Սեռական բռնություն, մանկապղծություն ու այլ կեղտոտ գործեր. Ինչում են մեղադրում Հիսուսի արտաքինով Ջարեդ Լետոյին
Ջարեդ Լետոն մեղադրվում է սեռական ոտնձգության և մանկապղծության մեջ: Հավատացեք՝ պատկերացնում ենք, թե այս տողերը կարդալիս քանի՜ երկրպագուի սիրտ է կոտրվել, բայց, ցավոք, Լետոյի անունը ևս այսուհետ դասվելու է նմանատիպ մեղադրանքների դեմ պայքարող հոլիվուդյան աստղերի շարքին։ Իհարկե, գործը դեռ չի հասել դատական գործերի ու միայն դատարանի որոշումը կարող է փաստել այս պնդումների հավաստի լինել կամ չլինելը, բայց, պարզվում է, որ սա Լետոյի անվան հետ կապված առաջին նմանատիպ սկանդալը չէ։ Սեռական ոտնձգությունների թեման, թեկուզև ոչ այնքան սկանդալային մասշտաբներով, բայց նրա կերպարի շուրջ պտտվում է տարիներ շարունակ։
Բոլոր մանրամասները հայտնի են դարձել BBC-ի նոր՝ «Ջարեդ Լետո. Հոլիվուդի մութ գաղտնիքը» վերնագրով հետաքննական վավերագրական ֆիլմում։ Դրանում նկարահանվել են 10 կանայք, որոնցից ինը որոշել են առաջին անգամ հրապարակայնորեն պատմել իրենց պատմությունները։ Չորս կին օսկարակիր դերասան և Thirty Seconds to Mars խմբի մենակատար Ջարեդ Լետոյին մեղադրում են սեռական բնույթի հանցավոր արարքների մեջ։ Նրանց պնդմամբ՝ ենթադրյալ դեպքերը տեղի են ունեցել, երբ իրենք դեռահաս էին։
Կանանցից մեկը պատմում է, որ 17 տարեկանում սեռական բռնության է ենթարկվել մոթելի լոգարանում։ Մյուսը պնդում է, որ հոլիվուդյան աստղը սպառնացել է սեռական բռնության ենթարկել իրեն, երբ նա 19 տարեկան էր և անսպասելիորեն մենակ էր մնացել Լետոյի հետ հյուրանոցային համարում։ Երրորդ կինը պատմում է, որ 17 տարեկանում Կալիֆոռնիայում սեռական հարաբերություն է ունեցել աստղի հետ։ Նրա խոսքով՝ Լետոն անտեսել է այն փաստը, որ ԱՄՆ այդ նահանգում սեռական հարաբերության համար համաձայնության տարիքը 18-ն է։
Չորրորդ կինը պատմում է, որ Լետոն աստիճանաբար ներքաշել է իրեն սեռական բնույթի հարաբերությունների մեջ՝ չարաշահելով հայտնի անձի իր կարգավիճակը և բազմիցս սեռական բնույթի բացահայտ հեռախոսազանգեր է արել, երբ աղջիկն ընդամենը 16 տարեկան էր։ Կնոջ խոսքով՝ առնվազն մեկ անգամ Լետոն առաջարկել է, որ նրանք սեռական հարաբերություն ունենան։ Եվս չորս կին պատմում են, որ երիտասարդ տարիքում Լետոյից տարօրինակ և հաճախ խիստ սեռական բնույթի հեռախոսազանգեր են ստացել։
Բոլոր այս կանայք Լետոյին հանդիպել են 2002-2016 թվականներին, երբ նա 30-ն անց կամ 40-ն անց էր։ Այժմ արտիստը 54 տարեկան է։ BBC-ն կանանց պատմություններից մի քանիսը հաստատել է՝ զրուցելով նրանց ընկերների և ընտանիքի անդամների հետ, որոնց այդ կանայք հենց դեպքերի ժամանակ պատմել էին Լետոյի հետ ունեցած հանդիպումների մասին։ Որոշ դեպքերում լրատվամիջոցը կարողացել է ձեռք բերել կանանց պատմությունները հաստատող լուսանկարներ և հաղորդագրություններ։
Չնայած հրապարակումից առաջ Ջարեդ Լետոյի հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձերին՝ նա չի պատասխանել BBC-ի ներկայացրած մեղադրանքներին։ Բայց նյութի հրապարակումից անմիջապես հետո Լետոյի ներկայացուցիչները BBC-ին փոխանցել են նրա հայտարարությունը.
«Ես իմ ամբողջ կյանքում երբեք որևէ մեկի նկատմամբ սեռական բռնություն չեմ գործադրել։ Այդ պնդումները բացարձակապես և կտրականապես կեղծ են»։
Լետոյի դեմ մեղադրանքները շրջանառվում են տասնամյակներ շարունակ։ BBC-ն հաշվել է առցանց հրապարակված ավելի քան 120 առանձին մեղադրանք, որոնք վերաբերում են կանանց նկատմամբ նրա վարքին։ Դրանցից մի քանիսը տարիներ առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքերի մասին են։ Անցյալ տարի թեման կրկին սկսեց քննարկվել, երբ Լոս Անջելեսում ապրող DJ Էլի Թեյլզը սոցցանցերում գրեց, որ դերասանն իրեն բռնության է ենթարկել, երբ ինքը 17 տարեկան էր։ Դրանից հետո ևս մի քանի կին հանդես եկավ նմանատիպ պնդումներով։ Հիմա ներկայացնենք ֆիլմի պատմությունները՝ ավելի մանրամասն։
ՄՌԱՅԼ ՈՒ ԿԵՂՏՈՏ ՄՈԹԵԼ
BBC-ի վավերագրական ֆիլմում հանցավոր վարքի մասին պնդումներ ներկայացնող չորս կանայք՝ Իզաբելը, Ալեքսը, Կլարան և Էթան մանրամասն նկարագրում են, թե, իրենց խոսքով` ինչ է տեղի ունեցել Լետոյի հետ հանդիպումների ժամանակ։ Այժմ 40-ն անց Իզաբելը, որի իրական անունը չի հրապարակվում, ասում է, որ միայն վերջերս է դադարել իրեն մեղադրել այն սեռական բռնության համար, որը, նրա խոսքով, տեղի է ունեցել 2002 թվականին, երբ ինքը 17 տարեկան էր։
«Ամբողջ կյանքում ինձ էի մեղադրում, մտածում էի՝ հիմար աղջիկ էի… և դրա պատճառով այդ ամենը տեղի ունեցավ ինձ հետ»։
Իզաբելը պատմում է, որ համաձայնել է Լետոյի հետ հանդիպել, բայց միայն տեղ հասնելուց հետո է հասկացել, որ նշված հասցեում «մռայլ ու կեղտոտ մոթել» է։ Ենթադրել է, որ այնտեղից պատրաստվում են մեկ այլ տեղ գնալ։ Իզաբելը պատմում է, որ նստած էր մահճակալին և սպասում էր, մինչև Լետոն պատրաստվեր։ Բայց Լետոն աղջկան կանչել է լոգարան, որպեսզի զրուցեն, մինչ ինքը ցնցուղ էր ընդունում։
«Գրեթե ոչինչ չխոսեցինք։ Նա բացեց ցնցուղի վարագույրը և սկսեց համբուրել ինձ»։
Այնուհետև Լետոյի կողմից սեռական ոտնձգության այլ դրվագներ էլ են եղել։ Անակնկալի եկած դեռահասը հետ է քաշվել և ասել, որ ուզում է գնալ այնտեղից։ Իզաբելի խոսքով՝ Լետոն սրբիչով դուրս է եկել և, ըստ երևույթին, ստուգել, թե ով կա շրջակայքում, ապա միայն թույլ է տվել նրան դուրս գալ համարից։
«ՏԱՐԻՔԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԹԻՎ Է»
2010-ականներին Thirty Seconds to Mars-ը ելույթներ էր ունենում միջազգային ամենախոշոր բեմերում։ Վավերագրական ֆիլմում խմբի նախկին աշխատակիցներից մեկը պատմում է, որ խմբի անձնակազմը կապվում էր տեղի մոդելային գործակալությունների հետ և կին մոդելներին առաջարկում անվճար VIP տոմսեր։ Նախկին աշխատակիցը պնդում է, որ կուլիսներում այդ մոդելների համար նախատեսված առանձին սենյակ կար։
«Այդ պահանջն անմիջապես Ջարեդից էր գալիս»։
Ու ստացվել է այնպես, որ Լետոյի դեմ մեղադրանք ներկայացնող կանանցից մեկը հենց նախկին մոդել է։ Ալեքսը պատմում է, որ 2013 թվականին իր գործակալությանը հրավիրել էին Լոնդոնում կայանալիք խմբի համերգին։ Նրա խոսքով՝ համերգից հետո Լետոյի կին օգնականն իրեն հրավիրել է համերգից հետո կազմակերպված երեկույթի։
Այդ ժամանակ Ալեքսը 19 տարեկան էր, բայց ասում է, որ իրեն պաշտպանելու համար Լետոյի հետ հանդիպելիս «անհրաժեշտություն է զգացել» ավելի փոքր տարիքի ներկայանալ։ Լետոյին ասել է, թե 17 տարեկան է, իսկ այդ ժամանակ 41-ամյա Լետոն պատասխանել է.
«Տարիքը պարզապես թիվ է, բացի այդ՝ մենք Եվրոպայում ենք»։
Հետո աղջկան հրավիրել են հյուրանոցում կազմակերպված մեկ այլ երեկույթի.
«Մտնում եմ հյուրանոցային համար, այնտեղ շատ մութ է, հետո տեսնում եմ, որ միայն Ջարեդն է այնտեղ։ Չէ՞ որ պետք է ուրիշ մարդիկ էլ լինեին»։
Սեռական բնույթի մի քանի ակնարկներից հետո աղջիկը հասկացել է, որ վտանգի մեջ է ու արագ հեռացել է սենյակից։ Ալեքսը պատմում է, որ ավելի ուշ ընկերուհուն հաղորդագրություն է ուղարկել ու պատմել տեղի ունեցածի մասին։ Ընկերուհին էլ շատ սթափ արձագանք է տվել.
«Նա քեզ սեռական բռնությամբ էր սպառնում, պետք է հաղորդում ներկայացնես նրա դեմ»։
Ալեքսն ասում է, որ երկար ժամանակ փորձել է տեղի ունեցածը լուրջ չընդունել, բայց այժմ կարծում է, որ հյուրանոցային հանդիպումը նախապես ծրագրված էր։
Խմբի նախկին աշխատակից Բրեդը պատմում է, որ համերգների վերջին երգերի ժամանակ երիտասարդ աղջիկները Լետոյի հետ բեմ էին բարձրանում, որից հետո անձնակազմի անդամներին հանձնարարվում էր նրանց հրավիրել կուլիսներ։
«Եվ նա՝ Լետոն, այդ աղջիկների հետ խոսում էր իր հանդերձարանում։ Թե ինչ էր տեղի ունենում դրանից հետո՝ չեմ կարող ասել»։
ՄԻԱՄԻՏ ԵՎ ԽՈՑԵԼԻ
Կինը, որին BBC-ի ֆիլմում անվանում են Կլարա, պնդում է, որ Լետոյի հետ առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել 17 տարեկանում, երբ երգիչը 34 տարեկան էր։ Դա տեղի է ունեցել Կալիֆոռնիայում գտնվող Լետոյի առանձնատանը։ Կլարան ասում է, որ այդ տարիքում «այնքան միամիտ և խոցելի» էր, որ չէր պատկերացնում, թե մեծահասակների հարաբերություններում որքանով կարող էր «նորմալ» լինել նման վարքը։
«Միայն ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լավ հասկացա, թե իրականում որքան սարսափելի էր այդ ամենը»։
Կլարայի խոսքով՝ Լետոյի 40-ն անց ծանոթներից մեկը երաժշտի անունից մոտեցել է իրեն և վերցրել հեռախոսահամարը։ Սա տեղի է ունեցել 2006 թվականին՝ Thirty Seconds to Mars-ի համերգի կուլիսներում։ Կլարայի պնդմամբ՝ դա Լետոյի տուն իր երեք կամ չորս այցելություններից առաջինն էր։ Կլարան հիշում է, որ Լետոյի հետ խոսել է Կալիֆոռնիայում սեռական հարաբերության համար համաձայնության տարիքի մասին, որովհետև այդ ժամանակ իր հայրը աշխատում էր իրավապահ համակարգում։
«Լետոն պարզապես թոթովեց ուսերը՝ կարծես դա իր համար առանձնապես կարևոր հարց չէր»։
ԵՍ ՈՉԻՆՉ ՉԷԻ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ
Մեկ այլ կին BBC-ին պատմում է, որ երաժշտական փառատոնի ժամանակ Լետոյի հետ ունեցած հանդիպումը պատճառ է դարձել, որ նա ընդհանրապես դադարի համերգների գնալ։ Այդ ժամանակ աղջիկը 14 տարեկան էր։
Թեյլորը պատմում է, որ 2005 թվականին մայրիկի հետ գնացել էր Thirty Seconds to Mars-ի ելույթը դիտելու։ Ելույթից հետո խումբն առաջարկել էր հանդիպել երկրպագուներին և ինքնագրեր բաժանել։ Դեռահասը Լետոյին է մեկնել իր շապիկը՝ խնդրելով ստորագրել թևի կամ որովայնի հատվածում։
«Փոխարենը նա որոշեց ստորագրել կրծքերիս հատվածում, և ասաց. «Գեղեցիկ կրծքեր ունես»։ Հետո իր թիկնապահին ասում էր, որ ինձ տանի կուլիսներ։ Նույնիսկ չհարցրեց՝ ես ցանկանո՞ւմ եմ գնալ»։
Թեյլորի խոսքով՝ շատ ակնհայտ էր, որ ինքը դեռահաս է։ Կարճահասակ էր, բրեկետներ էր կրում ու դեռ որոշ առումով մանկական դիմագծեր ուներ։ Թեյլորը պատմում է, որ կատարվածին ականատես է եղել մայրը և կարողացել է Լետոյից հեռու պահել դստերը։
«Նա նայեց մորս և ասաց. «Միևնույն է՝ գեղեցիկ կրծքեր են»։
ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐ՝ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ
Էթան, որի իրական անունը չի հրապարակվում, այն հինգ կանանցից մեկն է, որոնք BBC-ին պատմել են, որ Լետոյից տարօրինակ և հաճախ խիստ սեռական բնույթի հեռախոսազանգեր են ստացել։ Նրանցից չորսն այդ ժամանակ դեռահաս էին։
Էթայի խոսքով՝ 2014 թվականին, երբ 16 տարեկան էր, մոր հետ մտել է Լոս Անջելեսի մոդելային գործակալություններից մեկը և այնտեղ հանդիպել Լետոյին։ Էթան պատմում է, որ աստղը հետաքրքրվել է մոդել դառնալու իր ցանկությամբ և խնդրել էլ. փոստի հասցեն, որպեսզի իրեն ու մորը հրավիրի Օսկարի afterparty-ին։
«Եվ նա իսկապես նամակ ուղարկեց ինձ, բայց հետո հեռախոսային խոսակցությունը շատ արագ սեռական բնույթ ստացավ»։
Լետոն գիտեր, որ Էթան 16 տարեկան է։ Կնոջ հիշելով՝ նա հարցնում էր.
«Կույս ե՞ս։ Սեռական որևէ հատուկ նախասիրություններ ունե՞ս։ Առնվազն մեկ անգամ էլ ասել է, որ ինչ-որ պահի կարող ենք սեռական հարաբերություն ունենալ»։
Էթան հիշում է, որ իրեն նյարդային ու անհանգիստ էր զգում, բայց ասում է, որ այդ տարիքում դժվարանում էր սահմաններ դնել և «ոչ» ասել։ Էթայի խոսքով՝ Լետոն հարցրել է՝ կարո՞ղ է նրա հեռախոսահամարը փոխանցել իր ընկերներից մեկին։ Ասել է, թե այդ ընկերը կարող է օգնել աղջկան կարիերայի հարցում։ Էթան համաձայնել է։ Դրանից հետո այդ ընկերը, որին «Քրիստիան» էին անվանում, սկսել է հաճախ զանգահարել աղջկան և առաջարկել է նկարահանվել պոռնոգրաֆիկ տեսանյութերում։ Ավելին, ասել է, որ անչափահաս լինելը նշանակություն չունի։ Էթայի խոսքով՝ և՛ «Քրիստիանը», և՛ Լետոն նմանատիպ բացահայտ հարցեր էին տալիս։ Նա հավելում է, որ չէր զարմանա, եթե պարզվեր, որ նրանք նույն մարդն էին։
Հինգ կանանցից ևս երկուսը, որոնք պնդում են, որ Լետոյից նմանատիպ հեռախոսազանգեր են ստացել, ասում են, որ նույն ժամանակահատվածում իրենց զանգահարել են նաև այլ տղամարդիկ։ Էթայի նման նրանք նույնպես կարծում են, որ այդ տղամարդիկ գուցե հենց դերասան Լետոյի ստեղծած կերպարներն էին։
Էթան պատմում է, որ 2016 թվականին զանգ է ստացել Լետոյից։ Պարզվում է՝ Լետոյի փաստաբանը մտահոգված էր տարբեր կանանց հետ նրա հարաբերություններով և ուզում էր, որ աղջիկը այդ գաղտնիության մասին համաձայնագիր ստորագրի։ Անձամբ ինքը՝ Լետոն, սրան լուրջ չէր վերաբերվում ու քմծիծաղով էր պատմում, բայց նրա փաստաբանը լուրջ էր տրամադրված։ Ամեն դեպքում՝ Էթան չի ստորագրել փաստաթուղթը, իսկ BBC-ին հաջողվել է տեսնել փաստաթուղթը, ինչպես նաև դրան առնչվող հաղորդագրություններն ու էլեկտրոնային նամակները։