի, կրակի ու մարդկային փխրուն մարմինների անդադար կարուսել, անկասելի աղաց, որը ամեն հաջորդ կադրին պտտվում է ավելի ու ավելի արագ։ Դրա հետ մեկտեղ, հնարամիտ էքշն, որը ոչ թե արագ փոխվող պատկերների առկայծում է, այլ մանրակրկիտ, խելացի կառուցված դրվագ. եթե սլացող մոտոցիկլետի հետևին դրված բաքը պայթում է, ուրեմն հեծյալը կվերածվի հրե հրեշտակի` «Ապոկալիպսիսի ամենամութ հրեշտակի», ու հանդիսատեսը դա անպայման կնկատի։ Դետալները ֆիլմի ամեն ինչն են։
Միաժամանակ, Միլլերը հավատարիմ է իր ստեղծած աշխարհի բրուտալությանը։ Երկրորդելով Հեմսվորթի հերոսին` եթե ուզում ես աշխարհիդ կենդանի լինելը զգաս, դիմիր ծայրահեղ միջոցների. կապանքներից ազատվելու համար կարելի է սեփական ձեռքը կրծել, ինչպես հուսահատ շունը; պատռված կոկորդով խոսել չկարողացողին պետք է գլխիվայր շրջել, որ արյունը ազատի շնչուղիներն ու խեղճը պատմի անհրաժեշտ պատմությունը; իսկ Դեմենտուսի գաստրոնոմիկ նախասիրությունների մասին ավելի լավ է ինքներդ իմանաք։
Ընդհանրապես, Դեմենտուսը խիստ նշանակալի կերպար է, ում շնորհիվ բացվում է նաև Անմահ Ջոյի ամբողջ հաշվենկատությունը։ Դեմենտուսը խելագար է, ով նույն Մաքս Ռոկատանսկին է, եթե Մաքսը որոշեր ներքուստ չմեռնել ու ամեն ինչ աներ իրեն կենդանի զգալու համար։ Դեմենտուսը ոչ այնքան վտանգավոր է, ոչ այնքան ահարկու (ի տարբերություն Ջոյի), որքան մեռած աշխարհի ցնորվելու խորհրդանիշն է, դրա մարդկային արտահայտումը, ում, սեփական էմոցիաները փոխանցելու համար անհրաժեշտ է մունետիկ, որը ժեստերով կարտահայտի այն, ինչ զգում է Դեմենտուսը։ Ֆուրիոսան, ի տարբերություն իր թշնամու, ազատ է խելագարության շքեղությունից. լռակյաց, խելացի, ճշգրիտ, ինչպես Դեմենտուսը կասի` կոմպետենտ, Ֆուրիոսան նպատակասլաց շարժվում է դեպի իր կյանքի բեկումնային կետը` մասերի բաժանված ֆիլմում դրվագ առ դրվագ ճիշտ դասավորելով խաղաքարտերը` ի տարբերություն քաոտիկ Դեմենտուսի։ Օրինակ, զգալով Ջոյի որդու` Ռիկտուս Էրեկտուսի առանձնահատուկ վերաբերմունքը իր նկատմամբ, կանխատեսելով մկանների ու ոսկորների այդ զանգվածի հետագա գործողությունները` Ֆուրիոսան կարողանում է նրան օգտագործել փախուստի համար։
Այդուհանդերձ, վերադառնալով մեր հարցին. ստացվե՞լ է Միլլերի մոտ կրկնել այն, ինչ նա արեց 9 տարի առաջ։ Պատասխանը` այո և ոչ։ Այո, որովհետև «Ֆուրիոսան» իդեալական պրիքվել է, որը կրում է այն ամբողջ դրայվային խելահեղությունն ու գրոտեսկը, որ կա «Ցասման ճանապարհում»։ Ոչ, որովհետև երկու անգամ նույն գետը մտնել ու նույնքան շշմեցնել, երբ արդեն գոյություն ունի «Ցասման ճանապարհը», գրեթե անհնար է. եթե չլիներ 2015-ի ֆիլմը, «Ֆուրիոսան» կկարողանար, եթե ոչ նույնքան, ապա բավականին մոտ մակարդակի ցնցել։ Այո, որովհետև սա, ինչպես և նախորդները, Միլլերի հեղինակային կինոն է, ու պատկառելի տարիքում ռեժիսորը դեռ ի վիճակի է հետևում թողնել երիտասարդներին։ Ոչ, որովհետև, նորից, համեմատությունը «Ցասման ճանապարհի» հետ լինելու է ոչ ի օգուտ «Ֆուրիոսայի»։ Ի վերջո, այո, որովհետև այս ֆիլմում կան բավական մեծ քանակի էլեմենտներ, որոնք կստիպեն այն պաշտել, ու ոչ, որովհետև որոշ էլեմենտներ թուլացված են, օրինակ` Junkie XL-ը չի ստեղծել նույնքան հիշվող երաժշտություն։
Փաստացի, «Ֆուրիոսայի» հետ կապված ցանկացած բողոք կապված է լինելու իր մեծ նախնիի հետ, որի ստվերում կարող է դժվար լինել օբյեկտիվ գնահատել ֆիլմի անկասկած արժանիքները։ Սակայն սա ունիկալ, խիստ վարպետորեն նկարված, հիշարժան ու տպավորիչ ֆիլմ է, որին պետք է նայել ոչ թե «Ցասման ճանապարհի» մեծության կոնտեքստում, այլ «Ցասման ճանապարհից» առաջ` որպես մեկ միասնական պատմության մաս։