7 կանոն, 5 սխալ և 3 գաղտնիք. Արվեստի կախարդանքը` տանը
Երբեմն թվում է, թե արվեստի գործեր ընտրելը բարդ խնդիր է։ Մենք սիրում ենք այցելել թանգարաններ ու ցուցասրահներ, հպարտությամբ տեղադրում ենք սելֆիներ արվեստի գործերի ֆոնին, ձգտում ցույց տալ մեր մշակութային իրազեկվածությունը։ Սակայն հենց հարցը վերաբերում է սեփական տան համար արվեստի գործ ընտրելուն, շատերս հայտնվում ենք փակուղում։
Արվեստի գործի ընտրությունը կարող է արմատապես փոխել ձեր տան տեսքն ու զգացողությունը։ Այն կարող է դառնալ ինտերիերի առանցքային տարր, որը կարտահայտի ձեր անհատականությունը և կստեղծի յուրահատուկ մթնոլորտ։ Սակայն ինչպե՞ս ընտրել ճիշտ արվեստի գործ, որը կհամապատասխանի և՛ ձեր ճաշակին, և՛ ինտերիերին։ PAN-ը ներկայացնում է այս թեմայի շուրջ դիզայներների ու արվեստագետների մտքերի ծաղկաքաղը։
Նախքան արվեստի գործ ընտրելը կարևոր է հասկանալ ձեր տան ոճը։ Ավելի պարզ հասկանալու համար կարելի է առանձնացնել երկու հիմնական ուղղություն՝ ժամանակակից և ավանդական։ Ժամանակակից ոճի մեջ են մտնում mid-century modern-ը, մինիմալիզմը, լոֆթը և նեոդասական ուղղությունները։ Այս դեպքում լավ կհամադրվեն աբստրակտ, ավանգարդային և կոնցեպտուալ արվեստի գործերը։ Այս աշխատանքներն իրենց համարձակ գծերով, անսպասելի գունային լուծումներով և նորարարական մոտեցումներով կատարյալ կերպով կհամադրվեն մինիմալիստական կամ ժամանակակից ինտերիերի հետ։ Նման տարածքներում հատկապես տպավորիչ են նայվում մեծ չափերի վերացական կտավները, որոնք կարող են դառնալ ինտերիերի առանցքային տարրը։
Ավանդական ոճին են պատկանում դասական և քանթրի ուղղությունները։ Այստեղ ավելի տեղին կլինեն ռեալիստական աշխատանքները՝ բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, ինչպես նաև իմպրեսիոնիստական գործերը, որոնց փափուկ, լուսավոր գույները և տրամադրությունը հիանալի կերպով կհամադրվեն դասական ինտերիերի հետ։
Սակայն սա միայն ուղենիշ է։ Որքան ավելի մոտ եք արվեստին, այնքան ավելի ազատ կարող եք էքսպերիմենտներ անել ու տրվել հակադրությունների գայթակղությանը։ Օրինակ՝ դասական ինտերիերում ժամանակակից արվեստի գործը կարող է վկայել տանտիրոջ արդիական հայացքների մասին։ Իսկ ժամանակակից սենյակում դասական բնանկարը կարող է ստեղծել հանգստության և ջերմության զգացողություն։
Արվեստի գործի ընտրության մեջ գույների դերը դժվար է գերագնահատել։ Ինտերիեր դիզայներներն առաջարկում են հետևել գույների հիերարխիայի պարզ, բայց արդյունավետ սկզբունքին։ Այս մոտեցման համաձայն, ցանկացած ինտերիերում պետք է առկա լինեն երեք հիմնական գունային շերտեր։
Առաջին շերտը հիմնական գույնն է, որը կազմում է ինտերիերի 70-80 տոկոսը։ Սա սովորաբար պատերի գույնն է, որը ստեղծում է ընդհանուր ֆոն և սահմանում տարածքի հիմնական տրամադրությունը։ Երկրորդ շերտը՝ լրացուցիչ գույնը, զբաղեցնում է տարածքի 15-20 տոկոսը։ Այն արտահայտվում է կահույքի և խոշոր ինտերիերային տարրերի միջոցով։ Երրորդ շերտը՝ շեշտադրող գույնը, կազմում է ընդամենը 5 տոկոս և հանդիպում է դեկորատիվ տարրերում։
Օրինակ, եթե ձեր ինտերիերում գերակշռում է բաց մոխրագույնը (հիմնական գույն), կահույքը դարչնագույն է (լրացուցիչ գույն), իսկ դեկորատիվ տարրերում կան ոսկեգույն շեշտեր (շեշտադրող գույն), ապա արվեստի գործը կարող է հետևել երկու տարբեր «ռազմավարության»։ Այն կարող է կա՛մ ներդաշնակորեն ընդգծել այս գունային եռյակից մեկը, կա՛մ նուրբ կերպով միավորել բոլոր երեք գույները՝ դառնալով տարածքի միավորող տարր։
Արվեստի աշխարհում կոշտ սահմանափակումները հազվադեպ են աշխատում։ Շատ հաճախ հենց կանոնները խախտելով են ստեղծվում ամենահետաքրքիր և յուրօրինակ ինտերիերային լուծումները։ Օրինակ, ուլտրաժամանակակից գրասենյակում դասական բնանկարը կարող է ստեղծել հանգստության և խորության զգացողություն, որը կօգնի մտքերը հավաքել և կենտրոնանալ։ Իսկ խիստ դասական ինտերիերում մեծ վերացական կտավը կարող է դառնալ այն էներգետիկ կենտրոնը, որը կհաղորդի տարածքին դինամիկա և ժամանակակից շունչ։
Նույնը վերաբերում է նաև գույների ընտրությանը։ Թեև գոյություն ունեն գունային համադրման դասական կանոններ, երբեմն հենց անսպասելի գունային լուծումներն են ստեղծում ամենատպավորիչ արդյունքը։ Եթե ձեր ինտերիերը մոնոխրոմ է՝ սև, սպիտակ և մոխրագույն երանգներով, ապա վառ գույներով արվեստի գործը կարող է դառնալ այն կենսական էներգիայի աղբյուրը, որը կլցնի տարածքը կյանքով։
Յուրաքանչյուր սենյակ ունի իր առանձնահատուկ նշանակությունը և մթնոլորտը, ինչը պետք է հաշվի առնել` արվեստի գործ ընտրելիս։ Հյուրասենյակը, որը կարելի է ասել տան գլխավոր հատվածն է, պահանջում է առանձնահատուկ մոտեցում։ Այստեղ տեղին են խոշոր, տպավորիչ կտավները, որոնք կարող են դառնալ տարածքի գլխավոր շեշտը։ Հյուրասենյակի արվեստի գործը պետք է արտացոլի տանտիրոջ ճաշակը և մշակութային իրազեկվածությունը։
Ննջասենյակի համար ավելի հարմար են հանգիստ, խաղաղ կոմպոզիցիաները։ Այստեղ կարելի է տեղադրել ավելի անձնական, հուզական նշանակություն ունեցող աշխատանքներ։ Քանի որ ննջասենյակը մասնավոր տարածք է, արվեստի գործի ընտրության մեջ կարելի է ավելի ազատ լինել և հետևել զուտ անձնական նախասիրություններին։
Արվեստի գործի չափի ճիշտ ընտրությունը ևս կարող է էականորեն ազդել ինտերիերի ընդհանուր տպավորության վրա։ Շատ հաճախ մարդիկ սխալ են գործում՝ ընտրելով չափազանց փոքր գործեր, որոնք ուղղակի կորում են մեծ պատի վրա։ Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել «երեք քառորդի» կանոնին։ Այս կանոնի համաձայն՝ արվեստի գործի լայնությունը պետք է կազմի այն կահույքի երկարության 75 տոկոսը, որի վերևում այն տեղադրվելու է։
Օրինակ, եթե տվյալ կահույքի տարրի երկարությունը 120 սանտիմետր է, ապա վերևում տեղադրվող նկարի լայնությունը պետք է լինի մոտավորապես 90 սանտիմետր։ Նույն սկզբունքը գործում է նաև ավելի մեծ կահույքի դեպքում։ Եթե բազմոցի երկարությունը 240 սանտիմետր է, ապա դրա վերևի պատին կախված նկարի լայնությունը պետք է լինի շուրջ 180 սանտիմետր։
Նախքան արվեստի գործը գնելը, կարևոր է հստակ պատկերացնել, թե որտեղ եք այն տեղադրելու։ Փորձառու դիզայներները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել մի քանի կարևոր հանգամանքի։
Նախ՝ հարկավոր է հասկանալ, թե ու՞ր է ուղղվում ձեր հայացքը, երբ առաջին անգամ մտնում եք սենյակ։ Փորձեք նկատել, թե ինչպես է ձեր հայացքը շարժվում տարածքում և որտեղ է այն կանգ առնում։ Հենց այդ բնական «կանգառները» հաճախ լավագույն տեղն են արվեստի գործերի համար։
Երկրորդ՝ պետք է հաշվի առնել հանգստի գոտիների դիրքը։ Արվեստի գործը պետք է տեղադրել այնպես, որ այն հարմար լինի դիտել հանգստի «գոտուց»՝ լինի դա բազկաթոռը, բազմոցը թե ճաշասենյակի սեղանը։ Դիտման հարմարավետությունը կազդի նաև տեղադրման բարձրության վրա. դուք չպետք է ստիպված լինեք գլուխը հետ գցել՝ նկարը տեսնելու համար։
Եվ երրորդ՝ արվեստի գործը պետք է ունենա «շնչելու» տարածք։ Մի՛ փորձեք այն չափազանց մոտ տեղադրել կահույքին կամ այլ դեկորատիվ տարրերի։
Արվեստի գործը լիարժեք կերպով բացահայտելու համար կարևոր է ապահովել ճիշտ լուսավորություն։ Այս հարցում գոյություն ունեն մի քանի հիմնարար կանոններ։ Առաջին և ամենակարևոր կանոնն է՝ խուսափել արվեստի գործի վրա արևի ուղիղ ճառագայթների ընկնելուց։ Դա կարող է վնասել նկարը և խամրեցնել գույները։
Մյուս կողմից, LED լուսավորությունը կարող է դառնալ գեղեցիկ լուծում։ Ժամանակակից LED լամպերը թույլ են տալիս ստեղծել նուրբ, ուղղորդված լուսավորություն, որը կընդգծի արվեստի գործի լավագույն կողմերը։ Լուսավորության աղբյուրները՝ լինեն դրանք հատակին դրվող լամպեր, առաստաղից կախված ջահեր թե պատին ամրացված լուսամփոփներ, պետք է տեղադրվեն արվեստի գործից որոշակի հեռավորության վրա։
Արվեստի գործի ընտրությունը չպետք է լինի զուտ տեխնիկական գործընթաց։ Այն պետք է արտահայտի ձեր անհատականությունը և արժեքները։ Այնուամենայնիվ, կան մի քանի գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել տարածված սխալներից։
Նախ՝ մի վախեցեք փորձարկումներից։ Նախքան արվեստի գործ գնելը, կարող եք օգտվել առցանց տեխնոլոգիաներից՝ տեսնելու, թե ինչպես կնայվի այն ձեր ինտերիերում։ Արևմտյան երկրներում օրինակ, բազմաթիվ պատկերասրահներ այսօր առաջարկում են «նկարի փորձարկման» ծառայություն, երբ ընտրված աշխատանքը բերում են պատվիրատուի տուն՝ տեղում տեսնելու համար, թե ինչպես է այն համադրվում ինտերիերի հետ։
Արվեստի գործի ընտրության մեջ պետք է նաև ուշադրություն դարձնել դրա ձևին։ Ուղղանկյուն, քառակուսի, կլոր կամ օվալաձև՝ յուրաքանչյուր ձև ունի իրեն հատուկ ազդեցությունը տարածքի վրա։ Փափուկ, կլոր ձևերը ստեղծում են ներդաշնակության և հանգստության զգացողություն, մինչդեռ սուր անկյուններով ուղղանկյուն կտավները կարող են հաղորդել դինամիկա և էներգիա։
Շրջանակի ընտրությունը նույնպես էական նշանակություն ունի։ Շրջանակը կարող է կա՛մ ներդաշնակորեն լրացնել արվեստի գործը, կա՛մ ստեղծել հետաքրքիր հակադրություն։ Օրինակ՝ ժամանակակից վերացական նկարը կարող է հետաքրքիր հնչել դասական ոսկեզօծ շրջանակում, իսկ դասական բնանկարը՝ մինիմալիստական մետաղական շրջանակում։ Այստեղ նույնպես կարևոր է չվախենալ փորձարկումներից և հետևել սեփական ինտուիցիային։
Անշուշտ, մեկ արվեստի գործը կարող է դառնալ տարածքի առանցքային տարրը, բայց երբեմն ավելի հետաքրքիր արդյունք է ստացվում մի քանի աշխատանքների համադրությունից։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել մի քանի սկզբունք։ Առաջին հերթին, կտավների միջև պետք է լինի որևէ կապող տարր՝ լինի դա ընդհանուր թեման, գունային գամման, ոճը կամ շրջանակների նմանությունը։ Միևնույն ժամանակ, չափազանց նման կտավների համադրությունը կարող է միապաղաղ թվալ։ Իդեալական կլինի, եթե կտավները միավորված լինեն ինչ-որ ընդհանուր գաղափարով, բայց յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ «ձայնը»։
Արվեստի գործի ձեռքբերման հարցում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել գնման վայրի ընտրությանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ինտերիեր դիզայներների կողմից «ինտերիերի համար» ստեղծված աշխատանքներից, պատվերով արված նկարներից և սոցիալական ցանցերում կամ նվերների խանութներում վաճառվող գործերից։ Այս աշխատանքները հաճախ չունեն իրական գեղարվեստական և մշակութային արժեք։
Արվեստի գործեր գնելու լավագույն վայրերից են անկախ ժամանակակից պատկերասրահները, որտեղ ներկայացված են ճանաչված արվեստագետների լավագույն աշխատանքները, արվեստագետների արվեստանոցները, որտեղ կարելի է անմիջականորեն շփվել ստեղծագործողի հետ, արվեստի տոնավաճառները և փառատոները, որտեղ մեկ վայրում կարելի է տեսնել տարբեր արվեստագետների աշխատանքներ, ինչպես նաև հեղինակավոր արվեստի ցուցահանդեսները։
Չնայած բոլոր տեխնիկական կանոններին և խորհուրդներին, արվեստի գործի ընտրությունը խորապես անձնական գործընթաց է։ Այն պետք է արտահայտի ձեր անհատականությունը, արժեքները և աշխարհընկալումը։ Գուցե պատահի այնպես, որ մի արվեստի գործ, որն ամբողջապես համապատասխանում է բոլոր տեխնիկական չափանիշներին, կարող է այդպես էլ չդառնալ ձեր տան օրգանական մասը, եթե այն հուզականորեն չի արձագանքում ձեր ներքին աշխարհին։
Տան համար արվեստի գործի ընտրությունը շատ ավելին է, քան պարզապես դեկորատիվ տարր ավելացնելը։ Այն նման է պատմության պատմելուն, որտեղ յուրաքանչյուր գույն, յուրաքանչյուր գիծ և յուրաքանչյուր ձև ձեր մասին ինչ-որ բան է պատմում։ Ճիշտ ընտրված արվեստի գործը կարող է փոխակերպել տարածքը, արտացոլել ձեր արժեքները, երազանքները և ձգտումները՝ միաժամանակ ստեղծելով նոր միջավայր՝ ձեր առօրյա միջավայրում։