Սխտորի ֆակտուրան, ռումբի դեմ բողոքն ու վերջին հանգրվան հայրենիքը. Հողի մասին հողի գույնով պատմող Հակոբյանը
1923 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ծնված Հակոբ Հակոբյանի արմատները ձգվում էին դեպի Այնթապ։ Նրա ծնողները՝ Տիգրան և Զարուհի Հակոբյանները, Հայոց Ցեղասպանությունը վերապրած հայեր էին, որոնք հայտնվել էին օտար հողում՝ փորձելով նորից կառուցել իրենց կյանքը։ Յոթ տարեկանում հորը կորցրած Հակոբը աղքատությունն ու զրկանք ճանաչեց սեփական մաշկի վրա։ Մայրը, չկարողանալով միայնակ հոգալ որդու կրթությունը, նրան ուղարկեց Կիպրոսի Մելքոնյան վարժարան։
Վարժարանը, որը հայապահպանության կարևոր օջախ էր համարվում, Հակոբյանի համար դարձավ ոչ միայն կրթական հաստատություն, այլև խիստ կարգուկանոնի, ռեժիմի ու օրենքների հետ ծանոթանալու յուրօրինակ միջավայր։ Տարիներ անց, արդեն հասուն տարիքում, նա պատմում էր, որ այդ միջավայրի հստակ ու խիստ ռեժիմը երբեմն ճնշում էր իրեն։ Բայց գուցե հենց այնտեղ էլ ձևավորվեց նրա բնավորության այն կարծր գիծը, որը հետագայում կդրսևորվեր նաև Հակոբյանի արվեստում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Հակոբյանը վերադարձավ Եգիպտոս և 1944-1948 թվականներին սովորեց Կահիրեի գեղարվեստի ակադեմիայում։ Հենց այս շրջանում ստեղծվեց նրա առաջին լուրջ աշխատանքը՝ «Աղոթողներ» շարքը, որը դրական արձագանք գտավ և նույնիսկ գնվեց Կահիրեի թանգարանի կողմից։ Այս վաղ գործերում արդեն հստակ էր երիտասարդ, բայց որոշակի աշխարհընկալում ունեցող արվեստագետի ձեռագիրը։
Եգիպտոսի հայ համայնքը, տեսնելով երիտասարդ նկարչի տաղանդը, որոշում է ֆինանսավորել նրա ուսումը Փարիզում։ 1952-1954 թվականներին Հակոբյանը սովորում է Գրան Շոմիե ակադեմիայում։ Նա երկու տարի ապրում է արվեստի համաշխարհային մայրաքաղաքում, այցելում թանգարաններ, շփվում ժամանակի կարևոր արվեստագետների հետ։
Բայց տպավորություն էր, որ ինչ-որ բան պակասում էր։ Փարիզից վերադառնալուց հետո կատարվում է անսպասելին. Հակոբյանը մոտ վեց տարի չի զբաղվում նկարչությամբ։ Նրան տանջում էին կասկածները՝ արդարացրե՞լ է իր վրա ծախսված գումարները, գտե՞լ է իրեն որպես նկարիչ։ Այս ընթացքուվ զբաղվում է կահույքի դիզայնով՝ փորձելով գտնել իր տեղը կյանքում։
Եվ ահա մի օր ամեն ինչ փոխվում է մի պարզ պատահականության շնորհիվ։ Իրենց պատշգամբում դրված սովորական սխտորների ֆակտուրան, գույնը, ձևը այնքան են տպավորում Հակոբյանին, որ որոշում է կրկին վերցնել վրձինը։ Մեկ նկարից հետո ծնվում է մի ամբողջ շարք, և Հակոբյանը վերադառնում է այնտեղ, որտեղից պետք է չհեռանար։
1960 թվականին, դեռևս Եգիպտոսում ապրելով, Հակոբյանն իր տասը լավագույն աշխատանքներն ուղարկում է Հայաստան՝ որպես հոգու պարտք և նվիրվածության նշան։ Այս քայլը կարծես կանխորոշում է նաև նրա ապագան։
1962-ին, երբ բռնաճնշումների ալիքը կարծես թուլացել էր, իսկ Սարյանը, Մինասը, Դեղձ Աշոտը պարարտ հող էին պատրաստել, Հակոբյանն ընտանիքով տեղափոխվում է Հայաստան։ Հետագայում ասում էր.
«Օտարությունից եմ եկել հայրենիք։ Ուստի չեմ մտածում հեռանալու մասին։ Հայաստանն իմ վերջին հանգրվանն է»։
Մարդիկ հիմնականում Հայաստանն ասոցացնում էին Սարյանի վառ, արևային գույների հետ։ Հետո եկավ Հակոբյանը և ցույց տվեց մեր երկիրը մեկ այլ կողմից՝ մոխրագույն, դարչնագույն, արծաթավուն երանգներով։ Արվեստաբան Լևոն Լաճիկյանը գրում է.
«Հակոբյանի մեղմ ու սառը մոխրավուն-արծաթավուն գույներն առավել շահեկան են հնչում ուշ աշնանը, երբ ծառերն ու թփերը, քարերն ու դաշտերը կարծես իրենց ողջ մերկությամբ ու պարզությամբ են պատկերանում մեր առջև, ցուցադրում իրենց պարզ ձևերը՝ առանց զարդարանքի և սեթևեթանքի: Այդպիսին էլ նկարչի արվեստն է՝ հստակ ու զուսպ, անզարդ ու անպաճույճ, ներդաշնակ ու հավասարակշիռ: Զարմանալին այն է, որ թվում էր, թե իր ոճով և նախընտրած ձևի մեջ նկարիչն արդեն հասել է կատարելության մի սահմանի, երբ հետագա զարգացման տեղ այլևս չկա: Մինչդեռ նա ամեն օր վերստեղծում էր հայրենի բնության տեսարանները՝ հիացնելով դիտողին:»
Լաճիկյանն ասում է՝ նկարիչը հրամցրեց ի՛ր Հայաստանը, և մենք տեսանք ու ճանաչեցինք մեր հողն այդ նույն հողի գույներով ու երանգներով:
Գարնան եւ աշնան ժամանակահատվածները Հակոբյանը տրամադրում էր էտյուդներին, ստեղծում էր ջրաներկ աշխատանքներ: Հետագայում այս գործերը հիմք էին հանդիսանում գեղանկարների համար։ Արվեստագետ Հրազդան Թոքմաջյանի խոսքով Հակոբյանի այդ կտավները բնության անմիջական ազդեցության արդյունք են.
«Միաժամանակ ափշեցուցիչ է այն վարպետությունը, որով Հակոբյանը բնությունից կորզված մոտիվը վեր է ածում գեղարվեստական կերպարի: Ինչպե՞ս է տեղի ունենում այս այլակերպությունը: Բնությունը, թեմաների առօրեականությունը նրան բնավ չեն խանգարում: Նա կարողանում է ընտրված թեման վերաշարադրել այնպիսի ուժով, որ այն վերածվում է խորհրդանիշի, դուրս է գալիս իր ելակետային վիճակից:»
Հակոբյանի ստեղծագործության կարևոր մաս են կազմում թեմատիկ նկարները։ Եգիպտական շրջանի «Կինը խոհանոցում», «Վիշտ», «Դերձակը» գործերում արտահայտված են մարդու հոգեվիճակը, միայնությունն ու տառապանքը։
Ծանր կյանք ապրած նկարչին մշտապես հուզել է թշվառ, տառապող, ճակատագրի դեմ մաքառող մարդկանց կերպարները։ «Վիշտ» կտավում աթոռին նստած է մարդը՝ գլուխն առած ափի մեջ։ Նա պատկերված է այնպես, որ առաջին հայացքից թվում է, թե գլուխն անջատված է ուսերից։ Տպավորություն է, որ միտքն իրապես անկարող է օգնել մարդուն ելք գտնելու անելանելի վիճակից։ «Դերձակը» կտավում կարի մեքենաի առջև նստած անձը հայացքը մտախոհ հառել է հեռուն, խորհում է իր կյանքի մասին, որն սկսվել ու ավարտվելու է այդ մեքենայով։
1970-ականների կեսերից Հակոբյանի արվեստում սկսեցին գերակշռել նատյուրմորտները։ Սեղան-աթոռ, ձեռնոց-վերարկու, ձու, թափանցիկ անոթ, մանեկեն՝ այս պարզ առարկաները նրա կտավներում վերածվում էին կոմպոզիցիայի, որտեղ ամեն բան իր ստույգ տեղն ուներ։ Լևոն Լաճիկյանի խոսքով այս կտավները կարելի է բաժանել վաղ և ուշ շրջանի գործերի.
«Տարբերությունը պատկերվածի հանդեպ նկարչի հայացքի ու վերաբերմունքի մեջ է: Առաջին շրջանի գործերում առարկաները պասիվ են ու անշարժ, մինչդեռ ուշ շրջանի, այսպես կոչված, «գործիքային» նատյուրմորտներում դրանք ոչ միայն կարծես շարժվում են, այլև կտրում են ու հարձակվում, զրուցում ու… սիրահարվում:»
Հակոբյանը ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր է եղել 1967-1971 թվականներին, բայց նրա իրական հասարակական դիրքորոշումն արտահայտվում էր արվեստում։
1977-78 թվականներին ստեղծված «Ոչ նեյտրոնային ռումբին» կտավը դարձավ նրա ամենաաղմկահարույց աշխատանքը։ Այն ընկալվեց որպես նորաստեղծ ռումբի դեմ բողոք, որ հնչում է ԽՍՀՄ-ից։ Հրազդան Թոքմաջյանը նշում է, որ «Ոչ նեյտրոնային ռումբին»-ի դեպքում հերոսը մեկտեղված մարդկանց ամբոխ է, անմարմին մարդկանց ծովածավալ բազմություն.
«Հակոբյանը «անգիտակից» մարդկանց զանգվածի հաջողված կերպարը օգտագործել է ևս մի քանի կտավներում: Նա նույն բազմությունը տեղափոխում է երկաթգծի կայարան, քաղաքային միջավայր եւ հետաքրքրական երանգներ ավելացնում սկզբնական գաղափարին: Այս գործերը միաժամանակ ցույց են տալիս, որ հեղինակի «միտք բանին» ուղղակիորեն չի առնչվում մահաբեր ռումբին:»
Հակոբյան նկարիչը նման չէր ոչ ոքի, յուրօրինակ էր իր արվեստի, գույների ու տեսակի մեջ։ Երբեմն ինքն էլ խոսում էր այս մասին.
«Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես, օրինակ, Սարյանը, Մինասը, Կալենցը։ Իմը շատ սահմանափակ դիապազոն է՝ սպիտակ, մոխրագույն, օխրա... Եթե փորձեմ կարմիր-կապույտ՝ չի ստացվի, կեղծ բան կլինի։ Բայց երբ ես նկարում եմ սևով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են։ Սա իմ նկարչությունն է»։
Չնայած Հայաստանում ապրելուն՝ Հակոբյանը երկար ժամանակ հրաժարվում էր նկարել Արարատը։ Վախենում էր այդ մասշտաբից, ասում էր, թե «ինքը Սարյան չէ»։ Միայն հայրենադարձվելուց 12 տարի անց նա համարձակվեց մոտենալ այս թեմային՝ ստեղծելով ոչ մեծամասշտաբ, բայց յուրահատուկ «Արարատներ»։
Հակոբյանը մահացել է 2013 թվականին՝ 90 տարեկանում։ Մահից հետո ընտանիքը հրապարակեց նրա վերջին գրառումները։ Հայրենիքի ու պետության մասին տողերն այնտեղ շատ էին.
«Եթե մի բան կա, որ ես ամբ ողջ հոգով կփափագեի ունենալ՝ մի պետություն, որ աշխարհի ամբողջ հայության համար դառնար մի մագնիս, մի ձգողական ուժ։ Մշակույթի բարձրագույն արտահայտությունը պետությունն է։ Մշակույթը միշտ ազգային է... Յուրաքանչյուր մարդու ներսում առկա «պետը» իր եսի գերադրական աստիճանն է։ Լինել «պետ» իր անձի, ընտանիքի, սերունդի, իր զբաղմունքի, ստեղծագործության, պահվածքի... Լինել պիտանի... Եվ բոլոր «ես-պետեր»-ի հանրագումարը վիթխարի ուժ է՝ հայրենիքի, ազգայինի, տեսակի պաշտպանությունը»։
Այսօր Հակոբ Հակոբյանի գործերը պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Նա արժանացել է բազմաթիվ պարգևների՝ 1996-ին՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2003-ին՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանների, 1977 և 1985 թվականներին՝ Հայաստանի պետական մրցանակների։ 1977-ին նրան շնորհվել է Հայաստանի ժողովրդական նկարչի, 2001-ին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ։ Տարիներ առաջ Pan.am-ին տված հարցազրույցում համադրող Մարգարիտա Խաչատրյանն իրավացիորեն նշում էր.
«Սխալ է Հակոբյանի արվեստը նեղացնել ու միայն «սփյուռքյան հոգեվիճակի» ֆոնի վրա պահել։ Նա բոլոր շանսերն ունի միջազգային ճանաչման նկարիչ դառնալու համար»։
Հակոբյանի արվեստում կա և՛ ազգայինը, և՛ եվրոպականը, և՛ մերձավորարևելյանը։ Բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ «հակոբյանականը»։ Նա այն արվեստագետներից էր, որը կարողացավ համադրել տարբեր մշակույթների ազդեցությունները՝ ստեղծելով ինքնատիպ, ճանաչելի ոճ։
Հակոբ Հակոբյանը օտարության մեջ տասնյակ տարիներ ապրելուց հետո եկավ գտնելու իր հայրենիքը, և գտավ։ Իսկ նրա վրձնի շնորհիվ մենք վերագտանք մեր երկիրը՝ ճանաչելով մեր հողի իսկական գույները, ուսումնասիրելով այն այլ հայացքով։