Կարդալիքներ PAN-ից
September 15

Լռության ու ներքին կյանքի ռեժիսորը. Ջիմ Ջարմուշի հինգ լավագույն ֆիլմերը

Այս տարվա Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ կուլտային ռեժիսոր Ջիմ Ջարմուշի նոր` «Հայր, մայր, քույր, եղբայր» (Father Mother Sister Brother) ֆիլմը։ Անկախ կինոյի սիրահարներին քաջ հայտնի Ջարմուշը կարողանում է պատմությունները պատմել ոչ թե էքշնի կամ դրամայի, այլ դադարների, հայացքների ու առօրյա դետալների միջոցով։ Նա ընտրում է հերոսների, ովքեր փակված են աշխարհների միջև, լինեն դրանք աշխարհագրական, էմոցիոնալ, թե մշակութային իմաստով։ Ջարմուշի ֆիլմերը, կարծես, ոչ մի տեղ չեն շտապում, սակայն հենց այդ անշտապ ռիթմի շնորհիվ թաքցնում են զարմանալի խորություն։

PAN-ը պատմում է ռեժիսորի հինգ լավագույն ֆիլմերի մասին։

«Ավելի տարօրինակ, քան դրախտում» (Stranger Than Paradise, 1984)

Ջարմուշին համաշխարհային ճանաչում բերած ֆիլմը զարմացնում է իր մինիմալիզմով։ Սա պատմություն է հունգարացի միգրանտի, նրա զարմուհու ու ընկերոջ մասին, ովքեր աննպատակ թափառում են Նյու Յորքի, Քլիվլենդի ու Ֆլորիդայի միջև։ Կարծես, ոչինչ տեղի չի ունենում. զրույցներ անկարևոր թեմաներից, մոխրագույն փողոցներ, կարճատև ուղևորություններ։ Սակայն հենց այս առօրէականության մեջ էլ ծնվում է ֆիլմի յուրահատուկ հմայքը` աշխարհ, որտեղ դադարներն ու լռությունը բառերից կարևոր են։ Ջարմուշը տեսախցիկի հետ աշխատում է, ինչպես երաժշտական գործիքի հետ. երկարատև ստատիկ կադրերը, ռիթմի միտումնավոր պարզությունը առաջացնում են զգացում, կարծես մենք հետևում ենք առօրյա կոչվածի խորքային էությանը։

Ֆիլմի գլխավոր արժեքը դատարկությունից պոեզիա հյուսելու կարողությունն է։ Հերոսների մեջ չկա ռոմանտիզմ, նրանք ավելի շուտ իներտ են, քան գործունյա։ Սակայն հենց այդ իներտությունն է օգնում հանդիսատեսին զգալ նրանց միայնությունը ու փխրուն կապերը։ Ջարմուշը ստեղծել է կինո, որը դիմադրում է սովորական դրամատուրգիական կանոններին. այստեղ չկա կուլմինացիա, հանգուցալուծում, միայն անդադար շարժում դեպի ոչ մի տեղ։ Ու հենց այդ «ոչ մի տեղում» ծնվում է կյանքի մասին բոլորիս համար ճանաչելի ճշմարտությունը։

«Գիշերը Երկրի վրա» (Night On Earth, 1991)

Հինգ պատմությունից բաղկացած անթոլոգիա, որոնց իրադարձությունները ծավալվում են աշխարհի տարբեր քաղաքներում, սակայն որոնք բոլորը միավորված են գլխավոր թեմայով. տաքսի։ Յուրաքանչյուր ուղևորություն վերածվում է փոքրիկ մարդկային պատմության հայելու, երբեմն` ծիծաղելի, երբեմն` տխուր, սակայն միշտ խորապես մարդկային։ Ջարմուշը քաղաքները նույնպես վերածում է յուրահատուկ կերպարների. սառը Հելսինկին այլ կերպ է հնչում, քան լոս անջելեսյան գիշերային տապը։ Այս կարճատև հանդիպումներում ծնվում է պարադոքսալ զգացում. պատահականությունը օրինաչափությունից կարևոր է, ու հենց պատահական ուղևորներն են դառնում գլխավոր հերոս։

Ֆիլմի ուժը նրա ռիթմն է, երաժշտականությունը։ Ինչպես ջազային իմպրովիզում, յուրաքանչյուր պատմություն ինքնատիպ է հնչում, սակայն միասին նրանք ձևավորում են մեկ միասնական ակկորդ։ «Գիշերը Երկրի վրա» ցույց է տալիս, որ մարդկային կապերը, չնայած ակնթարթային, կարճատև, փխրուն, միևնույն է, անվերջ նշանակալից են։ Այստեղ չկա «մեծ սյուժե», բայց կա ընկալում, որ կինոն կարող է լինել մանրուքների քրոնիկոն, որոնցից էլ բաղկացած է կյանքը։ Ջարմուշը կրկին շեշտում է. կարևորն ուղին է, ոչ նշանակետը։

«Մեռյալը» (Dead Man, 1995)

Ջարմուշի ամենախորհրդավոր ֆիլմն, ու, հավանաբար, նրա գլխավոր գործը։ Հաշվապահ Ուիլյամ Բլեյքի պատմությունն, ով հայտնվում է Վայրի Արևմուտքում ու աստիճանաբար վերածվում «մեռյալի», միաժամանակ հիշեցնում է թե վեսթերն, թե միստիկ պոեմ։ Նկարված կոնտրաստային սև ու սպիտակ գույներով` ֆիլմը հրաժարվում է ժանրի սովորական դինամիկայից. հետապնդումները, փոխհրաձգություններն ու հնդկացիների հետ մարտերը վերածվում են մեդիտատիվ մետաֆորների։ Նիլ Յանգի սաունդթրեքը` գրեթե անդադար կիթառային իմպրովիզացիա, ուժեղացնում է ոչ միայն հողի վրայով, այլև կյանքի ու մահվան սահմանով ճամփորդելու զգացումը։

«Մեռյալի» գլխավոր պարադոքսը նրա, միաժամանակ, ծայրահեղ կոնկրետությունն է ու բացարձակ սիմվոլիզմը։ Այստեղ հերոսները կարծես երազային կերպարներ լինեն. Ոչ ոք անունով հնդկացին, գլուխներ որսացողները, ֆանատիկ տեղաբնիկները։ Ամեն ինչ կարծես ծանոթ է ու, դրա հետ մեկտեղ, սովորական լոգիկայից զուրկ։ Ջարմուշը ստեղծում է ֆիլմ, որում Արևմուտքը դադարում է պատմական վայր լինել ու վերածվում է հոգեվիճակի։ Սա անցման, կորստի մասին դանդաղ, գրեթե ծիսակարգային կտավ է, որում մահը վերածվում է ազատագրման ձևի։

«Ուրվական շունը. Սամուրայի ուղին» (Ghost Dog: The Way of the Samurai, 1999)

Ջարմուշը միշտ ձգտել է ժանրերը միախառնելուն, սակայն «Ուրվական շունը» նրա ամենահաջողված էքսպերիմենտն է։ Ֆիլմը միավորում է գանգստերական դրաման, արևելյան տրակտատների փիլիսոփայությունն ու ամերիկյան մեծ քաղաքի թաղամասերի կոլորիտը։ Գլխավոր հերոսը վարձու մարդասպան է, ով ապրում է սամուրայի կոդեքսով ու միաժամանակ նման է անհեթեթ անաքրոնիզմի ու քաոտիկ աշխարհում միակ իրական մարտիկի։ Նրա կյանքը դիսցիպլինայի, բռնության, հավատարմության ու միայնության խառնուրդ է։

Ֆիլմի ոչ մի մշակութային համակարգ` մաֆիոզական, ճապոնական կամ քաղաքային, գլխավոր չի։ Դրանք բոլորը բախվում են ու խաչվում, ձևավորում են տարօրինակ սիմբիոզ, ինչպիսին ժամանակակից մարդու կյանքն է։ «Ուրվական շունը» էլեգիա է այն մասին, որ պատիվն ու ավանդույթները այլևս չունեն հենման կետ, սակայն հավատարմությունը դրանց թույլ կտա գտնել իսկական իմաստը։ Ջարմուշը ստեղծում է ոչ թե մարտաֆիլմ կամ փիլիսոփայական առակ, այլ արժանապատվության մասին հազվագյուտ կինո։ Արժանապատվության, որը գոյություն ունի, չնայած ամեն ինչի։

«Կոտրված ծաղիկներ» (Broken Flowers, 2005)

Հնարավոր է, սա Ջարմուշի ամենալուռ ու հասուն ֆիլմն է։ Բիլլ Մյուրեյը խաղում է տարեց լովելասի, ով հանկարծակի իմանում է հասուն որդու գոյության մասին։ Նրա ճամփորդությունը նախկին սիրեցյալների մոտ վերածվում է տարօրինակ դետեկտիվի, որում կարևորը ոչ թե պատասխանները գտնելն է, այլ հանդիպումը սեփական անցյալի հետ։ Ջարմուշը խուսափում է խրատականությունից. հերոսները տարբեր են, յուրաքանչյուրն իր պատմությունով, ու նրանց կյանքերը շարունակվում են անկախ հերոսի վերադարձից։

«Կոտրված ծաղիկները» ֆիլմ է ժամանակի ու հիշողության մասին` նկարված զարմանալի թեթևությամբ։ Այստեղ չկան պաթոս ու մեծ, աշխարհացունց եզրակացություններ, միայն լուռ թախիծ ու Ջարմուշի ֆիրմային հումորը։ Ֆիլմը խոսում է ծերանալու ու կորսված հնարավորությունների մասին, բայց անում է դա առանց տրագիզմի։ Սա ավելի շուտ դիտարկում է. կյանքն անցնում է, մենք երբեմն վերադառնում ենք արդեն անցած ճանապարհով, սակայն այն այլևս մերը չի։ Ֆիլմի ուժը նրանում է, որ այն հանդիսատեսին առաջարկում է ոչ թե պատասխաններ, այլ դադարներ, որոնց լռության մեջ յուրաքանչյուրը կլսի սեփական հարցերը։


🎬 Արման Գասպարյան / PAN