Կարդալիքներ PAN-ից
September 17

Կարավաջո, Պիկասո, Վան Գոգ. Մեծ վարպետների միլիոններ արժեցող կտավները՝ աղբամանից մինչև աճուրդ

Եթե մի օր ձեր տան ձեղնահարկը մաքրելիս հանկարծ ինչ-որ փոշոտված կտավ հայտնաբերեք, մի շտապեք այն ավելի խորը տեղ պահել, որովհետև չի բացառվում, որ միլիոնավոր դոլարներ արժեցող արվեստի նմուշի հետ գործ ունեք։ Այսպիսի պատմություններ ամեն տարի լսում ենք աշխարհի տարբեր ծայրերից ու դրանք այնքան հաճախ են կրկնվում, որ անգլիական Antiques Roadshow ռեալիթի շոուն արդեն տասնյակ տարիներ այսպիսի դեպքեր է բացահայտում։ Ներկայացնում ենք նման դեպքերի ամենաարտառոց ու աղմկահարույց օրինակները։

ԿԱՐԱՎԱՋՈ

2014 թվականին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում սեփական տուն ունեցող մի մարդ բարձրանում է տան ձեղնահարկ, որպեսզի հասկանա, թե որտեղից է ջուր կաթում։ Փորձելով գտնել խնդիրը, նա հանկարծ հայտնաբերում է մի փոքրիկ, թաքնված սենյակ, որտեղ մի մեծ կտավ էր կախված։ Կտավում հեղինակը պատկերել էր Հին Կտակարանի «Հուդիթ» գրքում ներկայացված հայտնի պատումը։

Տան սեփականատերը որոշում է նկարը հանձնել փորձագետներին։ ու չի սխալվում։ Պարզվում է, որ կտավը իտալացի մեծ վարպետ Կարավաջոյի «Հուդիթ և Հողոփեռնես» ստեղծագործությունն էր, որը կորած էր համարվում ավելի քան 400 տարի։ Կարավաջոն, որ XVII դարի սկզբում բարոկկոյի խոշորագույն վարպետներից մեկը դարձավ, այս թեմային անդրադարձել էր երկու կտավներով։ Առաջին տարբերակը պահվում է Հռոմի թանգարանում, իսկ երկրորդը հենց այն էր, որ հայտնաբերվեց Թուլուզի ձեղնահարկում։

Կտավին շնորհվեց Ֆրանսիայի ազգային նմուշի կարգավիճակ, որն արգելում էր այն դուրս բերել երկրից։ Փորձագետները հաստատեցին, որ կտավը Կարավաջոյի վրձնին է պատկանում, և 2019 թվականին «Հուդիթ և Հողոփեռնեսը» վաճառվեց անհայտ կոլեկցիոների։ Գործարքի գումարը չբացահայտվեց, բայց նախնական գնահատականը տատանվում էր 100-ից 163 միլիոն եվրոյի սահմաններում։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱ, ՈՐ ՄԻԼԻՈՆՆԵՐ ԱՐԺԵՑԱՎ

Ամերիկացի նկարիչ Նորման Ռոքուելը հայտնի էր սովորական մարդկանց առօրյա կյանքի տեսարաններ պատկերելու իր տաղանդով։ Նրա աշխատանքները մեծ ճանաչում են վայելում Միացյալ Նահանգներումում, չորս տասնամյակների ընթացում նա նկարազարդել է The Saturday Evening Post ամսագրի շապիկը։ 1954 թվականին ամսագրի համար նա ստեղծեց «Ընտանեկան կապերը խզելիս» կտավը, որն ընդամենը 900 դոլարով վաճառեց իր ընկերոջը՝ կոմիքսների նկարիչ Դոն Թրախտեին։

Թրախտեն մի քանի անգամ մերժել էր կտավը վերավաճառելու առաջարկները և վերջում այն փոխանցեց Ռոքուելի թանգարանին։ Բայց փորձագետները կասկածեցին նկարի՝ բնօրինակ լինելու մեջ, որովհետև ամսագրի շապիկի հետ տարբերություններ էին գտել։

2005 թվականին, արդեն Թրախտեի մահից հետո, նրա որդիները հոր տանը հայտնաբերեցին կեղծ պատ, որի հետևում թաքցված էր Ռոքուելի բնօրինակ կտավը և ևս յոթ այլ ամերիկացի նկարիչների աշխատանքներ։ Պարզվեց, որ Թրախտեն նկարել էր ճշգրիտ պատճեններ, որպեսզի բնօրինակները չկիսեր նախկին կնոջ հետ, որին ամուսնալուծությունից հետո պետք է տար ընտանեկան հավաքածուի մի մասը։

Բացահայտումից մեկ տարի անց «Ընտանեկան կապերը խզելիս» կտավը, որի անվանումը մի տեսակ խորհրդանշական իմաստ ձեռք բերեց, Sotheby's աճուրդում վաճառվեց 15,4 միլիոն դոլարով։

ՊԻԿԱՍՈՅԻ ԳՈՐԾԵՐԸ՝ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԻ ԱՎՏՈՏՆԱԿԻՑ

2010 թվականին թոշակի անցած էլեկտրատեխնիկ Պիեռ Լե Գեննեկը Պաբլո Պիկասոյի որդուն արվեստի գործերի 26 լուսանկար ուղարկեց։ Նա պնդում էր, որ աշխատանքները պատկանում են կուբիզմի հիմնադրի վրձնին և խնդրում էր հաստատել դրանց իսկությունը։

Երբ նրանք հանդիպեցին Փարիզում, Լե Գեննեկը ցուցադրեց Պիկասոյի 271 անհայտ աշխատանք՝ ներառյալ նրա կնոջ՝ Օլգա Խոխլովայի դիմանկարները, 9 կուբիստական կոլաժ, «կապույտ շրջանի» ջրաներկ աշխատանքներ, մոտ 200 գծանկար։

Սկզբում Լե Գեննեկը պնդում էր, որ դրանք նվեր է ստացել հենց նկարչից՝ «հավատարիմ ծառայության» համար, հետո պատմությունը փոխեց՝ ասելով, որ աշխատանքները նրան հանձնել է Պիկասոյի երկրորդ կինը՝ Ժակլին Ռոկը։ Բայց վարպետի զավակները չհավատացին, որ այսչափ մեծ հավաքածուն կարող էր պարզապես նվեր լինել։ Սովորաբար Պիկասոն մակագրում էր նման աշխատանքները, իսկ այստեղ ոչ ստորագրություն կար, ոչ էլ թվական։

Դատական գործընթացը տևեց գրեթե տասը տարի։ Միայն 2019-ին Պիեռ Լե Գեննեկին մեղավոր ճանաչեցին Պիկասոյի տնից ստեղծագործությունները գողանալու մեջ։ Էլեկտրատեխնիկը կնոջ հետ միասին երկու տարի պայմանական ազատազրկման դատապարտվեց։ Հավաքածուի արժեքը գնահատվում էր մոտ 80 միլիոն եվրո։

ՍՐԲԱՊԱՏԿԵՐ, ՈՐ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԷՐ ՉԻՄԱԲՈՒԵԻՆ

Ֆրանսիայի Կոմպյեն քաղաքում ապրող 90-ամյա մի կին որոշում է վաճառել իր բնակարանը։ Նա տուն է հրավիրում Acteon աճուրդային տան աշխատակցին, որը պիտի գնահատեր 1960-ականների կահույքը։ Բայց փորձագետի ուշադրությունը մեկ այլ բան է գրավում։ Խոհանոցի գազօջախի վերևում կախված էր մի փոքրիկ, 20 սանտիմետրանոց կտավ։

Տան տիրուհին կարծում էր, որ դա «սովորական ռուսական սրբապատկեր» է։ Բայց պարզվեց, որ «սրբապատկերը» պատկանում էր վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, խճանկարի վարպետ Չիմաբուեին։

Մինչ Կոմպյենում կատարված բացահայտումը՝ աշխարհում հայտնի էր Չիմաբուեի ընդամենը 11 աշխատանք։ Չնայած նկարը կախված էր գազօջախի վերևում և բավականին կեղտոտ էր, այն լավ էր պահպանվել։ Կտավն աճուրդ դրվեց 4-6 միլիոն եվրո նախնական արժեքով, բայց վաճառվեց չորս անգամ թանկ՝ 24 միլիոն եվրոյով։

ԿԼԻՄՏԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

1997 թվականին իտալական Պյաչենցա քաղաքի պատկերասրահում նորոգման աշխատանքներ էին սկսել։ Սա էր պատճառը, որ կտավների մի մասը որոշում են դուրս բերել ցուցասրահից։ Դրանց թվում էր Գուստավ Կլիմտի «Կնոջ դիմանկարը»։

Անհայտ հանգամանքներում կտավը գողանում են ու թողնում միայն դրա շրջանակը։ Գողանալուց հետո նկարը համարվել է «առավել փնտրված արվեստի գործերից մեկը»։ Գողանալու պահից ի վեր պարբերաբար տեղեկություն է ստացվել, թե նկարը գտնվել է, բայց բոլոր գտածոները եղել են կրկնօրինակված տարբերակներ։ «Կնոջ դիմանկարը» փնտրում էին ավելի քան 20 տարի։ 2019 թվականի դեկտեմբերին բնօրինակ կտավը հայտնաբերվել է թանգարանի աշխատակիցների կողմից՝ հենց թանգարանում գտնվող գաղտնարանից։

Պյաչենցայի Libertа թերթի լրագրողը նամակ է ստացել երկու տղամարդուց, որոնք խոստովանում էին, որ գողացել, այնուհետև վերադարձրել են Կլիմտի աշխատանքը։ Գողերն իբր ավելի վաղ էլ էին ճանաչել իրենց մեղքը, բայց նրանց ոչ ոք չէր հավատացել։ Հրապարակայնորեն հանձնվել նրանք որոշեցին միայն այն ժամանակ, երբ լրացավ հանցագործության 20-ամյա վաղեմության ժամկետը։

2020 թվականին նկարի իսկությունն ապացուցվել է։ Կտավի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Այն համարվում է հեղինակի միակ հայտնի «կրկնակի աշխատանքը»։ Ի սկզբանե պատկերված է եղել եղել լայնեզր գլխարկով կին, այնուհետև Կլիմտը վերասրբագրել է այն։

ՌԵՄԲՐԱՆԴԸ՝ ՊԻՆԳ-ՊՈՆԳԻ ՍԵՂԱՆԻ ՏԱԿ

Նյու Յորքում երեք եղբայր՝ Նեդը, Ռոջերը և Սթիվենը, որոշում են մոր մահից հետո վաճառել նրա իրերը։ Մեծ մասն արդեն վաճառել էին, բայց մնացել էր մի կտավ, որն ավտոտնակում նետված էր պինգ-պոնգի սեղանի տակ։ Դեռ վաղ տարիքում եղբայրները զարմանում էին, թե ինչո՞ւ է իրենց ճաշասենյակում կախված այդչափ մռայլ մի կտավ։ Կտավի վրա պատկերված էին մի կին և երկու տղամարդ, որոնք նրան ուշքի էին բերում։

Սկզբում «ճաշասենյակի մռայլ նկարը», որն առանձնապես տպավորություն չթողեց նույնիսկ գնահատողի վրա, աճուրդի դրվեց 250 դոլարով՝ հուսալով ստանալ 800 դոլար։ Բայց, ի զարմանս եղբայրների, արժեք սկսեց բարձրանալ մինչև հարյուր հազարավոր դոլարներ, հետո էլ՝ մինչև 1 միլիոն դոլար։

Ամեն ինչ պարզ դարձավ գնորդներից մեկի զանգից հետո.

«Դա Ռեմբրանդ է։ Ես այս նկարը փնտրում էի իմ ամբողջ մասնագիտական կարիերայի ընթացքում»։

Պարզվեց, որ կտավը Ռեմբրանդի «Զգացմունք» շարքից է։ Նկարների շարքը Ռեմբրանդը նկարել է 1624-1625 թվականներին, երբ եղել է 18-19 տարեկան։ Այդ ժամանակ նա Ամստերդամում Պ. Լաստմանի մոտ հաճախում էր ուսուցման, վերապատրաստվել է Իտալիայում և մասնագիտացել է պատմական, դիցաբանական և աստվածաշնչյան սյուժեներում։

Հոտառությունը՝ «Ուշագնաց եղած հաճախորդը» կտավը, արվեստը չգնահատող տղաներին էր հասել նրանց պապի շնորհիվ, որը, ենթադրաբար, մի քանի հարյուր դոլարով այն գնել էր ոչինչ չկասկածող վաճառողից։ Բացահատումից կարճ ժամանակ անց կտավը գնել է Թոմաս Կապլանը՝ իր հավաքածուն համալրելու համար, վճարել է 4 միլիոն դոլար։

ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԸ՝ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ

2020 թվականին Դյուսելդորֆի օդանավակայանում, աղբամանի մեջ հայտնաբերել են ֆրանսիացի սյուրռեալիստ Իվ Տանգիի կտավը։ Իվ Տանգիի ստեղծագործական գլխավոր թեման տարօրինակ «հալյուցինացիոն» բնապատկերներն են։ Օգտագործելով ավանդական տեխնիկան նկարիչը ստեղծել է նոր տեսակի հալյուցինացիոն աբստրակցիա։

Հենց այս կտավներից մեկն էլ մի բիզնեսմեն իր հետ տանում էր Իսրայել, բայց ստվարաթղթե տուփի մեջ պահված կտավը մոռացել էր օդակայանում ու առանց դրա մեկնել էր Թել Ավիվ։ Միայն այնտեղ է հասկացել, որ կտավն իր հետ չէ։ Դիմել է եղբորորդու օգնությանը, որն էլ կտավը գտնելու համար Բելգիայից հասել է Դյուսելդորֆ։ Երիտասարդը կտավը գտել է բառացիորեն վերջին պահին՝ գլուխգործոցը ուզում էին հանձնել վերամշակման։ Աշխատանքի արժեքը՝ 280 հազար եվրո։

Այս պատմությունները մի բան են հստակ ապացուցում՝ արվեստի նմուշները կարող են թաքնված լինել ամենաանսպասելի վայրերում։ Ձեղնահարկեր, ավտոտնակներ,  խոհանոցներ, աղբամաններ․․․ ամենուր, որտեղ մարդիկ պահում կամ մոռանում են իրեր։ Շատ դեպքերում այս գործերը տասնամյակներ շարունակ գտնվել են տեսանելի տեղում, պարզապես ոչ ոք չի գիտակցել դրանց իրական արժեքը։

Մեկ այլ կարևոր դիտարկում էլ՝ երբեմն սխալվում են նույնիսկ փորձագետները։ Երրորդ, հետաքրքիր դիտարկումն էլ այն է, որ հաճախ այս կտավների հետևում ընտանեկան լեգենդներ ու անհավանական պատմություններ են թաքնված։ Երբեմն կտավները գտնվում ու փրկվում են  բացարձակ պատահականության շնորհիվ։ Ու վերջին դիտարկումը՝ երբեք մի թերագնահատեք հին ընտանեկան իրերը։ Գուցե պարզվի, որ «մռայլ նկարը» կամ «սովորական սրբապատկերը» արվեստի չբացահայտված նմուշ է։


✍️ Նանե Մանուկյան / PAN