Կարդալիքներ PAN-ից
Today

Արտագնա աշխատանքի մեկնող փոխնակ մայրերն ու վերարտադրողական տուրիզմը. Ինչպես Վրաստանը դարձավ Եվրոպայում փոխնակ մայրության կենտրոն

Վերջին տարիներին Վրաստանը վերածվել է հանգույցի, ուր ամբողջ աշխարհից կանայք գնում են՝ մասնակցելու փոխնակ մայրության ծրագրերին: DW-ն մի զույգի պատմության պրիզմայով թեմայի շուրջ տպավորիչ լրագրողական հետաքննություն է անցկացրել, որի մանրամասներն էլ որոշել ենք ներկայացնել։

2023 թվականին՝ երեխա ունենալու մի քանի անհաջող փորձից հետո, Համբուրգում ապրող 40-ամյա Օլգան և Դանիելը (անունները փոխված են) որոշում են դիմել փոխնակ մոր ծառայություններին: Այս տարբերակը նրանց խորհուրդ էին տվել Ռուսաստանից ընկերները, որոնք մոտ տասը տարի առաջ հաջողությամբ օգտվել էին օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիայից։ Այդուհանդերձ, գերմանացի զույգն անմիջապես մի քանի խնդրի էր բախվել։ Գերմանիայում փոխնակ մայրությունը պաշտոնապես արգելված է օրենքով, ուստի այս ճանապարհով ծնված երեխաների ծնողները ազգակցական կապի ճանաչմանը ստիպված են լինում հասնել Գերմանիայի դատարանների միջոցով:

Օլգան Գերմանիայի քաղաքացիություն ուներ, բայց ծնվել և մեծացել էր Ռուսաստանում: Ուստի ամուսինները որոշում են ուսումնասիրել փոխնակ մայրության տեղական շուկան, բայց բախվում են հերթական խնդրին: 2022 թվականից օտարերկրացիներն այլևս չեն կարող փոխնակ մայրության պայմանագիր կնքել Ռուսաստանում: Միջազգային մեկուսացման ֆոնին ՌԴ-ում կտրուկ խստացվել են այլ երկրների քաղաքացիների համար օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները կարգավորող օրենքները: Մի փոքր երկար ուսումնասիրելուց հետո Օլգան և Դանիելը պարզում են, որ բազմաթիվ միջազգային գործակալություններ, որոնք միջնորդ են հանդիսանում հաճախորդների և փոխնակ մայրերի միջև, 2022-ից հետո տեղափոխվել են Վրաստան:

ՎՐԱՍՏԱՆԸ՝ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ

1990-ականներին Վրաստանն աշխարհի առաջին երկրներից մեկն էր, որն օրինականացրեց փոխնակ մոր մասնակցությամբ օժանդակ վերարտադրության ծառայությունները: Այս ոլորտում օրենսդրությունը մինչև օրս բավականին «դեմոկրատ» է, չնայած տեղացի քաղաքական գործիչների՝ պետական վերահսկողությունն ուժեղացնելու կամ օտարերկրացիների համար փոխնակ մայրությունն իսպառ արգելելու փորձերին:

Բայց, ըստ DW-ի ուսումնասիրության, փոխնակ մայրության կոմերցիոն արդյունաբերությունը Վրաստանում իրականում սկիզբ է առել միայն 2000-ականների կեսերին: Սկզբնական շրջանում այս ճանապարհով տարեկան ընդամենը մի քանի երեխա էր լույս աշխարհ գալիս: Այն ժամանակ շատ վրացիներ թերահավատորեն էին մոտենում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին, իսկ տարածաշրջանում փոխնակ մայրության կենտրոն էր համարվում Ռուսաստանը: 2010-ականներին Ռուսաստանում փոխնակ մայրության և օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման մասին օրենքների խստացման ֆոնին Վրաստանն աստիճանաբար դարձավ ապագա ծնողների ամենապահանջված ուղղություններից մեկը։

Վրաստանում փոխնակ մայրերից ծնված երեխաների թիվը շատ դժվար է հստակ գնահատել: Անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով երկրում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ ծնված երեխաների բաց գրանցամատյան չկա: Այնուամենայնիվ, 2024 թվականին երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պետական վերահսկողության նպատակով սկսել է փակ հաշվառում վարել:

Պետական ծառայությունների զարգացման գործակալության հրապարակած վերջին հասանելի վիճակագրության համաձայն, 2023-ի վերջի դրությամբ Վրաստանում գրանցվել էր ավելի քան 3000 փոխնակ մայր: 2012-ից սկսած նրանք լույս աշխարհ են բերել 5393 երեխա:

Վրաստանում բնակվում է մոտ 3,7 միլիոն մարդ: Գերատեսչության տվյալներից նաև պարզ է դառնում, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին այս ճանապարհով ծնված նորածինների թիվը կտրուկ աճել է: Եթե 2021-ին փոխնակ մայրերը մոտ 300 երեխա են ունեցել, ապա 2023-ին այդ թիվը հասել է 1172-ի:

ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆՈՂ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐԵՐ

Վերջին տարիներին Վրաստանում կարելի է հանդիպել բազմաթիվ օտարերկրացի կանանց, որոնք արտագնա աշխատանքի նպատակով են հայտնվել այնտեղ։ Ավելի կոնկրետ՝ փոխնակ մայրության ծրագրերին մասնակցելու համար: Միջնորդ գործակալություններից մեկի համակարգողը, 27-ամյա Սոֆիա Տ.-ն, արդեն երկու անգամ փոխնակ մայր է եղել: DW-ի հետ զրույցում Սոֆիա Տ.-ն բացատրել է, որ իր գործակալությունը ստիպված է եղել տեղափոխվել Վրաստան Ռուսաստանում օրենքների խստացումից հետո:

Հիմնական խնդիրը, որին այս կանայք բախվել են Ռուսաստանում, դոնորական ձվաբջջի օգտագործման արգելքն էր: Այժմ ռուսական գործակալություններն այն ծնողներին, ովքեր չեն կարող տրամադրել սեփական վերարտադրողական սեռական բջիջները, առաջարկում են դոնորական սաղմը, նաև՝ փոխնակ մորը տեղափոխել Վրաստան: Հենց այնտեղ էլ անցկացվում է արտամարմնային բեղմնավորման ընթացակարգը։ Այնուհետև կինը մեկնում է տուն և Վրաստան վերադառնում միայն հղիության 31-րդ շաբաթում՝ ծննդաբերությանը նախապատրաստվելու համար։ Բայց նման սխեման, ըստ Սոֆիայի, խնդրահարույց է և ծախսատար.

«Միայն դոնորական սաղմի տեղափոխումը Վրաստան արժե 3000 եվրո, իսկ բուն տեղադրումը ևս 1750 եվրո: Պետք է վճարել փոխնակ մայրերի տոմսերի, կացարանի և օրապահիկի համար: Միակ բանը, որ Վրաստանում ավելի էժան է, քան Ռուսաստանում, դեղորայքն է»:

«ՄԵԶ ՄՈՏ ԴԱ ԱՂԱՆԴԻ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ Է»

Ռուսաստանից արտագնա աշխատանքի մեկնող փոխնակ մայրերից մեկը 39-ամյա Անաստասիան է: Այս կինը չափահաս դուստր ունի և փոխնակ մայրության եռակի փորձ: Առաջին ծրագրին մասնակցել է 2021 թվականին՝ անշարժ գույքի կանխավճարի համար գումար վաստակելու նպատակով: Առաջին երկու ծրագրերն իրականացվել են Ռուսաստանում, իսկ երրորդը, որը ճապոնացի զույգի համար էր, 2024-ին՝ Վրաստանում։ Մյուս փոխնակ մայրերի նման Անաստասիան սաղմի տեղադրումից հետո վերադարձել է Ռուսաստան և հղիության 22-րդ շաբաթում կրկին մեկնել Վրաստան:

«Ես ապրում էի վարձով բնակարանում մեկ այլ փոխնակ մոր հետ, որը երկվորյակ պետք է ունենար: Այս ծրագիրն ինձ համար ամենահեշտն ու հարմարավետն էր, բայց գուցե պարզապես բախտս բերել էր կլինիկայի հարցում: Վրաստանում ծննդաբերած այլ աղջիկներից լսել եմ, որ նրանք խնդիրներ են ունեցել: Օրինակ՝ ոմանք ստիպված են եղել ծննդաբերությունից հետո երկար սպասել հոնորարի վճարմանը»։

Կինը խոստովանում է, որ պատրաստ է ևս մեկ անգամ մասնակցել ծրագրին.

«Այս փորձառությունը գրավում է, անընդհատ ուզում ես կրկնել: Դուստրս կատակում է, թե մեզ մոտ սա աղանդի պես մի բան է, և նա մասամբ ճիշտ է»:

Իսկ 35-ամյա Յուլյան մի քանի շաբաթ առաջ է Բաթումիից վերադարձել Մոսկվա։ Սա փոխնակ մայրության երրորդ ծրագիրն է, որին մասնակցում է, բայց առաջինն է՝ արտագնա տարբերակով: Նրա խոսքով, Ռուսաստանում և Վրաստանում սաղմի տեղադրման ընթացակարգերի միջև տարբերությունը զգալի է.

«Ռուսաստանում գործընթացներն ավելի կարգավորված են և, հնարավոր է, ավելի պրոֆեսիոնալ: Մոսկվայում ընթացակարգից հետո ինձ զգուշորեն տեղափոխում էին անվասայլակի վրա, տանում հիվանդասենյակ և ուշքի գալու համար ժամանակ տալիս: Բաթումիում գործընթացից հետո ես պարզապես վեր կացա ու գնացի»։

ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐԵՐՆ ԱՐԱԳ ՓՈՂԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Չնայած լոգիստիկ խնդիրներին, Վրաստանը ապագա ծնողների համար շարունակում է գրավիչ երկիր մնալ։ Գլխավոր պատճառը՝ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ցածր արժեքն է։ Տարբեր գնահատականներով ներկայումս Վրաստանում մոտ 19 կլինիկա է տրամադրում նման ծառայություններ: Թբիլիսիի կամ Բաթումիի միջնորդ գործակալություններում ծառայությունների փաթեթի միջին արժեքը երկու կամ նույնիսկ երեք անգամ ցածր է այլ երկրների համեմատությամբ, և կազմում է մոտ 50-60 հազար դոլար:

Անանունության պայմանով DW-ին միանգամից մի քանի փոխնակ մայրեր ասել են, որ իրենց միջին հոնորարը կազմում է 20-30 հազար դոլար: Սակայն լինում են նաև հավելավճարներ: Օրինակ՝ երկվորյակների դեպքում: Գործակալությունները նաև, որպես կանոն, փոխնակ մայրերին ապահովում են կացարանով և ամսական հավելյալ 300-500 դոլար տրամադրում գրպանի ծախսերի համար:

Հետազոտողների խոսքով փոխնակ մայրերն իրականում շատ չեն վաստակում: Հենց այդ պատճառով էլ միջնորդ գործակալությունները նրանց փնտրում են բնակչության սոցիալապես խոցելի խավերի կանանց շրջանում: Նրանք հաճախ հույս ունեն, որ արագ վաստակած գումարը կբարելավի իրենց ֆինանսական վիճակը։ Վրացական շուկա ռուսական ու ուկրաինական գործակալությունների մուտք գործելուց հետո միջին հոնորարը սկզբում մի փոքր աճել է, բայց այժմ «արտագնա աշխատանքի» նպատակով կանայք Վրաստան են գալիս Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի երկրներից ու պատրաստ են փոխնակ մայր դառնալ անգամ 12-15 հազար դոլարի դիմաց։

Որպես կանոն, փոխնակ մայրերի համար այնքան էլ կարևոր չէ, թե որտեղից են պոտենցիալ ծնողները: Զրուցակիցները պատմում են, որ մասնակցել են ծրագրերի Ռուսաստանից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Սինգապուրից և այլ երկրներից եկած ընտանիքների համար: Իսկ ահա պոտենցիալ ծնողները, ընդհակառակը, ցանկանում են փոխնակ մայրերի մասին հնարավորինս շատ բան իմանալ: Վրաստանում մեծ պահանջարկ ունեն ուկրաինուհի փոխնակ մայրերը։ Նաև սա է պատճառը, որ ուկրաինական գործակալությունները զանգվածաբար մուտք են գործել վրացական շուկա։ Բայց այլ պատճառներ էլ կան՝ օրինակ, Վրաստանում ծննդաբերությունից հետո ծնողները ծննդյան վկայականում միանգամից կարող են գրանցվել որպես հայր և մայր։ Ի տարբերություն Ուկրաինայի՝ այնտեղ իշխանությունը ԴՆԹ թեստ չի պահանջում։

Ուկրաինական գործակալությունները սկսել են աշխատել նաև Ղազախստանում։ Կարծում են, որ այս երկիրը ևս փոխնակ մայրության նոր հանգույց դառնալու ներուժ ունի, առաջին հերթին՝ Չինաստանից եկող պահանջարկի հաշվին։

«Ղազախստանն ավելի մեծ է, քան Վրաստանը: Մոտակայքում են Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Նույն Տաջիկստանի համար, որտեղ բնակչության եկամուտները շատ ավելի ցածր են, քան Ուկրաինայում, 20 հազար դոլարը փոխնակ մայրերի համար շատ զգալի գումար է: Ուստի այնտեղ ցանկացողների պակաս չկա»։

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԾՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ Է

Եվս մեկ կարևոր գործոն, որը Վրաստանը գրավիչ է դարձնում ամբողջ աշխարհի հաճախորդների համար. Օրենքները հիմնականում պաշտպանում են ապագա ծնողների շահերը: Վրաստանում ապագա ծնողների և փոխնակ մոր միջև փաստաթղթերի ձևակերպման գործընթացը բավականին արագ է ընթանում: Նախքան ծրագրի մեկնարկը անհրաժեշտ է միայն պայմանագիր  կնքել և նոտարական վավերացում ստանալ: Երեխայի ծնվելուց հետո էլ ծնողները պետք է յոթ օրվա ընթացքում դիմում ներկայացնեն պետական ռեգիստր՝ ծննդյան վկայական ստանալու համար:

Ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ փոխնակ մայրությունն օրինականացված է, պոտենցիալ ծնողները ստիպված չեն լինում երեխայի ծնունդից հետո դատարանի միջոցով ապացուցել ազգակցական կապը: Տեղական իշխանությունները նաև արագ տրամադրում են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ծնողների ծագման երկրներում ազգակցական կապի ձևակերպման համար:

Վրացական օրենքների համաձայն, պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո փոխնակ մայրն ավտոմատ կերպով զրկվում է ապագա երեխայի նկատմամբ որևէ իրավունքից։ Սա գործում է, նույնիսկ եթե ծնողները վերջին պահին մտափոխվեն և հրաժարվեն երեխայից: Նման դեպքում նորածինը հայտնվում է վրացական մանկատանը: Ի դեպ, վրացի իրավաբանի դիտարկմամբ վերջին տարիներին տեղական գործակալություններն արդարացրել են իրենց, և այժմ շուկան կկարողանա գոյատևել նույնիսկ այն դեպքում, եթե ուկրաինական և ռուսական գործակալությունները հեռանան այնտեղից:

Թեև պոտենցիալ ծնողները գոհ են վրացական օրենսդրության դրույթներից, նույնը չի կարելի է ասել փոխնակ մայրերի մասին։ Օրենքը կարգավորում է  փոխնակ մոր, պոտենցիալ ծնողների և կլինիկաների միջև հարաբերությունները, բայց այս շղթայից դուրս է թողնում միջնորդ գործակալություններին։ Փոխնակ մայրերը դրանից հաճախ տուժում են։ Վրաստանում փոխնակ մայրերն առանց այդ էլ իրավունքների սահմանափակ շրջանակ ունեն: Հղիության, բժշկական որոշումների և հոնորարի հետ կապված հարցերի մեծ մասը կարգավորվում է ոչ թե երկրի օրենքներով, այլ կողմերի միջև կնքված կոնկրետ պայմանագրով: Պետությունը նաև չի սահմանում նվազագույն սոցիալական երաշխիքներ կամ չափորոշիչներ։

Փոխնակ մայրերը չեն կարող երեխային պահել իրենց մոտ, դուրս գալ ծրագրից սաղմի տեղադրումից հետո կամ ընդհատել հղիությունը: Որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ՝ Human Rights Watch-ը և International Women's Health Coalition-ը, նշում են, որ վրացական շուկայում ձևավորված պրակտիկան խախտում է կանանց վերարտադրողական իրավունքները։

Մի քանի տարի առաջ Վրաստանում հայտնվեց Sapari իրավապաշտպան կազմակերպությունը, որն աջակցում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից եկած փոխնակ մայրերին և պայքարում է մարդկանց թրաֆիքինգի դեմ: Ինչպես պատմել է կազմակերպության աշխատակիցներից մեկը, միջնորդ գործակալությունները հաճախ օգտվում են կանանց իրավաբանորեն խոցելի վիճակից:

Նրա խոսքով, օտարերկրացի փոխնակ մայրերն ամենից հաճախ բախվում են երեք խնդրի. շատ կանայք հաճախ չեն ստանում խոստացված հոնորարի ամբողջ գումարը, մինչև վերջ չեն հասկանում պայմանագրի պայմանները, բժշկական ռիսկերը և իրենց սեփական իրավական կարգավիճակը, ինչպես նաև բախվում են Վրաստանում իրենց ազատ տեղաշարժի սահմանափակմանը:

Sapari-ում կարծում են, որ վերարտադրողական բժշկության գործակալությունների աշխատանքը կարգավորող իրավական բազայի բացակայությունը մեծ խնդիր է:

«Գործակալությունները խիստ լիցենզավորման պահանջների չեն ենթարկվում, նրանց գործունեության արդյունավետ մոնիթորինգը ևս բացակայում է, իսկ փոխնակ մայրերի իրավունքների խախտման համար նրանց պատասխանատվության ենթարկելը իրավաբանորեն բարդ խնդիր է»։

Բարեփոխումներ իրականացնելու և փոխնակ մայրերին ավելի շատ իրավունքներ տրամադրելու փոխարեն վրացի քաղաքական գործիչներն առաջարկում են էապես սահմանափակել կամ իսպառ արգելել «վերարտադրողական տուրիզմը»: Ոմանք էլ կարծում են, որ Վրաստանում փոխնակ մայրությունը պետք է դառնա անհատույց ծառայություն։ Դե, իսկ երկրում գոյություն ունեցող վերարտադրողական տեխնոլոգիաների ստվերային շուկայի մասին բազմաթիվ պատմություններն առանձին անդրադարձի լրիվ այլ, խիստ բազմաշերտ ուղղություն են։


✍️ Նանե Մանուկյան / PAN