#մշակութաPAN
March 12

Հոգևորականի ֆոտոգենիկ մատները, Կոնդի երեխաներն ու Մարկ Շագալը. Ինչ ժառանգություն է թողել Իդա Քարի ֆոտոխցիկը

Նրա լուսանկարներում կադրը միշտ շարժման մեջ էր ու միշտ պատմելու բան ուներ։ Նա տեսնում էր ավելին, քան թույլ էր տալիս սահմանափակ պատկերը։ Նա ազատատենչ էր ու շատ տաղանդավոր։ Ռուսաստանից Եգիպտոս ու, ի վերջո, Մեծ Բրիտանիա. Համաշխարհային համբավ ստացած հայուհու ֆոտոխցիկի առջև կանգնել են արվեստը հեղափոխող մարդիկ։ Այս անգամ PAN-ը պատմում է Իդա Քարի մասին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Իդա Քարը ծնվել է որպես Աիդա Քարամյան՝ Անահիտ և Մելքոն Քարամյանների ընտանիքում։ Նախ ապրել են Ռուսաստանում, ապա Իրանում, այնուհետև՝ Եգիպտոսում։ Ալեքսանդրիայում Իդան սովորել է ֆրանսիական վարժարանում ու կարելի է ասել, որ հենց սա էլ բացեց դեպի արևմուտք նրա ճանապարհը։

Հայրիկի՝ Մելքոն Քարամյանի հորդորով Իդան 1928 թվականին մեկնել է Փարիզ՝ բժշկական կրթություն ստանալու։ Իդային երկար ժամանակ պետք չէր հասկանալու համար, որ բժշկությունն իր առաքելությունը չէ։ Իսկ բարդ ու ռիսկային որոշումներից Իդան չէր խորշում։ Նա որոշում է կիսատ թողնել ուսումն ու զբաղվել իրեն իսկապես հետաքրքրող ու ոգեշնչող գործով։

20-րդ դարի առաջին կեսի Փարիզը մտովի պատկերացնելու և այդ շրջանի ավանգարդ շարժումներից մի փոքր տեղյակ լինելու դեպքում ամենևին էլ զարմանալի չէ, որ Իդա Քանի նրբազգաց հոգին միանգամից ձուլվել ու սիրահարվել է այդ միջավայրին։ Նախ Իդան սկսել է վոկալի դասերի գնալ, հետո սկսել է ջութակ նվագել։ Ու թեև արվեստին մոտ լինելն ու մշակութային միջավայրում ապրելը շատ ոգեշնչող էր՝ ինչ-որ բան ամեն դեպքում պակասում էր։

Մինչև մի սովորական օր սիրելի Փարիզի փողոցներում զբոսանքի ժամանակ ճակատագիրը կազմակերպեց Իդայի և լուսանկարչության հանդիպումը։ Քայլելու ընթացքում երիտասարդ աղջիկը լուսանկարչական մի սրահ է նկատում, մոտենում է ու սկսում ուսումնասիրել այն։

Սրահի սեփականատերը աղջկա հետաքրքրասիրությունից ենթադրում է, թե Իդան աշխատանք է փնտրում։ Նրան առաջարկում է դառնալ իր օգնականը, Իդան էլ միանգամից համաձայնում է, բայց հստակ պայմանով՝ աշխատանքից դուրս ազատ ժամերին ինքը պետք է թույլտվություն ունենար օգտվել սարքերից և սովորել լուսանկարչության նրբությունները։

Կարճ ժամանակ անց Իդան տեղափոխվում է Եգիպտոս, ամուսնանում հայտնի եգիպտացի լուսանկարիչ Էդմոնդ Բելալիի հետ և Կահիրեում ամուսնու հետ հիմնում «Իդաբել» լուսանկարչական ստուդիան։ Գուցե Իդա Քարը այդպես էլ չունենար համաշխարհային այն ճանաչումը, որ ունի հիմա, եթե առաջին ամուսնու հետ երկար ու երջանիկ ապրեր Կահիրեում։ Ամեն դեպքում այս ամուսնությունը երկար չի տևում և շուտով երկրորդ ամուսնու՝ արվեստագետ Վիկտոր Մասգրեյվի հետ Իդան տեղափոխվում է Լոնդոն։

ԲՈՀԵՄԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒՀԻՆ

Քսաներորդ դարի գրական, թատերական և անգամ քաղաքական գործիչներից շատերը հաճախ են հայտնվել Իդա Քարի օբյեկտիվում։ Լուսանկարների թեմատիկան հաճախ վերցված էր արվեստագետների բազմազան բոհեմական շրջանակից, որին ինքը՝ Կարը, սերտորեն կապված էր։ Դիմանկարներում արվեստագետները հիմնականում պատկերված են իրենց հարազատ ու իրենց բնութագրող միջավայրում. Ստեղծագործությունների կողքին, իրենց ստուդիաներում, հանդերձարաններում կամ սեփական տներում։

Մարկ Շագալ

Իր ժամանակների ոչ մի մեծ անուն Իդայի աչքից չի վրիպել։ Իրականում այս մարդկանցից շատերը Իդայի և նրա ամուսնու ընկերներն էին։ Նրա փոտոխցիկի առաջ հայտնվել են ավանգարդ նկարիչ Մարկ Շագալը, քանդակագործ Հենրի Մուրը, գրողները Սոմերսեթ Մոեմը, Թոմաս Էլիոթը, ֆուտուրիստ Ջինո Սեվերինին և բազմաթիվ այլ անուններ։

Թոմաս Էլիոթ
Սոմերսեթ Մոեմ

Քարը կարծես երրորդ աչք ուներ ու նկատում էր այն, ինչ մյուսների աչքից վրիպում էր։ Ու ոչ միայն նկատում էր, այլև կարողանում էր ֆիքսել նկատածն ու փոխանցել մարդկանց։ Դիմանկարներում Քարի ձեռագիրը հստակ է, ինչը հերթական ապացույցն է այն պնդման, որ Իդա Քարն անգամ ամենակամակոր արվեստագետին կարողանում էր «համոզել» ֆոտոխցիկի առաջ մի կողմ թողնել կեղծ ու արհեստական ցանկացած բան ու ենթարկվել իր կանոններին։

Նոր դարի արվեստագետներին հատկապես հիացնում է Քարի կոմպոզիցիոն տաղանդը։ Խճճված գործիքներով ու թղթերով արվեստագետների խառը աշխատանքային իրականությունը Քարի լուսանկարներում կարծես հատուկ կտոր առ կտոր դասավորված ֆոնային պատկեր լինի։

Հենրի Մուր

Ու ամենակարևորն այն էր, որ Քարին ինչ-որ «հրաշքով» հաջողվում էր ցույց տալ իր հերոսներից յուրաքանչյուրի անհատականությունը, անգամ սև ու սպիտակի մեջ՝ նրանց բնորոշող գույները։ Իվ Քլեյնի ամենահայտնի լուսանկարներից մեկի հեղինակը Իդա Քարն է։ Լուսանկարի ֆոնին Քլեյնի ձեռագիրը համարվող էլեկտրիկ կապույտով մի գործ է, ու թեև լուսանկարը սև ու սպիտակ է, այն ամբողջությամբ Քլեյնի ու իր կապույտի մասին է։

Իվ Քլեյն

Իդայի համար լուսանկարչությունն արվեստ էր, իսկ արվեստն ազատություն։ Իդա Քարին գրավում էր այն ամենն, ինչ ուղված էր ազատ ու նոր հորիզոններին, առանց սահմանափակումների մտքին։ Ու զարմանալի չէ, որ ազատության իր փնտրտուքներում Իդան հեղափոխական գաղափարների առաջամարտիկ էր ու անգամ հետաքրքրվում էր քաղաքականությամբ։ Նա Կուբայի հեղափոխության աջակիցներից էր։ Անգամ այցելել էր Կուբա ու լուսանկարել իշխանության եկած Ֆիդել Կաստրոյին։

Ֆիդել Կաստրո

Իդա Քարն առաջինն էր բազմաթիվ հարցերում ու հատկապես իր արվեստում։ Նա առաջին կին լուսանկարիչն էր, որ Մեծ Բրիտանիայում անհատական խոշոր ցուցահանդես ունեցավ։ 1960 թվականին Լոնդոնի Whitechapel պատկերասրահում Իդան գրանցեց իր կարիերայի ամենամեծ հաջողությունը։ Ցուցահանդեսի մասին գրում էին բոլոր լրատվամիջոցները, ներկա էին ժամանակի ամենաազդեցիկ արվեստագետներն ու արվեստասեր հասարակությունը։

Իդա Քարի ցուցահանդեսը Լոնդոնում

The Daily Telegraph-ն օրինակ ցուցահանդեսի մասին գրում էր.

«Սա առաջին դեպքն է, երբ արվեստի պատկերասրահը լուսանկարչին հրավիրում է ցուցադրություն ունենալ իր տարածքում։ Լուսանկարչությունը սկսում է ընդունվել լուրջ արվեստի աշխարհում»:
Իդա Քարի ցուցահանդեսը Լոնդոնում

Նույն ցուցադրության մասին 1960 թվականին The Guardian-ը գրում էր.

«Այստեղ լուսանկարչությունը ներկայացված է իր լավագույն դրսևորմամբ, իսկ դիմանկարը` ամենամարդկային դրսևորմամբ»:

BBC-ի բնորոշումն այսպիսին էր.

«Կան մի քանի արվեստագետներ, որոնց դեմքերին այլևս հնարավոր չի լինի նայել առանց մտածելու Իդա Կարի դիմանկարների մասին։ Նա այդ մարդկանց նկարել է այնպես, ինչպես կան՝ ճշգրիտ ու անկեղծ»:
Իդա Քարի ցուցահանդեսը Լոնդոնում

ԻԴԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

20-րդ դարի կեսերին արևմտյան արվեստագետներից եզակիներն էին, որ հնարավորություն ունեին Խորհրդային Միություն այցելել։ Լուսանկարիչների դեպքում ևս սա բարդ ճանարարհ էր, իսկ այցելության հետ մեկտեղ նաև գործունեություն ծավալելն առավել բարդ էր։ Բայց Իդա Քարն այն եզակի լուսանկարիչներից էր, որ երկու անգամ ժամանեց Խորհրդային Հայաստան ու նաև հասցրեց բազմաթիվ լուսանկարներ անել, որոնք այսօր արդեն պատմական արժեք ունեն։

Առաջին անգամ Քարը հայրենիք այցելեց 1957-ին։ Ինչպես և ակնկալվում էր՝ նրան դիմավորեցին որպես պատվավոր հյուրի։ Լուսանկարչուհուն Մայր Աթոռում ընդունում է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինը։ Իդան ծանոթանում է հին մատյանների, մանրանկարների, որմնանկարների, և մշակութային այլ նմուշների հետ։

Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Քրիստոնյա Հայաստանի» համարներից մեկում ներկայացված է մի պատմություն, ըստ որի Իդա Քարին հատկապես ոգեշնչել էր Մայր Աթոռի երիտասարդ վարդապետներից մեկի՝ հայր Եղիշե Սարգսյանի կերպարը։

«Առաջին հանդիպումը Պատարագի պահին էր. Սուրբ Գիրքն ընթերցող հոգեւորականը խնամքով, զգուշությամբ, երկյուղածությամբ թերթում էր մատյանը։ — Մատները, ես պատկերացրի, նկարվելիք կադրի մեջ գլխավոր շեշտը մատները պետք է լինեն…»

Լուսանկարներից ամենահաջողը սրբապատկերի ֆոնին արված կադրն էր։ Այն մեծ հաջողություն ունեցավ ու արդյունքում Վազգեն Վեհափառն անմիջապես գնեց այն։

Տարիներ անց տեր Եղիշե ավագ քահանա Սարգսյանը պատմում էր.

— Հիմա էլ մտապատկերիս մեջ հստակ է Քարի կերպարը՝ շարժուն, անսպառ էներգիայով լեցուն, գործունյա։ Լուսանկարվելու պահին չարաճճիություններ էի անում. գլուխս բերում էր իր պատկերացրած թեքության ու մինչ կհասներ ապարատին, ես շարժվում էի։ Նեղսրտում էր Իդան, բողոքում Նորին Սուրբ Օծությանը։ Հայերեն խոսում էր «ֆրանսիական ակցենտով», բառերը մի քիչ ձգելով. «Վեհափաաաաաղ, անհնազանդ է այս մարդը…»։

Հայաստան կատարած այս այցի ընթացքում Իդան հասցրեց և՛ լուսանկարել, և՛ դառնալ բնորդուհի Նիկողոս Նիկողոսյանի և Մարտիրոս Սարյանի համար։

Իդայի ֆոտոխցիկի առաջ հայտնվեցին Մարտիրոս Սարյանն իր արվեստանոցում, Ավետիք Իսահակյանը, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը՝ փակ շուկայի ֆոնին, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը։

Ավետիք Իսահակյանի դիմանկարը
Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը՝ Փակ շուկայի մուտքի մոտ

Անշուշտ, անվանի հայրենակիցներին նկարելը կարևոր առաքելություն էր, բայց Իդան միայն դրանով սահմանափակվել չէր կարող։ Նա լուսանկարում էր նաև Հայաստանն ու այնտեղ ապրող սովորական մարդկանց առօրյա կյանքը։ Լեզվի իմացությունը նրան այս հարցում օգնում էր։ Հայերեն և ռուսերեն խոսելու շնորհիվ նա կարողանում էր լեզու գտնել հայրենակիցների հետ ու պատկերել նրանց ամենաբնական պայմաններում։ Նարդի խաղացող տղամարդիկ, փողոցում խաղացող երեխաներ, Լենինի հրապարակ ու շատ ավելին։

Հետո արդեն այս լուսանկարները հայտնվում էին միջազգային մամուլի էջերին, իսկ Իդան իր հարցազրույցներում մշտապես պատմում էր Հայաստանի ու իր այցելության տպավորությունների մասին։

Իդա Քարը մինչև կյանքի վերջն ապրեց ու ստեղծագործեց Լոնդոնում։ Նրա լուսանկարների մեծ մասն այսօր պահմանվում է Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում։ 2011 թվականին պատկերասրահում լուսանկարչուհու աշխատանքների «Իդա Քար. բոհեմական լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվեց։ Իսկ գլխավոր բանը, որ պետք է ֆիքսել Քարի թողած ժառանգությունից այն է, որ հենց նրա լուսանկարների, աշխարհն ու մարդկանց պատկերելու իր մոտեցումների շնորհիվ շատերը լուսանկարչությունը սկսեցին ընկալել որպես արվեստի ամբողջական ճյուղ։


✍️ Նանե Մանուկյան / PAN