MIT-ի ուսանող-գողերը, կոյուղիով փախած զարդերն ու անօթևան օդաչուն. 2024-ի կողոպուտների մասին՝ թարմ-թարմ
Զգացի՞ք, թե ինչպես տարին կիսվեց։ Ինչպես միշտ, կարծիքներն այստեղ էլ կկիսվեն։ Մի մասը կասի՝ «ընդամենը կեսն ենք անցել», մյուսները կպնդեն, որ «արդե՛ն կեսն ենք անցել»։ Ամեն դեպքում, այս ընթացքում մեծ ու փոքր փոփոխությունները քիչ չեն եղել։ Կես տարվա համար քիչ չէին նաև մեծ ու փոքր կողոպուտները։ Ու թեև դրանց մեծ մասը դասական սցենարների էր հետևում, կային նաև դեպքեր, որոնք կարելի է առանձնացնել։
MIT-Ի ՏՎԱԾ ԽԻՍՏ «ԱՐԺԵՔԱՎՈՐ» ԴԱՍԵՐԸ
Սկսենք Միացյալ Նահանգներից, որտեղ կողոպուտների առումով պատմությունների պակաս չկա։ Օրինակ, այս օրերին մեծ հնչեղություն ունի աշխարհի թոփ 10 համալսարաններից մեկի` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) երկու շրջանավարտի կազմակերպած ու իրականացրած կողոպուտը։
24-ամյա և 28-ամյա երիտասարդները եղբայրներ են, ու կողոպուտը կազմակերպելիս, կարծես, բավականին լավ օգտվել են իրենց համալսարանի տված գիտելիքներից։ Սա սովորական հանցագործություն չէ։ Տղաները 12 վայրկյանում 25 միլիոն դոլարին համարժեք կրիպտոարժույթ են գողացել։
Դատախազությունն անգամ հայտարարել է, որ այս կողոպուտն իր տեսակի մեջ առաջինն է։
«Նրանք կիրառել են տեխնոլոգիապես չափազանց բարդ մի սխեմա, որը մշակելու համար ամիսներ են ծախսել, իսկ իրագործել են այն վայրկյանների ընթացքում»:
Հենց դատախազությունն է ասում, որ տղաները կիրառել են մասնագիտական այնպիսի լուրջ հմտություններ, որոնք վստահաբար համալսարանում են սովորել։
Տղաները հրաժարվել են որևէ բան վերադարձնել։ Մեղադրյալներից յուրաքանչյուրին այժմ սպառնում է ավելի քան 20 տարվա ազատազրկում։
ԼՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՀԱՅԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ)
Բայց այնպես չէ, որ կանխիկ գումարի կողոպուտի դարն անցել է։ Լոս Անջելեսում ավազակները 30 միլիոն դոլար են գողացել ինկասատորների պահեստից։ Սա քաղաքի պատմության մեջ կանխիկ գումարի ամենամասշտաբային գողությունն է։
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Կողոպտիչները հանցագործությունն իրականացրել են Զատիկի տոնին՝ ներխուժելով հատուկ պահպանվող շենքի տարածք, որտեղ պահվում է ամբողջ շրջանի ձեռնարկություններից ստացված կանխիկ գումարը:
Հանցագործները պահեստի շենք են մտել երեկոյան՝ տանիքում անցք բացելով, բայց անվտանգության ահազանգը չի աշխատել։ Ոչ ոք կողոպուտի մասին տեղյակ չի եղել այնքան ժամանակ, մինչև երկուշաբթի մարդիկ վերադարձել են աշխատանքի ու տեսել, որ պահեստը դատարկ է։
Իսկ ամենաինտրիգային պահն այս պատմության մեջ այն է, որ, ըստ իրավապահ մարմինների աղբյուրների, շատ քչերն են իմացել շենքում պահվող հսկայական կանխիկ գումարի մասին։ Կողոպուտը մանրակրկիտ մտածցված է եկել փորձառու և տեղեկացված մարդկանց կողմից։ Կա վարկած, որ հանցագործները շենքի ներսում տեղեկատու հանցակից ունեին։
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՔԹԻ ՏԱԿ
Բայց միշտ չէ, որ կողոպուտներն այսքան լուրջ պլանավորման և իրագործման կարիք ունեն։ Կալիֆոռնիայի մեկ այլ քաղաքում երիտասարդ տղան օրը ցերեկով մտել է Apple-ի խանութ, աշխատակիցների և հաճախորդների աչքի առաջ 49 iPhone գողացել ու հանգիստ հեռացել։
Նա գրպաններում տեղավորել է այնքան iPhօne, որքան կարողացել է, ու անգամ զինված չի եղել։ Մարդիկ էլ ապշած նայել են, թե ինչ է կատարվում, բայց չեն մոտեցել։ Փոխարենը նկարահանել են ամբողջ ընթացքը։ Կադրում երևում է, որ տղան խանութից դուրս գալիս անցնում է ոստիկանական մեքենայի կողքով ու մոտենում իր մեքենային։
Ավելի ուշ ոստիկանությունից պարզաբանել են, որ մեքենայի ներսում որևէ ոստիկան չի եղել։ Քաղաքի տարբեր հատվածներում իրենք «ուրվական մեքենաներ» են կանգնեցնում, որպեսզի բարձրացնեն զգոնությունն ու նվազեցնեն հանցագործությունների թիվը։ Բայց այդ մեթոդը, կարծես, այնքան էլ արդյունավետ չէ։
Լրատվամիջոցների տվյալով, Apple-ի աշխատակիցներին կարգադրվել է չմիջամտել խանութներից գողության փորձերին՝ «բռնության էսկալացիայից» խուսափելու համար։ Վնասը նվազագույնի հասցնելու համար Apple-ի խանութները լրացուցիչ հնարքների են դիմում։ Ցուցադրվող մոդելներում սմարթֆոնի մի շարք գործառույթներ բացակայում են, բայց սա ևս կողոպտիչներին կարծես չի խանգարում։
ԱՆՕԹԵՎԱՆ ՕԴԱՉՈՒՆ
Միացյալ Նահանգների կողոպուտների թեման ամփոփենք տարվա սկզբում մեծ աղմուկ հանած մի դեպքով։ Մարդիկ շոկի մեջ էին մի քանի պատճառով։ Նախ, ինչպես էր անօթևան տղամարդը կարողացել 150,000 դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռ գողանալ, երկրորդ՝ ինչպե՞ս էր նա կարողացել կառավարել այդ ինքնաթիռն ու օդաչուի դերում հանդես գալ։
Եվ երրորդ, տղամարդը հայտարարել էր, որ սա ոչ թե կողոպուտ էր, այլ բողոքի յուրօրինակ ակցիա։ 50-ամյա տղամարդը ցանկանում էր ապացուցել, թե որքան վատ վիճակում է օդանավակայաններում անվտանգության մակարդակը։
Լուի Գուստավ Այրեսն օդաչու չէ, բայց Բրազիլիայում ապրելու տարիներին տարրական գիտելիքներ ստացել է։ Ու հենց դա էլ նրան օգնել է, որ ղեկավարի ինքնաթիռը և անցնի մոտ 40 կմ։ Հետո նա արտակարգ վայրէջք է կատարել լողափերից մեկում: Ինքնաթիռը վնասվել է, բայց տղամարդը չի տուժել։
ԿՈՂՈՊՈՒՏԻ 11 ՐՈՊԵՆ, ԲՐՈՆԶԵ ԴԱՐԻ ՈՍԿԻՆԵՐՆ ՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՇՔԵՂ ՊԱՅՈՒՍԱԿ
Իսկ հիմա ինքնաթիռները թող մեզ հասցնեն Եվրոպա։ Այստեղ կողոպուտները մի տեսակ իրենց ուրույն ոճն ունեն, իսկ հանցագործներին հատկապես գրավում են լյուքս դասի բրենդերն ու դրանց բուտիկները։
Օրինակ, վերջերս հանցավոր խումբը Հռոմում Bulgari-ի բուտիկից մոտ կես միլիոն դոլար արժողությամբ զարդեր է գողացել։ Ոստիկաններին չի հաջողվել ոչ ոքի բռնել, որովհետև կողոպտիչները կոյուղու միջոցով են փախել։
Հանցագործները խանութ-սրահ են մտել հունիսի 9-ի գիշերը՝ փորված թունելով։ Կողոպուտը տևել է ընդամենը 11 րոպե։ Ոստիկանության տվյալներով՝ հանցախումբը խանութ մտնելու համար GPS սենսոր է օգտագործել: Հանցագործները նախ անջատել են անվտանգության տեսախցիկները, հետո առանց հետքեր թողնելու իրենց գործն են արել, ու երբ պատրաստվում էին հեռանալ, միացել է անվտանգության ազդանշանը։
Ոստիկանները դեպքի վայր են հասել 7 րոպեում, բայց, ցավոք, կրկին հայտնվել են ֆիլմերից ծանոթ տեսարանում՝ «մի փոքր» ուշացել են։
Դե իսկ Փարիզի կենտրոնում հանցագործների թիրախում է հայտնվել Chanel-ի խանութ-սրահը։ Ըստ աղբյուրի՝ գիշերը հանցագործներն ավտոմեքենայով հարվածել են խանութի պատուհանին, որից հետո կողոպտիչները մտել են շենք, գողացել մի քանի պայուսակ, այրել մեքենան և մեկ այլ մեքենայով հեռացել են։ Նրանց տեղում ձերբակալել չի հաջողվել։
Դե իսկ Մեծ Բրիտանիայում անգամ կողոպուտներն են ավելի «արիստոկրատ»։ Թանգարանից գողացել են ամենաարժեքավոր ցուցանմուշներից մի քանիսը, մասնավորապես՝ բրոնզեդարյա ոսկյա զարդեր։ Մ.թ.ա 1300-1100 թվականների զարդերի արժեքը հատում է 220,000 եվրոն։
Առհասարակ, եթե մեծ ու մանրակրկտորեն պլանավորված գողությունների հետևում կանգնած հանցագործներն իրենց գիտելիքը, հնարամտությունն ու ստեղծարար միտքն այլ բաների վրա կենտրոնացնեին, գուցե մեծ հաջողությունների հասնեին։ Բայց չի բացառվում նաև, որ այս գողություններից որոշները, ինչպես վերջին տասնամյակներում այլ դեպքեր ևս, ոգեշնչված լինեն Խորհրդային Հայաստանում կատարված «դարի կողոպուտից»։ Եթե չգիտեք, թե ինչի մասին է խոսքը, ապա առաջարկում ենք կարդալ ակրոբատ գողի, չոր անձրևանոցի ու մատնիչ Ժիգուլու մասին PAN-ի անդրադարձը։