#մշակութաPAN
August 2, 2022

Պիկասոյի «Գեռնիկան», այն վանդալիզմի ենթարկած հայը և պատերազմի դեմ արվեստով պայքարելու փորձը

4 կին, մեկ տղամարդ, երեխա, մեկական ցուլ ու ձի, բազմաթիվ սիմվոլներ․ սա աշխարհի ամենահայտնի հակապատերազմական կտավներից մեկն է (եթե ոչ ամենահայտնին), որ փոխանցում է պատերազմի սարսափը,  ցավը, սովորական խեղճությունն, անճարությունն ու հույսը, դառնությունն ու դաժանությունը՝ առանց արնագույն պատկերների։

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Գեռնիկան» տասնամյակներ շարունակ մնում է հակապատերազմի կոչ, մասշտաբային «բողոքի ակցիա»՝ վրձնով ու բռնարարության վիզուալացման հայտնի օրինակ։

«Գեռնիկա», Պաբլո Պիկասո

Պիկասոն այս հսկա կտավը (3.49 մ x 7.77 մ) ստեղծել է ռեկորդային կարճ ժամկետում՝ 35 օրում՝ 1937-ի մայիսի 1-ից հունիսի 4-ը։

Ե՞ՐԲ Ու ԻՆՉՈ՞ւ

1937 թվականին Իսպանիայի Հանրապետությունը քաղաքացիական պատերազմի մեջ էր երկրի ապագա դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի դեմ։ Նույն տարվա հունվարին արդեն հեղինակավոր նկարիչ Պաբլո Պիկասոն երկրից պատվեր ստացավ ստեղծել կտավ՝ Փարիզում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսում իսպանական տաղավարի համար։

Երկրորդ համաշխարհայինից առաջ, իր ստեղծագործական  կյանքի շրջանների մեծ մասն ապրած Պիկասոն (նա արդեն անցել էր իր  «կապույտ», «վարդագույն», «աֆրիկյան» շրջանները, նկարել էր «Ավինյոնի աղջիկները» (ֆր.՝ Les Demoiselles d’Avignon, 1907 թ․, կուբբիզմի շրջան), պիտի ստեղծեր մի նոր գործ։

Եթե հավատանք աղբյուրներին, սկզբնապես Պիկասոն նախատեսում էր ստեղծել ապոլիտիկ բովանդակությամբ կտավ։ Նկարչի գործերն ուսումանսիրած արվեստաբան Աննա Վագների խոսքով՝ պատվեր ստանալուց հետո նկարիչը դեռ չգիտեր՝ ինչ պատկերել, ինչ թեմատիկայով։ 1937-ի այդ օրերից լուսանկարներ կան, որտեղ կտավի նախնական էսքիզներում Պիկասոն մերկ մոդելի ֆոնին էր։

Նկարչի պլանները, սակայն, փոխում են իսպանական Գեռնիկա քաղաքում տեղի ունեցած ռմբակոծությունից հետո։ 1937-ի ապրիլի 26-ին Ֆրանկոն նացիստական «Կոնդոր» լեգեոնին հրահանգեց ռումբեր նետել Գեռնիկայի վրա։

Գեռնիկան ինչ-որ իմաստով խորհրդանշական թիրախ էր նացիստների համար․ այն բասկյան ժողովրդավարության ծննդավայրերից էր։ Իսպանիայի հյուսիսում գտնվող այս քաղաքը բասկերի պատմական ու մշակութային կենտրոններից է, նրանց ազատասիրության խորհրդանիշներից։ Քաղաքը ժողովրդավարության հետ էր ասոցացվում նաև՝ շնորհիվ Գեռնիկայի ծառի։ Ավանդույթի համաձայն` բասկերը և միջնադարյան Եվրոպայի այլ ժողովուրդներ հավաքներ են կազմակերպել կաղնու ծառի տակ` քննարկելով իրենց համայնքին վերաբերող հարցեր։ Գեռնիկայի ծառը յուրահատուկ իմաստ է ստացել․ ժամանակի ընթացքում հավաքները կենտրոնացել են Գեռնիկայում` հատուկ այդ նպատակով կառուցված տաղավարում։ Այս ծառը քաղաքացիական պատերազմի օրերին հատուկ է պաշտպանվել, որպեսզի ֆրանկոյականները չկտրեն այն ու ոչնչացնեն խորհրդանիշը։ Ծառի 5-րդ սերունդն է հիմա տնկված քաղաքում, կաղինն ու կաղնու տերևը շարունակում են սիմվոլիկ նշանակություն ունենալ տարածքի ժողովրդի համար։

Գեռնիկան իսպանական առաջին անպաշտպան քաղաքն էր, որ ռմբակոծվեց քաղաքացիական պատերազմի ընթացքում։ 1937-ի ապրիլի 26-ը քաղաքում շուկայի օր էր, բնակչությունը՝ մեծամասամբ կանայք ու երեխաներ (տղամարդիկ պատերազմում էին) հրապարակում էին։

Ժամեր տևած ռմբակոծության հետևանքով՝ տարբեր տվյալներով հարյուրավոր զոհեր ու վիրավորներ կային (200-1700 զոհի, 900 վիրավորի մասին է նշվում)։ Այս իրադարձությունը 20-րդ դարի հերթական ողբերգությունն էր, սակայն մի «առանձնահատկությամբ». առաջագծում լուսանկարիչներ, մամուլի ներկայացուցիչներ կային։

Գեռնիկայի ռմբակոծության մասին Փարիզում գտնվող Պիկասոն ևս իմանում է թերթերից։ Այս ողբերգությունը նրան մեծապես խոցում ու տպավորում է․ Պիկասոն, որ սկզբնապես որոշել էր ապոլիտիկ նկար ստեղծել, փոխում է միտքը։

ԳՈՐԾԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿԸ

Նվազագույն փայլ, սև, սպիտակ ու մոխրագույն երանգներ․ արվեստի պատմաբան Ջոն Ռիչարդսոնն ասում է՝ Պիկասոյի սիրեցյալ Դորա Մաարի լուսանկարներն են օգնել նկարչին հրաժարվել գույնից և նկարին տալ սև-սպիտակ լուսանկարի ինտենսիվություն (այո՛, Պիկասոն կնամեծար տղամարդ էր ու իր սիրեցյալներին հաճախ էր կտավի վերածում, այո՛ Մաարի անունը ձեզ ծանոթ է․ նա «Դորա Մաարը կատվի հետ» կտավի աղջիկն էր)։

Ասում են՝ Պիկասոն նկարելիս չէր սիրում, երբ իր «շնչին են», բայց «Գեռնիկայի» դեպքում նրա արվեստանոցի դռները բաց էին ճանաչված, ազդեցիկ հյուրերի առաջ։ Նա թույլ էր տալիս հետևել իր գործի ընթացքին՝ հուսալով, որ այդ մարդկանց ներկայությունը կօգնի հակաֆաշիստական կտավին։

«Իսպանական կոնֆլիկտը վրեժխնդրության պատերազմ է՝ ընդդեմ մարդկանց, ընդդեմ ազատության։ Որպես նկարիչ ամբողջ կյանքս մշտական պատերազմ է եղել՝ հակազդման ու արվեստի մահվան դեմ։ Ինչպե՞ս կարող էր որևէ մեկը մեկ վայրկյան անգամ հավատալ, որ ես համաձայն կլինեմ բռնությանն ու մահվանը»,- ասել է նա նկարի ստեղծման ժամանակ։

Փարիզյան ցուցադրությանն իսպանական տաղավարի այս կտավը հեշտ «կարդացվողներից» չէր․ հակաֆաշիստական ակնհայտ սիմվոլներով ու թեմատիկայով նկարների կողքին «Գեռնիկան» չափազանց մոդեռնիստական էր, այն անգամ ցանկացել են փոխարինել ցուցադրության համար պատվիրված «ավելի ավանդական գործով»։

Չնայած հակասական այս կարծիքներին՝ Փարիզից հետո գիգանտ կտավը շրջել է աշխարհով մեկ: Ամեն անգամ, երբ նկարը ցուցադրության համար նոր քաղաք է տեղափոխվել, կտավն առանձնացվել է, գլանաձև փաթաթվել ու տարվել։ 1958-ին արդեն «Գեռնիկան» այլևս «ի վիճակի չէր ճամփորդելու»՝ կտավը վնասելու վտանգ կար, այն հաստատվեց Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Եվ հաշվի առնելով, որ Պիկասոն հրաժարվել էր կտավն Իսպանիայում ցուցադրել Ֆրանկոյի իշխանության օրոք, Նյու Յորքում 42 տարի մնալուց հետո նկարն Իսպանիա տեղափոխվեց միայն 1981-ին՝ Հանրապետության հաստատումից հետո։

Լեգենդ կա, թե մի օր Պիկասոյին մոտեցել են Գեստապոյից ու, «Գեռնիկան» նկատի ունենալով, հարցրել՝ «Սրա հեղինակը Դո՞ւք եք». «Ո՛չ, դուք»,- պատասխանել է Պիկասոն։ Այս երկխոսության մասին պատմում են «Գեռնիկան» նկարագրող, վերլուծող գրեթե բոլոր հոդվածներում։ Այս դրվագն օգտագործել է նաև Էմիր Կուստուրիցան իր դիպլոմային աշխատանքում՝ 1978 թվականին։

ԻՆՉՊԵՍ «ԿԱՐԴԱԼ»  ՊԻԿԱՍՈՅԻ «ԳԵՌՆԻԿԱՆ»

Պիկասոն երբեք չի մեկնաբանել այս կտավը, չի ասել՝ ինչ են խորհրդանշում իր կտավի պատկերները, «Գեռնիկան» «կարդալու» ու մեկնաբանելու «բեռը» թողնելով իր արվեստի երկրպագուներին ու արվեստաբաններին։ Վերջիններս դա արել են ամենայն պատասխանատվությամբ և բազմաթիվ անգամներ։ Մոտ մեկ ամսում ստեղծված այս կտավի մասին գրեթե բոլոր մասնագիտական հոդվածներում հիշեցնում են՝ չնայած Պիկասոյի գործի ստեղծման հիմքում Գեռնիկայի ողբերգությունն էր, սական  այս կոնցեպտը վաղուց էր հասունացել։

2017-ին «Գեռնիկայի» ստեղծման 80-ամյակի կապակցությամբ Թագուհի Սոֆիայի անունը կրող արվեստի թանգարանում հատուկ ցուցադրություն  էր բացվել՝ «Կարեկցում և սարսափ․ Պիկասոյի ճանապարհը դեպի «Գեռնիկա»։ Պատմաբան-արվեստաբաններ Թիմոթի Ջեյմս Քլարքը և Աննա Վագները, որոնք մանրամասնորեն ուսումնասիրել են նկարչի գործերն ու այս ցուցահանդեսի կուրատորներն էին, նշել են 1920-30-ականների կեսին Պիկասոն տարված էր մասնավորապես, կանանց և ինտերիերի սցենաներով․ սրանք էլ հետագայում վերջին հաշվով արտացոլվել են «Գեռնիկայում»։

Արվեստաբաններն ասում են՝ Պիկասոն, մյուս սյուռեալիստների պես, հենց այդ ժամանակ`1920-30-ականներին է ուսումնասիրել մարդկային հոգու մութ կողմերը, ասում են՝ Գեռնիկայի պատկերները խմորվել էին նկարչի ստեղծագործական կյանքի հենց այդ շրջափուլում, այն տարիների աշխատանքի պտուղ էր, որ տաղանդավոր նկարչին հաջողվեց մեկ ամսում քաղել։

Ի՞ՆՉ ԿԱ ՊԻԿԱՍՈՅԻ ՎՐՁՆԻ ՏԱԿ. ԿԱՌՈւՑՎԱԾՔ ԵՎ ՍԻՄՎՈԼՆԵՐ

Չնայած քաոտիկ թեմային, Պիկասոն «Գեռնիկայում» ճշտորեն պահպանել է «կլասիկ լեզուն»․ նա բալանսավորել է կոմպոզիցիան՝ առանձնացնելով պատկերների 3 ուղղահայաց խումբ, իսկ կտավի  կենտրոնական ֆիգուրները ստաբիլացվում են եռանկյունու սահմաններում։

Պիկասոն հանրագիտարանային գիտելիքներ ուներ արվեստի պատմությունից, և հենց այդ վիզուալ «հղումներն» են ամրապնդում «Գեռնիկան»։ Ասում են՝ Ռուբենսի «Պատերազմի սարսափները» (The Horrors of War) այն աշխատանքն է, որից ամենաշատն է ոգեշնչված «Գեռնիկան»։ Արվեստաբանները կոմպոզիցիայի նմանություն են գտնում այս երկու կտավներում. Ռուբենսի ու Պիկասոյի կտավներն ալեգորիկ են՝ առաջինը՝ 30-ամյա պատերազմի, երկրորդը՝ Գեռնիկայի ռմբակոծման թեմայով։ «Գեռնիկայի» կոնցեպտը համեմատվում է նաև Գոյայի «1808 թվական, մայիսի 3» (The Third of May, 1808) կտավի հետ։

Կտավը մեկնաբանող Վագները նշում է՝ այստեղ թերևս ամենաքիչ երկիմաստություն կա ֆիզիկական ու հոգեկան տառապանք ապրող կանանց կերպարներում։

«Նկատելի է, որ այս տեսակի դեֆորմացիաները գործիք են, որոնց միջոցով Պիկասոն փոխանցել է ցավն ու տառապանքը»,- նշում է նա։

Վշտից ճչացող կանայք, ընկած զինվորը, մեռած երեխան, հույսի լույսը կամ աստծո աչքը․ «Գեռնիկան» սիմվոլիզմի և կուբիզմի յուրահատուկ համադրություն է։

Եվ չնայած այս պատկերների ու զգացողությունների՝ մարդկության համար համընդհանուր լինելուն, էմպատիկ զգացողություններ առաջացնելուն, նկարում միայն մեկն է անտարբեր կամ քարսիրտ ուղիղ մեզ նայում․ ասում են՝ այստեղ ցուլը բրուտալության ու բռնարարության խորհրդանիշն է, այսպես է նկարիչը ներկայացրել ֆաշիզմը, կամ հենց իրեն՝ Ֆրանկոյին։

Բայց ցլի ու ձիու ներկայությունն այս կտավում այլ՝ «տրադիցիոն» մեկնաբանություն էլ ունի, որի արմատները տանում են դեպի իսպանացիների սիրելի ցլամարտ։ Ձին կարող է սովորական զոհ դառնալ, երբ մահացու վիրավորում է պետք հասցնել ցլին։

Որոշներն էլ ցլի կերպարում իսպանական ժառանգությունն են տեսնում՝ որպես ողբերգության անսասան վկա։

Պիկասոյի վիզուալ լեզուն, սակայն, դուրս է մեկ ողբերգության սահմաններից, «Գեռնիկան» միայն Գեռնիկայի մասին չէ․ այն ավելի լայն համատեքստ ունի․ տարիներն են ապացուցում։

Այս կտավը Վիետնամի պատերազմի ընթացքում Նյու Յորքում հակապատերազմական սիմվոլ է դառնում, մինչ օրս էլ քաղաքական ակցիաներում «Գեռնիկայի» կերպարները որպես բողոքի ու հակապատերազմի կոչեր են դիտարկվում։

«ԳԵՌՆԻԿԱՆ» ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԵՆԹԱՐԿԱԾ ՀԱՅԸ․ ԻՆՉՊԵՍ KILL LIES ALL ԳՐՎԱԾՔԸ ՀԱՅՏՆՎԵՑ ՊԻԿԱՍՈՅԻ ԿՏԱՎԻ ՎՐԱ

1974-ի փետրվար 28-ին իրանա-հայկական արմատներով 30-ամյա Թոնի Շաֆրազին, որը հետագայում պիտի դառնար արվեսի ամենահայտնի դիլերներից մեկը, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում վանդալիզմի ենթարկեց «Գեռնիկան»՝ կտավի վրա դիտմամբ գրելով KILL LIES ALL, այսպես ասած, ALL LIES KILL-ի «փոխարեն», որպեսզի այն ընթեռնելի լինի ցանկացած կողմից։

Շաֆրազիի կարմիր ներկն անմիջապես մաքրվեց, Պիկասոյի կտավի վրա այն հետք չթողեց ու գրեթե չվնասեց: Շաֆրազին ձերբակալվեց, հաջորդ օրը, սակայն, նրա գրվածքը թերթերի գլխագրերում էր:

Պիկասոյի «Գեռնիկայի» վրա ներկով գրելու պատճառը, ենթադրվում է, Վիետնամի պատերազմի ընթացքում Սոնգմիում զանգվածային սպանությունն էր։

1969-ին Վիետնամի Միլայ և հարակից համայնքների հարյուրավոր բնակիչներ կոտորվել են ամերիկացի զինվորականների կողմից։ Նշվում է, որ Շաֆրազին «Գեռնիկան» արնագույնով է ներկել Վիետնամում կոտորածի մասնակից, դրա համար դատապարտված ամերիկացի զինվորական Ուիլյամ Քելլի (William Calley)  ազատ արձակման մասին հայտարարության դեմ բողոքելով։

Ավելի ուշ՝ 1974-ին, The New York Times-ին հարցազրույցում Շաֆրազին ասում էր, թե «Գեռնիկան» 20-րդ դարի ամենակարևոր նկարն է, և ինքն այն ժամանակ կենտրոնացած էր այս գործի վրա, մեկ բառ կոնտեքստից հանելու և դրա կոնտեքստում տեղավորելու վրա։

Շաֆրազին այժմ Նյու Յորքում սեփական պատկերսրահն ունի՝ Shafrazi Art Gallery-ն, նա նախահեղափոխական Իրանում շահի մոտ է աշխատել, հետո կրկին տեղափոխվել Նյու Յորք։ ՀԻմա էլ նա արվեստի աշխարհում է, աշխատել ու աշխատում է ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը, Ժան Միշել Բասկիան։

Շաֆրազին, իհարկե, վանդալիզմով է փորձել «նոր իմաստ» տալ «Գեռնիկային», բայց պատերազմի, ցավի ու տառապանքի դեմ այս գործը կենդանի ու շարժուն է մինչ այսօր նաև առանց «անմիջական մասնակցության»․ «Գեռնիակայի» հիմքով, նմանությամբ ու բովանդակությամբ առանձին արվեստ գործեր են ստեղծվում։ Դրանցից հայտնի են թերևս աբստրակտ-էքսպրեսիոնիզմի հիմնադիր Ջեքսոն Պոլլոքի տեխնիկայով 7 Պիկասոյի կտավի հիմքով սեղծված գործը (նկարիչ՝ Մայքլ Բոլդուին (Michael Baldwin)։

Պիկասոյի կտավի նմանությամբ ու նույն մեծությամբ Ժակլին դե լա Բաում Դյուրբախի հեղինակած գոբելենն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շենքի մուտքի մոտ է կախված։

Այսքանից հետո պետք է որ համոզիչ հնչի նախաբանում գրված տողերը՝ Պիկասոյի այս գործն աշխարհի ամենահայտնի հակապատերազմական կտավն է ու կոչը։

Եվ շատ հետաքրքրասերների համար բոնուս․ «ի վեջո ո՞րն է Պիկասոյի ամենահայտնի ու ազդեցիկ գործը» հարցի պատասխանի շուրջ։ Ասում են՝ եթե կարծում եք, որ Պիկասոյի լավագույն աշխատանքը «Գեռնիկան» է, ապա հետաքրքրված եք արվեստի քաղաքական ասպեկտով, իսկ եթե ձեր ընտրությունը կանգ է առնում «Ավինյոնի աղջիկների» վրա, ամենայն հավանականությամբ, հետարքրված եք արվեստի ֆորմալ ասպեկտներով․ ինչպես են գիծը, ձևը, գույնը միասին արվեստ ստեղծում։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN