Կարդալիքներ PAN-ից
Yesterday

Գրեմմի մրցանակը, Արմսթրոնգի ալբոմն ու ԽՍՀՄ այցը. Ջազին Ջորջ Ավագյանի մոտեցումը հեղափոխական էր

Ջորջ Ավագյանի պատմությունը սկսվում է Ռուսաստանի Արմավիր քաղաքում՝ 1919 թվականին։ Կարճ ժամանակ անց Ավագյանների ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի, այնտեղից էլ արդեն՝ Միացյալ Նահանգներ։

Նյու Յորքը դառնում է այն քաղաքը, որտեղ Գևորգ Ավագյանը սովորում է, կայանում և նոր անուն է ստանում։ Այստեղ Գևորգը դառնում է Ջորջ։ Սկզբում սա պարզապես նոր իրականությանը հարմարվելու միջոց էր, բայց հետագայում՝ նրա ամերիկյան կենսագրության ու ինքնության կարևոր մասն է դառնում։

Փոքր տղան, որ ճակատագրի ու հանգամանքների բերումով նոր իրականության մեջ էր հայտնվել, կարծես սավառնում էր նոր աշխարհի բազմազան մշակույթների մեջ ու այս փնտրտուքներում գտավ իր գլխավոր կիրքը՝ երաժշտությունը, և հատկապես ջազը։ Երեկոյան ժամերին տանը լուռ էր, բայց Ջորջը ռադիո էր լսում, թեև ձայնը ցածրացնում էր, որ ծնողները հանկարծ չիմանան, որ քնած չէ։

Այնուհետև Ջորջն ընդունվեց Յեյլի համալսարան։ Այդ ժամանակ ջազը դեռ նոր էր ձևավորվում որպես ինքնուրույն ամերիկյան մշակույթ։ Քչերն էին այն ընկալում որպես արվեստ, որի արժեքը կարող էր իսկապես մնայուն ու երկարաժամկետ լինել։ Բայց Ջորջի համար ջազը մի ամբողջ նոր աշխարհ էր։ Նա սկավառակներ էր հավաքում, ուսումնասիրում էր կատարողներին, համեմատում ձայնագրությունները։ Դեկ, իսկ համալսարանական տարիներին արդեն ավելի լրջությամբ էր զբաղվում այդ արխիվների ուսումնասիրությամբ։

Խաղաղ կյանքն ընդհատվեց, երբ Միացյալ Նահանգները մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Այս անգամ ևս Ավագյանի կյանքը շրջադարձային ընթացք ստացավ։ Նա առանց վարանելու կամավորագրվեց բանակում և ծառայեց Ֆիլիպիններում։ Պատերազմի տարիներին սիրելի երաժշտությունից հեռու մնալը միայն ամրապնդեց նրա ձգտումը՝ վերադառնալ և իրականացնել վաղեմի երազանքը՝ աշխատել ձայնագրման աշխարհում։ 1946-ին զորացրվելուց հետո նա վերադառնում է Նյու Յորք։ Այս ընթացքում կյանքի ևս մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Ջորջն ամուսնանում է ջութակահարուհի Անահիտ Աճեմյանի հետ։

Կարիերայում երկրորդ սկզբնակետը նույնն էր։ Նա վերադառնում է այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել էր՝ Columbia Records-ի արխիվներ։ Սկզբում Ավագյանին վստահում են համակարգման աշխատանքները։ Բայց արխիվային նյութերի հետ աշխատելով՝ ձայնագրություններն ուսումնասիրելուց զատ Ավագյանը մտածում էր, թե ի՞նչ նորարարական մեթոդներ կարելի է կիրառել ոլորտում։

Այդ տարիներին Columbia Records-ը ձայնագրման ինդուստրիայի առաջատարներից էր, բայց հենց Ավագյանին վիճակվեց առաջարկել հեղափոխական մի փոփոխություն, որը հիմնովին փոխեց ընկերության քաղաքականությունը ու նաև մարդկանց՝ երաժշտություն լսելու փորձառությունը։ Հենց Ավագյանն աշխարհին ներկայացրեց 12" LP ձևաչափը ու այն դարձրեց արտադրական ստանդարտ։ Մինչև այդ երաժշտությունը կարճ տևողությամբ սկավառակների վրա էր, իսկ հիթերը կարճաժամկետ ազդեցություն ունեին։ Ավագյանը հասկացավ, որ ժամանակն է ստեղծել ձևաչափ, որը հնարավորություն կտա պահպանել ստեղծածը որպես ամբողջական աշխատանք, ոչ թե իրարից անջատ երգերի շարք։

Այնուհետև Columbia Records-ում նա ղեկավարում էր փոփ և ջազ բաժինը, և հենց նրա ղեկավարությամբ 1948 թվականին թողարկվեցին պատմական կարևորություն ունեցող 100 երկար նվագող ալբոմներ։ LP-ն իր հետ բերեց ձայնի որակի բարելավում ու նոր մտածողություն՝ ալբոմը դառնում էր ոչ թե երգերի հավաքածու, այլ ամբողջական ստեղծագործություն։ Ավագյանն այս առիթով ասում էր․

«Իմ կյանքի ամենակարևոր անելիքը այն էր, որ ուշադրությունը կարճատև հիթերից շեղեցի դեպի ալբոմներ, որոնք մնում են և դառնում մշակութային հիշողություն»։

Սա հեղափոխական փոփոխությունների սկիզբն էր միայն։ Ջորջ Ավագյանը կենդանի համերգի ձայնագրությունը վերածեց սկավառակի։ Նրա նախաձեռնությամբ թողարկվեց Բենի Գուդմենի՝ «Քարնեգի Հոլ»-ում կայացած համերգային ձայնագրությունը։ Այսպիսով՝ ձայնապնակի միջոցով փոխանցվեց համերգի մթնոլորտը, էներգետիկան ու անմիջականությունը։ Այս մոտեցումը ամբողջությամբ փոխեց մարդկանց պատկերացումները ու հետո նաև՝ ակնկալիքները։

Ավագյանի ներդրումը սոսկ տեխնիկական չէր։ Նա ստեղծեց նաև ջազային ալբոմների առաջին ծանոթագրությունները։ Նրա մանրամասն ու յուրահատուկ գրառումները գրավում էին այն ունկնդիրներին, ովքեր ցանկանում էին երաժշտությունը ոչ միայն լսել, այլև հասկանալ, թե դրա հետևում ինչ մշակութային, պատմական, անձնական պատմություններ կան։ Այդ նոթերն օգնեցին մեծ լսարան ձևավորել՝ կրթված, հետաքրքրված, գնահատող մարդկանց լսարան։ Այսպիսով Ջորջ Ավագյանը Columbia Records-ում ձևավորեց մի տեսլական, որը հետո պիտի տարածվեր ամբողջ երաժշտական աշխարհում։

Բայց Ջորջը նաև բացառիկ պրոդյուսեր էր։ Նա ձևավորել ու զարգացրել է բազմաթիվ մեծ արտիստների կարիերան, նրանց նոր լսարաններ բերել, փոխել կերպարը, ամրապնդել դիրքերը։

1950–60-ականների ամերիկյան երաժշտական կյանքում Ջորջ Ավագյանի անունը հնչում էր որպես նորարար, հետևաբար նրա հետ համագործակցելն իրադարձություն էր։ Նրա ճաշակը, երաժշտական մտածողությունը, նրբանկատ վերաբերմունքը Ավագյանին դարձնում էին այնպիսի պրոդյուսեր, որին վստահում էին ամենախոշոր և համարձակ երաժիշտները։

Մայլս Դևիսն այն արտիստներից մեկն է, որոնք իրենց կարիերայի ամենակարևոր շրջադարձերից մեկի համար պարտական են Ավագյանին։ Բազմաթիվ հուշեր արձանագրում են, որ հենց այս համագործակցությունը դարձավ բախտորոշ Դևիսի կարիերայի համար։ Ավագյանը տեսավ երիտասարդ երաժշտի առանձնահատկությունը և այն դրսևորելու հնարավորություն տվեց։ Տարիներ անց՝ որպես Մայլսի ալբոմի համահեղինակ, Ջորջը «Գրեմմի» մրցանակ ստացավ ու սա կարծես տարիներ առաջ նրա տված հնարավորության պատասխանն էր։

Ավագյանի համար մեծագույն հպարտություն էր աշխատել նաև ու հատկապես Լուի Արմսթրոնգի հետ։

«Նա մնում է այն արտիստը, ում առավել հաճույքով եմ ձայնագրել ամբողջ կյանքում»։

Ու սա զգացվում է նրա թողարկած երկու՝ չափազանց կարևոր ու հատկանշական ալբոմներում, որոնք նորից ուշադրություն սևեռեցին Արմսթրոնգի արվեստին։ Սա այն փուլում էր, երբ աշխարհը կարծես ավելի շատ տարվել էր նոր սերնդի կատարողներով։ Ավագյանի շնորհիվ Արմսթրոնգը վերադարձավ իր դիրքերին ու նոր ընկալմամբ ներկայացվեց լսարանին՝ նա ժամանակակից էր ու միշտ արդիական։

Նույնը կարելի է ասել Դյուկ Էլինգտոնի մասին։ Նրա երկար ու փառահեղ գործունեությունը հաճախ կարիք ուներ ճիշտ ներկայացման, գեղարվեստական ամբողջական փաթեթավորման։ Ու սա նաև պետք է համապատասխաներ դարաշրջանի և արտիստի որոնումներին։

Ավագյանը կարողանում էր ստանալ այդ հայացքը, համադրել ավանդույթները և նոր հնչողությունը։

«Նրանք միայն մեծ երաժիշտներ չէին․ նրանք իմ կյանքի ընկերներն էին»։

Եվ իհարկե՝ Բենի Գուդմենը, ում հետ Ավագյանը աշխատեց տարբեր ձևաչափերով։ «Քարնեգի Հոլ»-ում կենդանի համերգի ձայնագրման նախաձեռնությունը ծնվեց հենց նրա գլխում։ Արդյունքում ստեղծվեց սկավառակ, որը մինչև այսօր համարվում է կենդանի երաժշտության ձայնագրման ոսկե ստանդարտներից մեկը։ Ավելի ուշ Գուդմենի հետ Ջորջը պիտի ճամփորդեր ԽՍՀՄ ու դառնար ամերիկյան ջազի ոչ պաշտոնական դեսպանը։

1962 թվականին Ավագյանը կազմակերպեց Խորհրդային Միությունում Բենի Գուդմենի և նրա նվագախմբի համերգային շրջագայությունը։ Այսպիսով երաժշտությունը կրկին երկխոսելու հնարավորություն տվեց։ Մարդկային անմիջականությամբ հայտնի Ավագյանը դարձավ այս ուղևորության առանցքային գործիչը՝ թե՛ կազմակերպչական, թե՛ միջմշակութային առումով։

Հետագայում պատմում էր, որ այս շրջագայությունից առաջ ներքին անհանգստություն ուներ։ Նա միակ մարդն էր խմբում, որ ծնվել էր Խորհրդային տարածքում, և իրեն թվում էր, թե սա կարող էր պատրվակ դառնալ իշխանությունների հնարավոր ճնշումների համար։ Հայրը դեռ ԱՄՆ-ից զգուշացրել էր՝ «շուրջբոլորդ նայիր, ուրիշների գործերի մեջ չխրվես»։

Արտիստների շրջագայությունը Մոսկվայում ու մի շարք այլ քաղաքներում այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ համերգներից հետո խորհրդային երաժիշտները ժամերով «բաց չէին թողնում» նրանց։ Քաղաքային ակումբներում գաղտնի jam session-ներ էին կազմակերպում, որտեղ խորհրդային և ամերիկյան երաժիշտները միասին նվագում էին ու զերծ էին պաշտոնական վերահսկողությունից։

Մի քանի տասնամյակ անց, 1990 թվականի գարնանը, Ավագյանին Խորհրդային Միությունից Ավագյանին կրկին «հիշում են»։ Այս անգամ՝ Միացյալ Նահանգներում գործող ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչությունից։ Ջորջը լարված էր ու չէր հասկանում, թե ինքն ի՞նչ գործ ունի այդ միջոցառմանը։

Դահլիճում հավաքված էին ամերիկացի և խորհրդային լրագրողներ, նաև ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինը։ Վերջինս մոտենում է Ավագյանին, և հստակ, հանդիսավոր ձայնով հայտնում.

«ԽՍՀՄ կառավարությունը որոշել է ձեզ պարգևատրել իր բարձրագույն պարգևով՝ Լենինի շքանշանով՝ երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ձեր բացառիկ ներդրման համար»։

Ավագյանը հետո պատմում էր. «Եթե ասեմ, որ զարմացած էի, շատ մեղմ կհնչի»։

Այս պարգևը իսկապես աննախադեպ դարձավ։ Ջորջ Ավագյանն ԱՄՆ քաղաքացիներից միակն էր, որ Լենինի շքանշան էր ստացել։

1960-ականներին, երբ ամերիկյան երաժշտական արդյունաբերությունը մտնում էր նոր դարաշրջան, Ջորջ Ավագյանի հեռատեսությունն ու փորձը նրան տեղափոխեցին մի նոր պատասխանատու դիրքի՝ նա դարձավ Warner Bros ընկերության երաժշտական բաժնի տնօրենը։ Columbia Records-ում իր նորարարություններից հետո Ավագյանին համարում էին մարդ, որի գաղափարներն ու կազմակերպչական ոճը կարող էին մեծ ազդեցություն ունենալ ցանկացած բրենդի ձևավորման և բովանդակության վրա։ Warner Bros-ում Ավագյանը ոչ միայն նոր նախագծեր էր իրականացնում, այլև ընդլայնում էր ընկերության միջազգային ներկայությունը՝ բացելով մասնաճյուղեր Թեհրանում, Բրյուսելում, Փարիզում։

Այս նույն տարիներին Ավագյանը վերջնականապես որոշում է ստեղծել սեփական բրենդը և հիմնում է Avakian & Co. ընկերությունը։ Սա ինքնուրույնությունը հաստատելու փորձ չէր, այլ տարիներով կուտակված գիտելիքների և ստեղծագործական ազատության համադրումը՝ առանց մեծ ընկերությունների սահմանափակումների։ Սա կարծես դարձավ նրա անձնական լաբորատորիան, որտեղ նոր նախագծերը ծնվում էին առանց սահմանափակումների ու պարտադրանքների։

Թեև իր գործունեության հիմնական շրջանը կապված էր ԱՄՆ-ի հետ, Ավագյանը արմատների հետ կապը երբեք չի կորցրել։ Ստեղծագործական ուղու վերջին տասնամյակներում նա նոր հետաքրքրությամբ էր մոտենում հայկական երաժշտությանը։ Այդ հետաքրքրության կարևոր արդյունքներից մեկը դարձավ Տաթևիկ Հովհաննիսյանի “Listen to My Heart” ալբոմը, որի պրոդյուսերությունը նա ստանձնեց մեծ խանդավառությամբ։ Սա առաջին հայկական  էթնո-ջազ ոճով վոկալային ալբոմն էր, որը փաստեց, որ հայկական երգարվեստը կարող է փայլել ամենաբարձր հարթակներում։ Դե, իսկ 1998 թվականին, 80 տարեկանում, Ջորջ Ավագյանը առաջին անգամ այցելեց Հայաստան՝ մասնակցելու Երևանի առաջին միջազգային ջազ փառատոնին։

Կյանքի վերջի տարիները Ջորջ Ավագյանն անցկացրեց նոր նյութերի հետ աշխատելով, ստեղծագործելով և իր հուշերը գրի առնելով։ Նա այն սերնդից էր, որը հավատում էր, որ ձայնագրությունը պարզապես տեխնիկական գործ չէ, այլ արվեստի գործերի պահպանման և ընդլայնման խիստ կարևոր հիմնաքար։ Ջորջ Ավագյանը փոխեց երաժշտական ինդուստրիան, բայց դա արեց լուռ ու համեստ կեցվածքով։ Ու հիմա էլ նրա անունը հիշատակվում է առանց ավելորդ շեշտադրումների, առանց չափազանցության կամ պաթոսի։ Նա մարդ էր, որ իր գործն արեց անսահման նվիրումով, անկեղծությամբ, խանդավառությամբ ու մեծ փոփոխություն բերելու ձգտումով։


✍️ Նանե Մանուկյան / PAN