Կարդալիքներ PAN-ից
June 9

Գիրք չեն կրծում. 10 էկրանավորում, որոնք հակառակվեցին տեքստին ու դարձան գլուխգործոց

Երբ սիրելի գրքի հիման վրա նկարված ֆիլմն այնպիսին չի, ինչպիսին սպասում ես, դա կարող է հիասթափեցնել։ Սակայն երբեմն օրիգինալից խիզախորեն հեռանալը ճանապարհ է բացում արվեստի գործ ստեղծելու համար։ Նման ֆիլմերը զգալիորեն տարբերվում են իրենց գրական սկզբնաղբյուրներից տոնայնությամբ, սյուժեով, իմաստով, սակայն, դրա հետ մեկտեղ դառնում են ինքնուրույն ազդեցիկ ստեղծագործություններ։ Դրանք ոչ թե ուղղակի ադապտացիաներ են, այլ տեքստի վերածում լրիվ նոր գեղարվեստական լեզվի. վիզուալ, ռիթմիկ, ձայնային։ Այստեղ գիրքն ու ֆիլմը երկու զուգահեռ աշխարհներ են, որոնցում մեկը ոգեշնչել է մյուսին։

PAN-ը 10 ֆիլմի օրինակով պատմում է` ինչպես կարող է ադապտացիան ոչ թե ծառայել տեքստին, այլ մտնել դրա հետ սուր ու բարդ երկխոսության մեջ։

1. «Փայլատակում» (The Shining) - Սթիվեն Քինգ/Սթենլի Կուբրիկ

Գիրքը

1977թ-ի գիրքը գերբնականի էլեմենտներով հոգեբանական հորրոր է։ Սթիվեն Քինգը ստեղծել է մարդու ներքին քայքայման մթնոլորտ, որում ուրվականներով հյուրանոցը ոչ թե դեկորացիա է, այլ հոգեբանական խեղման մետաֆոր։ Հերոսները կենդանի ու խոցելի մարդիկ են, հատկապես` գլխավոր հերոս Ջեք Թորանսը, ով փորձում է հաղթահարել ալկոհոլային կախվածությունը ու փրկել ընտանիքը։ «Փայլատակումը» վեպ է սերնդե սերունդ փոխանցվող չարիքի ժառանգության մասին, խիստ անձնական Քինգի համար, ով նույն այդ ժամանակ պայքարում էր նույնպիսի կախվածության դեմ։

Ֆիլմը

Կուբրիկը 1980-ին վերաիմաստավորեց վեպը` վերածելով այն ֆորմալիստական մղձավանջի։ Ներքին պայքարի փոխարեն այստեղ խելահեղության սառը, մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկված մեխանիկա է։ Ջեք Նիկոլսոնից հենց ֆիլմի սկզբից վտանգ է ճառագում, այնպես որ նրա` հրեշի վերածվելը բացարձակ չի զարմացնում։ Ի տարբերություն Քինգի, Կուբրիկն ամեն ինչ անում է հանդիսատեսի ու Թորենսի միջև կապի ստեղծումը բացառելու համար` դիտումը վերածելով տագնապալի փորձառության։ Ֆիլմը գլուխգործոց է, որը լուսատարիներով հեռու է գրքից իր տոնայնությամբ ու բարոյական ասելիքով։ Ինքը` Քինգը, չընդունեց այս ինտերպրետացիան։

2. «Սոլյարիս» (Solaris/Солярис) - Ստանիսլավ Լեմ/Անդրեյ Տարկովսկի

Գիրքը

1961-ին հրատարակված գիտաֆանտաստիկ-փիլիսոփայական այս գրքում Սոլյարիսը գիտակցություն ունեցող օվկիանոսատիպ արարած է, որը ծածկում է մի ամբողջ մոլորակի մակերևույթն ու կարող է մարդկանց հիշողություններից նյութական ֆանտոմներ ստեղծել։ Լեմն օգտագործում է գիտական ֆանտաստիկան` մարդկային իմացության սահմանների, իրական կոնտակտի անհնարինության ու օտարի վրա ինքներս մեզ պրոեկտելու մարդկային հակման  մասին մտորելու համար։

Ֆիլմը

1972-ի ֆիլմում Տարկովսկին Լեմի տեքստը վերածում է էքզիստենցիալ դրամայի, որի կենտրոնում մեղքի զգացումն է, ցավալի հիշողություններն ու կարոտը։ Գիտական մասը իր տեղը զիջում է հոգեբանականին։ Օտարի հետ կոնտակտը մետաֆոր է հեռացածների հետ զրույցի, հոգեբանական տրավմաների բուժման համար։ Տարկովսկին ստեղծել է մեդիտատիվ կինո ոչ թե տիեզերքի, այլ մարդու մասին։

3. «Պիկնիկ ճամփեզրին»/«Ստալկեր» (Пикник на обочине/Сталкер) - (Ստրուգացկի եղբայրներ/Անդրեյ Տարկովսկի)

Գիրքը

1972-ի գիրքը սուր, դինամիկ գիտական ֆանտաստիկա է տարածքի մասին, որտեղ գործում են անհայտ ուժեր։ Գլխավոր հերոսը ստալկեր է, ով խախտում է բոլոր կանոնները` հանուն շահույթի։ Սա հասարակության ու քաղաքակրթության ախտերի սրամիտ ու խիստ տաղանդավոր քննադատություն է։

Ֆիլմը

Տարկովսկին 1979-ի ֆիլմում ամբողջությամբ վերաիմաստավորել է վեպը։ Հեռացրել է ֆանտաստիկան, որպես ժանր, իսկ Զոնան վերածել փիլիսոփայական մետաֆորի։ Դինամիկայի փոխարեն` երկխոսություններ, երկար պլաններ, լռություն ու ցեխ։ Երեք հերոս շարժվում են դեպի անհայտը, սակայն կարևորն այստեղ ոչ թե դա է, այլ նրանց ներքին ապրումները` կասկածներն ու հավատը։ Զոնան, ըստ Տարկովսկու, հոգու հայելին է։ Սա հիպնոտիկ, մեդիտատիվ, երազային ֆիլմ է։

4. «Արդյո՞ք անդրոիդները երազում են էլեկտրական ոչխարների մասին»/«Շեղբի վրայով վազողը» (Do Androids Dream of Electric Sheep?/Blade Runner) - Ֆիլիպ Կ. Դիք/Ռիդլի Սքոթ

Գիրքը

Ֆանտաստիկ նուար` միջուկային աղետին հաջորդած աշխարհի մասին։ Ռիկ Դեկարդը անդրոիդներ որսացող է, ով պատմության ընթացքում ահռելի մետամորֆոզների կենթարկվի։ 1968-ի գիրքը ինքնության, գիտակցության, մարդկայնության մասին է։ Ֆիլիպ Դիքը փիլիսոփա էր ու պարանոիկ, ով սիրում էր ուղիղ հարցեր տալ. իսկ ո՞վ/ի՞նչ ես դու։

Ֆիլմը

1982-ի ֆիլմում Սքոթը վերցնում է առանցքային սյուժեն ու կառուցում հիասքանչ վիզուալ էսթետիկայով տպավորիչ կիբերպանկ։ Երկնաքերերի, անձրևի, նեոնի ու փոշու աշխարհ։ Սյուժեն պարզեցված է, սակայն փիլիսոփայության փոխարեն վիզուալ մտորումներ են կյանքի ու մահվան մասին։

5. «Խավարի սիրտը»/«Ապոկալիպսիսն այսօր» (Heart of Darkness/Apocalypse Now) - Ջոզեֆ Կոնրադ/Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա

Գիրքը

Ջոզեֆ Կոնրադը 1902-ի իր լեգենդար երկում նկարագրում է Կոնգո իրականացված արշավը, որի ընթացքում եվրոպացի հերոսը բախվում է նախնադարյան սարսափի ու գաղութայնացման դաժանության հետ։ «Խավարի սիրտը» պատմություն է բարոյականության դեգրադացման, քաղաքակրթության երկերեսանիության ու խելահեղության հետ անձնական հանդիպման մասին։

Ֆիլմը

1979-ի ֆիլմում Կոպպոլան իրադարձությունները տեղափոխում է Վիետնամ։ Գետով ուղին ճանապարհ է պատերազմի, դաժանության, քաոսի միջով։ Գնդապետ Ուոլթեր Կուրցը ոչ թե ուղղակի սպա է, այլ ջունգլիների կիսաստված։ «Ապոկալիպսիսն այսօրը» ուժեղացնում է անձնական խելահեղությունը, պատերազմը վերածում թմրանյութի։ Կոպպոլայի ֆիլմը պատերազմի, որպես հակամշակույթի մետաֆոր է։ Հանճարեղ ադապտացիա, որը ոչ թե կրկնում, այլ զարգացնում է Կոնրադին։

6. «Բնածին արատ» (Inherent Vice) - Թոմաս Փինչոն/Փոլ Թոմաս Անդերսոն

Գիրքը

Փինչոնը պոստմոդեռնիստ է։ Իր վեպը` պսիխոդելիկ նուար է 70-ականների Լոս Անջելեսում գործող հիփփի մասնավոր խուզարկուի մասին։ 2009-ին լույս տեսած գրքի աշխարհը քաոտիկ է, կերպարները` տարօրինակ, ֆաբուլան` մշուշոտ։ Փինչոնը ծիծաղում է, փիլիսոփայում ու խճճում ընթերցողին։ Սա հակակրիմինալ է, քաղաքական երգիծանք ու ոդիսական դեպի անգիտակցական։

Ֆիլմը

Անդերսոնը 2014-ի ֆիլմում պահպանում է առավելագույն հավատարմությունն օրիգինալին, սակայն ստանում լրիվ այլ պատմություն։ Հրաշալի Խոակին Ֆենիքսը, զառանցանքի ու աբսուրդի սահմանին լողացող մթնոլորտը մի կողմից բարդացնում են դիտումը, մյուս կողմից` պարգևում ունիկալ կինոփորձ. սա հազվագյուտ օրինակ է, երբ ռեժիսորը չի փորձում «սանրել» գրքի հեղինակին, ազատ լողում է Փինչոնի խելահեղության գետով, բայց հասնում է միանգամայն այլ ափի։

7.  «Լարովի նարինջ» (A Clockwork Orange) - Էնթոնի Բյորջես/Սթենլի Կուբրիկ

Գիրքը

1962-ին հրատարակված գիրքը բացառիկ լեզվով գրված հակաուտոպիա է։ Գլխավոր հերոսը` Ալեքսը, բռնարար դեռահաս է մի աշխարհում, որտեղ բացակայում է բարոյականությունը։ Պետության անցկացրած գիտափորձերից հետո նա «բուժվում է» բռնությունից, սակայն կորցնում ազատ կամքը։ Բյորջեսը փիլիսոփայական հարց է բարձրացնում. ավելի լավ է լինել ազատ կամքով չա՞ր, թե՞ կամազուրկ բարի։

Ֆիլմը

Կուբրիկը գիրքը էկրանավորել է կոշտ վիզուալ ստրուկտուրայով։ Բռնության էսթետիզացում, սառը ոճավորում, երաժշտություն. 1971-ի ֆիլմը մի կողմից ձգում է, մյուս կողմից` ցնցում։ Սակայն Կուբրիկը հրաժարվում է գրքի ֆինալից, որում Ալեքսը, հասունանալով, ինքն է հրաժարվում չարից։ Արդյունքում ունենք ավելի մռայլ, սակայն պակաս փիլիսոփայական եզրափակում։

8. «Դժվար է աստված լինել» (Трудно быть богом) - Ստրուգացկի եղբայրներ/Ալեքսեյ Գերման

Գիրքը

1964թ-ին հրատարակված գրքում Արկանար մոլորակը միջնադարի վիճակում է։ Երկրից ժամանած դիտորդը` Ռումատան, իրավունք չունի միջամտել։ Սակայն նա մարդասեր է ու տանջվում է մարդկանց փրկելու անկարողությունից։ Գիրքը առակ է առաջընթացի, մարդասիրության ու պատասխանատվության մասին։

Ֆիլմը

2013-ին Ալեքսեյ Գերմանը նկարել է դաժան, կեղտոտ ու վիզուալ անընթեռնելի կինո։ Տեսախցիկը անդադար թափառում է, դեմքերն ու մարմինները` ձուլվում մեկ միասնական կույտում։ Չկա հստակ ֆաբուլա։ Սակայն զգացումներն այնպիսին են, կարծես ընկել ես պատմության ամենախավար հատվածները։ Գերմանը սպանում է հումանիզմի պատրանքը։ Սա ոչ թե էկրանավորում է, այլ շոկային թերապիա։

9. «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odyssey) - Արթուր Քլարկ/Սթենլի Կուբրիկ

Գիրքը

Կուբրիկի ֆիլմը հիմնված է Քլարկի մի քանի պատմվածքների վրա։ Քլարկը գիտական օպտիմիստ էր։ Ֆիլմի համար հիմք դարձած պատմվածքները միասին ձևավորում են մարդկության զարգացման, բարձր արարածների միջամտության ու գիտակցության էվոլյուցիայի մասին էպոս, որը, ի տարբերություն ֆիլմի, շատ ավելի կոնկրետ է ու բացատրված։

Ֆիլմը

1968-ին Կուբրիկը ստեղծել է ֆիլմ-հանելուկ։ Վիզուալ ուղերձ, որում երաժշտությունը, երկրաչափությունն ու ռիթմը բառերից կարևոր են։ HAL 9000-ը, կապիկները, օբելիսկը, աստեղային երեխան` սա ապագայի գրեթե կրոնական տեսլական է։ Պատմվածքներն ու գրքի սցենարը զուգահեռ են գրվել, սակայն Կուբրիկը շարժվում է միստիկայի, Քլարկը` գիտության ճանապարհով։ Միևնույն գաղափարի երկու տարբերակները։

10. «Մեծն Գեթսբին» (The Great Gatsby) - Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ/Բազ Լուրման

Գիրքը

1925թ-ի վեպը երազանքի, սիրո ու պատրանքների մասին է։ Նախորդ դարի 20-ականների Միացյալ Նահանգներ, նրբաճաշակ ոճ ու փայլ։ Գեթսբին ողբերգական կերպար է, ով փորձում է վերադարձնել անցյալը։ Վեպը կարճ է, զուսպ, թաթախված մելանխոլիայով։

Ֆիլմը

Լուրմանը ստեղծել է վառ, գլամուրային, աղմկոտ ֆիլմ։ 2013-ի էկրանավորման մեջ Գեթսբիի էությունն առկա է, սակայն տոնայնությունը` լրիվ այլ։ Թախիծի փոխարեն` վառ ներկայացումներ։ Ֆիլմը սրանով չի փոխարինում գիրքը, բայց ավելի հասանելի է դարձնում այն նոր հանդիսատեսի համար։


🎬 Արման Գասպարյան / PAN