Նա փրկեց Դալիին ու բացահայտեց Պոլլոքին. Փեգի Գուգենհայմի կյանքը՝ լի արվեստով, շներով ու սիրավեպերով
Փեգի Գուգենհայմի անունը վաղուց դուրս է եկել պարզապես մեծահարուստ մեկի կենսագրության սահմաններից։ Նա 20-րդ դարի առաջին կեսի արվեստի ամենամեծ ու տպավորիչ հավաքածուն ուներ, բայց միայն սա չէ, որ բնորոշում էր Գուգենհայմին։ Նա զգում էր ժամանակի շունչն ու զարկը, շարժիչ ուժ էր բազմաթիվ արվեստագետների համար և ինքն էր թելադրում ճաշակ ու մտածողություն։ Նրա կյանքը՝ մի փոքր անսովոր, մի փոքր էլ սկանդալային, արկածային վեպ է հիշեցնում, որի որոշ էջեր կփորձենք բացահայտել միասին։
Փեգին ծնվել էր 1898 թվականի օգոստոսի 26-ին՝ Նյու Յորքում, մեծահարուստ ընտանիքում։ Հայրը՝ արդյունաբերական ոլորտում հայտնի Բենջամին Գուգենհայմն էր։ Նրա անունը գուցե ծանոթ հնչի։ Գուգենհայմը 1912-ին Տիտանիկի խորտակումից չփրկված ուղևորների շարքում էր։ Ըստ ընտանեկան պատմության՝ նա վերջին րոպեներին փորձում էր օգնել մյուսներին, բայց ինքը փրկվել չի հասցրել։
Անշուշտ, այս դեպքը մեծ ազդեցություն թողեց Փեգիի վրա։ Մեծ հաշվով նա մեծացավ ինքնուրույն, որոշ իրավիճակներում որոշումներ կայացնելու բեռը ուսերին, անընդհատ սովորող ու պրպտող։ Երբ արդեն հասուն էր ու կարող էր ինքնուրույն որոշումներ կայացնել՝ Փեգին հեռացավ Նյու Յորքից ու տեղափոխվեց իր արվեստատենչ հոգուն հոգեհարազատ Փարիզ։ Ու չէր սխալվել։ Այնտեղ նա գտավ իր միջավայրը։ Փարիզը նրան կարծես սովորեցրեց ամեն ինչ՝ սիրել, ապրել, կորցնել, վայելել, և ամենակարևորը՝ ճանաչել արվեստը։ Փեգին, որ սկզբում դեռ չէր էլ պատկերացնում իր ապագա առաքելությունը, սկսեց հետաքրքրվել ամեն ինչով՝ սյուրռեալիստների ֆիլմերից մինչև անհայտ նկարիչների արվեստանոցներ։ Միայն կարճ ժամանակ անց պիտի հասկանար, որ հատուկ տաղանդ ունի՝ տեսնել ու նկատել այն, ինչ շատերը չեն կարող։
Այդ տարիներին նա նաև առաջին անգամ սիրահարվեց, ամուսնացավ և ունեցավ երկու երեխա։ Հետաքրքիր է, որ հետագայում նա այս շրջանն իր կյանքի ամենաստեղծագործ տարիներից էր համարում։ Ամեն դեպքում՝ ամուսնությունը երկար չտևեց, և բաժանումից հետո Փեգին կրկին սկսեց թափառել Եվրոպայի արվեստաշունչ մայրաքաղաքներով։
Այս ընթավքում շրջադարձային էր 1930-ականների վերջում հնչած մի առաջարկ։ Փեգիի ընկերուհին նրան առաջարկում է ընտրել՝ բացել հրատարակչությո՞ւն, թե՞ պատկերասրահ։ Որոշումը կանգ է առնում պատկերասրահի վրա, որովհետև, ըստ նախնական հաշվարկների, դա ավելի էժան էր նստելու։ Այդ պահին Փեգին չէր էլ կարող պատկերացնել, որ այդ պատկերասրահը միայն սկիզբն էր իր իրապես պատմական ճանապարհի ու որոշումների։
Այսպիսով, 1938-ին Լոնդոնում բացվեց Guggenheim Jeune պատկերասրահը։ Սկանդալային էր առաջին իսկ ցուցահանդեսը։ Նորաձև ու արդեն սկանդալային համբավ ունեցող Ժան Կոկտոյի գործերը բազմաթիվ աչքեր սևեռեցին պատկերասրահի ուղղությամբ։ Փեգին ոչ միայն դեմ չէր քննադատությանը, այլև շատ ուրախ էր դրա համար։ Նպատակը հենց դա էր և իր համառ ու համարձակ տեսակը այլ բան մատուցել չէր կարող։
Ընդամենը մեկ տարում Փեգին հասցնում է մի շարք տպավորիչ ցուցադրություններ կազմակերպել պատկերասրահում, բայց, ցավոք, դրա կյանքը կարճ էր։ 1939-ին պատերազմի ստվերը հասնում էր Եվրոպա, և Լոնդոնի մշակութային կյանքն աստիճանաբար կորցնում էր իր ազատ շունչը։ Փեգի Գուգենհայմը, որ անընդհատ նոր մղումներ էր որոնում, որոշում է փակել իր երիտասարդ պատկերասրահը և մեկնել Փարիզ։ Բայց սա հանձնվելու կամ էլ ձախողելու նշան չէր։ Հակառակը՝ Փեգին ավելի համարձակ մտահաղացում ուներ՝ ուզում էր ժամանակակից արվեստի սեփական թանգարանը բացել։
Ահա այսպես սկսվեց արվեստը նկատելու ու արժևորելու մի գեղեցիկ շրջան։ Փեգին իր հետ մեծ գումար ուներ՝ 40 հազար դոլար, բայց նա այն գումարով «անվտանգ մշակութային ներդրումներ» չէր անում, այսինքն՝ չէր գնում արդեն հայտնի ու սիրելի արվեստագետների կտավներ։ Փոխարենը վստահում էր իր ճաշակին, ինտուիցիային ու ներքին ձայնին։
Պատերազմի ֆոնին արվեստի շուկան ամբողջովին փոխվել էր, արվեստագետները պատրաստ էին վաճառել իրենց լավագույն գործերը՝ փախչելու կամ էլ գոյատևելու համար։ Փեգին բառացիորեն «օրը մեկ կտավ» սկզբունքով էր գնում կտավները, որպեսզի մինչև նացիստների մուտքը հասցներ փրկել այն, ինչ հնարավոր էր։
Այս «փրկարարական» առաքելության մեջ նրա կողքին մի քանի հավատարիմ ընկերներ կային։ Նրանք շրջում էին արվեստանոցներով ու հավաքում կտավներ, որոնք ընդամենը տարիներ անց համաշխարհային մեծ արժեք պիտի ներկայացնեին։ Այդ օրերին Փեգին հասցրեց գնել Ջակոմետիի, Դալիի, Լեժեի, Էռնստի, Կանդինսկու և շատ այլ արվեստագետների նշանավոր աշխատանքներ։ Երկար ու ծանր օրերից, փրկության «օպերացիաներից» հետո Փեգին 1941 թվականին վերջապես հասավ Նյու Յորք։ Բայց այս անգամ մենակ չէր։ Նրա հետ Մաքս Էռնստն էր՝ ապագա ամուսինն ու համաշխարհային ավանգարդիզմի գլխավոր դեմքերից մեկը։
Նյու Յորքում նրան արդեն սպասում էին արվեստագետները։ Ավանգարդը կարծես նոր մայրաքաղաք էր գտել իր համար։ Իսկ Փեգին իր հավաքածուի միջոցով Նյու Յորք էր «բերել» Եվրոպան։ Ահա այսպես Փեգին 1942-ին նախ բացեց Art of This Century պատկերասրահը։ Սա ավելի շատ փորձարարական լաբորատորիա էր՝ նոր շունչ ու նոր խոսք բերող մի բան։
Հենց այս պատկերասրահում էլ սկսվեց Ջեքսոն Պոլլոքի պատմությունը։ Չափազանցություն չի լինի ասել, որ եթե չլիներ Փեգին, ապա հնարավոր է, որ այսօր Պոլլոքի անունը պարզապես մոռացված լիներ, իսկ կտավները պահվեին Մանհեթենի փոշոտ նկուղներից մեկում։ Փեգին հավատաց Պոլլոքի արվեստին, նրան ստեղծագործելու ազատություն տվեց և անգամ ամսական գումար՝ որպեսզի նկարիչը այլ գործով չզբաղվի և ամբողջովին նվիրվի իր արվեստին։
Փեգին կարելի է ասել, որ հայտնաբերեց ու «փրկեց» այս սերնդի բազմաթիվ նկարիչների ու երբ կարծես առաքելությունն իրագործված էր՝ հոգնեց Նյու Յորքից։
1940-ականների վերջին Փեգին հասկացավ, որ իր ներքին ռիթմն այլևս չէր ընդունում Նյու Յորքի անկանխատեսելի ռիթը։ Ամուսնությունն էլ արդեն կարելի է ասել, որ փլուզված էր։ Այսպիսով նրա անփոխարինելի սերը՝ արվեստը, Փեգիին տանում է իր ամենասիրելի քաղաք՝ Վենետիկ։ Այստեղ սկսվում է նրա կյանքի վերջին, բայց ամենագունեղ փուլը։
Երկար տարիներ Փեգին վազքի մեջ էր ապրում՝ Փարիզի սրճարանները, Նյու Յորքի գիշերները, Լոնդոնի խառնաշփոթը… Բայց Վենետիկը նրա կյանքն այլ գույներով ներկեց։ 1948-ի Վենետիկի Բիենալեն դարձավ նրա վերադարձի հաղթաթուղթը։ Նա իր հավաքածուն ներկայացրեց ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Իտալիայի անունից։ Դա պատմական փաստ էր։ Առաջին անգամ Բիենալեի պատմության մեջ մի ամբողջ պավիլիոն նվիրված էր ոչ թե երկրին, այլ անհատին։
Վենետիկը հիացած էր։ Քաղաքը, որ սովոր էր գեղեցկությանը, հանկարծ գեղեցկության նոր դրսևորում տեսավ՝ սյուրռեալիզմի, կուբիզմի, աբստրակցիայի, այն աշխարհների գեղեցկությունը, որոնք Փեգին հավաքել էր պատերազմի աղմուկի մեջ։ Նրա հավաքածուն ոչ միայն տպավորեց, այլ բառացիորեն փոխեց քաղաքի արվեստային ավանդույթները։
Փեգին սիրեց Վենետիկն այնպես, ինչպես ոչ մի քաղաք չէր սիրել։ Ու հետևեց տրամաբանական որոշումը՝ նա գնեց իր երազանքի առանձնատուն-պալատը։ Հսկայական մի տարածք, որ կարծես անավարտ էր, բայց ավարտուն ու կատարյալ էր դառնում Փեգիի ու նրա հավաքածուի միջոցով։ Այսպիսով այդ առանձնատունը դարձավ նրա տունը ու նաև նրա հավաքածուի մշտական ցուցադրության վայրը։
Ֆոտո ֊https://ic.pics.livejournal.com/slovo_online/13003931/96642/96642_original.jpg
Այդ տանը Փեգին ապրում էր իր սիրելի շների հետ, հաճախ պատշգամբից դուրս էր գալիս բարձր ծիծաղով, լայնեզր գլխարկներով կամ էլ իր տպավորիչ ականջօղերով, որ տեղի արվեստագետներն էին պատրաստել։ Այդ ընթացքում սիրավեպերի պակաս էլ չուներ ու կյանքը կարծես հրաշալի էր։ Նա անընդհատ որոնում էր, որովհետև իրեն համարում էր ստեղծագործական գործընթացի մասնակից, ոչ թե դիտորդ։ Նա ինքն էր գնում արվեստագետների հետևից, փնտրում էր նոր անուններ։ Ու ահա՝ տարիներ անց ու մինչև օրս էլ Palazzo Venier dei Leoni-ն դարձավ աշխարհի ամենանշանակալի մասնավոր հավաքածուներից մեկը։
Փեգին մահացավ Վենետիկում։ Նրա աճյունը թաղվեց հենց առանձնատան պարտեզում՝ իր շների կողքին։ Սա ևս խորհրդանշական էր. Աշխարհի, անգամ սեփական երեխաների հետ նրա հարաբերություններն իսկապես բարդ էին, բայց շներին նա անսահման շատ էր սիրում։
Ահա այսպես Փեգի Գուգենհայմի անունը մինչև օրս էլ ասոցացվում է ժամանակաշրջան ձևավորող անհատի հետ։ Նա իսկապես հազվագյուտ ունակություն ուներ։ Իսկ նրա հավաքածուն պարզապես արվեստի գործերի հավաքածու չէ, այլ մի կնոջ պատմություն, ուղեցույց, եթե կուզեք՝ կյանքի օրագիր։ Ու իհարկե սա հերթական ապացույցն է, որ կանայք, որոնք փոխում են աշխարհը, անում են դա լուռ, հաստատուն ու համարձակ բնավորությամբ, մեծ ոգեշնչմամբ ու հավատով, լավագույնի ձգտումով։