#մշակութաPAN
June 12

Վան Էյքի արտացոլանքը, Միքելանջելոյի «քերթած կաշին» ու Կարավաջոյի կտրած գլուխը. Նկարիչներ, որոնք թաքցրել են իրենց դեմքը սեփական կտավներում

Նկարիչներն ինքնադիմանկարներ են նկարել առնվազն 1433 թվականից, երբ Յան վան Էյքը պատկերեց «Կարմիր չալմայով տղամարդու դիմանկարը»։ Հաջորդ տարի՝ 1434-ին, կրկին Յան վան Էյքն էր, որ մի նոր «ավանդույթի» սկիզբ դրեց։ Նկարիչներն իրենց ինքնանկարները սկսեցին տեղադրել այլ կտավների մեջ՝ պատմական դրվագներից մինչև նատյուրմորտներ։

Նկարիչները երբեմն տարօրինակ կերպով ինտեգրվում են իրենց հետ առանձնապես կապ չունեցող կտավներում, երբեմն հայտնվում են պատմական իրադարձությունների ճիշտ կենտրոնում, կան նաև դեպքեր, երբ նկարչի հազիվ նշմարվող արտացոլանքը հայելիների մեջ է երևում, իսկ պատահում է, որ նրա թաքնված ինքնանկարը դիտողի ուշադրությունն ուղղորդում է կտավի այս կամ այն հատվածի վրա։ Ահա թաքնված ինքնադիմանկարների լավագույն օրինակներից մի քանիսը։

«ԱՌՆՈԼՖԻՆԻ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ», ՅԱՆ ՎԱՆ ԷՅՔ

Յան վան Էյքը 15-րդ դարի Վերածննդի ամենահայտնի ներկայացուցիչներից է, իսկ հոլանդացի նկարչի վրձնին պատկանող այս կտավը համարվում է եվրոպական գեղանկարչության մեջ առաջին կտավը, որտեղ ամուսնական զույգ է պատկերված։ Դիմանկարը ստեղծվել է Բրյուգգեում՝ 1434 թվականին, իսկ 1842 թվականից պահպանվում է լոնդոնի ազգային պատկերասրահում։

Կտավի շուրջ մեկնաբանությունները բազմաթիվ են, անգամ շատ են տարբերակները, թե իրականում ովքեր են կտավում պատկերված ամուսիններն ու ինչ կապ ունեն նկարչի հետ։ Ամենատարածված ու արվեստաբանների կողմից ընդունված վարկածով, կտավում պատկերված են վաճառական Ջովանի դի Նիկոլաո Առնոլֆինին և նրա կինը։ Մեկ այլ ենթադրությամբ, կտավն արվել է հենց զույգի տանը։

Հյուսիսային Վերածննդի դպրոցի ամենաբարդ գործերից մեկը համարվող այս կտավում դետալների հանդեպ ուշադրությունը կտավը վերլուծելու բանալին է։ Մենք հատկապես ուշադրություն կդարձնենք կտավի կենտրոնական առանցքի վրա տեղադրված հայելու պատկերմանը, որովհետև հենց այնտեղ էլ թաքնված է այն, ինչ մենք փնտրում ենք։

Հայելու մեջ ամուսնական զույգի արտացոլանքն է՝ թիկունքից, ինչպես նաև հակադիր պատի դուռն ու ամենագլխավորը՝ դռան շեմին երկու մարդիկ՝ կարմիր ու կապույտ հագուստներով։ Այս կերպարները քննարկվել և վերլուծվել են վստահաբար ոչ պակաս, քան հենց ամուսնական զույգը։ Դեմքերը տեսնել գրեթե հնարավոր չէ, իսկ ուրվագծերից ու հանդերձանքից կարելի է ենթադրել, որ կարմիր ու կապույտ հանդերձանքների հետևում կին ու տղամարդ են։ Չնայած կա նաև վարկած, որ երկուսն էլ տղամարդ են։

Հանելուկի բացահայտման մեկ այլ կարևոր դետալ էլ նկարչի ստորագրությունն է։ Որոշ արվեստաբաններ առաջարկում են ուշադրություն դարձնել այն փաստին, որ ստորագրությունն արված է ոչ թե կտավի ներքևի հատվածում, այլ շատ ավելի տեսանելի վայրում, ավելին՝ հենց կենտրոնում։

Կարելի է ասել, որ սա անգամ ստորագրություն չէ, այլ գրություն։ Հայելու վերևում գրված է՝ «Յան վան Էյքը եղել է այստեղ»։ Տպավորություն է, որ այս գրությունը նկարիչը թողել է ոչ թե որպես կտավի հեղինակ, այլ որպես վկա։ Հետևաբար հետազոտողները կարծում են, որ դռան շեմին կանգնած կապույտ հագուստով տղամարդը հենց Յան վան Էյքն է։

«ԱԹԵՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՌԱՖԱՅԵԼ ՍԱՆՏԻ

Վատիկանի պալատում Ռաֆայել Սանտիի ստեղծած այս ֆրեսկոն Հռոմի պապ Հուլիոս II-ի հանձնարարականն էր Ռաֆայելին։ Իր չորս մեծ ֆրեսկոներում Ռաֆայելը ցույց է տալիս այն չորս հիմքերը, որոնց վրա, իր ձևակերպմամբ, պետք է հիմնվի մարդկությունը. Բանականություն, բարություն և սեր, գեղեցկություն, արդարություն։

«Աթենական դպրոց» ֆրեսկոն Վերածննդի ժամանակաշրջանի լավագույն ստեղծագործություններից մեկն է ու վերլուծելու լայն հնարավորություններ է տալիս։ Ընդհանուր առմամբ «Աթենական դպրոցը»-ում 58 կերպար կա։ Ոչ բոլորի ինքնությունն է հայտնի, բայց նրանց թվում են բոլոր ժամանակների մեծագույն մտածողները։

Նկարի կենտրոնական մասում կարելի է տեսնել Արիստոտելին և Պլատոնին։ Պլատոնի ուղղությամբ՝ ձախ կողմում կնկատեք կանաչ հագուստ կրող Սոկրատեսին, որը քննարկումներ է ծավալում մի խումբ փիլիսոփաների և մտածողների հետ։  Նրանց թվում՝ Քսենոֆոնը, Անտիսթենեսը, Ալքիբիադեսը։

Նկարի ձախ հատվածում պատկերված է հույն փիլիսոփա Զենոնին, իսկ նրա դիմաց՝ Էպիկուրյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիր Էպիկուրուսը, որը ժխտում էր հոգու անմահության գաղափարը։ Էպիկուրուսից մի փոքր աջ՝ սպիտակ սավանը ծնկներին, մաթեմատիկոս Պյութագորասն է։

Ուսումնասիրենք աջ կողմը։ Աջ ծայրում մեջքով կանգնած է աշխարհագրագետ և տիեզերագետ Կլավդիոս Պտղոմեոսը՝ ձեռքում երկրագունդը։ Նրա դիմաց չափումներ է անում ժամանակակից երկրաչափության հիմնդիրներից մեկը՝ Էվկլիդեսը։ Իսկ Էվկլիդեսի կողքին աստղագիտության հիմնադիրներից մեկը՝ Հիպարքոսն է։ Թեև կա նաև վարկած, որ այդ կերպարը ոչ թե Հիպարքոսն է, այլ հույն պատմիչ Ստրաբոնը։

Եվ վերջապես՝ Հիպարքոսի/Ստրաբոնի կողքին կանգնած է կտավի հեղինակը, Վերածննդի դարաշրջանի լավագույն նկարիչներից մեկը՝ Ռաֆայելը։ Նկարչի հայացքն ուղղված է մեզ՝ դիտողին։

«ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ», ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ

Վատիկանում՝ Սիքստինյան կապելլայի խորանի պատին Միքելանջելոյի այս ֆրեսկոն արվեստի բոլոր ժամանակների լավագույն գործերից է։ Սիքստինյան կապելլայի առաստաղի նկարազարդումն ավարտելուց 25 տարի անց Միքելանջելոն վերադառնում է։ Ֆրեսկոյի վրա գեղանկարիչն աշխատում է շուրջ չորս տարի՝ 1537 թվականից մինչև 1541 թվականը։

Այս որմնանկարի թեման Քրիստոսի երկրորդ գալուստն է և Ապոկալիպսիսը։ «Ահեղ դատաստանում» կերպարների քանակը մոտ 400-ի է հասնում։ Ֆրեսկոն պայմանականորեն երեք մասին են բաժանում. Վերին մաս՝ Քրիստոսի չարչարանքների ատրիբուտներով, կենտրոնական մաս՝  Քրիստոսը և Մարիամ Աստվածածինը անմեղներով և օրհնյալներով շրջապատված, և ստորին մաս՝ ժամանակների ավարտ՝ մահացածների հարությունը, փրկվածների երկինք բարձրանալը, մեղավորների դժոխք ընկնելը…

Որմնանկարում քիչ չեն խելակորույս և հուսահատ կերպարները, դրանցից մեկը սուրբ Բարդուղիմեոսն է՝ մի ձեռքում պահված դանակով, իսկ մյուս ձեռքում սեփական քերթած կաշին, որի վրա Միքելանջելոյի ինքնադիմանկարն է պատկերված։

Թե ինչու է Միքելանջելոն որոշել սուրբ Բարդուղիմեոսի քերթած մաշկի վրա իր դեմքը պատկերել՝ տարբեր մեկնաբանություններ կան։ Տեսություններից մեկի համաձայն սա դիտարկվում է որպես մեղքերի քավության այլաբանություն։ Մեկ այլ վարկածով, Միքելանջելոն այս կերպ ցանկացել է ընդգծել, որ չի ուզել աշխատել ֆրեսկոյի վրա և պատվերը ստիպողաբար է կատարել։ Հետազոտողների ստվար հատվածն այս վարկածին հակված չէ։

«ԴԱՎԻԹԸ ԳՈՂԻԱԹԻ ԳԼԽՈՎ», ԿԱՐԱՎԱՋՈ

Կարավաջոյի այս կտավը պատկերում է Հին կտակարանից Դավիթի և Գողիաթի մարտի վերջին տեսարանը։ Կա վարած, որ նկարչի համար ներշնչման աղբյուր է դարձել Ջորջոնեի՝ նույն թեմայով աշխատանքը։ Բայց Կարավաջոյի կտավում տեսարանի դրամատիզմը հատկապես ընդգծված է, քանի որ կտրված գլուխը Դավիթի ձեռքում է։

Բայց այս կտավի գլխավոր յուրահատկությունն այլ տեղ է թաքնված։ Գողիաթի գլուխը Կարավաջոյի ինքնանկարն է։ Շփոթված ու մի տեսակ խղճահարություն արտացոլող դեմքով Դավիթը Կարավաջոյի դեմքով Գողիաթի գլուխն է բռնել։ Կա անգամ վարկած, որ սա կարող է կրկնակի ինքնադիմանկար լինել, որտեղ երիտասարդ Կարավաջոն բռնել է արդեն տարիքով Կարավաջոյի գլուխը։ Բայց այս վարկածը շատ տարածված չէ։

Այս որոշումն ընդունելու պատճառներն իրականում ավելի հետաքրքիր են։ Երիտասարդ տարիքում Կարավաջոն հայտնի էր իր տաքարյուն, կռվարար տեսակով։ Այս կտավը նկարելուց որոշ ժամանակ առաջ նա իտալական ազդեցիկ մի ընտանիքի անդամի էր սպանել։ Միլանում քարտի խաղի շուրջ վիճաբանություն էր սկսվել, որն էլ ավարտվել էր սպանությամբ։ Արդյունքում նկարչին մահապատժի էին դատապարտել, ու Կարավաջոն փախել էր Նեապոլ։ Կա տեսակետ, որ այս կտավը գթասրտության արժանանալու մի փորձ էր։

«ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ ՊԱՆԻՐՆԵՐՈՎ, ՆՈՒՇՈՎ ԵՎ ՔԱՂՑՐԱՀԱՑՈՎ», ԿԼԱՐԱ ՓԻԹԵՐՍ

Ֆլամանդացի նատյուրմորտային նկարիչ Կլարա Փիթերսն այս շարքում գուցե ամենաքիչ հանդիպած անունն է, բայց Փիթերսն իր դարաշրջանի ամենահայտնի ֆլամանդացի կին նկարիչն է եղել, ինչպես նաև 17-րդ դարի Եվրոպայում իր մասնագիտությամբ զբաղվող ու լուրջ հաջողություններ գրանցած քիչ կին նկարիչներից մեկը։

Սնունդ պատկերող նատյուրմորտները Փիթերսի ձեռագիրն էին, իսկ նրա «Նատյուրմորտ պանիրներով, նուշով և քաղցրահացով» կտավը նկարչի ամենաքննարկված գործերից է։ Ու առաջին հերթին այն պատճառով, որ այս նատյուրմորտում մանրուքներն են կարևոր։

Իսկապես րոպեներ են պետք ու մեծ կենտրոնացում՝ այս նատյուրմորտում նկարչի ինքնադիմանկարը գտնելու համար։ Եթե դեռ չեք գտել, ապա ուշադրություն դարձրեք կավե սափորի կափարիչի եզրին երևացող արտացոլանքին։ Ի դեպ, սեղանին դրված դանակի վրա էլ կարող եք գտնել Փիթերսի ստորագրությունը։

Անկախ նրանից, թե ինչու էին նկարիչներն իրենց դիմանկարը «թաքուն» պատկերում սեփական կտավներում, համաձայնեք, որ այս կերպ կտավների վերլուծությունները շատ ավելի բազմաշերտ ու հետաքրքիր էին դառնում։ Չի բացառվում նաև, որ դեռևս կան այնքան լավ թաքնված դիմանկարներ, որոնք դեռ ոչ ոք չի հայտնաբերել։


✍️ Նանե Մանուկյան / PAN