#մշակութաPAN
April 10

Դալիի դիմանկարը, մաեստրո դասընկերը, Արարատն ու աշխարհը՝ Արա Գյուլերի ֆոտոխցիկում

«Ես Պոլիս ծնած եմ 1928-ի օգոստոս 16-ին` ցերեկը ժամը 4:30-ին: Լա՞վ»:

«Դարի լուսանկարիչ», «Ստամբուլի աչք», աշխարհահռչակ ֆոտովավերագրող Արա Գյուլերի կյանքն այսպես է սկսվել։ Գյուլերի հայրը՝ Տաճատ Գյուլերը, արմատներով Շապին-Գարահիսարից էր։ 1915 թվականին Տաճատը 19 տարեկան էր, Շապին-Գարահիսարում մնացած նրա ամբողջ ընտանիքը ցեղասպանության զոհ է դառնում։ Տաճատի ընտանիքի ազգանունը Տերտերյան է եղել, բայց Թուրքիայում ազգանունների թրքացման մասին օրենքի ընդունումից հետո Գյուլեր ազգանունն են վերցրել։

«Հորս կողմից մեկը չկա, ամենը կերթան, կսպանեն, կսպանեն, հասկանո՞ւմ ես»:

Ինչ վերաբերում է Գյուլերի մորը, տիկին Վերժինը եգիպտահայ մեծահարուստ Շահյան ընտանիքում էր ծնվել։ Հայրը Ստամբուլում նավերի վերանորոգման արտադրամաս ուներ։ Ձմեռները Եգիպտոսում էին, ամառները՝ Պոլսում։ Հենց այնտեղ էլ հանդիպել են Արա Գյուլերի ծնողները։ Ապագա լուսանկարիչն ընտանիքի միակ զավակն էր։

Գյուլերը սովորել է Պոլսի հայկական Մխիթարյան դպրոցում, հետո ուսումը շարունակել Կեդրոնական վարժարանում։ Հաճախել է նաև թատերական խմբակ։ Առհասարակ, թատրոնի ու կինոյի հետ կապը հենց մանկության տարիներից է գալիս։

«Հայրս թատերական ու կինոաշխարհի բոլոր մարդկանց հետ ընկեր էր, թատրոնի մեջ եմ մեծացել: Սցենարիստ էի ուզում դառնալ: Եթե լինեի, հիմա այդպես էլ պիտի մնայի, բայց աշխարհի ամենահեղինակավոր լրագրողներից մեկը դարձա»:

Լուսանկարչությունը Գյուլերի համար կարծես ճակատագրով էր որոշված, բայց մինչև այդ կետին գալն ապագա լուսանկարիչը դեռ պետք է ընդունվեր Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության բաժին։

«Հայրս մեծ դեղատուն ուներ՝ 15 հոգի մոտը կաշխատեին, կուզեր, որ իր համար աշխատեի»:

Հոր մասին Գյուլերը հաճախ էր պատմում։ Մի առիթով էլ պատմել է, թե ինչպես են հոր հետ գնացել հայրենի գյուղ, բայց փլատակներից բացի ոչինչ չեն գտել։

«Հայրս մի օր ասաց. «Տղա ջան, ամբողջ աշխարհը պտտեցար, բայց մեր գյուղը չեկար»: Որոշեցինք գյուղ գնալ, ամբողջ տեղը պտտվեցինք, հայրս իրենց տունը փնտրեց, բայց չգտավ, որովհետև քանդել էին: Հետո գերեզմանատուն գնացինք, այնտեղ էլ էին քանդել»:

Հիմա անցնենք Գյուլերի անվան հետ կապվող գլխավոր երևույթին՝ լուսանկարչությանը։ Արա Գյուլերը լուսանկարչությամբ սկսել է հետաքրքրվել դեռ ուսանողական տարիներին։ Անշուշտ, լուսանկարչի առաջին սերը կինոն ու թատրոնն էին, բայց լուսանկարչությունը նրա հավերժական սերն էր։

«Ամբողջ աշխարհում արվեստները սուտ կխոսեն, սուտ է արվեստը, լուսանկարն է ճիշտը. այն արվեստ չէ, այլ պատմություն»:

Եվ իսկապես, Գյուլերն իր լուսանկարներով պատմություններ էր պատմում՝ քաղաքի, մարդկանց, կյանքի մասին հազարավոր պատմություններ։ Հենց նրա լուսանկարների շնորհիվ են վավերացվել անճանաչելիորեն փոխված քաղաքները, պատկերվել դարի մեծագույն մտածողների հայացքները։ Նա ֆոտոռեպորտաժներ էր անում աշխարհի տարբեր ծայրերում, գործակցում միջազգային հեղինակավոր ամսագրերի հետ, բայց ամեն ինչ Ստամբուլում էր սկսվել։

«Դարձա ոչ թե սովորական լուսանկարիչ, այլ ֆոտոժուռնալիստ, խնդրում եմ ուշադիր լինել. դրանք տարբեր են, ինչպես տարբեր են բժշկությունն ու ատամնաբուժությունը: Առաջին աշխատանքը 1948 թվականին արեցի. Աթաթուրքի արձանն էին ջարդել, լուսանկարեցի ու հրապարակեցի»:

Արդեն 1950 թվականին Գյուլերը սկսում է աշխատել թուրքական «Յենի Իսթանբուլ» ամսագրի համար: Ամերիկյան Time-Life հեղինակավոր հանդեսի առաջին թղթակիցն էր Մերձավոր Արևելքում, աշխատում էր նաև Paris Match և Der Stern ամսագրերի համար, իսկ 1953 թվականից միացել էր Փարիզի Magnum ֆոտոգործակալությանը:

Աշխարհի բոլոր մայրցամաքներում շրջագայած լուսանկարիչը չորս պատերազմ է լուսանկարել ու անգամ հասցրել է բարձրանալ Արարատի գագաթը։

Գյուլերի լուսանկարչական օբյեկտիվում հատուկ տեղ են զբաղեցրել Ստամբուլում արված լուսանկարները։ Նա այն եզակի լուսանկարիչներից էր, որ պատկերել է քաղաքի իրական շունչը ու վավերագրել 1950-1960-ականների Ստամբուլը։

20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի լուսանկարիչներից մեկին Թուրքիայում անվանում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»։ Վստահ կարելի է ասել, որ Գյուլերը Թուրքիայի ֆոտալրագրության հիմնադիրն է, իսկ Ստամբուլը նրա սրտում հատուկ տեղ ուներ։

Գյուլերին համաշխարհային մասշտաբով շատերը ճանաչում են իր ֆիքսած դիմանկարների միջոցով։ Աշխարհահռչակ շատ անուններ են առաջին անգամ լուսանկարվել հենց Գյուլերի ֆոտոխցիկի առաջ։ Նրա օբյեկտիվում են հայտնվել  Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Պիկասոն ու Դալին, Ինդիրա Գանդին ու Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Վիլյամ Սարոյանն ու Արամ Խաչատրյանը։

«Ես բոլորի հետ ընկերանում էի, հետո նոր ռեպորտաժ էի անում»:

Յուրաքանչյուր լուսանկարի հետևում մի պատմություն կար։ Երբեմն այդ պատմությունները զավեշտալի էին։ 2013 թվականին անհատական ցուցահանդեսի առիթով Հայաստան ժամանած Գյուլերը կիսվել էր այս պատմությամբ։

Խաչատրյանին լուսանկարում էր կոմպոզիտորի մոսկովյան բնակարանում: Խաչատրյանը լարված էր ու արհեստական կեցվածք էր ընդունում, իսկ իրավիճակը վատթարացնում էր այն փաստը, որ երկու հայազգի հանճարները նույն լեզվով չէին կարողանում հաղորդակցվել։ Գյուլերն արևմտահայերեն էր խոսում, Խաչատրյանը՝ ռուսերեն։ Իրավիճակը շտկելու և լարվածությունը թուլացնելու համար Գյուլերը դադար է վերցնում, փոխում լույսերի դիրքը և բարձր լարման տակ գտնվող լույսերը փորձում միացնել վարդակին:

«Ամբողջ շենքի լուսերը գնացին: Հիմա մենք Խաչատուրյանի հետ մնացել ենք մութին մեջ: Արամ Խաչատուրյանը մեկ բառ չիդե, ռուսերեն ուրիշ լեզու չիդե: Հիմա ինչերե՞ն պիտի խոսենք մարդու հետ, մթին մեջ ենք մնացել երկուքս»:

Պարզ չէ, թե ի վերջո ինչպես են Գյուլերն ու Խաչատրյանը «լեզու գտել», բայց լուսանկարներն, ինչպես միշտ, առավել քան ստացված էին։

Հայաստանում Արա Գյուլերը մի քանի անգամ է եղել, մեծամասամբ՝ խորհրդային տարիներին։ Հենց այդ տարիներին էլ լուսանկարել է Հայաստանն ու այստեղ ապրող մարդկանց։

Պատմական հայրենիք Գյուլերը վերադարձավ արդեն 2013 թվականին։ Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացվող «Բարև ձեզ» ցուցահանդեսի համար նա Ստամբուլից մոտ 130 լուսանկար էր բերել։

«Հայաստան առաջին անգամ չէ, որ կուգամ: Չորրորդ անգամն է: Ամեն եկած ատենս տակավին քոմունիսթ էին: Առաջին անգամն է, որ քոմունիսթի վերջեն կուգամ։»

Գյուլերի համար սա ոչ միայն հնարավորություն էր հանդիպելու իր արվեստի հայ երկրպագուներին, այլև վաղեմի ընկերներին։ Երբ Ազգային պատկերասրահի ցուցասրահ մտավ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, երկու ընկերոջ հանդիպումը սպասված ու հուզիչ էր։ Թուրքիայում նրանք նույն դասարանում են սովորել, նույն նստարանին նստել։

«Ինչ բան է կյանքը. քանի տարի է անցել, մի ամբողջ կյանք, հիմա նորից կողքիդ նստած եմ, բայց ոչ թե Ստամբուլում ենք, այլ Երևանում, ու աշակերտ չենք, ցավոք»:

Գյուլերի մեծանուն ընկերներից էր նաև Փարաջանովը։

«Շատ է եղել Ստամբուլում. հանդիպում էինք, մտահղացումներ իրականացնում: Շատ եմ լուսանկարել նրան: Բայց այդ լուսանկարների մեծ մասը նա կտրտեց ու կոլաժներ սարքեց: Մի անգամ ատրճանակը դեմ տվեց իր քունքին ու ասաց` նկարիր: Ես էլ նկարեցի: Այդպիսին էր Փարաջանովը»:

Վերադառնալով Գյուլերի լուսանկարչական աչքին։ Հենց Հայաստան կատարած այցի ժամանակ հարցազրույցներից մեկում լուսանկարիչը մանրամասնում էր ֆոտոլրագրության և արտ-լուսանկարչության հստակ բաժանարար գծի մասին։

«Ամեն բան որ կընես, պրոդուքսիոն մը ըրած կըլլաս: Անոր մեջ երբ որ հոգի կը դընես, նայողին ան բան մը գըսե, ան ատեն արտ-ֆոտոգրաֆի կըլլա»:

Իսկ Photoshop-ն ու արհեստական էֆեկտները, ըստ Գյուլերի, խաբում են դիտողին։

«Բնութեան մեջ չիկան լուսեր, դուն ան լուսերը կդնես ու սուտ կխոսիս: Իրականությունն ան չէր»:

Բայց այս կամ այն կերպ, Գյուլերը լուսանկարչության մեջ ու ամեն տեղ առանցքում դնում էր անհատին։

«Առանց մարդու փերսոնալիթեի ռեակցիա չի կրնա ըլլար»:

Արա Գյուլերի լուսանկարները ճշմարտության, անկեղծության ու պահի մասին են։ Դրանք արտացոլում են կյանքը, մարդուն ու պատմությունները՝ առանց արհեստական շղարշի, ու երբեմն անգամ անհարմար անկեղծությամբ։ Գյուլերի թողած մեծաթիվ լուսանկարչական ժառանգությունը պահվում է աշխարհի մի շարք թանգարաններում, բազմաթիվ մասնավոր և ազգային հավաքածուներում։


✍️ Նանե Մանուկյան / PAN