#մշակութաPAN
August 28

Ծայրահեղ աղքատությունը, «ամոթալի» հիվանդությունը և Տահիտիի կանայք. Փոլ Գոգենը՝ կյանքն արվեստին նվիրած «կիրակնօրյա նկարիչը»

Անշուշտ` անփոխարինելի զգացում է, երբ հասկացված ես, բայց ինքնաբավության զգացումը կրկնապատկվում է, երբ օտար մեկը քեզ հասկանում է քո ստեղծածի միջոցով։ Այս առումով արվեստագետների համար հասկացված լինելու կարիքը բնական պահանջ է, ամբողջովին արդարացված և տեղին։ Շատ դեպքեր գիտենք, երբ ժամանակի մեծերին իրենց ժամանակակիցները ո՛չ նկատել, ո՛չ էլ գնահատել են, և միայն տարիներ ու անգամ դարեր անց են այդ մարդկանց արժանիորեն մեծարել։ Բայց միշտ չէ, որ այդ արվեստագետներն իրենց հետևում ապահով կյանք էին թողնում և միայն հետո գիտակցաբար ընտրում ծանր ուղին։ Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Փոլ Գոգենի կյանքը հենց այս սցենարով է զարգացել։

Գոգենի կյանքի ամբողջ դրամատիզմը լիարժեք գույներով պատկերացնելու համար պետք է սկսել մանկությունից։ Նրա հայրը ֆրանսիացի լրագրող-խմբագիր էր, մայրը՝ պերուական արմատներով իսպանուհի։ Քաղաքական դրդապատճառներից ելնելով, հոր աշխատանքի բնույթը հաշվի առնելով և անվտանգությունն առաջնահերթ կարևորելով, ընտանիքը որոշում է տեղափոխվել Պերու՝ հարազատների մոտ։ Հարավային Ամերիկայի ճանապարհին Գոգենի հայրը սրտի կաթված է ստանում և մահանում։ Արդյունքում մայրը երկու մանկահասակ երեխայի հետ միայնակ է մնում։

Հաջորդող չորս տարին անցնում են Պերուի մայրաքաղաքում՝ Լիմայում։ Ամեն բան կարծես հունի մեջ էր ընկնում, երբ 1853 թվականին Պերուում քաղաքացիական պատերազմ է սկսվում։ Արդյունքում 7 տարեկան Գոգենն ընտանիքի հետ վերադառնում է Ֆրանսիա։ Պերուում ապրած տարիները մանուկ Գոգենի հիշողության մեջ դաջվում են բոլոր դետալներով, ավելի ուշ նկարիչն ինքն իրեն պետք է բնորոշեր որպես «պերուացի վայրենի», իսկ տատիկից ժառանգեր իր բնավորության ամենակարևոր գծերը։ Փոլ Գոգենի տատը Ֆլորա Տրիստանն էր՝ երկրի առաջին սոցիալիստներից և ֆեմինիստներից մեկը։ Տատիկից Գոգենը ժառանգել էր ոչ միայն խառնվածքը, այլև ճամփորդելու հանդեպ սերը։

Ճամփորդական ճանապարհը սկսվեց, երբ Գոգենն ընդամենը 17 տարեկան էր։ Փարիզում նա հաճախում էր ռազմածովային ակադեմիա և արդյունքում իր որոշմամբ ու ցանկությամբ որպես նավաստի երկու տարի անցկացնում ծովում, ճամփորդում Եվրոպայում և Հարավային Ամերիկյաում։ Այս տարիները նկարչի՝ որպես անհատի ձևավորման և բնավորության կերտման վրա առանցքային ազդեցություն ունեցան։ Գոգենը շարունակեց ծառայությունը որպես ֆրանսիական նավատորմի կրտսեր սպա։ Բացվեցին ճամփորդական այլ հնարավորություններ ևս՝ Հնդկաստանից մինչև Հարավային Ամերիկա, և շատ ավելին։

Հեռավոր այդ ճանապարհորդություններից մեկի ընթացքում Գոգենը գույժ է ստանում՝ տանը մահացել էր մայրը։ Ի դեպ, պետք է նշել, որ ֆրանսիական նավատորմին Գոգենը միացել էր մոր կամքին հակառակ։ Մայրը ճամփորդության մեջ գտնվող որդուն չէր ներել, անգամ զրկել էր ժառանգությունից։

Ծովային ճամփորդություններն ավարտվում են 1871 թվականին, Գոգենը վերադառնում է Փարիզ, իսկ նրա խնամակալ է դառնում ընտանիքի ընկեր Գուստավ Արոզան։ Հենց Արոզայի ծանոթությունների միջոցով էլ տղան քաղաքի ամենահեղինակավոր ֆոնդային բորսաներից մեկում բրոքերի պաշտոն է ստանում։ Ամեն բան լավ էր ընթանում, կարելի էր կանխատեսել, որ սովորական կյանքով ապրող ու աշխատող տղան կանխատեսելի և հաջողակ կյանք է ունենալու։ Անձնական կյանքում ևս ամեն ինչի արագ ստացվեց։ Իր 20-ականներում Փոլն արդեն ընտանիք էր կազմել, հինգ երեխայի հայր էր։

Ընտանիքի բարեկամ Գուստավ Արոզան լավ աշխատանքից բացի Գոգենին նաև լավ շրջապատի հետ ծանոթացրեց, իսկ ավելի հստակ՝ արվեստագետների։ Ինքը՝ Արոզան, ոչ միայն հաջողակ գործարար էր, այլև արվեստի մեծ երկրպագու և կոլեկցիոներ։ Առաջին անգամ հենց նրա տանն է Գոգենը ծանոթանում արվեստի նմուշների հետ, այնուհետև շփումներ ունենում իմպրեսիոնից նկարիչների հետ, մասնակցում նրանց հավաքներին և քննարկումներին։ Կարճ ժամանակ անց Գոգենն ինքն էլ սկսում է նկարել, իսկ արդեն 1876 թվականին Գոգենի վրձնին պատկանող նկարը ցուցադրվում է Փարիզյան սալոններից մեկում։ Այս ընթացքում նկարելը Փոլ Գոգենի համար հաճելի զբաղմունք և կիրակնօրյա հոբբի էր, հետո նկարիչը սկսում է ազատ ամբողջ ժամանակը տրամադրել նկարչությանը։ Եվս մի քանի տարի և հստակ որոշում է կայացնում՝ թողնում է աշխատանքն ու իրեն ամբողջովին նվիրում է արվեստին։

Որպեսզի հստակ լինի, թե որքան անսպասելի և համարձակ էր այս որոշումը, մի պահ պարզապես պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Գոգենը բազմազավակ ընտանիքի հայր էր, ուսերին՝ այս փաստի հետ եկող բոլոր դժվարությունները։ Բավականին լավ աշխատանք ուներ։ Համենայն դեպս այնքան լավ, որ կարողանում էր պատշաճ կերպով հոգալ ընտանիքի հոգսերը։ Ու երբ դժվար այդ ժամանակներում կյանքը բավականին բարեհաճ էր գտնվել և կանխատեսելի ապագա էր խոստացել, Գոգենը որոշում է թողնել բառացիորեն ամեն բան և տրվել իր նոր և մեծ սիրուն՝ արվեստին։

Չափազանցություն չի լինի ասել, որ նկարիչը գրավ է դնում այն կյանքը, որ ուներ, որպեսզի կայանա որպես նկարիչ և կերտի իր ճանապարհը։ Տարիներ հետո արդեն պարզ էր, որ այս որոշումը Գոգենի համար արժեցավ ոչ միայն իր աշխատանքը, այլև բարեկեցությունը, առողջությունը, սերն ու ընտանիքը։

Սկզբնական շրջանում կինը փորձեց համակերպվել որոշման հետ և ընտանիքը միասին տեղափոխվեց Ռուեն քաղաք, բայց կարճ ժամանակ անց Գոգենը թողեց կնոջն ու չորս երեխաներին և զավակներից միայն մեկի հետ վերադարձավ Փարիզ։ Նկարիչ դառնալու վճռականությունը վեր էր ամեն ինչից։ Համառությունը քիչ-քիչ տեղի էր տալիս, երբ այլևս անհնար էր չնկատել անհաջողություններն ու աղքատության վտանգը։

Այնպես չէ, որ Գոգենի անունն այդ ընթացքում ընդհանրապես չի հիշատակվել։ Նա իմպրեսիոնիստների 5 ցուցահանդեսների է մասնակցել, ինչի արդյունքում Փոլ Գոգեն անունն արդեն ծանոթ էր արվեստագետների շրջանում։ Ամեն դեպքում՝ նկարները չէին վաճառվում, գոյատևման հարց կար։ Իր հետ ապրող միակ որդուն տարրական պայմաններով ապահովելու համար Գոգենը գումար էր աշխատում փողոցներում պաստառներ փակցնելով։ Նկարիչն ասում էր՝ «տառապանքը սրում է տաղանդը», բայց իր դեպքում դա այնքան շատ էր, որ արդեն հակառակ ազդեցությունն էր թողնում։

Այս անգամ ևս Գոգենն իր փրկությունը գտնում է ճամփորդությունների և աշխարհի թաքնված գույները բացահայտելու մեջ։ Իր ընկեր՝ նկարիչ Շարլ Լավալի հետ նախ հասնում են Պանամայի ափ, հետո մեկնում Մարտինիկա։ Այստեղ Գոգենի՝ էկզոտիկ տեսարաններով առաջին կտավներն են ի հայտ գալիս։ Կտավներում վառ գույներ էին պատկերված, բայց կյանքում ամեն բան մռյալ ու մոխրագույն էր։ Լավալը ծանր հիվանդություն է ձեռք բերում, Գոգենը երկար ժամանակ խնամում է նրան, բայց արդյունքում ինչ-որ պահի երկուսն էլ հասկանում են, որ տուն գնալու ժամանակն է։ Այս ընթացքում Գոգենը ստեղծագործական առումով բուռն շրջան էր ապրում, բայց կյանքում ամեն ինչ կայուն ծանր էր։

Նկարիչը շարունակում է նոր ծանություններ ձեռք բերել, ճանապարհորդել, բացահայտել նոր հնարավորություններ, փնտրել ինքն իրեն։ Իր գեղարվեստական լեզուն կիսող արվեստագետներ անշուշտ կային և հենց դրա արդյունքում էր, որ ծնունդ առավ արվեստի նոր ուղղությունը՝ պոստիմպրեսիոնիզմը։ Տարիներ անց սա պատմական մի բան էր լինելու կերպարվեստում, բայց այդ շրջանում հասարակությունը մեղմ ասած չէր ընկալում Գոգենի և նրա գաղափարակիրների արվեստը։ Գոգենի ցուցահանդեսներից մեկը հետևյալ արձագանքն էր ստացել.

«Ձեր երեխաներին զվարճացնելու համար ուղարկեք նրանց Գոգենի ցուցահանդեսին: Նրանք կզվարճանան գունավոր նկարների առջև, որոնք պատկերում են բիլիարդի սեղանի վրա փռված չորս ձեռքով իգական սեռի արարածներ…»

Իրականում այնպես չէ, որ նկարչին խիստ անհանգստացնում էին հանրության մեկնաբանություններն ու քննադատությունը, որովհետև նա վստահ էր, որ իր կոչումը նկարիչ լինելն է, իսկ առաքելությունը՝ ստեղծագործելը։

«Յուրաքանչյուր ոք պետք է հետևի իր կրքին։ Գիտեմ, որ մարդիկ ինձ գնալով ավելի քիչ են հասկանալու։ Բայց կարո՞ղ է դա իսկապես նշանակություն ունենալ»:

Այսպես ասած «երկրային դրախտը» Գոգենը փորձում է գտնել Տահիտիում։ Այս վայրը նկարչի համար ճակատագրական է դառնում։ Տասնամյակներ անց արդեն նրա անունը հենց Տահիտիի հետ էին կապում։ Այնտեղ բնակվելու շրջանում Գոգենը շուրջ հարյուր կտավ հեղինակեց, բայց շարունակեց մնալ չգնահատված և հասարակության կողմից չընդունված։

Տահիտիում արված կտավները Գոգենի տաղանդը բացահայտում են մեկ այլ, առավել ընդգրկուն շերտով։ Սինթետիզմի և պրիմիտիվիզմի հիմնադիրներից ու նախահայրերից է Գոգենը։ Արվեստի այս ուղղությունների ամենադիպուկ արտացոլումը հենց այս կտավներում կարելի է գտնել։ Սինթետիզմը նկարչական պարզեցված ոճի, վառի գույների, իրական աշխարհը և սեփական երևակայությունը համադրելու փորձ է։ Պատկերի պարզեցումը, միտումնավոր, չափից դուրս դեկորատիվությունը և անսովոր վառ գույների կիրառումը այդ շրջանում աչքի համար այնքան էլ ընկալելի չէին որպես արվեստի ճյուղ, բայց Գոգենի այս ոճը կարծես ստեղծված էր նման էկզոտիկ պատկերներ ստեղծելու համար։

Գոգենը սիրում էր Տահիտին, եթե կարելի է այդպես ասել։ Բայց սերը այնքան էլ փոխադարձ չէր, անգամ մարդկային շփումների առումով։ Տահիտիի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ահա այս կերպ էր արտահայտվում նկարչի մասին.

«Նա խավարի հրեշտակի պես ապստամբեց Աստծո դեմ, և Տերը տապալեց նրան, ինչպես Սատանային։ Նկարիչ Գոգենն իր կյանքն ավարտեց հարբեցողության և անառակության մեջ՝ տառապելով ամոթալի հիվանդությամբ»։

Իրականում Գոգենի անքննելի տաղանդը մի կողմ դնելով չենք կարող չնշել, որ այս ձևակերպման մեջ ճշմարտության հատիկ կա։ Իհարկե, այլ հարց է, թե կյանքի որ փորձություններն ի վերջո հանգեցրին նման ճակատագրի, բայց վերջին շրջանում Գոգենն իսկապես լուրջ խնդիրներ ուներ։ Աղքատությունը, չհասկացված լինելն ու աշխարհում իր արվեստի՝ այդպես էլ տեղ չգտնելու հանգամանքը գումարվել էին իրար և արդյունքում երկրային դրախտ փնտրող Գոգենի կյանքը դժոխք էր դարձել։ Նա ապրում էր անչափահաս սիրուհիների հետ, օրվա ընթացքում մեծամասամբ հարբած էր, իսկ վերջին շրջանում տառապում էր սիֆիլիսից։

Փոլ Գոգենը մահացավ 1903 թվականին։ Նկարչի ընկերները չէին բացառում ինքնասպանության վարկածը, բայց սա չի էլ հաստատվել։ Գոգենին հուղարկավորում են, իսկ նրա գույքը վաճառում աճուրդով։ Կտավների մի մասը դեն են նետում կամ էլ կոպեկներով վաճառում աճուրդներում։ Տահիտիի անտեղյակ և արվեստից չհասկացող պաշտոնյաներն անգամ չգիտեին, որ այդ նույն շրջանում Փարիզում քիչ-քիչ ավելի բարձր էր հնչում Փոլ Գոգեն անունը։

Գոգենն ու իր արվեստն իրենց արժանի ճանաչումը ստացան միայն տարիներ հետո, երբ նրա շուրջ երկու հարյուր աշխատանք ցուցադրվեց Փարիզում։ Այսօր արդեն նկարչի կտավներն աշխարհում ամենաթանկ վաճառվող արվեստի գործերից են։  Գոգենի «Ե՞րբ է հարսանիքը» կտավը 2015 թվականին վաճառվեց 300 միլիոն դոլարով։

Իր նամակներից մեկում Գոգենը գրում էր՝ «իմ կտավները վախեցնում են ինձ, հասարակությունը դրանք երբեք չի ընդունի»։ Արի ու տես, որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում, իսկ արժանի տաղանդը, թեկուզ ուշացած, բայց անխուսափելիորեն գնահատվում է։


✍️ Նանե Մանուկյան / PAN