Կարդալիքներ PAN-ից
Yesterday

Մանկապղծություն, սեռական ոտնձգություն և «ուղեղի լվացում». Մահից տարիներ անց էլ փոփ արքա Ջեքսոնին շարունակում են մեղադրել

Փոփ արքան վաղուց չկա, բայց նրա շուրջ բորբոքված սկանդալները շարունակում են լարման մեջ պահել երաժշտական աշխարհը։ Հիմա էլ պարզվում է, (ամեն դեպքում` այդպես է ասում Financial Times-ը), որ Մայքլ Ջեքսոնի ժառանգները ստիպված են եղել ևս 2,5 միլիոն դոլար վճարել Կասիո ընտանիքին այն մեղադրանքների համար, որոնք հնչել էին արդեն մահացած երգչի հասցեին։ Ընդհանուր առմամբ, այս ընտանիքը պահանջել է 16,5 միլիոն դոլար և պնդում է, որ գործը պետք է քննվի հանրային դատավարությամբ։

Այս պատմությունն ամբողջությամբ պատկերացնելու համար պետք է ընդգծել, որ Դոմինիկ Կասիոն երկար տարիներ Ջեքսոնի մտերիմ ընկերն էր համարվում, իսկ նրա որդին՝ Ֆրենքը, երգչի անձնական օգնականն է եղել։ Ջեքսոնն այս ընտանիքին համարում ու անվանում էր իր «երկրորդ ընտանիքը»։ Ու երբ աշխարհով մեկ Ջեքսոնին ուղղված մեղադրանքների ալիք էր դեռ 2000-ականներին, Ֆրենքն իր կուռքին պաշտպանող մարդկանց շարքում առաջիններից էր։ Ամեն ինչ փոխվեց 2019-ից հետո, երբ էկրաններին հայտնվեց «Հեռանալով Նևերլենդից» սկանդալային դոկումենտալ ֆիլմը։ Կասիո ընտանիքի մի քանի անդամ, այդ թվում՝ Ֆրենքը, միայն վերջերս հայտարարեցին, որ իրենք ևս բռնության զոհ են եղել։

Կալիֆոռնիայում գտնվող Ջեքսոնի հայտնի Նեվերլենդը նման էր երազանքի իրականացման։ Այդ տարածքում կար զվարճանքների այգի, կենդանաբանական այգի, կինոթատրոն ու շատ ավելին։ Հիմնական մասնաշենքում բազմաթիվ հյուրասենյակներ էին, որտեղ հաճախ գիշերում էին երեխաները։ Առաջին հայացքից սա ամառային ճամբարի համար կատարյալ մի վայր էր, բայց Ջեքսոնի Նևերլենդը մինչև օրս բազմաթիվ տեսությունների, լուրերի ու մեղադրանքների կիզակետում է։

Իհարկե, անշնորհակալ գործ է նման նուրբ, իսկապես սարսափեցնող ու ցավոտ թեմային անդրադառնալը, որովհետև փոփ արքայի երկրպագուների և նրա դեմ մեղադրանքներին հավատացողների բանակները մեկը մյուսից ագրեսիվ ու լուրջ են տրամադրված։ Ամեն դեպքում՝ թարմ լուրերը ու Ջեքսոնին նվիրված առաջիկայում սպասվող ֆիլմի պրեմիերան լավ առիթ են, որպեսզի կրկին փորփրենք այս թեման ու առանց եզրակացությունների մի քանի եղելություն իրար կողք դնենք։

Ջեքսոնի դեմ առաջին լուրջ մեղադրանքը հնչեց 1993-ին։ 13-ամյա Ջորդան Չանդլերի հայրը հայտարարեց, որ երգիչը ստիպել է տղային դիպչել իր մարմնի մասերին։ Գործը չհասավ դատարան՝ Ջեքսոնը համաձայնվեց վճարել 20 միլիոն դոլար և փակել հարցը։ Հետաքրքիր է, որ 2009-ին, երբ երգիչն արդեն մահացած էր, Ջորդանի «խիղճը տանջեց» ու խոստովանեց, որ ստել է։

Բայց սև ամպերն այդքանով չէին սահմանափակվում։ Նույն 1993-ին Ջեքսոնի քույրը՝ Լա Տոյա Ջեքսոնը, բավական համարձակ ու տարօրինակ հայտարարություն արեց։ Նա պնդում էր, որ եղբայրն իսկապես անառողջ հետաքրքրություն ունի երեխաների նկատմամբ։

«Ո՞ր 35-ամյա տղամարդն է 30 օր անընդմեջ ժամանակ անցկացնում փոքրիկ տղայի հետ։ Կամ փակվում սենյակում մեկ այլ երեխայի հետ և հինգ օր դուրս չի գալիս։ Եղբորս շատ եմ սիրում, բայց չեմ ուզում, որ անմեղ երեխաները որևէ կերպ տուժեն»։

Ու որոշ ժամանակ անց Ջեքսոնի քույրը ևս փոխեց իր ցուցմունքն ու հետ վերցրեց խոսքերը։ Ե՞րբ էր քույրը ստում՝ հիմա դժվար է ասել։

Այս թեմայի շուրջ զարգացումները շրջադարձային էին 2003-ին։ Բրիտանացի լրագրող Մարտին Բաշիրը նկարահանեց «Կյանքը Մայքլ Ջեքսոնի հետ» վավերագրական ֆիլմը։ Կադրերից մեկում երգիչը, բռնելով 13-ամյա Գևին Արվիզոյի ձեռքը, պատմում էր, թե ինչպես է քնում նրա հետ նույն անկողնում։ Ջեքսոնի բացատրությամբ՝ երեխաներն իրենք էին գալիս իր սենյակ, որովհետև ուզում էին պառկել սիրելի արտիստի կողքին։ Ջեքսոնի թիմը լրագրողին անմիջապես մեղադրեց «դեղին մամուլի» խաղալիք լինելու մեջ ու պնդեց, որ հարցազրույցի հատվածներն ամբողջովին կոնտեքստից դուրս էին։

Ամեն դեպքում՝ ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո դատարան հասավ նոր հայց։ Արվիզոյի ընտանիքը մեղադրում էր Ջեքսոնին անչափահասի հանդեպ սեռական բռնության մեջ։ Ըստ նրանց՝ երգիչը երեխայի ներկայությամբ պոռնոգրաֆիկ ֆիլմեր է դիտել, ռետինե տիկնիկներով սեռական ակտ «նմանակել», տղային ու նրա եղբորը ալկոհոլ է հյուրասիրել։ Մեղադրանքներին միացան Ջեքսոնի մի քանի աշխատակիցներ և  տան աշխատողներ։

Պաշտպանական կողմը փորձում էր ամեն կերպ ապացուցել, որ մեղադրող կողմի պնդումներն ու ցուցմունքները մեկը մեկին հակասում են, իսկ ընտանիքը ֆինանսական բազմաթիվ խնդիրներ ունի, հետևաբար այս ամենը պարզապես Ջեքսոնից կլորիկ գումար ստանալու փորձ էր։ Արդյունքում 2005-ին դատարանն արդարացրեց Ջեքսոնին՝ ապացույցների բացակայության պատճառով։ Ի դեպ, երգչի նախկին փաստաբան Բրայան Օքսմանը համոզված է, որ հենց այս դատավարությունը դարձավ արտիստի մահվան իրական պատճառը։ Չնայած դատական հաղթանակին՝ Ջեքսոնը չկարողացավ հաղթահարել մեղադրանքների ծանրությունը և հասարակության մի ստվար զանգվածի վերաբերմունքը։

Մահից հետո էլ սկանդալները չդադարեցին։ 2013-ին լրատվամիջոցները, հղում անելով փակ աղբյուրների, պնդում էին, որ 1989-ից սկսած Ջեքսոնը բռնություններ է գոծադրել 17 անչափահասների նկատմամբ և նրանց լռության դիմաց վճարել ընդհանուր 35 միլիոն դոլար։

Նույն տարում դատարան դիմեց պարուսույց Ուեյդ Ռոբսոնը, որը 2003-ին հրապարակավ պաշտպանել էր Ջեքսոնին։ Այժմ նա պնդում էր, որ կեղծ ցուցմունք է տվել, որովհետև մանիպուլյացիաների է ենթարկվել։ Այս գործը ևս որոշ ժամանակ անց փակվեց, բայց Ռոբսոնը չհանգստացավ։

2019-ի մարտին HBO-ն ցուցադրեց վերջին տարիների ամենասկանդալային ու ապշեցուցիչ վավերագրական ֆիլմերից մեկը՝ չորսժամյա «Հեռանալով Նևերլենդից» ֆիլմը։ Այն հիմնված էր Ուեյդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի պատմությունների վրա։ Տղաները պնդում էին, որ Ջեքսոնն իրենց բռնության է ենթարկել։ Ենթադրյալ բռնության ակտերը սկսվել են, երբ Ռոբսոնը 7 տարեկան էր, Սեյֆչակը՝ 10։

Ֆիլմում նրանք մանրամասն պատմում էին, թե ինչպես է Ջեքսոնը օգնել իրենց առաջին քայլերը կատարել շոու բիզնեսում, հրավիրել է Նևերլենդ, շրջապատել հոգատարությամբ։ Մեղադրանքները հնչեցնող տղաների պնդմամբ երգիչը ընկերացել էր նաև նրանց ընտանիքների հետ, շահել նրանց վստահությունը, իսկ հետո սկսել բռնությունները։

Այն, ինչ պատմում են այս երիտասարդները, իսկապես սարսափելի է։ Ու անգամ մտածել, որ այս ամենն իրական է՝ սարսափ է առաջացնում։ Բայց պետք է փաստել, որ մեղադրանքներն այդպես էլ չեն ապացուցվել։ Ամեն դեպքում՝ հասկանանք, թե ինչ էին ասում տղաները։

Սեյֆչակը պատմում էր, որ Ջեքսոնն ասել է, թե դա նրա առաջին սեռական փորձն է։ Նա նկարագրում էր, թե ինչպես է երգիչը նրան տարել զարդերի խանութ ու նշանադրության մատանի նվիրել, իսկ հետո կազմակերպել է «խաղ-հարսանիք»։ Ըստ Սեյֆչակի՝ Ջեքսոնը անվտանգության համակարգեր էր տեղադրել Նևերլենդում, որպեսզի ուրիշները չտեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում։

Ռոբսոնը պնդում էր, որ Ջեքսոնը նրան հորդորել է չվստահել կանանց։ Երկուսն էլ հավաստիացնում էին, որ երգիչը փորձել է նրանց հեռացնել ընտանիքներից և «լվացել է իրենց ուղեղները», նաև սիրային նամակներ է ուղարկել։ Տղաների պնդմամբ որոշ ժամանակ անց իրենց փոխարինել են այլ տղաներ, որովհետև Ջեքսոնը նախընտրում էր սեռահասունության շեմին չհասած տղաներին։

Վավերագրական ֆիլմում Սեյֆչակի մայր Սթեֆանին պատմում էր, որ 2009-ին՝ Ջեքսոնի մահվան լուրը լսելուց հետո նա ուրախությունից պարել է ու ասել.

«Փառք Աստծո, նա այլևս չի կարողանա վնասել երեխաներին»։

Ֆիլմի ռեժիսորն էլ այն այսպես է բնութագրել.

«Սա երեխաների նկատմամբ սեռական բռնության մասին սարսափելի պատմություն է, որը ներկայացված է երկու սովորական ընտանիքների միջոցով։ Նրանք 20 տարի մանիպուլյացիաների են ենթարկվել մանկապիղծի կողմից, որն իրեն ներկայացրել է որպես վստահելի ընկեր»։

Սա պատմության մի կողմն է միայն։ Այս ֆիլմից հետո Ջեքսոնի ժառանգները HBO-ին դատի տվեցին՝ պահանջելով 100 միլիոն դոլար փոխհատուցում զրպարտության համար։ Հեռուստաընկերությունը պարտվեց դատում։ Սեյֆչակի հայցը նույնպես մերժվեց։

Բայց 2020-ին դատարան դիմեց Կասիոների ընտանիքը։ Նրանք պնդում էին, որ Ջեքսոնի գործողություններից տուժել են ընտանիքի բոլոր երեխաները՝ չորս տղա և մեկ աղջիկ։ Արդյունքում նրանք ստացան 13 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։ Սակայն այս գումարը բավարար չէր, և 2025-ի հոկտեմբերին նրանք կրկին դիմեցին դատարան։

2023-ին վերաքննիչ դատարանը վերսկսեց Ռոբսոնի և Սեյֆչակի գործերի քննությունը։ Իսկ միայն վերջերս պարզվեց, որ Ջեքսոնի ժառանգության հիմնադրամը գաղտնի լրացուցիչ 2,5 միլիոն դոլար է վճարել Կասիո ընտանիքին։ Ընտանիքը պնդում է, որ ժառանգները ճնշում են գործադրել և ստիպել համաձայնվել պայմաններին։

Financial Times-ի տվյալներով՝ Կասիոները մտադիր են շարունակել դատական պայքարը։ Դատարանը պետք է որոշի՝ գործը քննել բաց նիստերի ձևաչափով, թե շարունակել փակ դռների հետևում։ Ջեքսոնի ժառանգները դեմ են հանրային քննությանը և շարունակում են մեղադրանքները զրպարտություն ու կեղծիք որակել։

Այս բոլոր իրադարձությունները լուրջ հարցականի տակ են դնում Ջեքսոնի ժառանգությունը։ Դեռ 2019-ին՝ ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետ, Կանադայի և Նոր Զելանդիայի մի քանի ռադիոկայաններ հայտարարեցին, որ հանում են Ջեքսոնի երգերը եթերից։ Guardian թերթի թղթակիցը գրել էր.

«Չորսժամյա ֆիլմի երրորդ րոպեին արդեն պարզ դարձավ, որ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունն այլևս երբեք նույնը չի լինի»։

Ու այս ամենի ֆոնին մի կարևոր PR հանգամանք էլ կա։ Հանրային դատական նիստերը կարող են ազդել 2026-ին նախատեսված «Michael» կենսագրական ֆիլմի ճակատագրի վրա։

Ջեքսոնի աջակիցները, պաշտպանները, ընտանիքն ու երկրպագուներն արդեն մի քանի տասնամյակ է պնդում են, որ բոլոր մեղադրանքները հորինված են և միակ նպատակը «հեշտ» միջոցներով մեծ գումարներ վաստակելն է։ Նրանց դիտարկմամբ դատարանի մի քանի որոշումները, որոնք արդարացրել են Ջեքսոնին, հենց սրա ապացույցն են։ Դե, իսկ մեղադրողները պնդում են, որ փառքն ու հարստությունը թույլ են տվել երգչին տասնամյակներ շարունակ խուսափել պատասխանատվությունից։

Ջեքսոնը մշտապես ու հատկապես կյանքի վերջին տարիներին կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Ջեքսոնն ասում էր.

«Երեխաները երբեք չեն դավաճանել, չեն խաբել և չեն հիասթափեցրել ինձ։ Մեծահասակներն են դավաճանել։ Մեծահասակներն ու ամբողջ աշխարհը հիասթափեցրել են ինձ»:

Այսօր էլ պարզ չէ՝ երբևէ կբացահայտվի՞ այս մութ ու ահասարսուռ պատմության որևէ դրվագ։ Ու քննարկման մեկ այլ թեմա է, թե նման դեպքերում ինչպե՞ս է հնարավոր առանձնացնել անձին՝ իր ստեղծած ժառանգությունից ու ստեղծագործություններից։ Կամ պե՞տք է արդյոք առանձնացնել։