December 27, 2022

Մայիսի 3-ին մեռնողը, ֆրանիսացիներին առաջնորդող կիսամերկ հերոսուհին և Սեզանից մի տուն՝ Պրովանսում․ Հայրենիքը՝ կտավներում

Ով դարձավ հեղափոխականների աստվածուհին և ինչպես Գոյան պատկերեց մի գյուղացու՝ Աստծո նմանությամբ: PAN-ն այս անգամ անդրադարձել է կտավներում հայրենիքի թեմային ու պատմում է, թե ինչպես է ստեղծվել հայտնի առնվազն 2 խոշորագույն կտավ, բայցև ուզում է Սեզանի վրձնով հիշեցնել՝ հայրենիքն այն մի տունն է։

ԳՈՅԱ. «1808 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ԵՐԿՈՒՍԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԴՐԻԴՈՒՄ»

1807-ին Ֆրանսիայի ղեկավար Նապոլեոնն իբրև Իսպանիայի թագավորի հետ դաշինքի ու Պորտուգալիայի դեմ պատերազմելու պատրվակով մտնում է Իսպանիա։ Շուտով Իսպանիա մուտքի իրական նպատակները պարզ են լինում․ դաշինքը պատրվակ էր, Իսպանիան՝ նպատակ: Նոր թագավոր է դառնում Բոնապարտի եղբայր Ժոզեֆ Բոնապարտը։

«1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում», 1814թ., Պրադո թանգարան

Հեղինակը 268 × 347 սմ-անոց կտավը վրձնել է 1814 թվականին: 1808-ի մայիսի 2-ին իսպանացիներն ապստամբեցին ու կոտորվեցին ֆրանսիացիների կողմից․ մայրաքաղաք Մադրիդի փողոցներում արյուն էր հոսում։

Թեև Գոյան նախկինում ֆրանսիացիների հանդեպ համակրանք է տածել, բայց իր հայրենակիցների կոտորածը խորն ազդեցություն է թողել նկարչի վրա՝ դառնալով այս կտավի հիմք։ Նկարիչն այս թեմայով երկու գործ ունի՝ մայիսի 2-ի և 3-ի պատկերմամբ։

Գոյա, Մայիսի 2-ը

Այս կտավը ոչ միայն բոլոր ժամանակների ամենահայտնի գործերից է, այլև այն համարում են աշխարհի առաջին ժամանակակից կտավը։

Իսկ այս առաջին ժամանակակից կտավում ձեռքերը վեր պարզած մի իսպանացի է ու նրան գնդակահարել պատրաստվող ֆրանսիացի զինվորներ, կոմպոզիցիայի մեջ են նաև իսպանացի մյուս ապստամբները, աղոթող վանականը, և արդեն մեռած մարդիկ։ Ամեն ինչ այս կտավում հուշում է՝ ակնապիշ թշնամուն նայողը շուտով մեռնելու է։

Նկարի այս կենտրոնական կերպարն աստվածահաճո են համարել նաև քրիստոնեական պատկերագրության մեջ։

Գլխավոր հերոսին Քրիստոսի հետ ասոցացնելու պատճառներից մեկը նրա ձեռքերի դիրքն է, ասում են՝ սա հղում է խաչ բարձրացված Քրիստոսին:

Քրիստոսի՝ «Ներիր նրանց հայր, որովհետև չգիտեն՝ ինչ են անում» խոսքերն անգամ վերագրվում են Գոյայի հերոսին, նրա աչքերի մեջ ու դեմքին ավելի շատ տխրություն, քան վախ են տեսնում։ Գոյան սովորական բանվորին աստվածացնելու չափ խորհրդանշական է նկարել՝ թողնելով արվեստի պատմաբաններին այս ենթադրություններն ու մեկնաբանությունները։

Ասում են՝ այս կտավն իր զգացմունքայնությամբ է տարբերվում ժամանակի պատմական ֆոնը պատկերող այլ կտավներից․ նշվում է, որ 18-րդ դարի արվեստում պատերազմն ու մահն անարյուն ու քիչ էմոցիոնալ էին, Գոյան, հակառակը, էմոցիաներով է լիցքավորել իր կտավը։

Հայրենիքի համար մեռնողի վերջին պահը ոգեշնչում է եղել նաև Գոյայից հետո ապրած նկարիչների համար․ Պիկասոն ու Մանեն քաղաքական սպանություններ պատկերող իրենց կտավներում ոգեշնչվել են իսպանացու հենց այս գործից։

ԴԵԼԱԿՐՈՒԱ. ՆԿԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Բոլոր հայրենիքների ցավերի և բոլոր հեղափոխությունների շարժիչների և արդյունքների համախումբը, թերևս, Ֆրանսիական հեղափոխության հավաքական մի դրվագ է՝ ստեղծված Էժեն Դելակրուայի ձեռքով։

Փարիզը զբոսաշրջության համար գայթակղիչ դարձնողները սոցցանցերում ասում են՝ Լուվրի բոլոր նմուշները տեսնելու համար մոտ 200 օր է պետք, Լուվրի «ամենատեսնվածներից» մեկն ակնհայտորեն Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» (ֆր՝ La Liberté Guidant Le Peuple) կտավն է։

«Ժողովրդին առաջնորդող ազատությունը», Դելակրուա, 1830թ., կտավի չափսը՝ 260 × 325 սմ, Լուվր

Այս նկարի հեղինակն ապրեց և նկարեց 18-րդ դարի Ֆրանսիայի, հավանաբար, բոլոր կարևոր պահերը՝ անցնելով Սահմանադրական միապետության, Հանրապետության, երկու Restauration-ների միջով ու պետության դրությունը նկարելով։

Ընդհանրապես, Դելակրուայի այս գործը հետաքրքիր կերպով կապվում է Ֆրանսիայի պատմության հետ, ստեղծում տարբեր հակասություններ ու մեկնաբանվում քաղաքական և այլաբանական կոնտեքստներով։ 18-19-րդ դարի ֆրանսիական բուռն պատմությունը մի գծով․

Կտավը հիշատակվում է որպես 1830 թվականի հուլիսյան հեղափոխության պատկեր։ Սրա արդյունքում Շառլ 10-րդը գահընկեց արվեց, նրան փոխարինեց զարմիկը՝ Լուի-Ֆիլիպը։ Ասում են՝ այն ժամանակ եղբորն ուղղված նամակում նկարիչը գրել է՝ եթե ինքը չի կարող պայքարել իր երկրի համար, ապա գոնե կարող է նկարել Ֆրանսիայի համար։

2 ամսում ստեղծված այս կտավը Դելակրուան կառավարությանն է վաճառել 3000 ֆրանկով։

Ընդհանրապես, ասում են՝ Դելակրուան գիտեր՝ ինչպես գումար աշխատել։ Նա ծնվել էր Փարիզին հարակից փոքրիկ գյուղում ու հայտնի դարձել իր մեծ նկարներով, որոնք ժամանակակից թեմաներով են եղել՝ դառնալով վաճառք երաշխավորող հրաշալի ռազմավարություն։ Նրա դրամատիկ ու ռոմանտիկ կտավները ոգեշնչված են եղել Տիցիանից, Ռուբենսից։ Դելակրուան պրոդուկտիվ արտիստ էր, մահից հետո նրան է վերագրվել 9140 աշխատաք՝ հիմնականում գծանկար, 853 կտավ։ Լինելով ֆրանսիական ռոմանտիզմի հայրերից մեկը, Դելակրուայով շարունակաբար ոգեշնչվել են նրա բազմաթիվ հայրենակիցներ՝ Դեգան, Մանեն, Ռենուարը։

Դելակրուայի այս կտավում մայրաքաղաք Փարիզն է․ այս մասին մենք իմանում ենք Աստվածամոր տաճարի «հուշումից»: Տաճարի վրա ծածանվում է ֆրանսիական եռագույնը։

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավի աջ անկյունում

Կտավն ազատության հետ/համար հասարակ մարդկանց պայքարի մասին է, իսկ հերոսները հեղափոխության մասնակիցներն են․ զինված երեխաներ, մեռած զինվորներ, անշնչացած մարմիններ, գյուղացիներ, բանվոր, միջին խավի տղամարդ (ի դեպ, ոմանք պնդում են՝ կտավի սև շորերով ու գլխարկով այդ կերպարը հենց Դելակրուան է, բայց այս վարկածը նաև կասկածի տակ է դրված) ու գլխավոր հերոսուհի։

Հավանաբար թնդանոթների կրակից առաջացած ծխի ու նկարի մասնակիցների մուգ հագուստի պատճառով է այս կտավի շուրջ այսքան մութ (նկատենք նաև սպիտակ վերնաշապիկով կերպարներին, կապույտ վերնահագուստներն ու մեռածի մերկ ոտքերը), լուսավոր գույները թողնված են կենտրոնին․ լույսի միակ աղբյուրն այստեղ գալիս է կենտրոնից ու ընկնում հերոսուհու և նրա պարզած դրոշի վրա՝ այդպես ավելի ընդգծելով կենտրոնական կերպարին։

Կտավի «ուղղությունը»

Կտավը ստեղծված է 2 եռանկյան շուրջ․ արվեստի մեկնաբաններն այս կոմպոզիցիան են համարում պատճառ այն բանի, որ մենք նայում ենք կտավին՝ վարից վեր հասնելով մինչև դրոշ։ Ասում են՝ մեր հայացքին ուղղություն են տալիս նաև կտավի մյուս հերոսները, որոնք նայում են գլխավոր հերոսուհուն՝ Ազատությանը։ Միակը, ում հայացքը դեպի կենտրոնական կինը չէ, երկու ձեռքը հրացաններ պահած պատանին է, նա դիտողին է նայում։ Կարծիք կա, որ այս տղայի կերպարից է ոգեշնչվել Վիկտոր Հյուգոն ու իր «Թշվառները» վեպի կերպարներից մեկին՝ Գավրոշին պատկերել նրա նմանությամբ։

Հյուգոյի՝ 1868-ին լույս տեսած վեպում Գավրոշը մահանում է 1832-ի հունիսյան հեղափոխության ժամանակ։

Կտավի բոլոր կերպարնեը բացատրված են․

Դելակրուայի՝ ազատությունը խորհրդանշող Մարիանին (Մարիանը Ֆրանսիայի հանրապետության այլաբանական խորհրդանիշն է՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն մարմնավորողը) կերպարն այն ժամանակ նաև աղմկահաույց էր իր լուծումներով․ նա ոչ թե իդեալականացված գեղեցկուհի էր, այլ մկանոտ ու կիսամերկ ակտիվիստ, ով առաջնորդում է խմբին։ Դելակրուան իր հերոսուհու մեջ երկակիություն դնելով ինչ-որ իմաստով նաև բացատրում է՝ պատմության ու այլաբանության կապը, ներկայացնում նրան և որպես երիտասարդ հեղափոխականի, և ալեգորիկ կերպարի։

Որոշ հետազոտողներ պնդում են, որ նկարիչն իր գլխավոր հերոսուհու կերպարը կերտելիս ոգեշնչվել է Միլոսյան Վեներայի կերպարով (քանդակն այդ ժամանակ դեռ նոր հայտնաբերվածներից էր)։

Միլոսյան Վեներա քանդակը, Լուվր

Մեկ այլ աղբյուրում պնդում կա՝ «ցույց տալով Ազատության կրծքերը, Դելակրուան ազդանշան է տալիս մեզ՝ նա մասամբ աստվածուհի է։ Ամեն դեպքում, միևնույն ժամանակ, Ազատությունը ներկայացնում է հեղափոխության համար պայքարող մարդու»։

Դելակրուայի այս գործը քաղաքական ու ալեգորիկ մեկնաբանություններով է հարուստ։ Ամեն դեպքում, այն քաղաքական պրոպագանդա չի համարվում․ նախ ստեղծողն այս կտավի հակահանրապետական էր, ու արվեստի մեկնաբաններն ասում են՝ սա մի նկար չէ, որտեղ մենք գծի ու կոնտուրի ստեղծման զգուշություն ենք տեսնելու։

Հաջորդող կտավները համարվում են ազատության այս քարոզի ոգեշնչումներից։

Անտուան Ժան Գրո, «Նապոլեոնը Պրեյսիշ Էյլաուի ճակատամարտի դաշտում», Փարիզ, Լուվր
Թեոդոր Ժերիկո, «Մեդուզա լաստ», 1818-1819թթ., Փարիզ, Լուվր

«Էժեն Դելակրուա․ կյանքը և ստեղծագործությունները» (ֆր․ Eugène Delacroix, sa vie et ses oeuvres) գրքում ասվում է՝ «Մեդուզայի» ստեղծման պատմության հիմքում նաև Դելակրուան է։

Նա այն քչերից էր, ով իրապես հնարավորություն է ունեցել անձամբ հետևել Ժերիկոյի այս գործի ստեղծմանը։ Գրքում նշվում է նաև, որ հենց Դելակրուան է աջ թեքված ու ձեռքը պարզած տղամարդը։ Ասում են՝ նկարիչն այնքան էր տպավորվել այս գործից, որ Ժերիկոյի արվեստանոցից «խենթացած էր դուրս եկել ու միայն Մեդուզայի մասին էր խոսում»։

Դելակրուայի այս գործը ներշնչանք է եղել նաև Ֆրանսիայից ԱՄՆ-ին տրված չափերով ամենամեծ նվերի համար․ Նյու Յորքում տեղադրված Ազատության արձանի նախամայրն այս հեղափոխական կինն է՝ 1886-ին տեղադրված այս արձանի վրա, սակայն, որոշ փոփոխություններ են արվել․ չկա մերկություն, բռնություն և փռյուգիական գլխարկը թագով է փոխարինվել։

Հակադրվելով կտավի հեղափոխականության և ժողովրդավարությանարժեքային հիմքին, և հաշվի առնելով Ազատությանը շրջապատող կերպարների վիճակը՝ մեկ այլ աղբյուրում առաջարկվում է մտածել՝ արդյոք Դելակրուան փառաբանում, թե ծաղրում է դեմոկրատին։

Թվում է՝ ոչինչ չի կարող խամրեցնել հայրենիքին նվիրված այս խորհրդանշական կտավի փառքը, բայց եռագույնը ձեռքին կիսամերկ գեղեցկուհու մոտ 200-ամյա պատկերը դեղնել է․ ֆրանիսական Le Figaro-ն 2022-ի նոյեմբերին է գրել, որ կտավն ուղարկվելու է թարմացման՝ 2013-ից հետո առաջին անգամ։

Իսկ 2013-ին կտավը վանդալիզմի էր ենթարկվել․ 28-ամյա մի կին մարկերով 30 սանտիմետրանոց հետք էր թողել կտավին՝ գրելով AE911։

Նա ձերբակալվել էր, իսկ գրությունը, Լուվրի փոխանցմամբ՝ շնորհիվ կտավի վրա առկա պաշտպանիչ շերտի, այն չէր վնասել։

Եվ քանի խոսք գնաց Ֆրանսիական հեղափոխության մասին։ Հեղափոխական դեմքերից մեկի՝ Ժան-Փոլ Մարատի սպանության դրվագը վերհիշել առաջարկում ենք «Ինչու են կանայք կոկորդ կտրում» հոդվածում։

ՍԵԶԱՆ․ ՊՐՈՎԱՆՍԻ ՏՈՒՆԸ

Հավանաբար, ոչինչ այնքան մոտ չէ հայրենիքին, որքան տունը։ Պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչ Պոլ Սեզանին հայրենքի թեմայում հայրենի Ֆրանսիայի բնապատկերների համար ենք բերում։

Իր դասախոսություններից մեկում արվեստաբան Անուշ Հակոբյանը բացատրում է՝ եթե իմպրեսիոնիստներն ամեն ինչ շարժման մեջ էին տեսնում, ապա պոստիմպրեսիոնիստեները, ինչպես Սեզանը, տեսնում էին հարատևը, կայունը, հավերժականը, որը կրում է արտաքին փոփոխություններ, բայց իր էության մեջ մնում է հաստատուն և հավերժական։

Կտավը ստեղծվել է 19-րդ դարավերջին, թվագրվում է 1886-1890-ին, այն համարվում է նկարչի վաղ ստեղծագործական ջանքերից մեկը։

Սեզան, «Պրովանսի տունը», Ինդիանապոլիսի գեղարվեստի թանգարան

Կտավը ստեղծվել է այն ժամանակ, երբ Սեզանն ապրել է ֆրանսիական Պրովանսում՝ քաղաք, որ հայտնի էր իր բնությամբ, այգիներով։ Այս կտավը Սեզանի սիրելի Սենտ Վիկտուար լեռան հարավային կողմից է արված․ միայն Սենտ Վիկտուարը մոտ 80-90 անգամ հայտնվել է նկարչի կտավներում։

Համարվում է, որ Սեզանի այս գործը կուբիստական երանգ ու վրձնահարված էլ ունի․ կա տեսակետ, որ կուբիզմը Սեզանի ոչ միայն այս, այլև մյուս գործերում է երևում։ Սեզանը, ասում են, մեծ ազդեցություն է ունեցել Պիկասոյի, Անրի Մատիսի վրա։

Հայրենիքի շարքն առաջարկում ենք եզրափակել Մարտիրոս Սարյանի ու Միանս Ավետիսյանի երկու կտավով՝ «Հայաստանով» ու «Ջաջուռով»՝ տալով նաև նկարիչներին մի ծավալուն թեմայով անդրադառնալու խոստում։

Մարտիրոս Սարյան, «Հայաստան»
Մինաս Ավետիսյան, «Ջաջուռ»

✍ Անահիտ Հակոբյան / PAN