Կարդալիքներ PAN-ից
Today

Արշիլ Գորկին, ոգեշնչված հայ արվեստագետն ու 5 տարեկան երեխան. Բացառիկ հարցազրույց ցուցահանդեսի համադրողի հետ

Կարմիր արև, թիրախ, կապույտ երկնքի կամ լճի կտոր, ծիրաններ, օրորոց, գուցե երեխայի դեմք: Ի՞նչ է պատկերել Արշիլ Գորկին իր «Անվերնագիր» գծանկարում։ Հարցն, իհարկե, հռետորական է ու այս համատեքստում գուցե երկրորդական կարևորության։ Գորկու այս ստեղծագործությունը վերջապես Հայաստանում է։ Հայաստանի ազգային պատկերասրահի «Արշիլ Գորկի․ Նյու Յորք - Երևան․ Նոր ձեռքբերում» բացառիկ ցուցահանդեսը դիտելու հնարավորությունը բաց թողնել պետք չէ։ Իսկ մենք որոշել ենք զրուցել Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, այս ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի հետ։ Վստահեցնում ենք, որ հետաքրքիր բացահայտումներ կան թե՛ այն արվեստասերների համար, որոնք արդեն իսկ հասցրել են դիտել ցուցահանդեսը, և թե՛ բոլոր նրանց համար, որոնք միայն կարդալուց հետո կորոշեն լրացնել բացը։

Ամեն ինչ սկսվեց, երբ Հայաստանի կառավարությունը պահուստային միջոցներ հատկացրեց Մշակույթի զարգացման հիմնադրամին գծանկարը ձեռք բերելու և Ազգային պատկերասրահին փոխանցելու համար։ Այժմ սա Գորկու առաջին և դեռևս միակ վերացական աշխատանքն է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի թանգարաններում:

Վիգեն Գալստյանի դիտարկմամբ Հայաստանի թանգարաններում և հատկապես Ազգային Պատկերասրահում Արշիլ Գորկու ստեղծագործությունների բացակայությունը մշտապես լուրջ բաց է համարվել, քանի որ Գորկուն անկասկած կարելի է համարել սփյուռքահայ վիզուալ արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչը և ընդհանրապես 20րդ դարի մոդեռնիստական արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը։ Գորկու որևէ աշխատանք ձեռք բերելու տարատեսակ փորձեր եղել են, բայց նման առարկայական հնարավորություն ընձեռնվել է միայն հիմա։

Լուսանկարները՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի

Հաջորդ քայլով պետք էր որոշել, թե Գորկու ո՞ր աշխատանքն է ձեռք բերվելու։ Ցուցահանդեսի պաշտոնական նկարագրության մեջ կարդում ենք, որ «Անվերնագիր» ստեղծագործությունը  Գորկու կուբիստական ներշնչումից դեպի իր հասուն և ինքնատիպ ոճին անցման փայլուն օրինակ է։ Մոտիվների և ձևերի նմանությունը այս գործի և Գորկու ավելի հայտնի «Սոչիի այգի» (1938-42) և «Խորգոմ» (1936-42) շարքերի միջև թույլ է տալիս գծանկարը թվագրել 1940-ականների առաջին կեսով.

«Վերացական, սակայն խորհրդանշական տարրերից կազմված այս վառ աշխատանքը հիշողության և զգացողության յուրատեսակ բնապատկեր է՝ արտացոլելով նկարչի կորուսյալ հովվերգական մանկության կարոտը և նրա խոր հոգեբանական ապրումները։ Համարձակ, ժեստային նկարչական լեզուն, ինչպես նաև գծի ու գույնի միտումնավոր տարանջատումը, արդեն իսկ նախանշում են այն ոճական նորարարությունները, որոնք հետագայում ձևավորեցին աբստրակտ էքսպրեսիոնիզմի ծնունդը:»

Միջազգային աճուրդներում Գորկու ստեղծագործությունները պարբերաբար են հայտնվում և հաճախ խոսքը շատ բարձր արժեքների մասին է, հետևաբար, ըստ Վիգեն Գալստյանի, պետք էր հաշվի առնել նաև այս օբյեկտիվ հանգամանքները.

«Մեզ համար պարզ էր, որ համեմատաբար ավելի համեստ գործ պետք է ձեռք բերենք, բայց քանի որ պատկերասրահում արդեն կար մեկ աշխատանք, որը 1977-ին նվիրաբերել է նկարչի քույրը՝ Վարդուշ Ադոյանը, մեզ համար կարևոր էր ձեռք բերել այնպիսի գործ, որը հնարավորինս ներկայացուցչական կլինի Գորկու հասուն շրջանի ստեղծագործության համար։»

Եվ ահա, հաջորդ փուլով պետք էր հստակեցնել այս նշանակալի ձեռքբերումը ներկայացնելու ձևաչափը։ Ցուցահանդեսի համադրողն ի սկզբանե բազառել է զուտ մեկ գործ ներկայացնելու ու դրանով սահմանափակվելու տարբերակը։ Պետք էր ներկայացնել այն բոլոր կողմերը, որին այս աշխատանքն ու առհասարակ Գորկու ստեղծագործությունն առնչվում է։ Պետք էր նաև փորձել ներկայացնել, թե զուտ արվեստաբանական և գիտական տեսանկյունից Պատկերասրահն ինչո՞ւ է ձեռք բերել այս գծանկարը, ինչպե՞ս է այն առնչվում Պատկերասրահի հավաքածուներին և հայ արվեստի պատմությանն ընդհանրապես.

Լուսանկարները՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի

«Սա խթան դարձավ, որպեսզի անդրադառնանք այդ ավելի ծավալուն խնդրին։ Ներկայացնենք, թե ինչպես ենք վերաբերվում Գորկուն որպես ոչ միայն զուտ հայազգի արվեստագետի, այլև որպես արվեստագետի, որն այս կամ այն կերպով փոխկապակցված է արդի ժամանակաշրջանի հայ արվեստի պատմության հետ։ Սա շատ հետաքրքիր մարտահրավեր էր, պետք էր իսկապես շոշափելի ձևով ցույց տալ, թե ինչպես էր Գորկին միահյուսվում «հայ արվեստ» եզրույթի հետ»։

Ահա այս կերպ էլ նշմարվեց ցուցահանդեսի հիմնական գաղափարը։ Համադրողը սկսեց դիտարկել այն արվեստագետներին, որոնք աշխատել են Խորհրդային Հայաստանում, անկախության շրջանի Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում։ Նրանք կա՛մ անմիջական կապեր են ունեցել Գորկու հետ, կա՛մ էլ խորապես ազդվել և հղկվել են նրա արվեստի ազդեցությամբ։ Առհասարակ, Գորկու արվեստը Խորհրդային Հայաստան հասավ 1960-ականներին, երբ ավանգարդ արվեստագետների նոր սերունդը նրա ստեղծագործություններում բացահայտեց մի յուրօրինակ կամուրջ հայկական մշակութային ավանդույթների և ամերիկյան մոդեռնիզմի միջև։

Լուսանկարները՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի

Եվ այս ցուցահանդեսը հետևում է հենց այդ ընթացքին։ Նոր ձեռք բերված գծանկարի կողքին ցուցադրված են Վիգեն Թադևոսյանի, Ռուբեն Ադալյանի, Բագրատ Գրիգորյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Սեյրան Խաթլամաջյանի և այլոց աշխատանքները։ Վիգեն Գալստյանի բնորոշմամբ հենց այդ հետազոտական փուլում էլ նկատեցին, որ իրականում Գորկու ազդեցությունը ոչ թե պատահական է, այլ իրապես խորն ու արմատական բնույթ է կրում.

«1950-ականների վերջից ի վեր խորհրդահայ արվեստագետների կողմից Գորկու բացահայտումը պատուհան էր դեպի արևմտյան ժամանակակից արվեստ։ Շատերի համար այդ արվեստը ծառայում էր որպես մոդել ու օրինակ, թե ինչպես կարելի է ստեղծագործել այդ ձևաչափերով։ Բայց սրա հետ մեկտեղ այդ արվեստագետները նաև խոսում էին՝ ելնելով հստակ մշակութային ինքնության դիրքերից։ Կարծում եմ, որ ցուցահանդեսում փոխկապակցվածության այդ միտումն ակնհայտ է, թեկուզ արդեն որպես արվեստագետի մահից հետո իրականություն դարձած գործընթաց։

Գորկու կապը հայ արվեստի հետ ավելի շատ հետմահու է։ Որոշ արվեստագետների բախտ էր վիճակվում ականատես լինել բնօրինակներին, օրինակ Եվրոպայում տեղի ունեցած ցուցահանդեսների ժամանակ, հետո գալիս էին, պատմում իրենց կոլեգաներին, քննարկում ու վիճում էին և այդ ամենից բխած գաղափարներն արդեն մտնում էին ստեղծագործական դաշտ, փոխակերպվում ու նոր արտահայտումներ ստանում»։

Լուսանկարները՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի

Համադրողի դիտարկմամբ շատ քիչ են այն հայ արվեստագետները, որոնք նշանակալի հետք են թողել թե՛ Խորհրդային Հայաստանում գործող արվեստի դաշտի, և թե՛ սփյուռքում գործող արվեստագետների վրա։ Գորկին այդ եզակի արվեստագետներից էր։ Կարելի է պնդել, որ նրա շուրջ մի միասնական աստղաբույլ է ձևավորվել և մինչև օրս էլ նրա ազդեցությունը շարունակում է իր ներգործությունն ունենալ։

Լուսանկարները՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի

Բայց, ի վերջո, Գորկին հա՞յ արվեստագետ է, թե՞ հայկական արմատներով միջազգային արվեստագետ։ Հարցին պատասխանելու համար նրա կյանքի ու ստեղծագործական ճանապարհի մի քանի շերտ է պետք ուսումնասիրել։ Անշուշտ, Գորկին արվեստագետ էր, որն իր եզակի ոճն է ստեղծել։ Այն անմիջապես ճանաչելի է նույնիսկ այն հսկայական տիրույթում, որն անվանում ենք 20-րդ դարի վերացական արվեստ։ Բայց, Վիգեն Գալստյանի կարծիքով, Գորկին զուտ էսթետ չէր։ Նա այն արվեստագետն է, որ խոսում էր ծայրահեղ անձնական փորձառություններից ելնելով։ Այսինքն, նրա արվեստը տարանջատված չէր իր կենսագրությունից, այն շատ հստակ կապված էր իր փորձառությունների հետ։ Գորկին ձգտում էր հեռանալ փախստական հայի ինքնությունից և վերակերտում էր իրեն որպես եվրոպացի «կոսմոպոլիտ» արվեստագետ, բայց Վիգեն Գալստյանը սա բնորոշում է որպես ցավն ու ողբերգությունը վերապրելու միջոց.

«Գորկու մոտ կարծես մի բանաձև էր գործում՝ հեռացնել քեզ քո իսկ տրավմայից, որպեսզի կարողանաս առաջ գնալ։ Տրավման շատ խորն էր։ Նա տարհանվել է իրեն սնուցող միջավայրից, տեսնել է ընտանիքի անդամների սպանությունը։ Հետևաբար փորձում էր տարանջատվել այդ փորձառությունից։ Ու որքան էլ առաջին հայացքից հակասական թվա՝ ինձ համար սա հայկականության դրսևորում է՝ ամենածայրահեղ ու ցայտուն ձևով»։

Լուսանկարները՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի

Բայց այդ կարոտն ու հիշողությունն ի վերջո տեղ են գտել արվեստագետի ստեղծագործական որոնումներում։ 30-ականների վերջին Գորկու մոտ որոշակի առումով ստեղծագործական ճգնաժամ էր։ Նա փորձում էր յուրացնել եվրոպական մոդեռնիզմի հայտնի արվեստագետների լեզվամտածողությունը։ Փորձում էր այդ հսկայական արվեստային շերտը դարձնել իրենը, որպեսզի ստեղծի իր սեփական լեզուն, բայց հաճախ բախվում էր փակուղու, որովհետև տպավորություն էր, որ իր ստեղծածը կա՛մ ածանցյալ է դառնում, կա՛մ էլ նմանակման նման մի բան։ Վիգեն Գալստյանի խոսքով միայն այն պահին, երբ արվեստագետն իրեն թույլ է տալիս թեմատիկ առումով անդրադառնալ իր սեփական փորձառությանը, պատկերը տրամագծորեն փոխվում է.

«Նա վերադառնում է իր երջանիկ ու սնուցող սկզբին, իր ծննդավայրին, որը Գորկու համար դրախտավայրի նման մի բան էր։ Բայց և վերադառնում է ցավոտ ու ողբերգական կորստին։ Եվ այդ ծայրահեղությունների մեջ խմորվում է այն իրական ու ճշմարիտ արվեստը, որով նա հայտնի է դառնում, որի միջոցով դուռ է բացում դեպի լիովին նոր պատկերային լեզվամտածողություն։ Եվ դա նկատում ու գնահատում են բոլորը՝ արվեստագետները, արվեստասերներն ու քննադատները։ Բայց նույնիսկ սա նրան հայ արվեստագետ չի դարձնում։ Գորկին փախստական արվեստագետ էր, որը հնարավորություն էր ստացել կայանալ Միացյալ Նահանգների մշակութային ազատականության պայմաններում ու թեկուզ միայն սա նրան շատ ամերիկյան արվեստագետ է դարձնում։ Ամերիկյան 20-րդ դարի արվեստը հենց փախստականների արվեստ էր։

Լուսանկարները՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի

Վերադառնալով «Անվերնագիր» գծանկարին ու դրա շուրջ արդեն իսկ հնչող տարատեսակ մեկնաբանություններին, ցուցադրության համադրողը մի կարևոր նկատառում է անում։ Վերացական գործերը հանելուկի պես լուծելու կարիք չկա։ Թույլ տվեք ձեզ ոչ թե հասկանալ, այլ զգայական մակարդակում ըմբռնել, թե ի՞նչ է արել արվեստագետն ու ի՞նչ ուղերձ է փորձել փոխանցել։ Եթե ավելի անկեղծ խոսենք, ապա «իմ 5 տարեկան տղան էլ կարող էր այսպես նկարել» մեկնաբանություն գրողների համար ևս Վիգեն Գալստյանն անակնկալ ունի։ Հինգ տարեկան երեխայի նման նկարելը չափազանց բարդ է.

«Այո, ինչ֊որ առումով այստեղ Գորկին փորձում է նկարել որպես հինգ տարեկան երեխա։ Այսինքն ինքը փորձում է այս կարգի նկարչության միջոցով վերագտնել ժամանակակից աշխարհը նորովի ու անմեղ աչքերով տեսնելու երջանկությունը։ Իր արվեստում ու հատկապես այս գործում հենց դա է փորձում անել։ Բոլոր մեծ արվեստագետներն էլ փորձում են ձգտել այդ ճշմարտությանը։ Երեխան չի ստում, հատկապես ստեղծագործելու ժամանակ։ Ուստի այն, որ այս աշխատանքում այդ ակնբախ կողմն առկա է, ոչ թե թույլ կողմն է աշխատանքի, այլ ընդհակառակը՝ ամենատպավորիչը։ Չափազանց բարդ է վայրկյանական ազատվել քո բոլոր փորձառություններից ու սկսել տեսնել և նկարել որպես երեխա։ Սա շատ բարդ խնդիր է»։

Գորկու այլ աշխատանքներ ևս ձեռք բերելու մտադրություն կա։ Հայաստանում նրա ստեղծագործությունների հավաքածուն պետք է ընդլայնել, բայց մի բան հստակ է՝ անգամ եթե հնարավորություն լիներ, նրա կամ որևէ այլ արվեստագետի բոլոր աշխատանքները Հայաստան բերելու կարիք չկա։ Կարևոր է, որ այդ գործերը մտնեն շրջանառության մեջ, նոր հարաբերությունների մեջ, անընդհատ պտտվող ու ապրող համակարգի մաս դառնան։ Վիգեն Գալստյանը հույս ունի, որ հաջորդիվ հայ արվեստասերը Պատկերասրահում Գորկու գեղանկարչական կտավ կտեսնի, իսկ մինչև այդ հասցրեք վայելել այս բացառիկ ցուցահանդեսը։ Ու, ի դեպ, չմոռանաք վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիայով եռաչափ հարթության մեջ ծանոթանալ նաև Գորկու արվեստի զարգացման փուլերին։


✍️ Նանե Մանուկյան / PAN