Հող համբուրող Քեթին, տիեզերական շպարն ու Բեզոսի՝ միլիարդներ արժեցած PR-ը. Ինչպես 6 կին 11 րոպեում տիեզերքը գլամուրային դարձրին
Մինչև վերջերս տիեզերքը գիտական ձեռքբերումների, անսահմանության, առեղծվածի, խիզախության խորհրդանիշ էր, Blue Origin-ի վերջին թռիչքից հետո տիեզերքն ասոցացվում է նաև գլամուրի, շպարի, դիզայներական «տիեզերազգեստների» հետ։ Blue Origin-ի կողմից որպես «աննախադեպ», «պատմական», «հզոր» ու «հուզիչ» ներկայացված կոմերցիոն թռիչքը թեև ընդհանուր առմամբ 11 րոպե տևեց, բայց մեծ գումարների ու անթիվ մեմերի առիթ դարձավ։
Միլիարդատերերի տիեզերական մրցավազքում այս անգամ Ջեֆ Բեզոսն է որոշել է մի քայլ առաջ անցնել՝ ֆեմինիզմը դարձնելով կոմերցիոն ծրագրերի գործիք: Ամեն դեպքում՝ կանանց «հզորացման» և «ոգեշնչման» կարգախոսներն այս օրերին այնքան շատ են, որ երբեմն դժվար է հասկանալ՝ որտեղ է ավարտվում իրական առաջընթացը և սկսվում PR-ը:
«ՄԱՅՐԻ՛Կ, ԵՍ ՏԻԵԶԵՐՔ ԵՄ ԹՌՉՈՒՄ»
Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերության New Shepard հրթիռով տիեզերական ուղևորության մասին վաղուց էր հայտարարվել։ Գլխավոր նորությունն այն էր, որ թռիչքին մասնակցելու էին վեց կանայք։ Սա 1963 թվականին Վալենտինա Տերեշկովայի թռիչքից հետո առաջին դեպքն էր, երբ տիեզերք թռչող անձնակազմի ցանկում միայն կանայք էին։
Անձնակազմի կազմում էին փոփ աստղ Քեթի Փերրին, Բեզոսի հարսնացու Լորեն Սանչեսը, CBS-ի հաղորդավարուհի Գեյլ Քինգը, NASA-ի նախկին ինժեներ Այշա Բոուն, NASA-ում կարիերան կիսատ թողած, քաղաքացիական իրավունքների ակտիվիստ և սեռական բռնության զոհերի իրավունքների մասին օրինագծի հեղինակ Ամանդա Նգուենը և կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը։
Թռիչքն իրականացվեց Տեխասի տիեզերակայանից և տևեց մոտավորապես 11 րոպե: Կապսուլան հասավ 100 կմ բարձրության՝ հատելով Կարմանի գիծը, որը համարվում է Երկրի մթնոլորտի և տիեզերքի միջև սահմանը: Թռիչքի ընթացքում անձնակազմը մի քանի րոպե անցկացրել է անկշռության մեջ, որից հետո կապսուլան վերադարձել է Երկիր:
Մինչև թռիչքը կանայք հարցազրույց էին տվել Elle ամսագրին ու հպարտորեն հայտարարել, որ իրենք առաջին մարդիկ են, ովքեր տիեզերք են թռչում շպարով և սանրվածքով: Այս ամենն անգամ ոչ պաշտոնական տերմին ձեռք բերեց՝ «տիեզերքի գլամուրայնացում»։ Իսկ Քեթի Փերրին հռետորական հարց բարձրացրեց՝
«Ո՞վ չէր ուզենա լավ տեսք ունենալ տիեզերքում»։
NS-31 առաքելությունը Blue Origin-ի New Shepard հրթիռի 31-րդ տիեզերական թռիչքն էր և 11-րդը՝ մարդկանց համար։ Մինչև օրս ծրագրի շրջանակում տիեզերք է ուղարկվել 52 մարդ։ Չնայած ընկերությունը չի բացահայտում, թե որքան է կազմում տոմսի արժեքը, հայտնի է, որ կանխավճարը 150,000 դոլար է:
ՇՊԱՐԸ, ՀԱԳՈՒՍՏՆ ՈՒ ՀՈՂԸ
Թռիչքն ինքնին ավելի շատ նման էր հոլիվուդյան միջոցառման։ Քեթի Փերիին օրինակ, թռիչքի ընթացքում երգել է Լուի Արմսթրոնգի «What a Wonderful World» երգը։ Բացի այդ՝ երգչուհին իր հետ տիեզերք էր տարել երիցուկ, որը նրան հիշեցնում էր իր դստեր մասին։ Քինգն էլ Փերրիի երգը բնութագրել է որպես թռիչքի «ամենապայծառ պահ»։
Թռիչքի մեկ այլ արտառոց կողմ էր «կանանց համար նախատեսված» տիեզերահագուստի ստեղծումը: Այս զգեստների նախագծմամբ զբաղվում էին հայտնի դիզայներներ Ֆերնանդո Գարսիան և Լաուրա Քիմը, ովքեր համագործակցել են Բեզոսի հարսնացու Լորեն Սանչեսի հետ: Թիմը ցանկանում էր մշակել արտահագուստ, որն ի սկզբանե հաշվի առներ կանացի մարմնի առանձնահատկությունները: Բեզոսի հարսնացուն այսպես է նկարագրում որոշումը՝
«Մենք ուզում էինք վերաիմաստավորել հագուստը, որը սովորաբար կարվում էր տղամարդկանց համար և հետո հարմարեցվում կանանց մարմնին»:
Դե իսկ դիզայներները հավելում են՝
«Պարզություն, հարմարավետություն և մարմնի ձևին հարմարեցվածություն. Սա էր կարևորը: Բայց մենք նաև ցանկանում էինք ավելացնել ինչ-որ բան, որ ավելի գրավիչ ու սեքսուալ կդարձներ կերպարը»։
Նման մարքեթինգային մոտեցումը շատերի մոտ տրամաբանական տարակուսանք առաջացրեց, քանի որ տիեզերական թռիչքները ավանդաբար ասոցացվում են անվտանգության և ֆունկցիոնալության հետ, այլ ոչ՝ «սեքսուալության»:
Բայց պարզվեց՝ ամեն ինչ դեռ առջևում էր։ Ամենատպավորիչ պահերը սպասվում էին կանանց վերադարձից հետո։ 11 րոպե անց Երկիր վերադարձած Քեյթի Փերին նախ համբուրեց հողը, հետո ասաց, որ տիեզերական այս ուղևորության մասին հաստատ մի երգ գրելու է։ Բայց այս էմոցիաների ֆոնին կարելի է ենթադրել, որ մի երգով չի սահմանափակվի ու մի ամբողջ ալբոմ կարելի է սպասել։
«Չեմ կարող համեմատել այս զգացմունքները որևէ այլ բանի հետ: Գրելո՞ւ եմ երգ այս մասին: Բնականաբար: Հարյուր տոկոս»:
Բեզոսի հարսնացու Լորեն Սանչեսը թռիչքից անմիջապես հետո գրկել է փեսացուին, իսկ հետո կիսվել էմոցիաներով՝
«Ես այնքան հպարտ եմ այս թիմով։ Չեմ կարող արտահայտել բառերով։ Տիեզերքից Երկիրը «հանգիստ» է երևում։ Այն հանգիստ էր, բայց շատ կենդանի»:
Քերիան Ֆլինն էլ հիշել է, որ երբ որդին պատմել է ընկերներին, որ մայրը պատրաստվում է թռչել տիեզերք, տղաներն ասել են՝
Պրոդյուսերը թռիչքից հետո հպարտորեն հայտարարել է՝
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԵՄԵՐԸ
Այս մտահաղացումը խիստ քննադատության էր ենթարկվել նույնիսկ նախքան թռիչքը, բայց կրքերը թեժացան առաջին կադրերը տեսնելուն պես։ Հանրության տարբեր վրդովված շերտերին միացան նաև հանրային դեպքեր ու աստղեր։ Մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին օրինակ, իր TikTok-ի էջում կիսվեց տեսանյութով, որտեղ քննադատում էր Blue Origin-ը և այն կանանց, որոնք մասնակցում էին 11-րոպեանոց ճամփորդությանը:
«Այս առաքելությունն այսօր առավոտյան... Սա աշխարհի վերջն է, գրողը տանի: Այսպե՞ս եք հոգ տանում Երկրի մասին՝ մեկնում տիեզերանավով, որը կառուցվել և վճարվել է այն ընկերության կողմից, որը ոչնչացնում է Երկիր մոլորակը»։
Դերասանուհի Էմի Շումերը ևս ծաղրել է թռիչքը՝ տեղադրելով սարկաստիկ տեսանյութ, որտեղ հայտարարում է, թե վերջին պահին առաքելությանը միանալու հրավեր է ստացել։
«Վերջին պահին ինձ էլ ավելացրին ցանկում և ես գնում եմ տիեզերք։ Ինձ հետ վերցնում եմ այս խաղալիքը։ Այն ինձ համար ոչ մի կարևորություն չունի, ուղղակի պայուսակիս մեջ էր, երբ ստացա հրավերը։»
Համացանցում օգտատերերն անգամ ցանկեր են կազմում այն ամենի, ինչն ավելի երկար է տևում, քան այս 11 րոպեանոց թռիչքն էր։ «11 բան, որոնք ավելի երկար են տևում, քան Քեթի Փերիի տիեզերական թռիչքը» ցանկում երգչուհու Super Bowl Halftime Show-ի ելույթն է, Թեյլոր Սվիֆթի «All Too Well» կարճ ֆիլմը, ռեստորանում պատվերին սպասելը, բարկացած մայրերի խրատները և ավելին։ Չի բացառվում, որ այս հոդվածն էլ ավելի երկար կարդաք, քան այդ թռիչքն էր։
Կատակը կատակով, բայց կառուցողական ու մտահոգիչ քննադատությունների պակաս էլ չեղավ։ The Guardian պարբերականն օրինակ հրապարակեց ծանր քննադատությամբ հոդված՝ վերնագրված այսպես՝ «Blue Origin-ի թռիչքը ցույց տվեց ամերիկյան ֆեմինիզմի բացարձակ պարտությունը»:
«Թռիչքը, որը մի քանի ամիս շարունակ գովազդվում էր որպես ֆեմինիզմի հաղթանակ, գիտության հաջողություն, դարձավ ամերիկյան ֆեմինիզմի գերեզմանը, այն Ամերիկայի, որը հնարավոր էր դարձրել գիտական առաջընթացը և ֆեմինիստական հեղափոխությունը»:
Թռիչքի մասնակիցները քննադատության այս ալիքից զարմացած են ու նեղսրտած։ Գեյլ Քինգը հարցազրույցներից մեկում ասել է, որ հնչող քննադատությունն իրեն վիրավորում է։
«Քննադատողները պետք է նախ իրենք գնան տիեզերք, իսկ հետո միայն գնահատականներ հնչեցնեն այս թռիչքի մասին»։
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԸ
Ի վերջո, այս թռիչքը կարելի է դիտարկել ոչ թե որպես սոցիալական երևույթ, այլև որպես կոմերցիոն նախաձեռնություն՝ մասնավոր տիեզերական մրցավազքի համատեքստում: Blue Origin-ի թռիչքը տեղի ունեցավ Իլոն Մասկի SpaceX-ի հետ մրցակցության և շուկայի բաժանման պայքարի ֆոնին:
Տիեզերական զբոսաշրջության ոլորտում մրցակցությունն առաջիկա տարիներին խոստանում է շատ ավելի թեժ լինել։ Բեզոսի հիմնական մրցակիցն այստեղ Virgin Galactic ընկերությունն է, որն առաջարկում է նմանատիպ թռիչքներ: SpaceX-ը՝ իր հերթին, շատ ավելի առաջ է գնում, քան իր մրցակիցները: Երբ Blue Origin-ն այս տարվա սկզբին կարողացավ արձակել New Glenn խոշոր հրթիռը, SpaceX-ի Falcon 9 հրթիռները արդեն կատարել էին 469 թռիչք, մինչդեռ Blue Origin-ն իրականացրել է ընդամենը 31 հաջող թռիչք:
Ենթադրաբար, Blue Origin-ի նմանատիպ մարքեթինգային քայլերը նպատակաուղղված են կրճատելու այս անդունդը և գրավելու ինչպես սպառողների, այնպես էլ ներդրողների ուշադրությունը:
Հետաքրքիր է, թե ինչ կմտածեր Տերեշկովան, եթե իմանար, որ տիեզերք թռնող կանանց այժմ հատկապես հետաքրքրում է, թե արդյոք իրենց արհեստական թարթիչները կպահպանվեն անկշռության մեջ։ Ամեն դեպքում՝ մենք հավանաբար կշարունակենք ականատես լինել, թե ինչպես են միլիարդատերերն օգտագործում սոցիալական շարժումները՝ իրենց բիզնես մոդելները զարգացնելու համար: Իսկ այս դեպքում տիեզերքն ընդամենը նոր շուկա է միլիարդատերերի համար, ֆեմինիզմն ու կանանց առաջնորդության սիմուլյացիան էլ՝ նրանց մարքեթինգային ռազմավարությունների մի մասը: