Կռու պոպոքները. Յոթ գիրք, որոնք անհնար է ճիշտ էկրանավորել
Օրերս Netflix-ը թողարկեց Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» մոնումենտալ գրական աշխատության առաջին ու միակ էկրանավորման առաջին եթերաշրջանը։ Իր կենդանության օրոք մոգական ռեալիզմի հայրը թույլ չէր տալիս էկրանավորել իր գլխավոր վեպը, ու դա հասկանալի էր։ «Հարյուր տարվա մենության» բարդ ու զգայական ստրուկտուրան, փիլիսոփայական կենտեքստն ու խիստ գրական լինելը բարդացնում էին այն վիզուալիզացնելու ցանկացած փորձ։ Այդուհանդերձ, Netflix-ը խիստ տաղանդավոր կոլումբիացի կինեմատոգրաֆիստների հետ փորձեց դա անել։ Սերիալը կարելի է ստացված համարել, քննադատները ու հանդիսատեսի զգալի մասը գոհ են, սակայն Մարկեսի սիրահարներն արդարացիորեն նշում են, որ վիզուալ մեդիա տեղափոխելու ճանապարհին «Հարյուր տարվա մենությունը» կորցրել է հազիվ որսալի, բայց առանցքային մի բան։ Ու դա հասկանալի է։ Կան բազմաթիվ գրքեր, որոնք կարծես գրված լինեն էկրաններ տեղափոխելու համար։ Սակայն կան նաև այնպիսիք, որոնց ադապտացիան, եթե ոչ անհնար, ապա ծայրահեղ բարդ խնդիր է։
PAN-ը պատմում է յոթ նման գրքի մասին։
«Դյունա», Ֆրենկ Հերբերտ
Ամերիկացի ֆանտաստ Ֆրենկ Հերբերտի «Դյունա» վեպը (1965) գիտաֆանտաստիկ էպոս է` առանձնահատուկ իր խորը աշխարհակառուցմամբ և փիլիսոփայական բովանդակությամբ։ Սյուժեն զարգանում է Արակիս անապատային մոլորակում, որը միակ վայրն է հայտնի Տիեզերքում, որտեղից հնարավոր է արդյունահանել «մելանժ» կոչվող նյութը։ Այն ոչ միայն ավելացնում է կյանքի տևողությունը, ընդլայնում գիտակցությունը, այլև կենսական անհրաժեշտ է միջաստեղային ճամփորդությունների համար։ Հետևաբար, առանց մելանժի հնարավոր չի լինի գալակտիկական մարդկային քաղաքակրթության գոյությունը։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Վեպը քննարկում է իշխանության, կրոնի, բնապահպանության և մարդկային ներուժի թեմաները` հաճախ ներկայացնելով դրանք կերպարների ներքին մենախոսությունների միջոցով։ Վեպի խիտ սյուժեն ներառում է էկոլոգիական ուսումնասիրություններ, քաղաքական ինտրիգներ և փիլիսոփայական գաղափարներ, որոնք դժվար է արտահայտել վիզուալ պատկերների միջոցով։ Հերբերտը ստեղծել է նաև եզակի տերմիններով և լեզուներով հարուստ բառարան, որն առանց հանդիսատեսին ծանրաբեռնելու էկրանին փոխանցելը բարդ է։ Ընթերցանության ընթացքում սյուժեի տեմպը փոփոխվում է՝ անցնելով դանդաղ մտորումներից դեպի շեշտակի գործողություններ, ինչը վիզուալ միջավայրում պատկերելը կարող է բարդացնել հանդիսատեսի ներգրավվածությունը։
Համենայնդեպս, փորձեր եղել են։ Այսպես, Դեյվիդ Լինչի «Դյունան» (Dune, 1984) հռչակավոր ռեժիսորի անհաջող փորձն էր ամբողջ վեպը տեղավորել մեկ ֆիլմի մեջ, ինչի հետևանքով սյուժեն խճճված է և շտապողական։ Չնայած տպավորիչ վիզուալին, ֆիլմը չկարողացավ արտահայտել վեպի խորությունը, սակայն ժամանակի ընթացքում դարձավ կուլտային։ Իսկ այ Դենի Վիլնյովը որոշեց բաժանել գիրքը երկու մասի, ինչը թույլ տվեց ստեղծել ավելի հավատարիմ ադապտացիա։ Ֆիլմերը բարձր գնահատվեցին վիզուալ գեղեցկության, աշխարհակառուցման ու մատչելի սյուժեի համար, սակայն գիրքը չկարդացած մարդու մոտ դրանք բազում հարցեր են առաջացնում։
«Ուլիսես», Ջեյմս Ջոյս
Իռլանդացի դասական Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը (1922) համարվում է մոդեռնիստական գրականության մեծագույն գործերից մեկը։ Այն նկարագրում է մեկ օր Դուբլինում` 1904 թ. հունիսի 16-ը, ներկայացնելով այն Լեոպոլդ Բլումի, Սթիվեն Դեդալուսի և Մոլի Բլումի աչքերով, առատորեն օգտագործելով ներքին մենախոսություններ, բառախաղեր և հղումներ Հոմերոսի «Ոդիսականին»։ Շուրջ յոթ տարվա գրական ծանր աշխատանքի արդյունքում ծնված ծավալուն այս վեպը պոլիոճային է` ներառելով միանգամից մի քանի գրական ոճեր, որոնց միջոցով քննարկվում են ինքնության, մահվան ու խեղդող առօրյայի ներքո մարդու ոչնչանալու թեմաները։ Վեպը հիմնականում հիմնված է ներքին մենախոսությունների վրա, և գործողությունների մեծ մասը տեղի է ունենում կերպարների մտքերում։ Ջոյսի էքսպերիմենտալ արձակը, հարուստ հումորով և լեզվական խաղերով, ծայրահեղ բարդ է, եթե ոչ անհնար, արտահայտել վիզուալ միջոցներով։ Գործն էլ ավելի է բարդանում ոճերի և տոնայնությունների հաճախակի փոփոխությունների պատճառով։
Ռեժիսոր Ջոզեֆ Ստրիկի «Ուլիսես» (Ulysses, 1967) ֆիլմը փորձում է հավատարիմ մնալ գրքի երկխոսություններին և կառուցվածքին, սակայն չի կարողանում արտահայտել դրա գրական խորությունը։ Չնայած ֆիլմի հավակնություններին, այն քննադատվեց իր չորության և վեպին անծանոթ հանդիսատեսի համար անհասանելի լինելու պատճառով։ 2003-ին Շոն Ուոլշի «Բլում» (Bloom) ֆիլմը վերջնական ապացուցեց, որ բոլոր ժամանակների մեծագույն վեպը անհնար է էկրանավորել։
«Ձայն և կատաղություն», Ուիլյամ Ֆոլքներ
Ինչպես «Ուլիսեսի» դեպքում, ամերիկացի գրող Ուիլյամ Ֆոլքների «Ձայն և կատաղություն» մոդեռնիստական, հարավգոթիկական վեպում (1929) նույնպես օգտագործվում է պատման միանգամից մի քանի ոճ, այդ թվում` գիտակցության հոսքեր ներքին մոնոլոգների ու ապրումների տեսքով։ Վեպը տարբեր կերպարների տեսանկյունից պատմում է Կոմփսոն ընտանիքի անկման մասին։ Սյուժեն ներառում է Բենջիի՝ մտավոր հետամնաց կերպարի, տեսանկյունը, ու գրքի այդ գլուխը գրված է խզված, ոչ գծային մենախոսությամբ։ Վեպի ոչ դասական կառուցվածքը և ժամանակային փոփոխությունները դժվարացնում են համակարգված վիզուալ պատմության ստեղծումը, իսկ նորարարական հատվածները հիմնված են ներքին մենախոսությունների և սուբյեկտիվ փորձառությունների վրա, որոնք դժվար է վիզուալ փոխանցել։
1959-ին էկրաններ բարձրացավ ռեժիսոր Մարտին Ռիթի «Ձայն և կատաղություն» (The Sound and the Fury) ֆիլմը։ Ռիթը զգալիորեն փոխել էր սյուժեն՝ կենտրոնանալով պարզեցված դրամատիկ պատմության վրա։ Արդյունքում, ֆիլմը բավականին սառը ընդունվեց, քննադատները մեղադրում էին Ռիթին վեպի բարդությանը դավաճանելու մեջ։
Էլ ավելի անհաջող էր Ջեյմս Ֆրանկոյի տարբերակը 2014թ-ին։ Չնայած այն ավելի հավատարիմ էր սկզբնաղբյուրին, սակայն խիստ բացասաբար ընդունվեց` հանդիսատեսին էմոցիոնալ ներգրավելու անհաջող փորձի և անհավասար տեմպի պատճառով։
«Ծուղակ 22», Ջոզեֆ Հելլեր
«Օրրը խելագար էր, և նրան կարող էին ազատել թռիչքներից։ Միակ բանը, որ նա պետք է աներ դրա համար, խնդրելն էր։ Բայց հենց որ նա խնդրեր, նրան անմիջապես կդադարեին խելագար համարել և կստիպեին կրկին մասնակցել առաջադրանքներին։ Օրրը խելագար էր, եթե շարունակում էր թռչել։ Նա նորմալ կլիներ, եթե ցանկանար դադարեցնել թռիչքները, բայց եթե նա նորմալ լիներ, ապա պարտավոր կլիներ թռչել։ Եթե նա թռչում է, ուրեմն խելագար է և, հետևաբար, չպետք է թռչի, բայց եթե նա չի ուզում թռչել, ապա առողջ է և պետք է թռչի։ Այս դրույթի բյուրեղյա հստակությունն այնքան մեծ տպավորություն թողեց Յոսսարյանի վրա, որ նա նշանակալից կերպով սուլեց»։
Ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի «Ծուղակ 22» (1961) վեպը սատիրիկ հակապատերազմական գործ է, որի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն պատմում է կապիտան Յոսսարյանի մասին, ով ամեն ինչ անում է պատերազմական դժոխքից խուսափելու համար։ Վեպը ոչ գծային է, այն սև հումորի, աբսուրդի ու հիանալի լեզվական լուծումների միջոցով քննադատում է մեծ քաղաքականությունն ու բյուրոկրատիան։
Ռեժիսոր Մայք Նիկոլսի «Ծուղակ 22» (Catch-22, 1970) ֆիլմը հավատարիմ է մնում գրքի հումորային մասին, բայց դժվարանում է արտահայտել դրա խառնաշփոթ կառուցվածքը։ Չնայած փայլուն դերասանական կազմին ու հրաշալի վիզուալ լուծումներին, ֆիլմը քննադատվեց վեպի զգացմունքային խորությունը փոխանցելու անկարողության համար։
2019-ին մինի սերիալի տեսքով էկրանավորումը համեմատաբար ավելի հաջողված էր։ Չնայած այն չուներ օրիգինալ վեպի սրությունը, սակայն սկզբնաղբյուրին առավելագույնս հավատարիմ լինելու շնորհիվ վիզուալ մեթոդներով ուսումնասիրում է այն ամենն, ինչ այս փայլուն վեպում ընդհանրապես հնարավոր է վիզուալ ուսումնասիրել։ Ինչը, բնականաբար, բավարար չէ լիարժեք ինտելեկտուալ բավականություն ստանալու համար, որ տալիս է գիրքը։
«Մութ աշտարակը», Սթիվեն Քինգ
Լեգենդար Սթիվեն Քինգի magnum opus-ը` Ռոլանդ Դիսքեյնի ու իր կա տետի արկածների մասին «Մութ աշտարակը» գրքաշարը գրվել է 30 տարիների ընթացքում ու ներառում է 8 ծավալուն վեպ ու մեկ ծավալուն պատմվածք, ինչը ընդհանուր կազմում է 4316 էջ (անգլերեն լեզվով) ընտիրագույն մռայլ ֆենթեզի մեծագույն գրողներից մեկի ստեղծած աշխարհներում։ Դա էլ քիչ է, Քինգի գրեթե բոլոր առանցքային ստեղծագործությունները այս կամ այն կերպ կապված են «Մութ աշտարակի» հետ` ձևավորելով ահռելի գրական սարդոստայն, բարդագույն մուլտիվերս, որի ուսումնասիրությունը ընթերցողից կարող է մի ամբողջ կյանք պահանջել։ Իմաստ չունի էկրանավորել «Մութ աշտարակը»` մնացած հսկայական գրական շլեյֆից անկախ։ Անգամ առաջին գիրքը` «Հրաձիգը» էկրանավորելը ծայրահեղ բարդ խնդիր է, որովհետև սա մեդիտատիվ, մեծամասամբ ներքին մտորումներից ու ապրումներից, ինչպես նաև թրմաթրիփերից բաղկացած պատում է Սևազգեստ մարդուն ամայի երկրով հետապնդող Ռոլանդի մասին, իսկ գրքի վերջում Կառլոս Կաստանեդայի ոճում Գոյի կառուցվածքը ներկայացնելը վիզուալ փոխանցելու ցանկացած փորձ ինքնին դատապարտված է ձախողման։ Ու չնայած հիմա Քինգի լավագույն էկրանավորողներից Մայք Ֆլենագանը ատամները սրած սպասում է իր սիրելի գրքաշարի սերիալային էկրանավորումը հեղինակելուն, երկրպագուներից քչերն են կարծում, որ այն կստացվի անգամ Ֆլենագանի նման վարպետի մոտ։
Ու այս պարագայում ծիծաղելի էին Sony կինոընկերության հավակնությունները, երբ իրենք, իրենց հոր դեմքը մոռացած, որոշեցին էկրանավորել «Մութ աշտարակը» մոտ ժամ ու կեսանոց, $60 մլն բյուջեով ֆիլմի տեսքով` ռեժիսորական աթոռին նստեցնելով խեղճ ու կրակ դանիացի ջահել Նիկոլայ Արսելին։ Ռոլանդի դերը (ում Քինգը նկարագրում էր երիտասարդ Քլինթ Իսթվուդի տեսքով) տվեցին Իդրիս Էլբային (ում ֆիլմից հետո անգամ հարազատ զավակները չեն բարևում, իսկ տանը սնվում է առանձին սեղանի մոտ), իսկ Սևազգեստ մարդունը` Մեթյու Մկքոնեհիին, ինչը լավ ընտրություն կլիներ, եթե արդյունքում դուրս եկածը ընդհանրապես հնարավոր լիներ կինո անվանել։
Կարճ ասած, «Մութ աշտարակը» (The Dark Tower, 2017) իր հզոր գրական սկզբնաղբյուրին ուղղված շատ ծանր հայհոյանք է։ Այնքան, որ գրքերի երկրպագուները ստիպված ալկոհոլ էին տանում կինոդահլիճ` ընթացքում չխենթանալու ու էկրանը չայրելու համար։
«Ձգողականության ծիածան», Թոմաս Փինչոն
Ամերիկացի գրող Թոմաս Փինչոնի «Ծանրության ծիածան» (1973) վեպը պոստմոդեռնիզմի գլուխգործոց է, որը բարդագույն պատման մեջ է ներգրավում միմյանց հետ հատվող բազմաթիվ թելեր ու ավելի քան 400 կերպար, որոնք բոլորը կենտրոնացած են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին «Ֆաու-2» հրթիռի մշակման թեմայի շուրջ։ Վեպն ուսումնասիրում է պարանոյայի, տեխնոլոգիաների զարգացման, դետերմինիզմի, էնթրոպիայի, սեքսուալության ու դավադրության տեսությունների թեմաները։ Այս ծավալուն վեպի խիտ, ոչ գծային կառուցվածքը ներառում է նաև սյուռեալիստական դրվագներ և աբսուրդ հումոր։ Արդյունքում, «Ձգողականության ծիածանի» բարդությունը գրեթե անհնար է դարձնում այն ամբողջությամբ ադապտացնելը։ Տոնայնության, ոճի ու ժանրային հաճախակի փոփոխությունները խախտում են ցանկացած ավանդական սյուժետային կառուցվածք, իսկ սյուռեալիստիկ տարրերը ու սև հումորը կարող են վանել հանդիսատեսին։
«Ձգողականության ծիածանը» երբեք լիարժեք չի ադապտացվել։ Շատ հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են բոդի հորրորի վարպետ Դեյվիդ Քրոնենբերգը, հետաքրքրություն են արտահայտել, սակայն վեպի բարդությունը վախեցրել է նույնիսկ ամենահամարձակ կինեմատոգրաֆիստներին։
«Անսահման կատակ», Դեյվիդ Ֆոսթեր Ուոլես
«Նոր անկեղծության» գրական ուղղության փայլուն ներկայացուցիչ, ամերիկացի գրող Դեյվիդ Ֆոսթեր Ուոլեսի «Անսահման կատակ» (1996) վեպը համարվում է ժամանակակից ամերիկյան գրականության կարևորագույն գործերից մեկը։ Այն ընդգրկում է ավելի քան 1000 էջ և պարունակում է բազմաթիվ պատմական գծեր, որոնք ուսումնասիրում են կախվածության, զվարճանքի և գոյության թեմաները։ Գիրքը հագեցած է նաև հսկայական քանակությամբ ծանոթագրություններով (որոշներն ունեն իրենց ծանոթագրությունները), որոնք հաճախ կարևոր են սյուժեն հասկանալու համար։ Վեպի ահռելի ծավալն ու խճճված կառուցվածքը դժվար է սեղմել մեկ ֆիլմի կամ սերիալի մեջ։ Բազմաթիվ փոխկապակցված պատմական գծերը և ժամանակային առումով խզված կառուցվածքը կարող են շփոթեցնող լինել հանդիսատեսի համար, իսկ բարդ փիլիսոփայական թեմաները և ինքնահեգնանքը պահանջում են երևակայելի տաղանդ այն խիզախ կինեմատոգրաֆիստից, ով ռիսկի կդիմի գիրքը էկրանավորել։
«Անսահման կատակը» երբեք չի ադապտացվել ամբողջությամբ։ Սակայն որոշ թեմաներ և կերպարների բնույթները բացահայտվել են Ջեյմս Փոնսոլդտի «Շրջագայության ավարտը» (The End of the Tour, 2015) ֆիլմում, որը Դեյվիդ Ֆոսթեր Ուոլեսի մասին կենսագրական պատմություն է։