Լողավազանները, iPad-ով ստեղծված գարունն ու կյանքն առանց պաթոսի. Ինչպես Դևիդ Հոքնին դարձավ Բրիտանիայի ամենասիրելի նկարիչը
Դևիդ Հոքնին այն արվեստագետներից էր, որի անունը վաղուց արդեն արվեստի պատմության դասագրքային սահմաններից դուրս է։ Նրան ճանաչում են պատկերասրահներից ու թանգարաններից դուրս։ Արևով լցված լողավազանները, կյանքում ու արվեստում վառ գույները, բազմաշերտ ստեղծագործական բնույթը նկարչի կերպարը վաղուց արդեն հանել են կաղապարներից։ Նա գիտեր սովորականն ինքնատիպ դարձնելու բանաձևը ու կարողանում էր այդ բանաձևն այնքան հմտորեն կիրառել, որ տպավորություն էր, թե աշխարհը միշտ էլ այդքան գունավոր ու տպավորիչ է եղել, պարզապես մենք չենք հասցրել նկատել։ Հոքնին մահացավ հունիսի 11-ին՝ իր 89-ամյակից մեկ ամիս առաջ։
Նա այն հազվագյուտ արվեստագետներից էր, որոնք կարողացան նորարար լինելու կոչումը վաստակել ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում ու միշտ ալիքի վրա մնալ։ Դասական վրձնահարվածներից մինչև պոլարոիդներ ու անգամ նոր սերնդի տեխնոլոգիաներ՝ նրա համար ստեղծագործական գործիքի ընտրությունը երբեք սահմանափակ չի եղել ու մշտապես լրացրել է բուն աշխատանքը։ Հոքնին իր ձեռագրին հատուկ վառ գունապնակով կտավներից զատ ստեղծում էր օպերային բեմադրությունների ձևավորումներ, փորագրություններ, լիթոգրաֆիաներ, լուսանկարներ ու շատ ավելին։
Նրան հաճախ անվանում էին Բրիտանիայի սիրելի նկարիչը։ Այդ սիրո մեջ ինչ-որ անձնական ու շատ նուրբ մի բան կար։ Հոքնին այն արվեստագետներից էր, որոնց գործերն ընկալելի են նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց հիմքում բարդ տեսական որոնումներ են։ Նրա նկարներում գույնն ու լույսը չէին ծանրանում, ամեն ինչ շարժման մեջ էր՝ անգամ այն ժամանակ, երբ պատկերում հարաբերական լռություն էր։ Լողավազանում ցատկից հետո օդում մնացած ջրի կաթիլները, սենյակում նստած երկու մարդու միջև տարածվող լուռ լարվածությունը, ծառերի շարքը, շների զուսպ կեցվածքը, տարվա եղանակների փոփոխվող գույները. Հոքնին առօրյան տեսնում էր այնպես, ինչպես շատերը չեն հասցնում տեսնել, որովհետև կյանքն ապրում են առանց կանգ առնելու ու շուրջբոլորն ուսումնասիրելու։
Արվեստագետը ծնվել է 1937 թվականին Բրեդֆորդում՝ Անգլիայի հյուսիսում գտնվող քաղաքում, որն արդյունաբերական հեղափոխության տարիներին հայտնի էր որպես աշխարհի «բրդի մայրաքաղաք»։ Հոքնին շատ վաղ տարիքից է սկսել նկարել։ Նրա մանկության պատկերներից մեկը պատրաստի կինեմատոգրաֆիկ տեսարան է՝ փոքրիկ տղան շրջում է քաղաքի՝ ածխից սևացած փողոցներով՝ իր հետ քարշ տալով մանկասայլակ, որի մեջ երեխայի փոխարեն նկարչական պարագաներ են։
1953 թվականին Հոքնին ընդունվել է Բրեդֆորդի արվեստի դպրոց, որտեղ չորս տարի սովորել է ակադեմիական նկարչության հիմունքները։ Հետո սովորել է Լոնդոնի հեղինակավոր Royal College of Art-ում։ Այդ տարիներին ձևավորվում էր սերունդ, որը պետք է փոխեր բրիտանական արվեստի լեզուն։ 1960-ականներին փոփ-արտն արդեն սկսում էր իր հաղթարշավը։ Այն ծնվում էր զանգվածային մշակույթից, առօրյա առարկաներից և ինչ-որ իմաստով հակադարձ պատասխան էր աբստրակտ էքսպրեսիոնիզմի էլիտարությանը, նկարչի ներքին հույզերի շուրջ կենտրոնացած արվեստին։ Հոքնի-արվեստագետը դուրս եկավ հենց այդ միջավայրից՝ աշխատելով վաղ բրիտանական փոփ-արտի ներկայացուցիչների կողքին, բայց շատ արագ պարզ դարձավ, որ անհնար է նրան պահել միայն այդ կաղապարների սահմաններում։
Ի տարբերություն իր ժամանակակիցներից մի քանիսի, օրինակ՝ Էնդի Ուորհոլի, որի արվեստում մեծ տեղ ուներ մեդիայի և սպառողական մշակույթի լեզուն, Հոքնին ավելի շատ ոգեշնչվում էր իր անմիջական շրջապատից։ Նրան հետաքրքրում էին ընկերները, սենյակները, լողավազանները, փողոցները, շները, ծառերը, մարդիկ, որոնց կարելի էր երկար դիտել ու ուսումնասիրել։ Ասում էր, որ մարդկանց դիտելն անվերջ հետաքրքիր է, և ինքը կարող էր դրանով զբաղվել մի ամբողջ հավերժություն։ Այդ հետաքրքրասիրությունը նրա արվեստի ամենակարևոր շարժիչ ուժերից էր։
1963 թվականին Հոքնին Մեծ Բրիտանիայից մեկնեց Լոս Անջելես։ Պատճառներից մեկն ավելի ազատական քաղաքական և սոցիալական մթնոլորտն էր։ Անգլիայում այդ ժամանակ նույնասեռականությունը դեռևս քրեականացված էր, իսկ Հոքնիի համար շատ վաղուց էր պարզ, որ ինքը նույնասեռական է, և գիտակցում էր, որ պատկանում է փոքրամասնության։ Նրա համար սա միայն կենսագրական փաստ չէր, այլ նաև ազատության հարց։ Նա խոսում էր հանդուրժողականության մասին ու ասում, որ հանդուրժել նշանակում է ընդունել նաև այն, ինչը քեզ գուցե դուր չի գալիս։ Լոս Անջելեսում նրան գրավում էր այն, որ ոչ ոք չէր հարցնում՝ որտեղից ես եկել, ով ես եղել առաջ, ինչ անցյալ ունես։ Այդ քաղաքում բոլորը ինչ-որ տեղից էին եկել, և այդ «անարմատ» իրականության մեջ Հոքնին գտավ իր համար հարմար ազատություն։
Լոս Անջելեսը նրան նաև տվեց իր ամենահայտնի թեմաներից մեկը՝ լողավազանները։ Առաջին անգամ քաղաքի վրայով թռչելիս նա ինքնաթիռից տեսավ փիրուզագույն ջրային մակերեսներ՝ լույսի շողերով կտրտված։ Այդ պատկերից ծնվեց մի ամբողջ շարք, որը հետո արվեստագետի ստեղծագործական ինքնության անբաժան մաս դարձավ։ Picture of a Hollywood Swimming Pool, Peter Getting Out of Nick’s Pool, The Splash, A Little Splash, A Bigger Splash․ այս գործերում ջուրը միաժամանակ և նկարչական մարտահրավեր էր, և ազատության տարածք։ Ինչպե՞ս նկարել ջրի թափանցիկությունը, փայլը, շարժումը, այն ակնթարթը, որն արդեն անցել է, բայց դեռ չի անհետացել։
Նրա արվեստը հաճախ ասոցացվում է հենց այդ լողավազանների հետ, բայց Հոքնիի աշխարհը շատ ավելի լայն էր։ Նա ստեղծում էր ինքնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, ընտանեկան ու ինտիմ տեսարաններ։ Նրա դիմանկարները հատկապես տպավորիչ են, որովհետև դրանցում մարդը երբեք պարզապես բնորդ չէ։ Այս առումով կարևոր է նշել, որ Հոքնին նոր շունչ տվեց նաև կրկնակի դիմանկարի ժանրին։ Նրա Mr and Mrs Clark and Percy-ն երկու մարդու դիմանկար լինելուց զատ, նաև Լոնդոնի նորաձևության միջավայրի, հարաբերությունների և ժամանակի մասին մի ամբողջ պատմություն է։ Նա սիրում էր նկարել նաև մտերիմներին։ Սա է պատճառը, որ Հոքնիի դիմանկարները երբեմն անձնական արխիվ են հիշեցնում, որտեղ ամեն մարդ իր պատմությունն է ներկայացնում։
Հոքնիի ոճը հեշտ ճանաչելի է, բայց դժվար է այն ամբողջությամբ բացատրել։ Նրա կտավները լի են հագեցած, հաճախ պայծառ գույներով։ Նա ընտրում էր սովորական առարկաներ, տեսարաններ և մարդկանց, բայց դրանց ներսում լուսավոր մի բան էր տեսնում ու հենց դա էր պատկերում։ Նրա արվեստի հանրային մեծ սերն, ըստ երևույթին, կապված էր նաև այդ զգացողության հետ։ Հոքնին պարզապես «գեղեցիկ» աշխարհ չէր նկարում։ Նրա համար գույնը միաժամանակ զգայական, կառուցվածքային, տեխնիկական ու հուզական գործիք էր։
Նրա փորձարարական բնույթը հատկապես տեսանելի դարձավ լուսանկարների հետ աշխատանքում։ 1980-ականներին Հոքնին սկսեց աշխատել պոլարոիդով։ Նա դեռ ուսանողական տարիներին տպավորվել էր Պիկասոյի արվեստով, իսկ պոլարոիդների մեջ անմիջապես կուբիզմի հետ կապ զգաց։ Եթե կուբիզմը առարկան փորձում էր ցույց տալ մի քանի տեսանկյունից, ապա Հոքնին նույնը սկսեց անել լուսանկարների միջոցով։ Այսպես ծնվեցին նրա joiners-ները՝ միևնույն առարկայի կամ տեսարանի բազմաթիվ լուսանկարներից հավաքված կոլաժները։ Դրանք երբեմն մեծ ձևաչափի գործեր էին, որտեղ ժամանակը, տեսանկյունը և շարժումը բաժանվում էին տասնյակ մասերի, հետո կրկին միանում մեկ պատկերում։ Այդ շրջանի ամենանշանավոր աշխատանքներից մեկը Pearblossom Highway-ն է՝ 1986 թվականի կոլաժը, որտեղ Կալիֆոռնիայի չոր անապատային ճանապարհը կազմված է մոտ հարյուր լուսանկարից։
Հոքնին երբեք չի վախեցել նոր տեխնոլոգիաներից։ Ընդհակառակը՝ նա այն օգտագործում էր նկարչության կենսունակությունը ապացուցելու համար։ 1972 թվականին Լոնդոնում կազմակերպվել էր լուսանկարչական ցուցահանդես, որի վերնագիրն էր՝ From Today Painting is Dead՝ «Այսօրվանից նկարչությունը մեռած է»։ Այդ գաղափարը, կարծես, Հոքնիի համար մարտահրավեր դարձավ։ Հետագայում նա ամեն կերպ փորձում էր իր աշխատանքով ապացուցել հակառակը՝ նոր տեխնոլոգիաները ոչ թե սպանում են նկարչությունը, այլ կարող են երկարացնել դրա կյանքը։
Աշխատելը մեծ արվեստագետի կյանքի առանցքն էր։ Նա իրեն աշխատասեր մարդ էր համարում և ասում էր, որ ամենաերջանիկը հենց աշխատանքի ժամանակ է։ Աշխատում էր ամեն օր, նաև հանգստյան օրերին։ Նույնիսկ 80 տարեկանում, երբ CNN-ը այցելել էր նրա Կալիֆոռնիայի արվեստանոց, Հոքնին ասում էր, որ նկարում է օրական 6-7 ժամ։ Իր խոսքով՝ նկարիչները թոշակի չեն գնում։
Փողի հանդեպ նրա վերաբերմունքն էլ նույնքան պարզ էր։ Ասում էր, որ վերջին 55 տարիներին միշտ այնքան գումար է ունեցել, որ կարողանա անել այն, ինչ ուզում է, նույնիսկ երբ գումարը շատ չի եղել։ Եվ իրեն ավելին պետք չէր։ Միևնույն ժամանակ նրա գործերի արժեքը տարիների ընթացքում հասավ անհավանական մակարդակի։ 2018 թվականին Portrait of an Artist (Pool with Two Figures)-ը վաճառվեց 90.3 միլիոն դոլարով՝ դառնալով ապրող արվեստագետի այդ պահին աճուրդում վաճառված ամենաթանկ աշխատանքը։ Նույն թվականին նրա լողավազանային աշխատանքներից մեկը վաճառվեց գրեթե 70 միլիոն ֆունտով։ Հաջորդ տարի Henry Geldzahler and Christopher Scott դիմանկարը Christie’s-ում վաճառվեց 49.5 միլիոն դոլարով, իսկ 1980 թվականի Nichols Canyon լանդշաֆտային աշխատանքի արժեքը հասավ ավելի քան 41 միլիոն դոլարի։
Արվեստագետի կյանքի ու ստեղծագործության բանաձևը, թերևս, ամփոփված է նրա հայտնի արտահայտության մեջ՝ love life՝ սիրիր կյանքը։ Նրա դեպքում սա ամենևին էլ մակերեսային լավատեսություն չէ։ Նա սեփական մաշկի վրա է զգացել հասարակության անհանդուրժողականությունը, քաղաքական ու սոցիալական վտանգները, սուր մրցակցային միջավայրն ու շատ ավելին։ Բայց այդ ամենի միջով անցել է ու շարունակել նկարել լույսը, մարդկանց, ջուրը, ծառերն ու գարունը։ Մի խոսքով՝ կյանքը։
Նրա թողած ժառանգությունն իսկապես բացառիկ է, չի սահմանափակվում մեկ ժամանակաշրջանի, մեկ ուղղության կամ էլ մեկ տեխնիկայի մեջ։ Նա Բրիտանիայի սիրելի նկարիչն էր, փոփ-արտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, XX և XXI դարերի ժամանակակից արվեստի առանցքային դեմքը։ Բայց բոլոր այս բնորոշումներն էլ հաճախ բավարար չեն ու չեն ամբողջացնում նրա գործոնն արվեստի աշխարհում։ Ամենակարևորն էլ այն է, որ Հոքնին չէր վախենում ռիսկի դիմել, չէր վախենում գույնից, տեխնոլոգիաներից, չէր վախենում փոխվել։ Ու ամեն անգամ ապացուցում էր, որ նկարչությունն ապրում է, քանի դեռ ստեղծագործողը պատրաստ է նոր հայացք գցել աշխարհին։