Իրանում կանայք ծխախոտ են կպցնում հոգևոր առաջնորդի այրվող պատկերով, իսկ ուժայինները shutdown-ի պայմաններում սպանում են ցուցարարներին. Ինչ է կատարվում հարևան երկրում
2025-ի դեկտեմբերի վերջին Իրանում սկսված և 2026-ի հունվարին նոր փուլ մտած բողոքի ակցիաները դժվար է բնորոշել որպես հերթական սոցիալական դժգոհություն կամ կարճատև քաղաքական ճգնաժամ։ Դրանք ձևավորվել են երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրների ֆոնին և այսօր վերաճել են խորքային, բազմաշերտ գործընթացի, որը միաժամանակ ընդգրկում է տնտեսական, սոցիալական, քաղաքական և արտաքին քաղաքական գործոններ։ Այս ալիքն առանձնանում է իր մասշտաբով, հստակ ուղղվածությամբ, նշմարվող առաջնորդի կերպարով և միջազգային արձագանքների կոշտությամբ։
ՄԵԿՆԱՐԿԸ
Դեկտեմբերի 28-ին սկսված ակցիաները «մեկնարկ» անվանելը գուցե այնքան էլ ճշգրիտ չէ, որովհետև, ինչպես նշեցինք, այս ամենը շատ ավելի խորը հիմքեր ունի։ Դրա համար՝ պայմանականորեն համարենք, որ սա բողոքի ամենամեծ ալիքի մեկնարկն էր։ Այն սկսվեց առևտրականների գործադուլով ու երկար ժամանակ կուտակված լարվածությունը դուրս եկավ վերահսկողությունից։ Իրանագետ ժաննա Վարդանյանն իր վերլուծական աշխատության մեջ ընդգծում է, որ շուկայի (բազարը՝ որպես բնակչության խավ) ներգրավվածությունը հստակ ազդակ է.
«Պատմականորեն բազարը համարվել է համակարգի սոցիալական հենասյուներից մեկը, և դրա մասնակցությունը ցույցերին վկայում է վստահության իրական ճգնաժամի մասին: Սա նաև ցուցիչ է, որ Իրանում հասարակական դժգոհությունը ներառում է ամենատարբեր շերտեր, և բողոքի է դուրս գալիս նաև միջին օղակը։»
Այս անգամ ցույցերի գլխավոր առիթը դարձավ ռիալի կտրուկ արժեզրկումը։ Դեկտեմբերի վերջին օրերին մեկ դոլարի դիմաց փոխարժեքը հասավ շուրջ մեկ միլիոն 420 հազար ռիալի, իսկ հունվարի առաջին օրերին՝ մոտեցավ մեկ միլիոն 470 հազարի։
Երկրորդ, ոչ պակաս պայթյունավտանգ շերտն աննախադեպ բարձր տոկոսներով գնաճն է, որն աստիճանաբար խաթարել է բնակչության գրեթե բոլոր շերտերի կենսամակարդակը։ 2025 թվականի ընթացքում ապրանքների գների մոտ մեկուկես անգամ աճը մարդկանց համար զուտ վիճակագրություն չէր։ Սա դժգոհության ալիքի հերթական, հստակ ցուցիչն էր։
ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼԱՐՈՒՄԸ
Տնտեսական խնդիրների շուրջ դժգոհությունը, սակայն, շատ արագ դուրս եկավ սոցիալական պահանջների շրջանակից։ Ցույցերի առաջին օրերին հնչող կարգախոսները փոխվեցին, բարձր գների ու ցածր աշխատավարձերի մասին խոսույթին փոխարինեցին գործող համակարգի դեմ ուղղված բացահայտ քաղաքական պահանջներ։
Նախորդող տարիներին բողոքի ալիքները հաճախ սահմանափակվում էին առանձին խմբերով՝ աղքատ բնակչություն, աշխատավոր ժողովուրդ կամ որոշակի ոլորտների ներկայացուցիչներ։ Այս անգամ բողոքի շրջանակը շատ ավելի լայն է։ Ցույցերին մասնակցում են տարբեր սոցիալական շերտերի, տարբեր տարիքային խմբերի և տարբեր բնակավայրերի բնակիչներ։ Ցույցերը մայրաքաղաք Թեհրանից տարածվել են նաև փոքր, միջին ու մեծ քաղաքներ, նույնիսկ բնակավայրեր, որոնք երկար ժամանակ համարվում էին իշխանությունների համար համեմատաբար «ապահով» տարածքներ։
Տնտեսական ճնշման ու քաղաքական փակուղու պայմաններում բողոքի շարունակվող այս շղթան դարձել է համակարգի՝ վերջին տարիների գլխավոր մարտահրավերներից մեկը։ Եթե նախկինում զանգվածային ցույցերը բռնկվում էին և հետո՝ ժամանակի ընթացքում մարում, ապա 2022 թվականից հետո երկիրը փաստացի մտել է մշտական խռովության փուլ։ 2022-ին գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ ակցիաները շատ արագ վերաճեցին բողոքի լուրջ ու վտանգավոր ալիքի ու թեև ճնշվեցին ուժի կիրառմամբ, արդեն հստակ էր, որ հասարակական ընդվզումը ամբողջությամբ չէր կարող դադարել։
2023, 2024 և 2025 թվականներին Իրանում գրեթե անընդհատ տեղի էին ունենում բողոքի «տեղայնացված» ակցիաներ։ Թոշակառուները պահանջում էին կենսաթոշակների բարձրացում, աշխատողները՝ աշխատավարձերի վերանայում և աշխատանքի պայմանների բարելավում, գյուղացիները՝ ոռոգման ջրի հասանելիություն, փոքր բիզնեսի ներկայացուցիչները՝ էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում։ Վիճակագրական դիտարկումները ցույց էին տալիս, որ այդ տարիների ու ամիսների ընթացքում հազվադեպ էին լինում օրեր, երբ երկրի որևէ հատվածում բողոքի որևէ ակցիա չէր իրականացվում։
Հետևաբար, եթե 2025 թվականի դեկտեմբերի վերջին սկսված ու մինչև օրս շարունակվող իրադարձությունները դիտարկենք այս համատեքստում, ապա սա ամենևին էլ անակնկալ չէր։
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Իրանի իշխանությունների ձեռագիրը նախորդ մեծ ցույցերից հետո շատ չի փոխվել, միայն առավել կոշտ է դարձել։ Իրանում shutdown է, հոսանքը, ինտերնետն ու կապը պարզապես հասանելի չեն։ Տեղեկատվական մեկուսացումը ճնշման հիմնական գործիքներից մեկն է՝ ուժային կառույցների ակտիվ ներգրավմանը զուգահեռ։
Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս ամեն բան սկսվեց հանդարտության ու երկխոսության կոչերով, բայց իրավիճակը վերահսկողությունից դուրս էր գալիս ու համակարգը որոշում է կոշտ քայլերի անցնել։ Ցուցարարները ներկայացվում են որպես պետական կարգը խախտող ուժեր, անգամ ահաբեկիչներ, միջազգային լրտեսներ։ Արդյունքում ուժային կառույցները լայն լիազորություններ են ստանում, իսկ տեղեկատվական դաշտը խիստ վերահսկողության տակ է վերցվում։
Արդյունքում այսօր պատկերը հետևյալն է՝ զանգվածային՝ տասնյակ հազարների հասնող ձերբակալություններ, տարբեր տվյալներով՝ մի քանի հարյուրից մի քանի հազարի հասնող զոհեր, աննախադեպ ճնշումներ։
Սա, սակայն, չի հանդարտեցրել իրավիճակը։ Ընդհակառակը՝ խորացրել է իշխանության և հասարակության միջև արդեն իսկ գոյություն ունեցող անդունդը։ Կանայք հանրային կերպով այրում են իրենց գլխաշորերը ու ծխախոտ կպցնում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի այրվող պատկերի կրակով։ Շատերի համար ուժի կիրառումը հաստատեց այն համոզմունքը, որ գործող համակարգը այլևս չի դիտարկում քաղաքացիներին որպես քաղաքական գործընթացի մաս, այլ ընկալում է նրանց բացառապես որպես վերահսկման ենթակա օբյեկտ։
ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱԿԱՍՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆԸ
Այս ամենի ֆոնին վերջին տարիներին միս ու արյուն ստացող բողոքի ակցիաները կարծես վերջապես առաջնորդի կերպար ունեն։ Ցույցերի ընթացքում և դրանց նախորդող օրերին արտասահմանից ակտիվ ելույթներ ու կոչեր է հղում Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին։ Հենց նրա կոչերի շնորհիվ հունվարի 8-ին տեղի ունեցան վերջին տարիների ամենամարդաշատ ցույցերը։ Ցուցարարների շրջանում սկսեցին հնչել ոչ միայն հակաիշխանական, այլև ընդհանրապես՝ համակարգին դեմ լինելու բացահայտ կարգախոսներ։
Բողոքի այս փուլն առանձնանում է նաև արտաքին քաղաքական կոշտ մեկնաբանություններով ու քայլերով։ Իհարկե, այստեղ գլխավոր խաղացողը Թրամփն է։ Նա հրապարակավ աջակցում է ցուցարարներին, սպառնում ռազմական միջամտությամբ և տնտեսական լրացուցիչ ճնշումներով։ Անգամ հայտարարել է, որ Իրանի հետ առևտուր անող երկրները կարող են բախվել ԱՄՆ-ի հետ առևտրում 25 տոկոս մաքսատուրքի սահմանման հետ։
Այսպիսով՝ Իրանը հայտնվել է մի կետում, որտեղ յուրաքանչյուր հաջորդ քայլ կարող է անդառնալու ու երկարաժամկետ հետևանքներ ունենալ։ Շատերի համար գործող համակարգը կորցրել է լեգիտիմությունը։ Հանրային դիսկուրսում հայտնվել են հեղափոխության, ռեժիմի փոփոխության և պետական համակարգի ամբողջական վերափոխման մասին խոսույթներ։ Ի՞նչ կլինի արդյունքում։ Սա, թերևս, օդում կախված ամենավտանգավոր հարցականն է։