Հակոբ Հակոբյանը՝ Ազգային պատկերասրահում․ 100-ամյակ՝ ՀՀ-ում չցուցադրված նկարով, հակադրվող պատկերներով և հոգու հայելիով
Եգիպտոսում ծնված, Կիպրոսում ու Ֆրանսիայում ուսանած նկարիչ Հակոբ Հակոբյանը (1923-2013թթ) կյանքի վերջին տասնամյակներն ապրել է Հայաստանում։ Իր ստեղծագործական կյանքում բազմաթիվ հետաքրքիր և հարուստ դրվագներ ունեցած նկարիչը նաև շատ անգամներ է ցուցադրվել․ այս մեկը, սակայն, 100-ամյակի առիթով՝ նոր լուծումներ, չտեսնված կտավներ ու «հոգու հայելիներ» է ներառում։ Ցուցադրության խորագիրն է այդպիսին՝ «Հոգու հայելի»։
Ազգային պատկերասրահում Հակոբյանի աշխատանքների ցուցադրության համադրող Մագարիտա Խաչատրյանն է պատմում․ «Նրա նկարները, իսկապես, նրա հոգու հայելին են՝ մտորումները, ապրումները։ Հենց ինքն էր ասում՝ «Իմ ստեղծագործության հիմքում ապրումներս են»։
PAN-ը շրջել է պատկերասրահում ու լսել ցուցահանդեսի համադրողին՝ հասկանալու համար՝ ինչով է առանձնանում և առանձնահատուկ Հակոբյանի այս ցուցահանդեսն ու արվեստն առհասարակ։
Ցուցահանդեսն իրականացել է Հակոբյանի ընտանիքի հետ գործակցությամբ, գործերի գերակշռող մասն ընտանիքին է պատկանում՝ ավելի քան 60 ստեղծագործություն, 2 գործ բերվել է Ժամանակակից արվեստի թանգարանից, իսկ մնացած աշխատանքներն Ազգային պատկերասրահինն են։ Ընդհանուր առմամբ, Հակոբյանի գործերը 4 սրահում են՝ բաժանված ստեղծագործական մի քանի շրջանների՝ եգիպտականից մինչև հայրենադարձություն։
ԵԳԻՊՏԱԿԱՆ ՍՐԱՀՈՒՄ․ ԻՆՉՊԵՍ ՍԽՏՈՐԻ ԳՈՒՅՆԸ, ՁԵՎԸ ՈԳԵՇՆՉԵՑ 6 ՏԱՐԻ ՉՆԿԱՐԱԾ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Հակոբյանը ծնվել է 1923-ին՝ Ալեքսանդրիայում, նախնիները եղել են Այնթապից։ 7 տարեկանում հորը կորցրած նկարիչն ապրել է սուղ պայմաններում, մայրը նրան ուղարկել է Կիպրոսի Մելքոնյան վարժարան, որտեղ սովորել է մինչև Հայրենական պատերազմի սկիզբը։
Այս տարիների մասին Հակոբյանը շատ հիշողություններ ունի, վերջերս էլ իր երկհատորյակն է տպագրվել, բայց որքան էլ նա հայաշունչ օջախում է եղել, սովորել է այնտեղ ու այնտեղից, իր հուշերում այլ բան ենք կարդում ու իմանում։
«Երբ կարդում էի նրա հուշերը, ավելի ուշ նաև՝ շփվում նրա հետ, Հակոբյանն ասում էր՝ իր համար դա ինչ-որ առումով խիստ օրենքներով մի տեղ էր՝ միանման, խիստ ռեժիմով, քարացած օրենքներով»,- պատմում է Մարգարիտան։
Կիպրոսից հետո Հակոբյանը վերադառնում է Կահիրեում սովորելու, նույնիսկ ցուցադրություն է ունենում, այսպես մինչև 1945-47 թվականներ։ Հենց այս շրջանում են արվել Հակոբյանի հայտնի շարքը՝ «Աղոթողները»։ Այս շարքի գործերից գնվել է անգամ Կահիրեի թանգարանի կողմից։
Այդ տարիներին Եգիպտոսի հայկական գաղթօջախը ֆինանսավորում է, որպեսզի Հակոբյանը 2 տարի Փարիզում սովորի։ Արվեստի, բոհեմական կյանքի բոլոր ժամանակների կենտրոնում լինելով, նա բազմաթիվ թանգարաններ է այցելում ու նկարիչների հետ շփվում, բայց մեկ է՝ ինչ-որ բան, կարծես, կրկին պակասում էր։
Այդ տարիներին նա անգամ կասկածներ է ունեցել՝ «իսկ ի՞նչ, եթե իր ուսման վրա դրված գումարը վատնում է․ չէ որ ինքը դեռ չի գտել իրեն, չի կողմնորոշվում՝ ինչ նկարել»։
Այսպես ու այս կասկածներով Փարիզից Եգիպտոս գալուց հետո նա մոտ 6 տարի նկարչությամբ չի զբաղվել՝ գտնելով, որ բացարձակ հեռանկար չունի։ Փոխարենը զբաղվել է կահույքի դիզայնով։ Ու մի օր շատ պատահաբար ամեն ինչ կրկին սկսվել է. պատճատը սովորական սխտորներն էին։
Գեղանկարների իր այս շարքը ոգեշնչված է սովորական սխտորի կապից. իրենց պատշգամբին դրված սխտորի ֆակտուրան, գույնը, ձևն այնքան ազդեցիկ են լինում, որ նկարելուց ցանկություն է առաջանում։ Մի նկարից հետո մի ամբողջ շարք է ծնվում։
«Հաճախ, երբ խոսում են Հակոբյանի արվեստի մասին, սխտորը կապում են մրմուռի, ցավի, հայրենիքի, նախնիների՝ ցեղասպանություն վերապրելու թեմաներին։ Բայց ինքն ասում է՝ պետք չէ այդպես․ այստեղ սխտորն իր ֆորմայով ինձ գայթակղեց»,- բացատրում է Մարգարիտան, ավելացնելով՝ սխտորների այս շարքը միայն հայրենիքի ցավերով պայմանավորել պետք չէ․ և երբ միայն մեկ պրիզմայով ես նայում, նկարչին էլ «դրանից դուրս գալու շանս» չի ունենում։
Ցուցադրության համադրողն ասում է՝ Հակոբյանի մոտ և՛ ազգայինը կա, և՛ եվրոպականն ու մերձավորարևելյանը։
«Սխալ է Հակոբյանի արվեստը նեղացնել ու միայն «սփյուռքյան հոգեվիճակի» ֆոնի վրա պահել․ նա բոլոր շանսերն ունի միջազգային ճանաչման նկարիչ դառնալու համար»,-նշում է նա։
Եթե Հակոբյանի Եգիպտական շրջանում հիմնական շեշտադրումը մարդու ու նատյուրմորտի վրա է, նյութն իր ձևի մեջ է երևում, հետագա շրջաններում արդեն դրանցում սիմվոլիզմ է նաև։ Այս փուլում՝ զուտ գեղանկարչական հետաքրքրություն առարկայի, իրի հանդեպ։
Հենց այս շրջանում տեսնում ենք նաև ֆրանսիական Միսերաբլիստական (ֆր․ miserable՝ «թշվառ» բառից) արվեստի որոշակի ազդեցություն։
Հակոբյանի հայտնի «Վիշտը» այդ կտավներից մեկն է. արտահայտում է մարդու՝ իր առօրյա հոգսի տակ կքած լինելը։ Նա հայ մարդ չէ, ֆրանսիացի չէ, եգիպտացի չէ․ մարդն է՝ կռացած ինչ-որ ցավից, կծկված ինչ-որ խոհից։
«Վշտի», մյուս դիմանկարների ու նաև սխտորների կողքին Հակոբյանի այս ցուցադրության մեջ մի բացառիկ պատկեր կա։ Այն մեկ անգամ է ցուցադրվել, միայն Եգիպտոսում` մոտ 60 տարի առաջ։
Այս տիկնիկը Մելքոնյան վարժարանի իր ընկերներից մեկի՝ Գրիգոր Քեշիշյանի աղջկա տիկնիկն է եղել։ Ցուցահանդեսի համադրողը նշում է՝ ինչ-որ առումով, այս գործը նաև սյուռեալիստական կարող է որակվել՝ դիտարկվելով մարդու ողջ ու մեռած լինելու կոնտեքստը։
Նկարչի ընկեր Գրիգոր Քեշիշյանի աղջիկն է ցանկացել, որ այս գործը ցուցադրվի նրա 100-ամյակի շրջանակում։ Ի դեպ, նա ցանակնում է նաև այս կտավը վաճառել։
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ
1962-ին Հակոբյանը Հայաստան է հայրենադարձվում։ Սա այն ժամանակահատվածն էր, երբ ճնշումների, բռնաճնշումների ալիքները քիչ թե շատ մարել, Սարյանը, Մինասը, Դեղձ Աշոտը գեղանկարչության ոլորտում պարարտ հողն արդեն նախապատրաստել էին։
Հակոբյանը մեկ տարի անց անհատական ցուցահանդեսի էր․ սա մեծ ազդակ էր, որ նկարչին իր միջավայրում ճիշտ են ընկալում։
Ի դեպ, մինչև 1962-ին Հայաստան գալը Հակոբյանն իր 10 լավագույն գործն արդեն Ազգային պատկերասրահին էր նվիրել։
«Նա մի ալտերնատիվ մտածող էր, Հայաստանում այս կերպ, այս գունամտածողությամբ մտածող նկարիչ քիչ կար։ Ինքն ասում էր՝ ավելի մեղմ ու հողեղեն գույներ է սիրում։ Քննադատություն անգամ կար, թե միօրինակ ու միագույն են Հակոբյանի գործերը»,-նշում է Մարգարիտան՝ ուղեկցելով մեզ ցուցահանդեսի երկրորդ սրահ։
Այստեղ արդեն Հայաստանի ճանապարհներն են ու Արարատը։ Չնայած Հակոբյանը երկար տարիներ հրաժարվել է Արարատը նկարել՝ ասելով, թե այդ մասշտաբից վախենում է՝ Սարյանը չէ, բայց արել է դա Հայաստան գալուց 12 տարի անց։ Ոչ մեծամասշտաբ գործերով և ընդգրկուն, բայց Արարատներ կան Հակոբյանի մոտ։
Բազմաթիվ բնանկարների կողքին, այս շրջանում Հակոբյանը նաև ավարտել է Եգիպտոսում սկսածը՝ հանրահայտ «Մարդը և բույսը» կտավը։
Կտավը մեկնաբանելիս Մարգարիտան նշում է՝ «կռկված, կորացած, ծանրաբեռնված մարդու կերպարին համադրվողը բույսի՝ հույսի սիմվոլն է»։
Հենց այս սրահում՝ բնանկարների ու ծլարձակող հույսի կողքին համադրողը նախընտրել է ցույց տալ Հակոբյանի կտրուկ, սառն ու սարսուռ առաջացնող երկու գործ։ Հակադրվելով մյուս գործերի երանգներին, բացելով բազմաթիվ փակագծեր ու մորթազերծ անելով խոշոր եղջերավորների․ Հակոբյանն այսպես է քննադատել 1930-ականների բռնաճնշումները։
Չնայած ինքն այդ տարիներին Խորհրդային Հայաստանում չի ապրել, բայց միայն լսած պատմությունները նրան ստիպել են մաշկազերծ եղածների պատկերել։
Սա այս ցուցադրության միակ սրահն է, որտեղ Մարգարիտան ժամանակագրություն չի խախտել․ «Ուզում էի ցույց տալ, որ նկարիչը նաև այսպես է մտածել, այսքան կտրուկ։ Հակոբյանի հետ անձամբ 10 տարի շփվել եմ։ Մեր ընտանիքի մշտական հյուրերից էր, սիրում էր մեր խաղողի այգում նստել։ Ինքը շատ հանգիստ մարդ էր, բայց ներքուստ բավականին սուր ասելիքով, կտրուկ ու շեշտակի, և չէր վախենում քննադատությունից»,-ասում է նա։
ԲՆԱՆԿԱՐՆԵՐԻՑ՝ ԵՐԿԱԹԻ ԵՎ ԻՐԵՐԻ ԱՇԽԱՐՀ, ՈՒ ՆՈՐԻՑ ՄԱՐԴԻԿ
1970-ականների կեսին Հակոբյանի մոտ ապրումների փոփոխություն եղավ, ու բնանկարներին հաջորդեցին իրերի աշխարհն ու նատյուրմորտները։
Հենց այս շրջանում էլ նրա արվեստում սկսում են հայտնվել մետաֆիզիկական դետալներ՝ ձեռնոցներ, չորացած ծաղիկներ, ձուկ։ Նկարիչը սկսում է կտավով դիտարկել մարդու և իրերի հարաբերություններն ու անգամ անշուչ առարկաների գրոհը մարդու վրա։
Այս սրահում կրկին ժամանակագրություն է խախտված՝ իրերի ու նատյուրմորտների հակադրությունը ներկայացնելու համար։
«Ինքն ասում էր, թե մարդը կարող է կծել, ցավացնել, առարկան էլ կարող է, ու առարկայի մարդկայնացումը կրկին այս կոնտեքստում երևացող է։ Ամենասովորական առարկաների մեջ նա կոնտեքստ էր դնում ու խոսեցնում»,- նշում է Մարգարիտան։
Այս շրջանի որոշ գործերում փակ, վակուումային վիճակն է գերիշխում, կան նաև դետալներ, որ սյուռեալիզմի, դադաիզմի նմուշներ են պարունակում։
ԵՐՐՈՐԴ ՍՐԱՀԸ՝ ՀԱԳՈՒՍՏՆԵՐ ԵՎ ՄԱՆԵԿԵՆՆԵՐ
Հայաստանի անկախության շրջանին նախորդած ու հաջորդած այս գործերում հետաքրքիր սիմվոլիզմով «դատարկ», անմարմին հագուստներ են։ Այս սիմվոլիկ պատկերները հաճախ մեկնաբանվում են որպես պայքարի, ձգտման, հոգևոր ու ֆիզիկական վիճակի խորհրդանիշեր։
Իսկ, ընդհանրապես Հակոբյանի արվեսում կոստյումը կամ վերարկուն տղամարդու է խորհրդանշում, այս գործերից մի քանիսում, ինչպես և քանդակների շարքում, կան կին-տղամարդու, կյանքի շարունակության, սիրո և ընտանիքի գաղափարներ։
Եվ այդ կյանքի շարունակության ֆոնին դրված է նաև Հակոբյանի համար «բնորդ» ծառայած մանեկենը․ նկարչի 95-ամյա կինն է մինչ օրս այն պահում, ինքն էլ փոխանցել է Ազգային պատկերասրահին ցուցադրության համար։
Հակոբյանի բազմաթիվ կտավներում երևացած մանեկենն ու այս ցուցադրությաննը ներկայացված կտավների մի մասը հենց նկարչի տանն է պահվում։ Մարգարիտան ասում է՝ չնայած Հակոբ Հակոբյանի տանը կտավների պահպանման բոլոր պայմանները կան, բայց ընտանիքը երազում է թանգարան ունենալու մասին։ Նկարչի ընտանիքը պատրաստ է իր ամբողջ ժառանգությունն այդ թանգարանին նվիրել, որի բացման մասին բազմաթիվ խոսակցություններ եղել են, քայլեր՝ ոչ։